Հայերեն թարգմանությունը՝ Եղիշե Չարենցի


[ 88 ]«Կար Ղրիմում խան Մոսալայմա Էլ-Ասվաբը և ուներ նա մի որդի՝ Տոլայկ Ալհալլա․․ »

Մեջքը հենած արբուտուսի վառ-դարչնագույն բնին, կույր մուրացկանը, թաթար, այս խոսքերով սկսեց հիշողություններով հարուստ թերակղզու հին լեգենդներից մեկը,— իսկ պատմողի շուրջը, քարերի վրա,— բեկորներ ժամանակի ավերած խանական պալատի,— նստած էր թաթարների խումբը՝ վառ խալաթներով, ոսկեկար արախչիններով։ Երեկո էր, արևը կամացուկ իջնում էր ծովը․ նրա կարմիր շողերը ճեղքում էին ավերակների շուրջը բարձրացած կանաչի մութ զանգվածը, վառ ներկերով պառկում էին քարերի վրա, որ ծածկված էին մամուռով և ցանցված բաղեղի կպչուն կանաչով։ Քամին աղմկում էր հին չինարների ծառախմբում, նրանց տերևներն այնպես էին շրշում, կարծես օդում թորում էին աչքի համար անտեսանելի ջրի առվակներ։

Ծեր մուրացկանի ձայնը թույլ էր և դողում էր, իսկ նրա քարե դեմքն իր կնճիռներում ոչինչ չէր արտացոլում, բացի հանգստից․ գոց սերտած խոսքերը թափվում էին մեկը մյուսի ետևից, և ունկնդիրների [ 89 ]առջև կանգնում էր անցյալի՝ զգացմունքի թափով հարուստ՝ օրերի պատկերը։

— Խանը ծեր էր,— ասում էր կույրը,— բայց կանայք շատ կային նրա հարեմում։ Եվ նրանք սիրում էին ծերունուն, որոովհետև նրա մեջ դեռ բավականին ուժ կար և կրակ, և նրա գուրգուրանքները շոյում էին և այրում, թեկուզև նա ալեհեր էր, թեկուզև նրա դեմքը ծածկված էր կնճիռներով,— ուժի մեջ է գեղեցկությունը, և ոչ թե քնքուշ մաշկի կամ այտերի կարմրություն։

Խանին բոլորն էին սիրում, իսկ նա սիրում էր կազակուհու— լեհուհու՝ Դնեպրի տափաստաններից, և միշտ գուրգուրում էր նրան ավելի սիրով, քան մյուս կիներին հարեմի, ուր կար երեք հարյուր կին զանազան երկրներից, և նրանք բոլորն էլ գեղեցիկ էին, ինչպես գարնանային ծաղիկներ, և նրանք բոլորն էլ լավ էին ապրում։ Շատ համեղ և քաղցր ուտելիք էր հրամայում պատրաստել խանը նրանց համար, և միշտ թույլ էր տալիս նրանց, երբ կամենան, պարել, խաղալ․․․

Իսկ կազակուհուն նա հաճախ կանչում էր իր մոտ՝ աշտարակը, որտեղից երևում էր ծովը, այնտեղ կազակուհու համար ուներ ամեն բան, ինչ որ հարկավոր է կնոջը, որպեսզի նա ուրախ ապրի, քաղցր կերակուր և զանազան կտորներ, և ոսկի, և բոլոր գույների քարեր, և երաժշտություն, և հազվագյուտ թռչուններ հեռու երկրներից, և սիրահարի կրակե գգվանքներ։ Այդ աշտարակում նա հրճվում էր նրա հետ ամբողջ օրեր, հանգստանալով իր կյանքի վաստակներից և իմանալով, որ Ալհալլա որդին չի ոտնահարի [ 90 ]խանության փառքը՝ գայլի պես թափառելով ռուսական տափաստաններում և միշտ վերադառնալով այնտեղից հարուստ ավարով, նոր կանանցով, նոր փառքով, թողնելով այնտեղ, իր ետևից, սարսափ ու մոխիր, դիակներ և արյուն։

Մի անգամ վերադարձավ նա, Ալհալլան, ռուսների վրա կատարած ասպատակությունից, և շատ տոնական հանդեսներ սարքվեցին նրա պատվին, կղզու բոլոր մուրզաներն հավաքվեցին այդ տոնակատարություններին, եղան խաղեր և խնջույք, աղեղներից կրակում էին գերիների աչքերին, փորձելով ձեռների ուժը, և նորից խմում էին, փառաբանելով Ալհալլայի թշնամիների պատուհասի, խանության հենարանի խիզախությունը։ Իսկ ծեր խանն որախ էր որդու փառքին։ Հաճելի էր խանին իմանայ, որ, երբ նա մեռնի, խանությունը կլինի ամուր ձեռքերում։

Հաճելի էր այս նրան, և ահա նա, ցանկանալով ցույց տալ որդուն իր սիրո ուժը, ասաց նրան բոլոր մուրզաների և բեկերի ներկայությամբ,— հենց այդտեղ, խնջույքին, թասը ձեռքին, ասաց․

— Լավ որդի ես դու, Ալհալլա։ — Փա՜ռք ալլահին, և թող փառաբանվի նրա մարգարեի անունը։

Եվ բոլորը փառաբանեցին մարգարեի անունը հզոր ձայների խմբով։ Այդ ժամանակ խանն ասաց․

— Մե՜ծ է ալլահը։ Դեռ իմ կյանքի օրով նա հարություն տվեց իմ երիտասարդությանն իմ խիզախ որդու մեջ, և ահա տեսնում եմ ես ծեր աչքով, որ, երբ անհետանա նրանցից արևը, և երբ որդերը կրծեն իմ սիրտը— կենդանի կլինեմ ես իմ որդու մեջ։ Մեծ է ալլահը և Մոհամմեդը— նրա մարգարեն։ Լա՜վ որդի [ 91 ]ես ունեմ, ամուր է նրա ձեռքը և պայծառ է խելքը ․․ Ի՞նչ ես կամենում դու առնել քո հոր ձեռքերից, Ալհա՛լլա, Ասա՛, և ես կտամ քեզ ամեն ինչ քո ցանկությամբ․․․

Եվ դեռ չէր լռել ձայնը ծերունի հոր, երբ բարձրացավ Տոլայկ Ալհալլան և ասաց, պսպղացնելով աչքերը՝ սև, ինչպես գիշերային ծովը, և վառ, ինչպես աչքերը լեռնային արծվի

— Տո՛ւր ինձ ռուս լեհուհուն, հրամայո՛ղ-հայր։

Լռեց խանը— քիչ լռեց, այնքան ժամանակ, ինչքան հարկավոր էր դողը սրտում ճնշելու համար— և, լռելով, հաստատուն և բարձր ասաց

— Վերցրո՛ւ։ Երբ վերջացնենք խնջույքը դու կվերցնես նրան։

Բորբոքվեց կտրիճ Ալհալլան, մեծ ուրախությամբ փայլատակեցին արծվային աչքերը կանգնեց նա ամբողջ հասակով և ասաց խանին— հորը

— Ես գիտեմ, թե դու ինչ ես նվիրում ինձ, հրամայող-հա՛յր․ Գիտե՛մ ես այդ ․․ Քո ճորտն եմ ես — քո որդին։— Վերցրո՛ւ իմ արյունը ժամը մի կաթիլ— քսան մահով կմեռնեմ ես քեզ համար։

— Հարկավոր չէ՛ ինձ ոչինչ,— ասաց խանը և թեքվեց կրծքին նրա ալեհեր գլուխը՝ պսակազարդված երկար տարիների և բազմաթիվ մեծագործությունների փառքով։

Շուտով նրանք վերջացրին խնջույքը, և երկուսն էլ լուռ, կողք-կողքի, պալատից գնացին հարեմը։

Գիշերը մութն էր, ոչ աստղերը, ոչ լուսինը չէին երևում ամպերի ետևից, որ խիստ գորգով ծածկել էին երկինքը։ [ 92 ]

Երկար գնում էին խավարում հայրն ու որդին, և ահա խոսեց խան Էլ-Ասվաբը․

— Օրը-օրին մարում է իմ կյանքը— և ավելի ու ավելի թույլ է զարկում իմ սիրտը, ավելի ու ավելի պակասում է և կրծքիս հուրը։ Իմ կյանքի լույսն ու տա՛քությունն էին կազակուհու տոթ գգվանքները․․․ Ասա ինձ, Տոլա՛յկ, մի՞թե նա այդքան հարկավոր է քեզ։ Վերցրո՛ւ հարյո՛ւրը, վերցրու իմ բոլոր կիներին նրա փոխարեն ․

Լռում էր Տոլայկ Ալհալլան, հառաչելով։

— Քանի՛՝ օր է ինձ մնացել։ Քիչ օր ունեմ ես աշխարհում․․․ Իմ կյանքի վերջին ուրախությունը— այդ ոուս աղջիկն է, նա գիտե ինձ, նա սիրում է ինձ,— ո՞վ ինձ հիմա, երբ նա չի լինի, կսիրի,— ծերունուս, ո՞վ։ Ո՛չ մեկը բոլորից, ո՛չ մեկը, Ալհա՛լլա․․․

Լռում էր Ալհալլան․․․

— Ես ինչպե՞ս պիտի ապրեմ, իմանալով, որ դու գրկում ես նրան, որ քեզ համբուրում է նա։ Կնոջ առջև— ոչ հայր կա, ոչ որդի, Տոլա՛յկ։ Կնոջ առջև— մենք բոլորս տղամարդիկ ենք, որդի իմ․․․ Ցավալի կլինի ինձ համար ապրել վերջին օրերս․․․ Թող բոլոր հին վերքերս բացվեին մարմնիս վրա, Տոլա՛յկ, և հորդեին արյունս, լավ է՝ թող չլուսացնեի ես այս գիշերը, որդի՛ իմ․․․

Լռում էր նրա որդին․․․ Կանգ առան նրանք հարեմի դռան առաջ և, գլուխներն հակած կրծքերին, երկար կանգնեցին նրա առջև։ Խավար էր շուրջը, և ամպերը փախչում էին երկնքում, իսկ քամին, ցնցելով ձառերը, կարծես երգում էր, աղմկում ծառերով․․․ [ 93 ]

— Վաղո՜ւց է ես սիրում էի նրան, հա՛յր․․․— կամացուկ ասաց Ալհալլան։

— Գիտեմ․․․ և գիտեմ, որ նա քեզ չի սիրում․․․— ասաց խանը։

— Պատռվում է իմ սիրտը, երբ ես մտածում եմ նրա մասին։

— Իսկ իմ հին սիրտը ինչո՞վ է լցված հիմա։

Եվ կրկին լռեցին։ Հառաչեց Ալհալլան։

— Երևում է՝ ճիշտն ասաց ինձ իմաստուն-մոլլան․— Կինը տղամարդուն մի՛շտ վնասակար է․ երբ նա լավն է՝ նա ուրիշների մեջ ցանկություն է արթնացնում տիրել նրան, իսկ իր ամուսնուն մատնում է խանդի տանջանքներին երբ նա տգեղ է՝ նրա ամուսինը, նախանձելով ուրիշներին տառապում է նախանձից։— Իսկ երբ նա ոչ լավ է, ոչ վատ— տղամարդը նրան չքնաղ է դարձնում և տեսնելով, որ սխալվել է, կրկին տառապում նրա, այդ կնոջ պատճառով․․․

— Իմաստությունը— դեղ չէ սիրո ցավի,— ասաց խանը։

— Խղճանք իրար, հա՛յր ․

Բարձրացրեց գլուխը հայրը և տխուր նայեց որդուն։

— Դու քեզ ավելի՛ ես սիրում, քան նրան և ինձ,— մտածելով խուլ ասաց խանը։

— Սպանե՛նք նրան,— ասաց Տոլայկը։

— Դու քեզ ավելի՛ ես սիրում, քան նրան և ինձ,— մտածելով խուլ ասաց խանը։

— Ախար դու է՛լ։

Եվ կրկին նրանք լռեցին։

— Այո՛,— Ե՛ս ևս,— տխուր ասաց խանը։ Վշտից նա երեխա դարձավ։

— Ուրեմն ի՞նչ,— սպանե՞նք։ [ 95 ]

— Ես չե՛մ կարող քեզ տալ նրան, չե՛մ կարող,— ասաց խանը։

— Ես է՛լ չեմ կարող այլևս սպասել․ պոկի՛ր իմ սիրտը կամ տո՛ւր նրան ինձ։

Խանը լուռ էր։

— Գցենք նրան լեռից ծովը։

— Գցենք նրան լեռից ծովը,— կրկնեց խանը որդու խոսքերը, ինչպես որդու ձայնի արձագանքը։

Եվ այդ ժամանակ մտան նրանք հարեմը, ուր կինն արդեն քնած էր հատակին, փարթամ գորգի վրա։ Կանգ առան նրանք նրա առջև, նայեցին․ երկար նայեցին նրան։ Ծեր խանի աչքերից թափվում էին արցունքներն արծաթյա մորուքին և պսպղում էին այնտեղ, ինչպես մարգարիտներ,— իսկ նրա որդին կանգնած էր, փայլատակելով աչքերը և իր ատամների կրճտոցով, կիրքը զսպելով, արթնացրեց կազակուհուն։ Արթնացավ նա— և նրա երեսին, քնքուշ ու վարդագույն, ինչպես արշալույսը, ծաղկեցին նրա աչքերը, ինչպես մանիշակներ։ Չնկատեց նա Ալհալլային և ալ շրթունքները մեկնեց խանին։

— Համբուրի՛ր ինձ, արծի՛վ։

— Հավաքվի՛ր․․․ կգնաս մեզ հետ,— կամացուկ ասաց խանը։

Այստեղ աղջիկը տեսավ Ալհալլային և արցունքները՝ իր արծվի աչքերում, և— խելոք Էր նա— ամեն ինչ հասկացավ։

— Գալիս եմ,— ասաց նա։— Գալի՛ս եմ։— Ոչ սրան, ոչ նրան— այդպե՞ս որոշեցիք։ Հե՛նց այդպես էլ պետք է որոշեն սրտով հզորները։ Գալի՛ս եմ։

Եվ նրանք լուռ, երեքով, գնացին դեպի ծովը։ Նեղ [ 96 ]արահետներով էին գնում, աղմկում էր քամին, թունդ աղմկում․․․

Քնքուշ էր նա, աղջիկը, շուտով հոգնեց, բայց և հպարտ էր— չէր ուզում նրանց այդ ասել։

Եվ երբ խանի որդին նկատեց, որ նա ետ է մնում իրենցից,— հարցրեց նա նրան․

— Վախենո՞ւմ ես։

Աղջիկը փայլատակեց նրա վրա իր աչքերը և ցույց տվեց արյունոտած ոտքը․․․

— Ե՛կ քեզ տանեմ,— ասաց Ալհալլան, ձեռքերը մեկնելով դեպի նա։ Բայց աղջիկը գրկեց իր ծեր արծվի պարանոցը։ Բարձրացրեց խանը նրան իր ձեռքերի վրա, ինչպես փետուր, և տարավ, իսկ աղջիկը, նստած նրա ձեռքերի վրա, հեռացնում էր ճյուղքերը նրա դեմքից, վախենալով, որ նրանք կմտնեն նրա աչքերը։ Երկար նրանք գնացին, և ահա հեռվում լսվում է ծովի աղմուկը։ Այստեղ Տոլայկը,— նա գնում էր նրանց ետևից, արահետով,— ասաց հորը․

— Թո՛ղ ինձ առաջ, եթե ոչ ես ուզում եմ դաշույնով խփել քո պարանոցին։

— Անցի՛ր, ալլահը կհատուցե քո ցանկության համար կամ կներե— նրա կամքն է,— իսկ ես, քո հայրը, ներում եմ քեզ։ Ես գիտեմ՝ ի՛նչ է նշանակում սիրել։

Եվ ահա նա, ծովը, նրանց առջև, այնտեղ, ներքևը, խիտ, սև և անափ։ Խուլ երգում են նրա ալիքներր ժայռի հենց ներքևից, և մութ է այնտեղ ներքևում, և ցուրտ է, և սարսափելի։

— Գնաս բարո՜վ,— ասաց խանը, համբուրելով աղջկան։ [ 97 ]

— Գնաս բարո՜վ,— ասաց Ալհալլան և խոնարհվեց նրան։

Աղջիկը նայեց այնտեղ, ուր երգում էին ալիքները, և ետ շրջվեց, սեղմելով ձեռքերը կրծքին։

— Ներեցե՛ք ինձ,— ասաց նա նրանց․ ․

Պարզեց նրան ձեռքերն Ալհալլան և տնքաց, իսկ խանը վերցրեց նրան իր ձեռքերի վրա, ամուր սեղմեց կրկին, համբուրեց, և, բարձրացնելով իր գլխից բարձր— վա՛ր նետեց ժայռից։

Այնտեղ զարնվում և երգում էին ալիքները և այնքան աղմկալի քր, որ նրանք երկուսն քլ չլսեցին՝ ե՛րբ նա հասավ ջրին։ Ոչ ճիչ լսեցին, ոչինչ։ Խանը խոնարհվեց քարերի վրա և լուռ սկսեց նայել ներքև, խավարին ու հեռուն, ուր ծովը խառնվել էր ամպերին, որտեղից աղմկոտ լողում էին ալիքների խուլ շառաչները, և քամին էր թռչում տատանելով խանի ալեհեր մորուքը։ Տոլայկը կանգնել էր նրա գլխավերևը, դեմքը ձեռքերով ծածկած,— անշարժ և լուռ քար։ Ժամանակն անցնում էր, երկնքով մեկը մյուսի ետևից լողում էին ամպերը, որոնց քշում էր քամին։ Մութ և ծանր էին նրանք, ինչպես մտքերը ծեր խանի, որ պառկած էր ծովի վերևը, բարձր ժայռի վրա։

— Գնա՛նք, հա՛յր,— ասաց Տոլայկը։

— Սպասի՛ր․ ․— շշնջաց խանը, կարծես լսելով ինչ-որ բան։ Եվ կրկին շատ ժամանակ անցավ, ալիքները շաչում էին ներքևում, իսկ քամին թռչում էր դեպի ժայռը, աղմկելով ծառերում։

— Գնա՛նք, հա՛յր ․

— Սպասի՛ր էլի ․

Մի անգամ չէ, որ ասում էր Տոլայկ Ալհալլան [ 98 ]

— Գնա՛նք, հա՛յր։

Խանը շարունակում էր մնալ տեղում, ուր կորցրեց իր վերջին օրերի ուրախությունը։

Բայց,— ամեն ի՛նչ վերջ ունի,— կանգնեց նա, հզոր և հպարտ, կանգնեց, կիտեց հոնքերը և խուլ ասաց․

— Գնանք։

Գնացին նրանք, բայց շուտով խանը կանգ առավ։

— Իսկ ինչու ես գնում և ո՞ւր,— հարցրեց նա որդուն։— Ինչո՞ւ համար ես ապրում հիմա, երբ իմ ամբողջ կյանքը նրա մեջ էր։ Ծեր եմ ես, ինձ չեն սիրի այլևս, իսկ եթե քեզ ոչ-ոք չի սիրում— անիմաստ է ապրել աշխարհում։

— Փառք և հարստություն ունես դու, խա՛ն։

— Տո՛ւ ր ինձ նրա մի համբույրը— և քե՛զ վերցրու այդ բոլորը, իբրև պարգև։ Այդ բոլորը մեռյալ է, միայն կնոջ սերն է կենդանի։ Չկա այդպիսի սեր— կյանք չունի մարդը, մուրացիկ է նա, և ողորմելի են նրա օրերը։ Գնաս բարո՜վ, որդի՛ իմ,— ալլահի օրհնությունը թող լինի քո գլխին՝ քո կյանքի բոլոր օրերին ու գիշերներին։— Եվ շուռ եկավ խանը երեսով դեպի ծովը։

— Հա՛յր,— ասաց Տոլայկը,— հա՛յր․ ․— Եվ չկարողացավ ասել է՛լ ոչինչ, քանի որ ոչինչ չի կարելի ասել մարդուն, ում ժպտում է մահը, ոչինչ չես ասի նրան այնպիսի, որ վերադարձնի նրա հոգուն սերը դեպի կյանքը։

— Թո՛ղ ինձ․․․

— Ալլա՛հ․․․

— Նա գիտե․․․ [ 99 ]

Արագ քայլերով մոտեցավ խանը զառիվայրին և նետվեց ցած։ Չկանգնեցրեց նրան որդին, չհասավ։ Եվ կրկին ոչինչ չէր լսվում— ո՛չ ճիչ, ո՛չ խանի ընկնելու աղմուկը։ Միայն ալիքներն էին անվերջ շառաչում այնտեղ, և քամին էր ոռնում վայրի երգեր։

Երկար նայում էր ներքև Տոլայկ Ալհալլան և ապա բարձրաձայն ասաց

— Ինձ է՛լ այդպիսի սիրտ տուր ամուր, օ՜, ալլա՜հ։

Եվ ապա նա գնաց դեպի գիշերվա խավարը․․․

Այսպես մեռավ խան Մոսալայմա Էլ-Ասվաբը և եղավ Ղրիմում խան Տոլայկ Ալհալլան ․