Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,—
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
25
Հալածում են մեզ մինչև վե՛րջ։
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով՝ անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում։
30
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,—
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են։
Աղջիկների նման սեթևեթ
35
կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում — և մոռացվում հավետ...
Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—
Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
40
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի և անագորույն։—
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
45
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս։
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով և տքնությամբ ջանաս
30
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,—
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ։—