ՊԱՂՊԱՂԱԿ, պատրաստում են հատուկ էլեկտրական հարմարանքով, որը դրվում է սառնախցիկի մեջ։ Վերջինս նախապես դատարկում են, մաքրում ձյան շերտից, սառնության կարգավորման բռնակը պտտում մինչև վերջ (առավելագույն արժեքը), սառնախցիկի հատակին 1/2 բաժակ սառը ջուր լցնում, Պ–ով ամանը դնում մեջը, լարը դուրս բերում, միացնում ցանցին և խցիկի դռնակը փակում։ Պ-ի պատրաստման ժամանակը կախված է սառնարանի տեսակից։ Խորհուրդ չի տրվում Պ. երկար պահել սառնարանում։ Պ. կարելի է պատրաստել սովորական պլաստմասսայե կամ արծնապատ ամանում և, սառնախցիկը դնելուց հետո, հաճախակի հարել։

Պ. վանիլինով. կաթին վանիլին ավելացնել, եռացնել, առանձին եռացնել սերուցքը (5 րոպե), ապա կաթն ու սերուցքը խառնել և հովացնել։ Դեղնուցն ու շաքարավազը հարել այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված։ Հարելը շարունակելով՝ ավելացնել կաթի և սերուցքի խառնուրդը, դնել կրակին տաք ջրով ամանի մեջ մինչև փրփուրն անհետանա (եռման չհասցնել)։ Խառնուրդը հովացնել մինչև սենյակի ջերմաստիճանը, ապա դնել սառնախցիկի մեջ։

2 բաժակ սերուցքին՝ 2 բաժակ կաթ, 1 բաժակ շաքարավազ, 3 դեղնուց, մի պտղունց վանիլին։

Պ. շոկոլադով. կաթին վանիլին ավելացնել և 5 րոպե եռացնել։ Շոկոլադը հարել քիչ կաթի մեջ, ավելացնել եռացրած կաթին, ապա լցնել շաքարավազը և սառեցնել։ Շոկոլադի փոխարեն կարելի է օգտագործել կակաո։

200 գ շոկոլադին՝ 2 1/2 բաժակ կաթ, 3/4 բաժակ շաքարավազ, վանիլինը՝ ըստ ճաշակի։