Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնամուտի ելույթը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հատուկ նիստում

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնամուտի ելույթը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հատուկ նիստում



[էջ]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱՄՈՒՏԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏՈՒՄ

խմբագրել
(11 նոյեմբերի, 1991 թ.)

Վեհափառ Տեր,

Մեծարգո նախագահող,

Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,

Քիչ առաջ, երբ այս պատվական լսարանի` մեր ժողովրդի արժանավորագույն ներկայացուցիչների առջեւ ես հանդիսավոր երդմամբ հավատարմություն հայտնեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նրա ազգային ու պետական շահերին — դրանք լոկ հավուր պատշաճի ազդարարված խոսքեր չէին, այլ հայ ժողովրդի դարերով փայփայած իղձերի խտացումն ու իրեղենացման արտահայտությունը։

Բախտի քմահաճույքով եւ պատմական հանգամանքների բերմամբ հայ ժողովուրդը դեմոկրատական ազատությունների մեծագույն նվաճումները` անկախության հանրաքվեն եւ նախագահական ընտրություններն արձանագրեց մեր հասարակարգի վերափոխման ամենաճգնաժամային ու վճռորոշ պահին։

Եւ դա, թերեւս, տրամաբանական է եւ օրինաչափ։ Ժողովրդի ինքնապահպանման բնազդի միահամուռ դրսեւորումը եւ քաղաքական ենթագիտակցության գերլարումը ամենայն հավանականությամբ ենթադրում են համապատասխան հոգեկան իրավիճակ, որի դեպքում միայն
[էջ]
իրականություն կարող են դառնալ Սարդարապատի հերոսապատումը եւ Սեպտեմբերի 21-ի մաքառման մարտահրավերը։

Եւ գոյության դժնդակ պայմաններ ում դրսեւորվող նմանօրինակ թռիչքներն ամենեւին չպետք է դիտել որպես հուսահատության եզրին գամված վիրավոր գազանի վերջին սխրանք, այլ սեփական ճակատագիրը կերտելու անբեկանելի ժողովրդական վճիռ։ Ծանր, գերծանր վիճակ է բաժին ընկել մեր սերնդին` քանդել 70 տարի մեզ պարտադրված եւ ստրկության ու չքավորության մատնած բռնատիրական վարչակարգը եւ վերադառնալ մարդկային հասարակության բնական արժեքներին, թոթափել մեր զարգացումը կաշկանդող բոլոր կապանքները եւ տեղ զբաղեցնել քաղաքակիրթ ժողովուրդների իրավահավասար ընտանիքում, մեկընդմիշտ ազատվել օտարի խեղիչ լծից եւ տեր դառնալ ազատության, բարօրության ու երջանկության մեր բնածին իրավունքին, խնդիր, որ ծառացած է նախկին Միության բոլոր ժողովուրդների առջեւ, սակայն մեզ մոտ անհամեմատ կնճռոտած` աղետի գոտու, գաղթականության եւ արցախահայության վիճակի առնչությամբ։

Սա ոչ թե հետեւանք է մարդկանց ցանկությունների կամ արարքների, ինչպես միամտաբար բացատրում են ոմանք եւ փոխադարձ կշտամբանքներով փորձում գտնել մեղավորներին, այլ մեր արհեստական հասարակապետության տրամաբանական վախճանը, եթե կուզեք` նախախնամության կամքը։

Եւ նախախնամության տնօրինությամբ մեր սերունդն է կրելու այս ծանր խաչը, իսկ եթե փորձենք խուսափել, մեր սերունդներն ավելի ծանր խաչ են կրելու։

Ես ամենեւին ճակատագրապաշտության կոչ չէ, որ անում եմ, քավ լիցի, պարզապես կոչ եմ անում գիտակցել հետագա ուղու անդառնալիությունը եւ միահամուռ ուժերով լծվել մեր ազատ հայրենիքի շենացման սրբազան գործին։

Թեեւ մեր գործողությունները մեծապես կախված են զանազան ան կախատեսելի արտաքին հանգամանքներից, այնուամենայնիվ, պատշաճ քաղաքական իմաստության եւ ճկունության դրսեւորման դեպքում, ինչպես ցույց տվեց ավելի քան մեկ տարվա փաստացի անկախության փորձը, մենք ի վիճակի ենք ազդելու իրադարձությունների զարգացման
[էջ]
վրա եւ հանրապետության վերափոխումը տանելու մեր ցանկացած ուղղությամբ։

Իսկ այդ ուղղությունը միակն է`

ԴԵՊԻ ԱՆԿԱԽ, ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊԻ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊԻ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ։

Այլընտրանք չկա, այլընտրանքը հավասարազոր է կործանման եւ նորանոր արհավիրքների։ Մենք իրավունք չունենք կորցնելու պատմական այս պատեհությունը եւ մեզ ու մեր սերունդներին դնելու անելանելի կացության առջեւ։ Մանավանդ որ հանրապետության ներքին քաղաքական մթնոլորտը միանգամայն բարենպաստ է պետական, հասարակական եւ տնտեսական կյանքի այդ արմատական վերափոխումն իրագործելու համար։ Ես նկատի ունեմ ժողովրդի դրսեւորած աննախադեպ միասնությունն ու համախմբվածությունը անկախության հանրաքվեի եւ նախագահական ընտրությունների ընթացքում, որ նրա անառարկելի վստահության արտահայտությունն է հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգծի ու թեկուզ սխալաշատ, բայց հետեւողական գործելակերպի նկատմամբ։

Միանգամայն բարենպաստ է նաեւ այն հանգամանքը, որ տնտեսական բարեփոխումների իրականացման ճանապարհին մեր հանրապետությունը մի քայլ առաջ է անցել բոլոր նախկին խորհրդային հանրապետություններից։

Այնպես որ, առկա են բոլոր նախադրյալներն ու անհրաժեշտ դրական եւ բացասական գործոնները մեր բախտն ու ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու համար։

Սակայն, նախքան բոլորանվեր ուժերով մեր արմատական ծրագրերի իրականացմանն անցնելը, մեզ մնում է հաղթահարել մի չափազանց լուրջ եւ կենսական փորձություն։ Խորհրդային Միության անկայուն, ես կասեի` անիշխանական վիճակի պատճառով, ինչպես նաեւ միջհանրապետական տնտեսական կապերի անհուսալիության հետեւանքով մեր հանրապետությունն այսօր հայտնվել է չափազանց ծանր էներգետիկական ճգնաժամի մեջ։ Կառավարությունը թեեւ արտակարգ միջոցներ է ձեռք առել խնայողության ռեժիմի, հովհարաձեւ էներգամատակարարման, վարչական միջոցների կիրառման ուղղությամբ, սա
[էջ]
կայն ակնհայտ է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է գործի դնել քաղաքական եւ տնտեսական լրացուցիչ եւ ավելի ազդեցիկ լծակներ։ Այդ լծակների որոնումն ու գործադրումը մնում են հանրապետության իշխանությունների մշտական մտահոգության առարկան։ Ինչ վերաբերում է հանրապետության պարենային ապահովվածությանը, ապա առաջիկա ձմռան ընթացքում բնակչության նվազագույն կենսապահանջների բավարարմանը վտանգ չի սպառնում։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ էներգետիկական ճգնաժամի հաղթահարմանն ու պարենամթերքների հայթայթմանը զուգընթաց՝ հանրապետության իշխանությունները պետք է մշակեն եւ իրականացնեն նաեւ որոշակի քաղաքական ու տնտեսական միջոցառումներ։ Ես ամենեւին մտադրություն եւ հնարավորություն իսկ չունեմ օրվա հանդիսությանը պատշաճող այս հակիրճ ելույթում հանգամանորեն ներկայացնել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր, այնուամենայնիվ, հարկ եմ համարում կանգ առնել մի շարք առաջնահերթ խնդիրների վրա։

Պետական շինարարության եւ ներքին քաղաքականության բնագավառում

1. Հնարավորին չափ կարճ ժամկետում կատարելագործել եւ հասարակության զարգացման ներկա պահանջներին հարմարեցնել պետական իշխանության գործող համակարգը, օրենսդրորեն սահմանազատել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների լիազորությունները, ապահովել գործադիր իշխանության ուղղաձիգ կառուցվածքը, խթանել խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, ամրապնդել դատական իշխանության անկախությունը։

2. Օրենքով սահմանված շրջանակն երում ապահովել քաղաքացիական իրավունքների անկաշկանդ կենսագործումն ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության լիակատար ազատությունը։ Կուսակցությունների համար սահմանել հատուկ կարգ` զանգվածային լրատվության պետական միջոցներից, մասնավորապես ռադիոհեռուստատեսության ծառայություններից օգտվելու բացարձակապես հավասար պայմաններ ստեղծելու նպատակով։
[էջ]
3. Բարձրացնել իրավապահ մարմինների պատասխանատվությունն ու աշխատանքի արդյունավետությունը, վերջ տալ հանրապետությունում տիրող անպատժելիության մթնոլորտին, անհաշտ պայքար մղել կաշառակերության, պետական գույքի հափշտակման, քաղաքացիների անվտանգությանն ու սեփականության անձեռնմխելիությանն սպառնացող հանցագործությունների դեմ։

4. Կասեցնել պետական եւ մասնավոր ձեռնարկատիրության սերտաճման, պետության սեփականությունը հանդիսացող հիմնարկներում կոոպերատիվ ձեռնարկությունների ստեղծման հակաօրինական երեւույթը։

5. Ստեղծել հանրապետության պաշտպանության նախարարություն` նրա ենթակայության տակ դնելով քաղաքացիական պաշտպանության համակարգը,ԴՕՍԱԱՖ-ը, զինկոմիսարիատը եւ ներքին ուժերի ստորաբաժանումների հիման վրա կազմավորվող ազգային զորագունդը։

6. Մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը ծառայությունը լքած բոլոր զինապարտներին օրենքով սահմանված կարգով վերադարձնել հանրապետության տարածքում տեղակայված իրենց զորամասերը։ Նույն ժամկետում տեղական զինակոչիկներով համալրել հանրապետության տարածքում տեղակայված 7-րդ խորհրդային բանակի շարքերը, իսկ հանրապետությունից դուրս իրականացվող զինծառայությունը կազմակերպել բացառապես կամավորության հիմունքներով։

Սոցիալ-տնտեսական բնագավառում
1. Առաջիկա վեց ամսից մեկ տարվա ժամանակամիջոցում իրականացնել եւ ավարտին հասցնել գյուղատնտեսական մթերքները վերամշակող արդյունաբերության, շինարարության, թեթեւ եւ սննդի արդյունաբերության ձեռնարկությունների, առեւտրի ու սպասարկման ոլորտի համապարփակ սեփականաշնորհումը` պետական սեփականության մենաշնորհը միառժամանակ պահպանելով միայն էներգետիկայի, հանքահումքային եւ ծանր արդյունաբերության բնագավառներում։ Նշված միջոցառման իրականացմամբ հանրապետությունում վերջապես կստեղծվի ներքին շուկայական հարաբերություններով կարգավորվող
[էջ]
ինքնուրույն տնտեսական ենթակառուցվածք` ձերբազատված արտաքին հանգամանքների կամայական ազդեցություններից։

2. Մինչեւ այս տարվա ավարտը համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծել օտարերկրյա կապիտալի ներթափանցումը հեշտացնելու համար` արագ կերպով ընդունելով մանավանդ «Արտասահմանյան ներդրումների» եւ «Հարկերի մասին» օրենքները։

3. Սահմանել խստագույն հարկային վերահսկողություն։ Սեփականաշնորհման հետեւանքով գոյացած եկամուտները բացառապես, իսկ հարկերի միջոցով գանձված եկամուտների զգալի մասը տրամադրել հանրապետության ազգաբնակչության սոցիալական կարիքների բավարարման եւ աղետի գոտու ու գաղթականության հարցերին վերաբերող հատուկ ծրագրերի իրականացման նպատակներին։

4. Նկատի ունենալով նախկին խորհրդային հանրապետություններում տնտեսական բարեփոխումների անցկացման չհամաձայնեցված ժամկետները եւ դրա հետեւանքով առաջացող անհավասարության միտումները` միջոցներ ձեռնարկել հանրապետության ներքին շուկայի պաշտպանության ուղղությամբ, այդ նպատակով ստեղծելով հանրապետական մաքսային ծառայություն եւ մոտ ապագայում հիմնելով ազգային դրամ։

5. Ըստ երեւույթին անհրաժեշտություն կծագի նաեւ նախատեսվածից շուտ հանրապետությունում անցնելու ազատ գների քաղաքականության` նկատի ունենալով, որ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությունը գրեթե անխուսափելի է դարձնում նրա անդրադարձը մյուս բոլոր հանրապետություններում։ Սակայն կենսական նշանակության որոշ ապրանքների համար մեզ մոտ կսահմանվեն անշրջանցելի վերին գներ` ազգաբնակչության վնասը նախապես հատուցելով համապատասխան դրամական միջոցներով։

Արտաքին քաղաքականության բնագավառում
1. Նկատի ունենալով, որ հանրապետության ներկա իշխանությունների ամենալուրջ թերացումը եղել է արտաքին հարաբերությունների ոլորտը, անհրաժեշտ է շուտափույթ կերպով ակտիվացնել արտաքին գործերի նախարարության գործունեությունը եւ եռանդուն կապ հաս
[էջ]
տատել մեզ համար շահագրգռություն ներկայացնող բոլոր երկրների հետ։

2. Ձգտելով հասնել լիակատար քաղաքական անկախության, դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, Միավորված ազգերի կազմակերպության անդամ, միաժամանակ մեր շահը պահանջում է մասնակցել նախկին Խորհրդային Միությունում իրականացող բոլոր կառուցողական գործընթացներին եւ միջհանրապետական տնտեսական ու քաղաքական մարմինների գործունեությանը` եթե ոչ անգամ այդ գործընթացների հաջողության նկատմամբ տածած համոզումով, ապա գոնե հանրապետության վիճակը անցանկալի ցնցումներից զերծ պահելու մտահոգությամբ։

3. Շարունակել երկկողմ տնտեսական եւ քաղաքական պայմանագրերի ստորագրումը բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների, առաջին հերթին` Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ։

4. Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվել Ժելեզնովոդսկի հայտարարության ոգով, խաղաղ բանակցությունների միջոցով հասնել փաստաթղթում արձանագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։

5. Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերություններ հաստատել մեր անմիջական հարեւանների` Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով։

Ավարտելով հանրապետության առջեւ ծառացած մեր առաջնահերթ խնդիրների թվարկումը, հարկ եմ համարում շեշտել, որ ես միանգամայն հեռու եմ մեր ժողովրդին հրաշքներ խոստանալու անհեթեթ մտքից։ Ես երբեւէ սովորություն չեմ ունեցել դատարկ խոստումներ տալ եւ այսուհետեւ էլ պատասխանատվության խորին զգացումով կտրականապես հրաժարվում եմ խոստումներից, հրաշքների գուշակումից։ Ես մշտապես ձգտել եմ իմ եւ ժողովրդի առջեւ դնել թեկուզ փոքր, բայց միանգամայն իրականանալի խնդիրներ։

Թվարկված դրույթներն, ահա, այդպիսի իրականանալի խնդիրներ են, սակայն իրականանալի միայն տքնաջան աշխատանքի, քաղաքական ուժերի համախմբվածության, ժողովրդի վստահության դեպքում։
[էջ]
Եթե մեկ տարի հետո մեզ հաջողվի իրականացնել նշված ծրագրերի երեք քառորդն անգամ, իսկ ես վստահ եմ, որ նման ունակությունների դրսեւորման դեպքում դա անպայման կհաջողվի, ապա մենք հաջորդ ձմեռնամուտը կնշենք անհամեմատ հաստատուն կեցվածքով եւ լավատեսական տրամադրությամբ։

Հակառակ դեպքում ես պատրաստ եմ մեկ տարի անց հանրաքվեի միջոցով կրկին հայցելու մեր ժողովրդի վստահության քվեն։

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանն ու ստեղծարար ոգուն, եւ այդ հավատն է ինձ կորով ու լավատեսություն ներշնչում։

Շնորհակալություն ուշադրության համար։

«Հայաստանի Հանրապետություն», 12 նոյեմբերի, 1991 թ.։
Հրատարակված՝ «Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանն ու ստեղծարար ոգուն» վերնագրով։

ՀՀԱՆԱ, 28/11.11.91։ Բնագիր։ Ինքնագիր։