Երկուսից ո՞րը
[ 19 ]Բարեկամներիցս մինը փոքրիկ երեկույթ ուներ, ուր հրավիրված էի և ես։ Որովհետև պաշտոնս չներեց ժամը տասից վաղ նրանց մոտ գնալու, ուստի երբ ներս մտա՝ հյուրերը արդեն ձգված էին բազկաթոռների վրա և տաք-տաք վիճում էին։
Խոսակցության նյութը պ. Սեղբոսյանի երկրորդ ամուսնությունն էր, որը, ըստ երևույթին, շատ էր գրգռել իմ հյուրընկալ տիրուհուն։ Երբ ես ողջունեցի տիկնոջը, նա ջերմությամբ ձեռքս բռնելով և բազկաթոռը առաջ քաշելով մոտը նստեցրեց և հրամայեց, որ ուղիղը խոստովանեմ, թե՝ արդյոք նա իրավունք ունի՞, թե ոչ։
Ես, իհարկե, դեռ չդիտեմ, թե հարցը ինչումն է. բայց կամենալով մի հաճոյախոսություն անել, առանց վարանելու հայտնեցի, թե տիկինը կատարյալ իրավունք ունի:
— Ինչպե՞ս թե տիկինը իրավունք ունի, դո՞ւք էլ եք այդպես ասում,— տաքացած բացականչեց տանուտերը, հավատալով, որ ես արդեն ամեն բան գիտեմ, ուրեմն տղամարդիկ ավելի շուտ են մոռանում քան թե կանայք, հա՞...
— Իհարկե ոչ,— պատասխանեցի ես ծիծաղելով,— բայց բացատրեցեք ինձ առաջ գործի էությունը, ես դեռ ոչինչ չգիտեմ։
Հյուրընկալս աչքերը չռեց ինձ վրա, տիրուհին ներողամտությամբ ժպտաց, իսկ հյուրերը ծիծաղեցին.
— Ահա՛ թե հարցը ինչումն է,— սկսավ բացատրել տանուտերը։— Մենք խոսում ենք պ. Սեղբոսյանի մասին, [ 20 ]որը, ինչպես գիտեք, պսակվում է այս երեկո։ Կինս պնդում է, թե՝ նա պսակվում է նրա համար, որովհետև տղամարդ է, իսկ տղամարդիկ ամենասիրած կնոջն անգամ շատ շուտ են մոռանում, եթե նա մեռնում է. իսկ ես ասում եմ, որ եթե Սեղբոսյանը պսակվում է, անշուշտ մի հարգելի պատճառ ունի. իսկ եթե չունենա էլ, այսուամենայնիվ նրան չէ կարելի օրինակ վերցնելով ենթադրել, թե՝ բոլոր տղամարդիկ նրա նման են, թե նրանք շուտով մոռանում են իրենց կանանց, թե նրանք...
— Օ՜հ, լռիր. ի սեր աստծու. լռի՛ր, ես վրդովվում եմ — մարդու խոսքը կտրելով բացականչեց իմ հյուրընկալ տիրուհին․— ախր չէ՜ որ դուք բոլորդ ճանաչում էիք նրա հանգուցյալ ամուսնուն, խեղճ Մարգարիտին, չէ՜ որ նա մի հրեշտակ, մի աննման հոգի, մի անգին հարստություն էր... ո՞ր կինը նրա պես արժանավորությամբ օժտված յուր մարդուն կարող էր այդպես շուտ մոռանալ։ Բայց տղամարդի՞կդ, « նրանք խո սիրտ չունին. մի՛ տարի անգամ մեռած կնոջ հիշատակը պատվելու համար չեն ուզում համբերել...
Տանուտերը այս անգամ կնոջը համոզելու համաը ամբողջ ժամ պիտի խոսեր, եթե երիտասարդ հյուրերից մինը, որ շատ չէր խառնվում վիճաբանությանը, բայց խորհրդավոր կերպով ժպտում էր ստեպ-ստեպ, չընդհատեր ամուսինների վիճաբանությունը։
— Որպեսզի համոզվիք, թե տղամարդիկ ավելի մոռացկոտ են, թույլ տվեք, որ ես ձեզ մի պատմություն անեմ շատ մոտիկ անցյալից,— ժպտալով խոսեց երիտասարդը։
— Պատմեցեք, պատմեցեք, սիրով կլսենք,— գոչեցինք ամենքս միաբերան, և երիտասարդը սկսավ պատմել։
— Երկու տարի առաջ ես ապրում էի մոտիկ գյուղերից մինում, ուր քաղաքից էլ շատ ընտանիքներ էին եկել ամառը անցկացնելու։ Այդտեղ ծանոթացա երկու երիտասարդ ամուսինների հետ, որոնք հենց նոր ամուսնացած լինելով, եկել էին գյուղ՝ սիրո քաղցրությունները ազատ բնության մեջ վայելելու...
Իմ ծանոթությունը նրանց հետ տարօրինակ պատահմամբ եղավ։ Մի օր զբոսանքի գնալու ժամանակ երկնքի վրա [ 21 ]սև ամպեր նշմարեցի և դու գուշկելով, որ անձրև պիտի հանդի դեմ, փայտի փոխարեն հովանոցս վերցրի։ Անտառը հասնելով հազիվ մի քանի պտույտ արի, և ահա որոտում, կայծակ, կաթկթոց և հանկարծ մի վարար անձրև։ Անտառում զբոսնողները փախչող փախչողի եղան, որը հովանոց ուներ՝ հովանոցը բացած, որը չուներ մի թաշկինակ, կամ շոր գլխին ձգած, մայր՝ աղջկա հայրը, որդու, մարդը՝ կնոջ հետ, մի քանիսը զույգ-զույգ, մի քանիսը խումբ-խումբ, շատերն էլ ետ ու առաջ ցրված, ճչալով, միմյանց ձայն տալով, անձրևն անիծելով՝ վազում էին դեպի գյուղ։ Ես նույնպես իմ հովանոցը բացած, բայց հանգիստ ու հավասար քայլերով առաջ էի գնում և զվարճանում անձրևի պատճառած այդ իրարանցումով։
Հենց այդ միջոցին նկատում եմ մի փոքրիկ, բայց թավ ընկուզենու տակ մի գեղեցիկ, նորատի տիկին, բավական սիրուն հագնված և մի սիրուն երիտասարդի էլ ձախ թևը տված, իսկ աջովն յուր փետրավոր հարուստ գլխարկը բռնած՝ աշխատում է մի կերպով ազատել նրան անձրևից։
Ես իսկույն վազեցի երիտասարդ զույգի մոտ։ Ողջուջնեցի նրանց և առաջարկեցի, որ բարեհաճեն օգուտ քաղել իմ լայնատարած հովանոցից։
— Ոչ, ոչ, պարոն, շնորհակալ ենք. դուք ինքներդ էլ կթրջվեք,— ասաց ինձ տիկինը քնքշությամբ. բայց ես արդեն հովանոցը պարզել էի դեպի նրա երիտասարդ ամուսինը, որ քաղցրաժպիտ շնորհակալությամբ ընդունեց և երեքս միասին սկսանք կարելույն չափ փութով առաջանալ դեպի գյուղը։
Անձրևը շարունակ թափվում էր. ես ամբողջապես նրա իշխանության տակն էի գտնվում, բայց շատ գոհ էի, որ տիկնոջ գլխարկն ու հագուստը և ընդնմին յուր ամուսնու կես մասը ապահովվել էր անձրևից։ Մինչև տուն հասնելը, նորատի տիկինը և յուր ամուսինը շատ անգամ հիշեցին, որ մեծ նեղություն են պատճառում ինձ, որ իրենց պատճառով կարող եմ ես մրսել, հիվանդանալ, և այլն, և այլն, իսկ ես, ընդհակառակը, աշխատում էի հանգստացնել նրանց, որ թրջվիլ կամ նույնիսկ օրերով ջրի մեջ մնալը ոչ մի վնաս [ 22 ]չեն պատճառիլ ինձ, որ ես մի Հերակլես եմ, որ ես Պոսիդոնի զավակն եմ և այլն. տեղն էր ընկել, ինքս ինձ գովում էի, նրանց էլ խոնարհ պարտավորությունն էր ինձ լսել, որրովհետև իրենց շահն էլ այդ էր պահանջում։
Վերջապես հասանք տուն։ Տիկնոջ գլխարկն ու փետուրն անվնաս էին։ Այդ արդեն երերիս էլ ուրախություն պատճառեց։ Հետո պաշտոնապես ծանոթացա պ. Գևորգ և տ. Մաթիլդ Մորիկյանների հետ. այդ էր նրանց անունն ու ազգանունը: Ապա խոստանալով երիտասարդ ամուսիններին երեկոյան թեյին գնալ իրեց մոտ, շտապեցի տուն՝ իմ պոսիդոնական ողողված հագուստներս փոխելու։
Որովհետև, իբրև երիտասարդ, կամենում էի տիկին Մորիկյանի վրա արածս հաճելի տպավորությունը երկար պահպանել, ուստի նրան այցելելուց առաջ ուշադրություն դարձրի իմ արդուզարդի վրա։ Ունեցած լավ շորերս և ամենամաքուր շապիկը հագա, սիրուն փողպատ կապեցի. թանկ գնով գնած, բայց առանց նպատակի գյուղ բերած ձեռնոցներս քաշեցի. և երբ ժամանակը հասավ, սևուկ ու ողորկ գավազանիկս վերցնելով դեպի ծանոթներիս բնակարանը դիմեցի։
Բարձրանալով նրանց փոքրիկ, քառակուսի պատշգամբի վրա, որին հովանավորում էին վերջալույսի շողերով լուսավորված մի շարք ակացիներ, այդտեղ բացված գտա մի սեղան, ձյունափայլ սփռոցով ծածկված, որի վրա եռում էր արդեն ոսկու պես փայլուն ինքնաեռը: Իսկ մաքուր սրբված բաժակները, պնակներում դրած, կարկանդակը, սերը և կարագը վկայում էին, որ այս տան մեջ սպասվող թանկագին հյուրը ես եմ։ Այս բանը, իհարկե, քիչ չգուրգուրեց իմ ինքնասիրությունը։
Երիտասարդ ամուսինները շատ քաղցրությամբ ընդունեցին ինձ՝ հրավիրելով սեղանի պատվավոր կողմը նստելու. իսկ իրենք դիմացե դիմաց տեղ բռնելով՝ սկսան մի քանի ժամ առաջ տեդացող անձրևի պաճառած վնասն ու օգուտը հաշվել։ Հետո գտան, որ օգուտը գերակշռում է վնասին, որովհետև մեր ծանոթությունը օգտի հաշվին էր վերաբերում։ [ 23 ]Մեր խոսակցության միջոցին, սակայն, ամենից առաջ իմ ուշադրությունը գրավող երկու ամուսիների դեպ իրար ունեցած վերին աստիճանի սիրալիր հարաբերությունն էր։
Ես որ բոլորովին նոր հյուր էի դրանց համար և, հետևապես, իրավունք ունեի սպասելու, որ իմ անձնավորությունը դրանցից մինին կամ մյուսին (եթե ինձ հարցնեիք, ավելի տիկին Մաթիլդին) զբաղեցներ փոքր-ինչ, ընդհակառակը, ստիպված էի հանդիսատես լինելու ա՛յն գուրգուրանքին, որ նվիրում էին իրար երկու ամուսինները, ինչ քաղցր ժպիտներ, ի՞նչ խանդակաթ հայացքներ, սիրախոսության որպիսի՜ դարձվածքներ... բոլորովին մնացել էի շվարած և չգիտեի իմ հյուրընկալների անքաղաքավարության վերագրեմ այս վարմունքը, թե՞ նրանց սիրո բուռն զեղումներին։ Եվ, իհարկե, վերջ ի վերջո եկա ա՛յն եզրակացության. որ երիտասարդ բարեկամներս ամուսնական կյանքի անդրանիկ ամսում գտնվելով՝ բնական էր, որ դեռ սիրո զգացմունքներով արբած լինեին և անուշադիր թողնեին պատշաճից այն օրենքը, որ պատվիրում է մեզ սիրո բագինը անտեսանելի պահել միշտ երրորդ անձի աչքերից։
Բայց մյուս կողմից շատ գոհ եղա, որ այս հանգամանքը առիթ տվավ ինձ իմ բարեկամների անցյալին ու սիրահարական պատմությանը, նույնիսկ այդ օրը ծանոթանալու։
Գևորգ Մորիկյանը, ինչպես ինքը պատմեց, յուր ծնողների միակ զավակն էր։ Վերջիններս թեպետ հարուստ չէին, բայց կարողացել էին օգնել նրան առևտրական բարձր ուսումն ավարտելու, որի շնորհիվ և մանավանդ բարեկամների ձեռնտվությամբ, նա օգտավետ գործերի մտնելով կարողացել էր կարճ ժամանակում ոչ միայն մի կլորիկ հարստություն ձեռք բերելու, այլև գնել էր մի համեստ տուն, քաղաքի լավ փողոցներից մեկի վրա։
Այս դրության հասնելուց ետ, հարկավ, խելոք երիտասարդներին պակասում է յուր աշխատանքով ձեռք բերած այդ բարիքներին իշխող մի քնքշիկ տիրուհի։ Եվ ահա՜ պ․ Մորիկյանը խնդրում է հենց յուր նոր տան հարևան մի հարուստ հայի գեղեցիկ աղջկա ձեռքը։ [ 24 ]Մորիկյանի նման երիտասարդին ոչ մի խելոք ծնող չէր մերժիլ այդ շնորհը, որովհետև ուսում, դիրք և հարստություն ունենալուց զատ, ինքն էլ գեղեցիկ երիտասարդ էր, բարեկազմ հասակով, սիրուն դեմքով, խելոք աչքերով, միշտ քաղցրախոս, զվարթամիտ, միով բանով, բնության ամենալավ ձիրքերով օժտված։
Տիկին Մատթիլդի հետ ունեցած յուր նախկին ծանոթության մասին նա զվարճախոսելով, հետևյալն էր պատում։
— «Ամեն առավոտ, երբ ես գնում էի ուսումնարան, հանդիպում էի ճանապարհին փոքրիկ, գանգրահեր, կրակոտ աչքերով և չափից դուրս արագաշարժ մի աղջկա, որ գրքերի կապոցը ձեռքին, շտապ֊շտապ դիմում էր գիմնազիոն։ Ամեն անգամ էլ ես աշխատում էի կարելվույն չափ շատ օգուտ քաղել այդ հանդիպումից՝ անհագաբար նայում էի նրա աչքերին, որոնց մեջ այնքան կյանք և կրակ էր ցոլանում, նրա սիրուն ու գողտրիկ դեմքին, որի վրա ժպիտը ծաղկում էր անթառամ, նրա փոքրիկ, արագաշարժ ոտքերին, որոնք ոչ թե գնում, այլ կարծես սուրում էին գետնի վրա։ Բայց համարյա՝ դեռ ոչինչ չտեսած, այդ աղջիկը մի ակնթարթում թռչում, անցնում էր, և ես շուռ գալով նայում էի միայն նրա ետևից այնքան ժամանակ, մինչև որ նա մտնում էր գիմնազիոնի փողոցը։
Առավոտները գրեթե միշտ կես ժամով վաղ էի դուրս գալիս տանից, որպեսզի անպատճառ հանդիպեմ նրան, որովհետև նա ինքն էլ գրեթե մյուս բոլոր աշակերտուհիներրից վաղ էր գնում գիմնազիոն։ Իսկ այն օրը, որ չէի հանդիպում իմ գեղեցկուհուն, կարծում էի, թե մեծ բան եմ կորցրել։
Այս հանդիպումները գրեթե ամբողջ տարի տևեցին։ Առանց ծանոթանալու, ես այնքան էի ընտելացել այս սիրուն աղջկան, որ շատ անգամ սխալվելով, կամենում էի ողջունել նրան։
— «Եկ մի անգամ գիտակցաբար սխալվեմ»,— ասացի մի օր ինքս ինձ, և հենց որ պատահեցի իմ գանգրահեր գեղեցկուհուն, գլխարկս հանեցի և խոնարհ ողջույն տվի: [ 25 ]Փոքրիկ գեղեցկուհին խոժոռեց դեմքը, մի զայրացած հայացք ձգեց ինձ վրա և անհետացավ։ Էլ այնուհետև չտեսա նրան այդ փողոցում։ Ինձ այլևս չհանդիպելու համար նա այժմ ուրիշ ճանապարհով էր գնում գիմնազիոն։
— «Լավ,— ասացի ինքս ինձ,— տե՛ս, թե քեզ վրա չպսակվեմ ես...»։
Ես երդվեցի ուսումս ավարտելուց ետ ամեն ջանք գործ դնել, հարստանալ և այդ չարաճճի, գանգրահերը ուզել։
Թե ի՞նչ պատահեց հետո, թե ինչպե՞ս ծանոթացանք միմյանց և սիրեցինք իրար, դրա պատմությունը երկար է. միայն ահա՛, ինչպես տեսնում եք, օրիորդ Մաթիլդը իմ սիրելի ամուսինս է այժմ։
Այս ասելով, բարի երիտասարդը քնքշաբար բռնում էր նորատի հարսի ձեռքը, նայում էր նրա վրա այնպիսի սիրալիր հայացքով, այնպիսի քաղցր ժպիտով, որ կարծես հոգին նվաղում էր զմայլմունքից։
Իսկ տիկին Մաթիլդը արդարև մի գեղեցկուհի էր։ Յուր ամուսնու հիշած գանգուրները, ճշմարիտ է, այժմ չկային, դրանց փոխարեն նրա գեղեցիկ գլուխը զարդարում էր հարուստ մազերի մի հյուսակապ, և միայն մի շարք խոպոպիկներ հովանավորում էին նրա մարմ պրիոնի պե՛ս սպիտակ և սիրուն ճակատը, բայց նրա կրակոտ աչքերը այժմ էլ նույնչափ կյանք և սեր էին արտահայտում, նրա քնքուշ դեմքի վրա այժմ էլ նույն գրավիչ գեղեցկությունն էր փայլում և նրա կարմրալար, բարակ շրթունքների վրա նույն անուշ ժպիտն էր ծաղկում...
Տեսնել այդ կնոջը և չհիանալ՝ անկարելի էր, և որպեսզի այդ հաճույքը ավելի երկար վայելեի, խնդրեցի նրան շարունակել յուր ամուսնու կցած պատմությունը։
— Պ. Գևորգը շատ կարճ կապեց,— ասացի ես տիկնոջը ծիծաղելով,— բայց ձեր սիրո պատմությունը պետք է, որ ավելի երկար լինի, չէի՞ք բարեհաճիլ արդյոք շարունակեք նրան, եթե այդ, իհարկե, նեղություն չէր պատճառիլ ձեզ։
— Այո՛, այո՛, շարունակությունը միայն Մաթիլդը կարող է լավ պատմել,— հարեց ամուսինը։ [ 26 ]— Ուրախությամբ, թե այդ մի հաճույք կպատճառե ձեզ,— պատասխանեց տիկինը ժպտալով և շարունակեց.
— «Այն օրից հետո, որ Գևորգը ինձ ողջունեց, ճշմարիտ է, ես այլևս իմ սովորական ճանապարհով չանցա, որովհետև ինքնասիրությունս թույլ չէր տալիս ինձ անուշադիր թողնել այդ դեպքը և կրկին անգամ պատահիլ նրան։ Մի երիտասարդ, որ ինձ չէ ճանաչում, բայց համարձակվում է ինձ բարևել, հարկավ, մի թեթև աղջկա տեղ է դնում ինձ, մտածեցի ես, և որոշեցի պատմել նրան։ Պատմելը, իհարկե, այն էր, որ ճանապարհս փոխեցի։ Բայց ի՞նչ թաքցնեմ մեղքս, ես հենց այդ օրից հետո սկսա մտածել այդ երիտասարդի վրա։
Մինչև այս, ես մի առանձին ուշադրություն չէի դարձրել նրա վրա. իսկ այժմ հետաքրքրվում էի նորեն տեսնել նրան, ցանկանում էի, որ նա մի անգամ էլ բարևեր ինձ, և ես կարծում էի, որ այլևս չէի խոժոռիլ դեմքս, չէի բարկանալ նրա վրա։ Մտածում էի՝ գուցե նա սխալվել է, գուցե յուր ծանոթի տեղն է դրել ինձ, չէ՞ որ նա շատ քաղաքավարությամբ բարևեց։ Ինչո՞ւ այդքան խստությամբ դատել...
Այս մտածմունքներն էին պատճառ, որ ես գրեթե ամեն առավոտ, գիմնազիոնի երրորդ դստիկոնի պատուհանից կախվում էի դեպի փողոց՝ հենց այն ժամին, երբ Գևորգը անցնում էր այդտեղից, և, առանց նրանից տեսնվելու, դիտում էի նրան, այնքան ժամանակ, մինչև որ նա մյուս փողոցն էր մտնում։
Այս անցքի մասին պատմեցի մի օր մտերիմ ընկերուհիներիցս մինին, որ տարիքով մեծ էր ինձանից։
— Ի՞նչ երիտասարդ է դա, ցույց տուր ինձ մի անգամ, — ասաց նա հետաքրքրությամբ։
Հետևյալ առավոտ, հենց որ Գեորգին փողոցի ծայրում նշմարեցի, կանչեցի ընկերուհուս և ցույց տվի նրան։
— Օ՜հ, ի՜նչ գեղեցիկ երիտասարդ է, սրա վրա գժվելու չափ կարելի է սիրահարվել,— բացականչեց նա և ապա դեպի ինձ դառնալով՝ նկատեց. [ 27 ]— Շատ հիմար աղջիկ ես, Մաթիլդ, ինչպե՞ս կարելիէ այսպիսի երիտասարդի բարևին չպատասխանել։
— Պատասխանե՞լ, գժվե՞լ ես, ի՞նչ է, — ասացի ես:
— Իհարկե, պիտի պատասխանեիր, իսկ դու մինչև անգամ խոժոռել ես դեմքդ, ամոթ չէ՞ միթե։
— Ուրիշ կերպ վարվելու ի՞նչ իրավունք ունեի։
— Երեխա ես դեռ, Մաթիլդ, ճիշտ երեխա. իսկ եթե ես լինեի քո տեղդ...
— Ի՜նչ կանեիր։
— Կսիրահարեցնեի նրան ինձ վրա։
— Կսիրահարեցնեի՞ր. ինչպե՞ս,— հարցրի զարմացած։
— Այդ արդեն իմ գործն է,— ասաց նա խորհրդավոր եղանակով։ Ես ծիծաղեցի և հեռացա։
— Բայց հենց այս փոքրիկ խոսակցությունը եղավ պատճառ, որ Գեորգը այնուհետև բոլոր իմ մտածմունքների առարկան դարձավ։
Շատ անգամ վճռեցի իմ հին սովորական ճանապարհով գիմնազիոն գնալու, որոշեցի, որ Գեորգին պատահելուս նայեմ նրան, աչքերս սևեռեմ նրա վրա և, մինչև անգամ, եթե կրկին ինձ բարևելու լինի, ուրախությամբ նրա բարևը ընդունեմ, բայց չկարողացա։ Հենց այս մտմտուքների մեջ էի, որ մի օր, ազգականներիցս մեկի տունը հրավիրված ժամանակ, պատահեցի նրանց մոտ Գեորգին և պաշտոնապես ծանոթացա այդտեղ նրա հետ։
— Այո, տիկին, և այնքան սիրելի եղար, որ գոնե այդ առաջին ծանոթության միջոցին մի ուղիղ նայվածք չձգեցիր ինձ վրա,— ծիծաղելով ընդհատեց ամուսնուն պ. Մորիկյանը.— գոնե քաղաքավարության համար մի ժպիտ պետք է նվիրեիր ինձ։
— Գուցե չժպտացի, չեմ հիշում, բայց հո սրտով ուրախ էի, որ վերջապես ծանոթացա քեզ հետ։
— Ուրա՞խ էիր. ո՞վ ասաց, թե ուրախ էիր. ընդհակառակը, բարկությունից շառագունել, վարդ էիր կտրել:
— Ներողություն. ո՛չ թե բարկությունից, այլ հոգեկան քաղցր հուզմունքից,— քնքշությամբ նկատեց Մաթիլդը։
— Սխալվում ես, մոռացել ես։ [ 28 ]— Դու ես մոռացել, պարո՛ն: —
— Ոչ, տիկին, դու ես մոռացել:
— Մի՛ վիճեք. իմ կարծիքն էլ հարցրեք,— միջամտեցի ես:
— Խոսեցեք իբրև հոգեբան,— վրա բերավ Մաթիլդը:
— Իմ կարծիքը այն է, պարոն, որ այն ժամանակվա օրիորդ Մաթիլդը, եթե ձեզ վրա ուղղակի չէ նայել, այդ արել է ամոթխածությունից, իսկ թե շառագունել է, այդ արդեն եղել է գաղտնի սիրո հուզմունքից։ Որովհետև, եթե նա դեռ ձեզ չպատահած ձեզ վրա է եղել մտածում, անկարելի էր, որ ձեզ հետ ծանոթանալու ժամանակ բարկությունից շառագուներ։
— Ապրեք, ճիշտ նկատեցիք,— հարեց Մաթիլդը ծիծաղելով,— բայց ես այլևս չեմ շարունակիլ իմ պատմությունը,— ավելացրեց նա։
— Ինչո՞ւ,— զարմացած հարցրի ես։
— Որովհետև ամուսինս ընդհատում է ինձ — ասաց նա և սկսավ բարձրաձայն ծիծաղել։
— Խոստանում եմ, որ այլևս չընդհատեմ։
— Ուրեմն ավելի ևս չեմ շարունակիլ։
— Ինչո՞ւ,— հարցրեց ամուսինը։
— Որովհետև կամենում եմ, որ դու միշտ ընդհատես, միշտ խանգարես ինձ...— մեղմով ժպտալով պատասխանեց Մաթիլդը և սկսավ լուռ և քնքշությամբ նայել ամուսնուն, մոռանալով, կարծես, մի երրորդ անձի ներկայությունը։ «Դարձյալ գժվեցան»,— մտածեցի ինքս ինձ. և դառնալով տիկնոջը, հարցրի.
— Չե՞ք կամենում, ուրեմն, շարունակել ձեր պատմությունը։
— Իմ պատմությունը,— կարծես սթափվելով հարցրեց նա։
— Այո՛, ես հետաքրքրությամբ սպասում եմ նրա վախճանին։
— Օ՜, նրա վախճանը դուք արդեն տեսնում եք,— նկատեց նա ժպտալով: [ 29 ]— Բայց դուք միայն ձեր ծանոթանալը պատմեցիք, ի՞նչ պատահեց հետո,— հարցրի կրկին:
— Նրանից հետո պատահեց ա՛յն, ինչ որ պատահում է բոլոր սիրողներին, մենք մոտեցանք միմյանց, հավանեցինք և սիրեցինք իրար։
— Հետո՞։
— Հետո շատ սիրեցինք։
— Բայց վերջը։
— Վերջը ամուսնացանք։
— Ա՜խ, տեր աստված, դուք կատակ եք անում, բայց չէ՞ որ ձեր սիրահարված ժամանակ սրտաշարժ տեսակցություններ, սրտատրոփ ժամադրություններ, լուսնկա գիշերներ և շատ գողտրիկ պատմություններ եք ունեցել։
— Իհարկե, այդ բոլորը կար։
— Եվ վերջապես միմյանցից հեռացած ժամանակ երկար նամակագրություններ կունենայիք՝ սիրաշունչ խոսքերով, սրտաշարժ մտքերով...
— Նամակագրություննե՞ր, օ՜, դրանց մասին էլ մի ասեք։
— Է՜հ, պատմեցեք ուրեմն այդ բոլորի մասին գոնե շատ համառոտ։
— Չէ, բարեկամ, համառոտ անկարելի է. իսկ երկար լսել, երևի դուք չեք կամենալ, — նկատեց տ. Մաթիլդը ժպտալով,— ամենից լավն այն է, որ երբ գնանք քաղաք, դուք մեզ շուտ-շուտ այցելեք։ Այն ժամանակ ես ձեզ կտամ կարդալու մի հարյուր հատ նամակ, երբ այդ բոլորը վերջացնեք՝ կտամ նորեն մի ուրիշ հարյուր. և եթե կամենաք՝ դարձյալ մի երրորդ հարյուր, և այդ բոլոր նամակներից, որոնց մենք գրել ենք միմյանց Գևորգի Պետերբուրգ գնացած ժամանակ, կծանոթանաք մեր սիրահարության ամբողջ պատմությանը։
Ես շնորհակալություն հայտնեցի բարեսիրտ տիկնոջը։
Բայց որովհետև միևնույն ժամանակ զգացի, որ առաջին այցելությունս շատ է երկարանում, որի պատճառով և, գուցե, սիրահար զույգի համար դառնում եմ իրոք երրորդ անձնավորություն, որ շատ անգամ հավասար է խանգարող բառին, ուստի վեր կացա շուտով և շնորհակալություն [ 30 ]հայտնելով իմ հյուրնկալներին, իրենց քաղցր հյուրասիրության համար, դեպի իմ մենավոր բնակարանը ուղևորվեցի։
Բարեկամներս բավական հեռու ճանապարհ դրին ինձ և խնդրեցին, որ քանի գյուղումն ենք, ստեպ-ստեպ այցելեմ իրենց։ Ես, իհարկե, խոստացա կատարել նրանց խնդիրը։
Հետևյալ օրը իմ երիտասարդ բարեկամներին տեսա անտառում, ուր նրանք թև-թևի տված դեպի մենավոր ծմակներն էին առաջանում։
Երկար ժամանակ նայեցի նրանց ետևից և զվարճացա։ Որովհետև մոտենալ և խանգարել նրանց միայնությունը, ծանր թվաց ինձ։
Չի՞ պատահել ձեզ տեսնել երբևիցե ճարտար նկարչի այնպիսի մի նկար, որի վրա պատկերանում է գարնանային բնությունը յուր նոր կենդանացող շքեղությամբ, ուր կարկաչուն վտակների մոտ, դալար մարմանդի վրա, կամ սաղարթախիտ ծառերի հովանու տակ, հանգչում է սիրահարների մի զույգ, անհուն երանության ժպիտն երեսին, կաթոգին հայացքները միմյանց ուղղած...
Ի՜նչ հիացմամբ են նայում այս պատկերի վրա գեղեցկին սիրահար աչքերը... Ինչպե՜ս մարդ ցանկանում է, որ այդ նկարը իրականություն լինի, որպեսզի մխիթարվի՝ հավատալով, թե գոնե կան երկու հոգիներ, որոնք երջանիկ են այս վշտալից աշխարհում...
Ահա՜, հենց այդ զգացմունքով էի տոգորված և ես իմ բարեկամների վերաբերմամբ։ Չէ՞ որ նրանք իսկապես երջանիկ էին և արժեր նրանցով ուրախանալ։
Իհարկե, փոքր չէ աշխարհում այն մարդկանց թիվը, որոնք դժբախտ չլինելով հանդերձ՝ տխրում են ուրիշների բախտավորությունը տեսնելով։ Ես, ընդհակառակը, տեսնելով հանդերձ իմ միայնությունը, իմ կյանքի դատարկությունը՝ ուրախանում էի իմ ծանոթ զույգի երջանկությամբ, փափագում էի, որ այդ երջանկությունը երկարատև լիներ, որ նա չսպառեր երբեք։
Կգտնվին, իհարկե, մարդիկ, որոնք իմ բնավորության [ 31 ]վրա կծիծաղեն. բայց ես չեմ գանգատվում իմ բախտից, որ մայրս ինձ այդպես է ծնել:
Զբոսանքից վերադառնալու ժամանակ միայն բարեկամներիս հանդիպեցի. և երբ հայտնեցի նրանց այն պատճառը, որ արգելել էր ինձ իրենց մոտենալու, սկսան ուրախ-ուրախ ծիծաղել:
— Շնորհակալ ենք. մի խնամող ծնողի չափ հոգս եք տանում մեզ վրա,— ասաց Մաթիլդը ժպտալով,— պետք է որ մտածենք ձեր զրկանքը փոխարինելու վրա։
— Դրա համար հարկ չկա երկար մտածելու, օրվա մնացորդը միասին կանցուցանենք,— նկատեց երիտասարդ ամուսինը և ձախ թևը առաջարկելով ինձ, խնդրեց ընկերանալ իրենց։
Այդ օրվանից հետո մենք գրեթե միշտ միասին էինք լինում։ Շրջում էինք անտառների մեջ, պտտում էինք դաշտերը, բարձրանում էինք լեռների վրա, հանգստանում էինք հովանավոր ծառերի տակ, և ամեն տեղ, ուր որ էլ միանում էինք մենք, ժամանակը անցնում էր քաղցր զրույցներով, զվարճախոսությամբ, անմեղ կատակներով և երբեք չէր պատահում, որ մեր զրույցների մեջ մտած վիճաբանությունը սուր կերպարանք առներ։
Որքան ավելի էի մոտենում այդ երիտասարդ զույգին, այնքան ավելի նրանք գրավում էին իմ սերը և համակրությունը, և այդ ոչ թե նրա համար, որ ինձ առհասարակ սիրով և մտերմությամբ էին ընդունում, այլ որովհետև դեպի իրար ունեցած նրանց հարաբերության մեջ ես հետզհետե նորանոր առաքինություններ էի նկատում, առաքինություններ, որոնք իմ կյանքում միշտ իդեալ են եղել ինձ համար։ Այս դեպքերում տիկին Մաթիլդը, մանավանդ, գերազանցում էր շատ անգամ ամուսնուն, շնորհիվ յուր կանացի շատ մի քնքուշ զգացմունքների։
Մի անգամ, սակայն, այսպիսի մի հարց ծագեց գլխումս. «Չէ՞ որ այս երիտասարդ զույգը շատ դժբախտներից ավելի դժբախտ է այսօր»։
Լսողը, իհարկե, ինձ չէր հասկանալ, ինչպես և դուք չեք հասկանում այժմ, բայց իմ հարցը վերաբերում էր ա՛յն [ 32 ]տեսակետին, թե ավելի պակաս դժբախտ է այն աղքատը, որ երբեք չէ հարստացել, քան ա՛յն հարուստը, որ աղքատացել է։ Ըստ որում, ով որ վատթարագույնն է կրում, լավի մասին գաղափար չունի, իսկ լավագույնը վայելողի համար վատթարը անտանելի է։
Հետևապես, ինչ պիտի անե Գևորգը, եթե յուր անզուգական Մաթիլդը կորցնե. մի հարստություն, որի նմանը տարիներով են պտրում և երբեք չեն գտնում։ Նույնպես Մաթիլդը ինչպե՞ս կարող է ապրել, եթե Գևորգի նման սիրող և շնորհալի ամուսնուց զրկվի: Երկուսի համար էլ մ մյուսից զրկվելու վիշտը անսփոփելի է։ Ուրեմն ավելի լավ է, որ մարդ երբեք չճանաչե երջանկությունը, եթե նրան հարատև վայելել չի կարող մտածում էի ես։
Զարմանալի զուգադիպությամբ՝ հենց այս մտածմունքների մեջ խորասուզված պատահեցի մի օր իմ բարեկամներին, որոնք գրեթե նույնանման մի հարց լուծելով էին զբաղված։
Սկզբում տ. Մաթիլդին տխուր և դեմքը խոժոռած գտա, մինչդեռ Գևորգը ուրախ֊ուրախ ծիծաղում էր:
Երբ պատճառը հարցրի, Մաթիլդը սրտնեղած մատնացույց արավ ամուսնուն։
— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ տիկինը տխուր է,— հարցրի Գեորգին։
— Ինքս էլ չգիտեմ ինչո՞ւ է տխրել, մի շատ հասարակ հարց եմ առաջարկել նրան, պատասխանելու փոխարեն բարկանում է։
— Բայց ի՞նչ հարց է այդ։
— Ոչինչ, շատ հասարակ, սրան հարցնում եմ, թե ի՞նչ պիտի անես, եթե ես մեռնեմ, դրա համար էլ նեղանում է:
— Դարձյա՞լ կրկնեցիր, տեր աստված. ի՜նչ անգութն է.— վրդովված խոսեց Մաթիլդը:
— Եվ իրավ, ի՞նչ այդ տեսակ հարցերի ժամանակ է — նկատեցի ես,— չե՞ք կարող ավելի ուրախ բաների վրա խոսել:
— Զարմանում եմ, դուք էլ մի կնոջ չափ դյուրազգաց եք երևում. թեպետ արտաքինիդ այդ հերքում է,— դարձավ [ 33 ]Գեորգր դեպի ինձ,— մարդ աստծո, խոսք է, խոսում ենք, մարդ հո չի մեռնիլ «եթե մեռնեմ» բառերը արտասանելով։
— Հա՛, թե այդպես է, ուրեմն առաջ ինքդ պատասխանիր.— կես բարկությամբ և կես ծիծաղով նկատեց Մաթիլդը.— ին՞չ կանես դու, եթե ես մեռնեմ։
— Ի՞նչ կանեմ, այդ հարցը շատ պարզ է. ի՞նչ են անում նրանք, որոնք զրկվում են աշխարհի լույսից, կյանքի քաղցրություններից, որոնց մեջ դադարում է սրտի բաբախումը, որոնց շրջապատում է գերեզմանի սառնությունը...
— Մեռելների մասի՞ն ես խոսում դու,— հարցրավ Մաթիլդը զզացված։
— Այո՛։
— Ի՛նչ պիտի անեն, նրանք արդեն մեռած են, կրկին հո չպիտի մեռնեն։
— Շատ լավ ասացիր, Մաթիլդ, իմ պատասխանը հենց քո խոսքերի մեջն է. ես կրկին անգամ կմեռնեմ: Որովհետև քո մահը, որ արդեն սպանած կլինի ինձ, կվերապահե ինձ միայն մի իրավունք, այն է, ընտրել իմ գերեզմանը. և ես այդ կնտրեմ Քռի ալիքների մեջ, որովհետև ես ատում եմ թե՛ թույնը և թե՛ կրակը» — — Ուրեմն քեզանից ետ ես թույն էլ կխմեմ, կրակն էլ կընկնեմ, ջրի մեջ էլ կխեղդվեմ,— բարկացած վրա տվավ Մաթիլդը։
— էլի կին ես, ա՜յ, կրակի մեջ ընկնելուց ետ՝ դարձյալ դեպի ջուրն ես վազում՝ վառված շորերդ հանգցնես,— ծիծաղելով նկատեց Գեորգը։
— Ներողություն, քեզանից առաջ արդեն ես գերեզմանում կլինեմ,— վրա բերավ Մաթիլդը ծիծաղը զսպելով։
— Թողեք, ի սեր աստծու, այդ տխուր խոսակցությունները, ի՞նչ հարկ կա վիճելու,— նկատեցի ես,— լույսի պես պարզ է, որ ձեզանից ոչ մեկը առանց մյուսին ապրել չի կարող և շատ լավ էլ կանի: Եվ իրավ, ի՞նչ միտք ունի ապրել խավարած արևի տակ, կյանքի դառնություններից ճնշված, գերեզմանական սառնության մեջ... Ա՛յն կյանքը, որի մեջ նվազում է բոցը և ջերմությունը, արմանի է հանգչելու [ 34 ]— Այդպես, ուրեմն հարցը վճռված է, քանի դեռ սիրում ենք, չպիտի մեռնենք,— ասաց Մաթիլդը ծիծաղելով:
— Այո՛, և հենց որ կդադարենք սիրելուց՝ պիտի մեկնենք,— վրա բերավ ամուսինը նույնպես ծիծաղելով։
— Իսկ ով որ ոչ սիրում է և ոչ սիրվո՜ւմ,— հարցրի ես։
— Այդպիսին պիտի գնա Երուսաղեմ ուխտ, որ աստված թողություն տա մեղքերին,— կատակեց Գեորգը և բոլորս միասին սկսանք ծիծաղել։
Ո՞վ կարող էր կարծել, թե իմ բարեկամի կատակով խոսածները մի օր նախազգացման ազդեցության արդյունք պիտի համարվեին։
Օ՜հ, այդ նախազգացումները, չգիտեմ ի՞նչ ոգիների ներշնչումներ են, բայց ես հավատում եմ նրանց։ Եվ տեսեք ինչու։
Ամառը վերջացավ։ Մորիկյան ամուսինները վերադարձան քաղաք։ Իսկ ես անձնական գործերի պատճառով ստիպված էի դեռ մի քանի շաբաթ էլ գյուղում մնալու։ Բոլոր այդ ժամանակ իմ միայնությունը կերակրում էի այն քաղցր հիշողություններով, որոնք մնացել էին ինձ իմ բարեկամներից։ Մտածությանս ամենագողտրիկ առարկան տիկին Մաթիլդի այն խոստումն էր, որ քաղաք վերադառնալուս պիտի ընտրեր ինձ համար այնպիսի մի հարսնացու, որ ամեն բանով նման լիներ իրեն։
Ես, արդարե, այս բախտավոր զույգի հետ ծանոթանալուց ի վեր փոխել էի ամուսնության վերաբերմամբ ունեցած իմ աննպաստ կարծիքները։ Ես էլ կամենում էի պսակվել, սիրել, սիրվել, երջանիկ լինել... Ի՞նչ էր, արդարե, իմ կյանքը, ի՞նչ էին իմ օրերը. միայնություն. ոչնչություն, անպարունակ դատարկություն։
Բայց տեսեք, թե որտեղ է արդարանում L’homme propose et Dieu dispose[1] առածը։
Գործերս վերջացնելուց հետո վերադառնում եմ քաղաք։ Առաջին գործս իմ թանկագին բարեկամներին այցելելն է լինում։ Տան սպասավորը, սակայն, ինձ չէ կամենում ընդունել; [ 35 ]ասելով, որ ծանր հիվանդ ունին։ Ես պարմանում եմ՝ ո՞վ պիտի լինի այդ հիվանդը։ Հարցնում եմ։ Սպասավորն ասում է, որ յուր պարոնն է։ Այդ շատ վշտացնում է ինձ։ Այնուամենայնիվ խնդրում եմ իմ գալը հայտնել տանտիրուհուն, որը և հրամայում է ինձ ընդունել։
Ներս եմ մտնում։ Ինձ առաջնորդում են ուղղակի այն սենյակը, ուր հիվանդն էր պառկած։ Նրա սնարի մոտ նստած էր Մաթիլդը, տխուր և գլխակոր։ Ինձ տեսնելուց նա բարձրացավ տեղից, նայեց ինձ վրա, ժպտաց, բայց նույն րոպեին էլ ժպիտը սառեց յուր շրթունքների վրա։ Նա նիհարել, մաշվել էր։ Հազիվ ձեռքը պարզեց ինձ և արտասուքի կաթիլները սկսան գլորվել յուր դալկահար դեմքի վրա։
— Տեսե՛ք, ի՞նչ դրության մեջ է բարեկամդ,— շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և աչքերը թաշկինակով ծածկելով անցավ մահճի ետևը։
— Ո՞վ է,— թույլ և նվաղած ձայնով հարցրեց հիվանդը և երեսը դեպի ինձ շրջելով բացականչեց,— ա՛խ, այդ դո՜ւ ես, սիրելի բարեկամ, ինչպես ցանկանում էի քեզ տեսնել. եկ, մոտ եկ, սեղմիր ձեռքերս...
Իսկույն մոտեցա և նրա նիհար ու անարյուն ձեռքերը առա ափերիս մեջ.— ինչո՞ւ հիվանդացար, բարեկամ, ի՞նչ պատահեց քեզ. մի՞թե այդպես կպահեն ամառանոցից բերած առողջությունը,— հարցրի ես ծիծաղելով:
— Ա՛խ, խոսիր, ամառանոցից խոսիր, ինչպե՜ս լավ էր այնտեղ, ինչպե՜ս առողջ էի ես...— մրմնջաց նա։
— Հոգ չէ, դարձյալ կառողջանաս, դարձյալ գյուղը կերթանք. բայց դու ինչո՞ւ հիվանդացար,— հարցրի կրկին։
— Չգիտեմ, մրսեցի. կարծեմ այդ էր պատճառը:
— Այո, սաստիկ մրսելուց պատահեց,— շարունակեց Մաթիլդը.— մի քանի օր էր, ինչ տաքություն ուներ, բայց ուշադրություն չէր դարձնում և դնում էր գործի. մի երեկո արդեն ջերմության աստիճանը քառասունի հասավ, կամեցա բժիշկ հրավիրել, համառեց, չթողեց։ Մյուս օրը դարձյալ գնաց գործի, և ճաշին տուն վերադառնալով պառկեց: Այդ օրվանից ահա՛ երկու շաբաթ է, ինչ անկողնի մեջ է: [ 36 ]— Բայց ինչո՞ւ, սիրելիս, չես թողել ժամանակին բժիշկ հրավիրելու,— հարցրի ևս Գեորգին։
— Էհ, թող, ի սեր աստծու, այդ բժիշկներին. հենց դրանց թվի հետ մրցելու համար է, որ մահը յուր հունձը կրկնապատկել է,— ասաց դժգոհությամբ։
— Այդպես չեն խոսիլ, սիրելիս, գիտության առաջ պետք է խոնարհվել,— նկատեցի ես։
— Այո՛, գիտության առաջ, բայց որտե՞ղ է նա։ Երկու շաբաթ է արդեն, ինչ երկու բժիշկներ եռանդուն փորձեր են կատարում ինձ վրա, երևի իմանալու համար, թե հոգին մարմնի ո՞ր դռնովն է դուրս գալիս, և կարծեմ վերջ ի վերջո պիտի համոզվեն, թե հենց ա՛յն դռնով, որ տեղով առաջին անգամ ներս են մտնում իրենց դեղերը...
— Սխալվում ես, բարեկամ, սխալվում ես, չպետք է հուսահատվել, քա՛ջ եղիր. ի՞նչ հիվանդություն է այդ, ո՛ր հուսահատեցնում է քեզ. ինքս միայնակ կառողջացնեմ քեզ, — սկսա հուսադրել նրան։
— Այո', քեզ հավատում եմ. դու ինձ կարող ես առողջացնել,— ասաց նա սիրտ առնելով իմ խոսքերից.— բայց այս տաքությունը... ա՜խ, ինչպես թուլացրել է ինձ, քառասուն աստիճանից չի իջնում... իսկ գլուխս, о՜հ, բոլոր ժամանակ պտտում է...
— Վնաս չունի, այդ բոլորը կանցնեն. դու սիրտ առ, կեր, խմիր, ուրախ-ուրախ բաների վրա մտածիր,— ասացի և ապա սկսեցի գյուղի նորություններով զբաղեցնել նրան։ Հեռանալու ժամանակ Մաթիլդը առանձին խնդրեց ինձ ամեն օր այցելել հիվանդին։
— Ձեր գալը լավ ազդեցություն արեց նրա վրա,— ասում էր նա,— այս առաջին անգամն է, որ նա խոսակցում է մեկի հետ. մինչև այժմ շատ ծանր էր. ճանաչողությունն անգամ կորցնում էր։ Բայց ձեր այցելությունները հույս ունիմ շատ կօգնեն նրան։
Ես, իհարկե, խոստացա ամեն օր այցելել իմ բարեկամին:
Տանից դուրս գալու ժամանակ, հենց տան մուտքի մոտ, [ 37 ]պատահեցի հիվանդի բժիշկներից մեկին, որ իմ վաղեմի ծանոթս էր։
— Հա, ինչպե՞ս եք գտնում ձեր հիվանդին,— հարցրի նրան:
— Առողջության հույսը աստծու վրա է մնում,— պատասխանեց նա:
— Ինչպե՞ս, ի՞նչ հիվանդություն է, որ այդպես եք խոսում:
— Սուր թոքախտ։
— Մի՞թե,— վախեցած հարցրի ես։
— Այո՛, բորբոքումը բռնել է արդեն ամբողջ թոքերը, հիվանդության ընթացքը հուսահատական է։
— Դուք կարծեմ միայնակ չեք, երկուսով եք բժշկում, ձեր ընկերն է՞լ նույն կարծիքի է,— հարցրի ես։
— Նա, ընդհակառակը, առաջ կարծում էր, որ տիֆ է, որովհետև սուր թոքախտի և տիֆի նշանները շատ դեպքում նույնն են լինում, բայց այժմ արդեն իմ համոզմունքին է եկել։
— «Խեղճ Գեորգ, ահա՛ թե ինչու՞ էիր թերահավատում քո բժիշկների վրա»,— ասացի ինքս ինձ և հեռացա։
Այնուհետև երկու անգամ միայն կարողացա այցելել խեղճ երիտասարդին, որովհետև երրորդ անգամին արդեն նրա մահը գուժեցին ինձ։
Ի՞նչ դրության մեջ պատահեցի ես Մաթիլդին, տեր աստված, նրա վշտահար պատկերը, դեռ այժմ էլ իմ աչքի առջևն է։
Գեորգի մահը պատահել էր կես գիշերին, իսկ մինչև առավոտ նա արդեն լալուց ու կոծելուց կիսով չափ սպառվել, գրեթե դիակնացել էր։ Երբ ներս մտա, նա նստած էր ամուսնու դագաղի մոտ՝ նրա դեմքից ավելի դալկագույն դեմքով և խոր ընկած աչքերով, որոնց մեջ ցամաքել էին արդեն արտասուքի աղբյուրները, նրա հայացքը անկենդան, [ 38 ]արտևանունքը անշարժ և բիբերը կարծես սառել էին կապիճների մեջ։
Հենց որ ինձ տեսավ՝ նորեն սկսեց լալ և աղիողորմ խոսքերով իմ սիրտը մորմոքել: Իսկ ես, դժբախտաբար մի կնոջից ավելի զգայուն սիրտ ունիմ, չկարողացա ինձ զսպել և չարաչար լաց եղա։
Մինչև հանգուցյալի դագաղը եկեղեցին հասցնելը, խեղճ կինը տասն անգամ ուշագնաց եղավ։ Բժիշկը ստիպված էր բոլոր ժամանակ յուր սթափեցնող սրվակով նրա կողքից գնալու։
Երբ պատարագը վերջացավ և հանգուցյալին դուրս էին բերում եկեղեցուց, Մաթիլդը խելագարի նման դեպի դագաղը վազելով այնպիսի մի սուր ճիչ արձակեց, որ բոլոր հուղարկավորների մարմնով սարսուռ անցավ. բայց և իսկույն էլ, դեռ դագաղին չհասած, ուշագնաց եղավ և փռվեց հատակի վրա:
«Խեղճ կին, թշվա՜ռ կին».— ասում էին անծանոթները մորմոքելով, իսկ ծանոթ, բարեկամ և ազգական, բոլորը միահամուռ լալիս և ողբում էին նրա կորուստը։
Վերջապես դագաղը դուրս բերին եկեղեցուց, հուղարկավորները հետևեցին նրան. սակայն հանդիսատեսների բազմությունը, եկեղեցու գավթից սկսած մինչև բակի դուռը, երկու կարգ կանգնած, սպասում էին, որ նորատի այրիի անցնելը տեսնեն։
Ես էլ նրանց հետ էի, որովհետև կամենում էի նախ ճանապարհ դնել Մաթիլիդին և ապա հուղարկավորներին հասնել։
Եվ ահա՛, վերջապես եկեղեցու դռներում Մաթիլդը երևաց, հենված յուր ազգականների ձեռների վրա: Բոլորր հետաքրքրությամբ սպասում էին նրա առաջանալուն։ Բայց նա միայն երկու քայլ փոխեց և հանդիսավոր ձևով կանգ առնելով՝ մի սառն և նազելի հայացք ձգեց բազմության վրա։ Հետո աչքերը դեպի երկինք ուղղելով ընկավ ասես ինքնամոռացության մեջ և մի քանի րոպե շարունակ մնաց այդ դիրքում՝ արձանացած։ Ինձ թվում էր, թե վշտերի ծանրությունը հետզհետե նրան դեպի անզգայություն է տանում։ [ 39 ]Եվ ինչպե՞ս ցավում էի դրա համար, մանավանդ, որ այդ րոպեին հա այնքա՜ն գեղեցիկ էր յուր տխուր, դալկահար դեմքով, յուր սև սգաշորերով...
— «Ահա՛, մի դերասանուհի, որ դափնի էր ուզում խլել յուր ամուսնու դագաղից»,— շշնջաց հանկարծ մինը իմ ետևից։
Ետ դարձա իսկույն և տեսնում եմ մեր երիտասարդ գրագետներից մինն է, որ խոսում է յուր ընկերոջ հետ։ Եթե հարգում չլինեի այդ մարդուն, այն րոպեին իսկ մի ապտակ կտայի նրան, որովհետև տեսնում էի, թե ինչպե՞ս նա յուր զրպարտությամբ արատավորում էր իմ խեղճ Մաթիլդի հարգանաց և ցավակցության արժանի զգացումները...
Վերջապես խեղճ նորատի այրիին քաշքշելով տարան տուն, իսկ ես շտապեցի հանգուցյալի հուղարկավորության հասնելու։
Բազմաթիվ ժողովուրդը, որ ուղեկցում էր նրա դագաղին, եկավ մինչև հասարակաց հեռավոր հանգստարանը։ Այդտեղ մի բարձրավանդակի վրա, որից շատ հեռու անցնում էր հասարակաց խճուղին, պատրաստված էր նրա գերեզմանը յուր ազգատոհմի շիրիմների մոտ։ Նրա մեջ ամփոփեցինք խեղճ երիտասարդի մարմինը, և տխուր սրտով մեր տները ցրվեցանք։
Երիտասարդ Մորիկյանի մահվանից հետո մի քանի անգամ այցելեցի նրա այրիին՝ նրան մխիթարելու և կարողացածիս չափ նրա վշտերը սփոփելու հույսով։ Բայց ամեն անգամ էլ գտա նրան համակված այնպիսի տխրությամբ, որ վերջ ի վերջո համոզվեցա, թե իզուր են իմ այցելությունները որովհետև նրանք բացի այն, որ ինձ ճնշում էին այդ սգավոր կնոջ առաջ, իրեն, խեղճին էլ մի օգուտ չէին տալիս։
Սգավորների հետ խոսելու և նրանց հետաքրքրելի լինելու համար, արդարև շնորհք է հարկավոր, և որովհետև ես այդ շնորհքը չունեի, ուստի ավելի լավ համարեցի խոստովանահոր դեր կատարելս թողնել։ [ 40 ]Շուտով մի անձնական գործ ևս պատահեց, որի պատճառով դուրս գնացի քաղաքից և ամբողջ մի տարի գտնվում էի մոտիկ ավաններից մինում։ Բոլոր այդ ժամանակ ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չառա տ. Մաթիլդի վրա։ Թեպետ միշտ էլ հետաքրքրվում էի նրանով։
Երբ գործերս ավարտեցի այդտեղ, վերադարձա քաղաք։ Որովհետև իջևաններից մինում ուշացրել էին ինձ, այդ պատճառով քաղաքին մոտեցած ժամանակ արդեն մութ էր և ճրագները վառվել էին ամեն տեղ:
Իմ ճանապարհն անցնում էր այն հանգստարանի մոտով, ուր թաղված էր երիտասարդ Մորիկյանը։ Երբ կառքը մոտեցավ այն բարձրավանդակին, ուր նրա գերեզմանն էր գտնվում, տեսա որ նրա շիրիմի վրա բարձրանում է գեղեցիկ մարմարյա հուշարձան, որ լուսնի աղոտ լույսով լուսավորված, մի խորհրդավոր ազդեցություն արավ ինձ վրա. կարծես մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. «Բարեկա՛մ, մի թե առանց իմ շիրիմին այցելելու պիտի անցնես այդ ճանապարհով»։
Իսկույն կառքը կանգնեցնել տվի և բարձրացա դեպի հանգստարանը։ Բայց ինչո՞ւ, չգիտեմ, մի հանկարծական սարսուռ անցավ բոլոր մարմնովս, երբ գերեզմանատան ընդհանուր պատկերը տեսա։ Կարծես գերեզմանաքարերը մարմին առան և գլուխները բարձրացնելով հարցնում էին իրար, «ո՞վ է սա, որ համարձակվում է մեր գիշերային խաղաղությունը վրդովել»։
Իսկույն աչքերս դարձրի խեղճ Գեորգի շիրիմի վրա. նա ոչ միայն ինձ չվախեցրեց, այլև կարծես սիրտ ու քաջություն տվավ։ Մոտեցա, չոքեցի նրա առաջ և տխուր հուշարձանը համբուրեցի։ Բայց ինչպե՞ս ցուրտ, ինչպե՞ս սառն էր նա... «Այո՛, բարեկամ. մահվան ջերմությունը այդքան է միայն, փախիր դու այստեղից»,— շշնջաց նա կարծես իմ ականջում և ես, չգիտեմ թե ինչպե՞ս, ինքս ինձ նորեն կառքի մեջ գտա։
Շատ ծանր տպավորություն թողեց ինձ վրա բարեկամիս շիրիմին գիշեր ժամանակ այցելելը։
Իսկույն աչքիս առջև պատկերացան մոտիկ անցյալը: [ 41 ]հիշեցի մեր անցուցած օրերը, մեր զբոսանքները, զվարճախոսությունները, հիշեցի այն օրը, երբ առաջին անգամ պատսպարեցի երիտասարդ ամուսիններին իմ հովանոցի տակ. այն օրերը, երբ պատահում էի նրանց մենավոր անտառներում թեթևի տված զբոսնելիս... Եվ ինչպե՜ս շուտ անցավ այդ բոլորը... ինչպե՜ս շուտ...
«Խե՛ղճ Մաթիլդ, ի՜նչ ես անում այժմ դու, միայնա՛կ, տխո՛ւր, սգավոր... — մտածում էի ինքս ինձ. — մեռնողը ոչինչ չկորցրեց, նա միայն հավիտենական անհայտության, անհուն մոռացության ծովը սուզվեցավ, բայց քեզ որքա՛ն վիշտ, որքա՜ն կսկիծներ թողեց, և ինչպե՞ս հեշտ է մեռնել, բայց որքա՞ն դժվար՝ սիրեցյալի մահվանից ետ ապրել...»։
Այս մտածմունքների մեջ խորասուզված հասա տուն և որոշեցի հենց այդ երեկո գնալ Մաթիլդին այցելության։ «Խեղճ այրին կուրախանա, անշուշտ, ինձ տեսնելով», — մտածեցի ինքս և սկսա հագնվել:
Բայց այդ միջոցին մտավ գործակից բարեկամներիցս մինը, որ իմ գալուստը լսելով շտապել էր ինձ տեսնելու։ Դուրս գալու նպատակով պատրաստվելս տեսնելով, հարցրեց, թե ո՞ւր պիտի գնամ։ Պատմեցի նրան մի փոքր առաջ հանգուցյալ բարեկամիս շիրիմին արած այցելությունը և հայտնեցի նրա այրիի մոտ գնալու դիտավորությունս։
— Գործ չունի՞ս, ա՛յ մարդ, ի՜նչ սգավորներ մխիթարելու ժամանակ է,— բարկացած նկատեց բարեկամս. — այս երեկո ժողովարանում պարահանդես կա, գնանք այնտեղ։ Գոնե տխուր մտածություններդ կցրես։ Իսկ այրիներ մխիթարելու ժամանակ դեռ շատ ունիս։ Բացի այդ՝ այսպես ուշ նրա մոտ գնալն էլ հարմար չէ։ Գնանք անպատճառ։
Սկզբում ես շատ ընդդիմացա. պատճառներ բերի, հակառակեցի, բայց բարեկամս այնքան շատ խոսեց, որ վերջապես համոզեց ինձ՝ սգավորին այցելելու դիտավորությունս պարահանդես գնալու դիտավորության փոխելու։ Այսպես է աշխարհս. արտասուքից մինչև ծիծաղը միայն մի քայլ է։
Կես ժամից ետ մենք արդեն պարահանդեսում էինք։ [ 42 ]Ժողովարանի դահլիճը հրդեհվելու չափ լուսավորված էր. երաժշտությունը որոտում էր և հյուրերի բազմությունը դահլիճի մեջ խռնված և ընդարձակ շրջան կազմած դիտում էր պարող ասպետների, տիկնանց և աղջկերանց ոգևորված պարերը, ոստյուններն ու թռույցքները:
Իսկույն մի համեմատություն արի երկու ժամ առաջ տեսածս գերեզմանատան և այս դահլիճի մեջ։ Այնտեղ թաղավորում էր մութ, մահ, լռություն և սարսափ. իսկ այստեղ լույս, ջերմություն, աղմուկ և կենդանություն... Այնտեղ մարդու հոգին հերքում է կյանքի էությունը, այստեղ մերժում է մահվան գոյությունը։ Որտե՞ղ է նա ավելի ճշմարտախոս... իհարկե գերեզմանատան մեջ, մտածում էի ես, որովհետև այն ճշմարտությունն է - զորավոր, որը ավելի հավիտենական է...
Դեռ այս մտածմունքների մեջ էի խորասուզված, երբ ինձանից փոքր-ինչ հեռու լսեցի մի կնոջ այնպիսի մի ծիծաղ, որի արծաթի հնչյունները կարծես արձագանք տվին բոլոր դահլիճի մեջ. իսկույն շուռ եկա տեսնելու համար թե ո՞վ է ծիծաղողը։
Շնորհքով հագնված երիտասարդների մի խմբակի մեջ վայելուշ հպարտությամբ կանգնած էր այդ կինը։ Նրա գեղեցիկ հասակին, գրավիչ դեմքին և դեռ ծիծաղող շրթունքներին մի առանձին շուք ու վսեմություն էր տալիս յուր սև գազից կարած շքեղ հագուստը, որի միջից, իբրև մարմարիոն, աչքի էին դառնում նրա հոլանի կուրծքն ու թևերը զարդարած մի քանի շքեղ ադամանդներով։
Մոտեցա խմբակին՝ աչքերս գեղեցիկ կնոջ վրա սևեռած։ Պատկերը կարծես ծանոթ էր ինձ, բայց որտեղ էի տեսել նրան, չէի հիշում։ Հանկարծ մի մութ ամպ վերացավ իմ աչքերից, տեր աստված, սա Մաթիլդն է, ուզում էի բացականչել, բայց ինքս ինձ զսպեցին մոտեցա նրան։ — Ա՜, սիրելի բարեկամ, դուք այստե՜ղ եք, որքա՜ն երկար պանդխտեցիք, — ասաց նա ինձ յուր վաղեմի քնքուշ և քաղցրահնչյուն ձայնով և ձեռքը պարզեց ինձ սեղմելու։
Ես մնացի շշմած և չէի կարողանում խոսքեր գտնել [ 43 ]նրան պատասխանելու համար։ Բայց նա մինչև ինձանից պատասխան առնելը ժպտալով ավելացրեց։
— Որքա՜ն ուրախ եմ, որ դուք այժմ այստեղ եք. դուք ինձ մի ծառայություն պիտի խոստանաք։
— Պատրաստ եմ, տիկին, միայն թե հրամայեք, — ասացի ես բոլորովին կեղծ հաճոյախոսությամբ։
— Բայց դեռ առաջ ծանոթացեք իմ փեսացուի, իշխան Դմիտրի Չերքեզովի հետ, մենք անցյալ օրը նշանվեցանք, — ասաց նա և ներկայացրեց ինձ յուր իշխան փեսացուին, որ խմբակի երիտասարդներից մինն էր։
Մինչև այստեղ մեր հյուրընկալ տիկինը ուշադրությամբ լսում էր երիտասարդի պատմությունը։ Բայց հենց որ նա այս վերջին խոսքերը արտասանեց, իսկույն վեր թռավ տեղից և բացականչեց.
— Անկարելի է, այդ չափազանց է. ես չեմ հավատում ձեր պատմության։
— Բայց, տիկին, դուք վիրավորում եք ինձ, — վրդովված նկատեց պատմող երիտասարդը, — տիկին Մաթիլդը այժմ իշխանուհի Չերքեզովա է և բնակվում է ձեր տանից հազիվ մի երկու հարյուր քայլ հեռու։
— Ներողություն, ես այդ չէի ուզում ասել, — մի փոքր շառագունած սկսավ յուր սխալը ուղղել տանտիրուհին. — ես ուզում էի ասել, թե դեպքը կարող է ուրիշ կերպ պատահած լինել։
— Ոչ, տիկին, ես պատմեցի հենց այնպես, ինչպես որ պատահել է։
— Ապրիք, ապրիք, լավ օգնեցիք ինձ, — ծիծաղելով բացականչեց տանուտերը, — բայց շարունակեցեք, ի՞նչ ծառայություն էր կամենում Մաթիլդը, որ դուք նրան անեք։
— Հա՛, հա՛, ինչ ծառայություն էր, պատմեցեք, խնդրում ենք, — կանչեցին մի քանի տեղից հյուրերը։
— Նա կամենում էր, որ ես խաչեղբայր դառնայի, երբ պսակվելու լինեին իրենք»
— Էհ, դուք էլ համաձայնվեց՞ք,— հարցրեց տանուտերը։
— Իհարկե ոչ, գոնե սրանով կամեցա վրեժխնդիր [ 44 ]լինել այդ մոռացկոտ այրիին, որը մի օր յուր ամուսնուն սպառնում էր, թե թույն կխմեմ, կրակը կընկնեմ, եթե դու մեռնես։
— Էհ, ուրեմն ի՞նչ հասկացանք դրանից, կանա՜յքն են շուտ մոռանում իրենց ամուսիններին, — հարցրեց տանտիրուհին ժպտալով։
— Ինչո՞ւ համար միայն կանայք. չէ՞ որ պ. Սեղբոսյանն էլ այս երեկո է պսակվում, — նկատեց հյուրերից կինը։
Բայց և այնպես, ո՞վ է ավելի շուտ մոռանում, կամենում եմ, որ այդ հարցը վճռվի, — կրկին հարցրավ տիկինը։
— Նա, ով որ ավելի ուշ է մեռնում, — նկատեցի ես, և հյուրերը համաձայնվեցան ինձ հետ։
- ↑ Մարդը մտադրվում է աստված տնօրինում: (Ծանոթ. խմբ.):