Տաղ՝ ձոնված մեռյալներին

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ՄԵՌՅԱԼՆԵՐԻՆ


Տխրությամբ ու դառնապատիր ցավո՛վ ենք ձեզ

դնում ճանապարհը

Ո՜վ անդարձ հեռացողներ, ո՜վ մեռյալներ,
Դո՛ւք, որ չեք վերադառնալու այլևս և մնալու եք հար
Տիեզերքի զարկին անհաղորդ, և չեք ճաշակելու

բույրեր, և չեք լսելու ձայներ,

5 Դուք գնում եք մոխրանալու և դառնալու տարերք,
Խառնըվելու հողին ու ջրին,—
էլ ի՞նչ ասեմ ես ձեզ.— անիմաստ են բառերը,
Գուցե ա՛յն միայն, որ վախճանվելը վիճակված

է, ավա՜ղ, յուրաքանչյուրի՛ս․․․

Բայց եթե միևնույնն է վախճանը բոլորիս

գերեզմանից անգին,

10 Եթե նո՛ւյնն է մեր բախտը հեռանալուց հետո,—
Ապա տարբեր է հուշը, հիշատակը, այն զրույցը

անգին,

Որ մնում է սրտերում մարդկանց և լցնում է

սրտերը կարոտով.․․

Բայց ի՞նչն է, ի՞նչն է արդյոք, որ մոխիրից հետո
Լուսազարդ ու շքեղ վե՜ր է հառնում,
15 Լցնում է օրերն ապագա անմարելի բույրով
Եվ դառնում է երգ ու զրույց, և հիշատակ է

դառնում․․․

Ա՜խ, մոխրանում են օրե՛րը, մոխրանում են

աստղե՛րը, արևնե՜րն են

Կապույտ երկնքներում հանգչում հավերժաբար և

մոխրանում,—

Մոխրանում է գարո՛ւնը, մոխրանում են կանաչ

տերևնե՛րը,

20 Մոխրանում են ծիլե՛րը չծլած, և վարդե՛րը վառման,

և ծաղիկնե՛րն անգամ տխրանուն․․․

Բայց չի մոխրանում հիշատակը... Հիշատակը

արդյոք լույսերի՞ց է,

Լույսերի՞ց է արդյոք նա սերում, թե հուրերից

անշեջ․—

Հիշատակը սերում է գործերից․— հիշատակը

մշուշ է,

Որ բարձրանում է եփվող ջրերից, բայց մնում է

ինքը — անմեռ։

25 Հիշատակը ձեր անցած օրերի արձագանքն է ու

ցոլքը, ո ՛վ հեռացողներ,

Նա ծլում է հաճախ ձեր անցած ճանապարհի

փոշոտ եզրերին,

Ելնելով ձեր շոգ կեսօրին՝ նա իջնում է հետո,

ինչպես ցողը,

Բայց ուրի՜շ վարդերի վրա, իբրև պարգև վերին․․.

Ելնելով ձեզանից, ձեր սրտից, ձեր խոհերից անդուլ,
30 Ելնելով արյունի՛ց անգամ ձեր և ձեր շնչից վերջին —
Հիշատակը ձեզ չի՛ պատկանում, ինչպես որ տողերն

իմ հանդուգն

Օ՜, ինձ չեն պատկանում, թեև ելնում են ահա իմ

գրչից...


Այդպես էլ շողն է արևի ու ցոլքը մեռած աստղերի.—
Հասնում է լույսը նրանց մեզ, բայց վաղու՜ց

մոխրացած են նրանք։—

35 Մոռացությո՛ւն ուրեմն բո՛լոր մեռյալներին,
Եվ փա՜ռք նրանց ընդմիշտ ու հավիտյան, որ

թողել են կյանքում հիշատակի կրակ...

1933. 11 27