ՏԱՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Եթե հիվանդ ես դու և տկար է ոգիդ,
Եթե հոգնությունն է երգում քո երակներում —
Այս երգս քեզ չի՛ ամոքի,
Քանզի ապրողների՛ն է միայն երգը բարիք բերում։—

5 Բայց դու կարող ես լինել անեզրությա՛մբ տկար,
Եվ տխրությունը, որ բարիք է բարձրագույն

և ծնվում է ոգու կարոտից —

Կարող է ծանր լինել քո ուսերի համար
Եվ դժնի տենդ դառնալ, իբրև մշուշ իջնել, և

աչքերդ զրկել փարոսից...


Եթե տխրությամբ ես տկար և ոգու անեզրությամբ,
10 Եթե հիվանդ ես դու երգի՛ կարոտով —
Ես քեզ ապաքինում և օգնություն կտամ,
Եվ դու ոտքի՛ կելնես, և կողջունես այս երգս

քո վիշտը փարատող։—

Ապա կընկնես ինձ հետ ուղի աղետավոր,
Եվ քեզ հետ միասին, ո՜վ կարոտի եղբա՛յր,
15 Մենք կընթանանք անխոնջ դեպի կարոտ մի նոր,
Եվ դժնությունը մեր մեջ կթվա չեղյալ...

Բեղմնավո՜ր է այսօր մեր մարգագետինը,
Մեր հրկիզված արոտը որքա՜ն արգասավոր,—
Ո՞ւմ համար է այսօր, որ հորիզոնը մթին է,
20 Ո՜ւմ համար է արեգակը դժնի, ու՞մ աստղն է

այսօր գիսավոր...

Նրանք շրջում են այսօր հիվանդ ու անբուժելի,
Եվ մաքառումը նրանց ընդդեմ մահվան —
Մաքառում է արդե՛ն մահացող, ի վերուստ նիշված

ուժերի.—

Օ՜, մահու պարտված հիվանդնե՛ր, մեր օրերի

գրքում ձեզ համար միայն մա՛հ է գրված․․․

25 Դուք դժվար եք մեռնում․ և ձեզ համար այն ո՜վ է,
Ո՞ր գուսանը թշվառ ու մահատիպ,
Որ ունայն նվագների ավյունով
Պիտի կյանք սրսկե ձեր ցամաք երակները, և ձեր

մեռյալ սրտերը — հուսո հատիկ...


Դուք դժվար եք մեռնում․ մաքառումով, ահով,
30 Եվ օրերի այս բուռն օվկիանում,
Եթե հնար լիներ — սուզվողների նման չէի՞ք արդյոք
Մեր ոտքերից կախվի, որ մեզ էլ ձեզ հետ միասին՝

քաշեիք անդունդը...

Բայց ձեզ համար ունենք մենք ձեռքերում մեր պիրկ
Օ՜, դանակ պողպատյա, և ո՛չ երգի հարված,—
35 Օ, անսացե՛ք ուրեմն այս կարոտի երգիս,
Ոգինե՛ր ըմբոստ ու կարող, վաղվա հրով վառված...

Ձե՜զ եմ ձոնում այս երգս, ո՜վ դուք, որ այսօրվա
Մեր խնդության, մեր երգի, մեր փառքի

արշալույսին,

Գալիք այգաբացի կարոտի տակ կորված՝
40 Ընթանում եք երգիս հետ միասին,—

Եվ թեկուզ լինում եք դուք երբեմն ծանրաբեռնված
Կարոտով, որ նման է հիվանդության,—
Այս տողերով, վսեմ այս դեղով կազդուրված՝
Դիմեցե՛ք դեպի անհայտ հեռուները — և հեռուները

ձեզ անմահությո՜ւն կտան․․․

1933․II 28