Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը

Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը

Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը


Մնաս բարով ասելով
Թագավորը թագուհուն
Գնաց, չեկավ մի տարով
Թագուհին էր, օրնիբուն,
Առավոտից իրիկուն,
Առագաստում կենտ նստած՝
Լուսամուտին աչքն հառած
Սպասում էր, սպասում
Եվ աչքերը վընասում։
Աչքերն էնքան նայեցին,
Որ նայելուց ցավեցին․
Չըկա՜, չըկա՛ հոգյակը,
Սիրտն է այրում փափագը։
Միայն բուքն է խիստ հուզվում,
Ձյունն է գալիս ու դիզվում.
Ինն ամիս է հա անցնում,

Առագաստում թագուհին
Ջրօրհնեքի սուրբ տոնին
Պառկում բերում մի աղջիկ,
Ինչպես վարդի Սի Փնջիկ։

Առավոտուն լուս ու մութ
Արքան եկավ, ինչ օգուտ.
Վրան նայեց թագուհին,
Ծանր-ծանր հառաչեց
Ու հուզմունքից խստագին
Ճաշին ընդմիշտ նա ննջեց։

Արքան մնաց սգավոր.
Նա՛ էլ մարդ էր մեղավոր.
Տարին անցավ ոնց երազ.
Նա կին առավ դեռահաս.
Բարձր, սիրուն, նազելի,
Բայց բնույթը զզվելի,
Չար ու հպարտ, կըտըրտան,
Կասկածոտ ու մրթմրթան
Օժիտ ուներ լի ու լի,
Հետն էլ մի հատ հայելի:—
Պետք է ասեմ ավելին, —
Խոսել գիտեր հայելին,
Հետը ուրախ խոսում էր
Ու զուգվելով ասում էր.
«Ասա դու ինձ, հայելի,
Ո՞վ կա ինձնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»։
Հայելին իսկույն ևեթ
Խոսում էր թագուհու հետ.
«Չկա քեզնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»:

Ու թագուհին հըռհռում,
Զույգ ուսերը ծըռմռում,
Բթի տակը մըռմըռում,
Աչքերը ճըտ-ճտտացնում,
Մատներով չըտ-չտտացնում,
Ձեռքը մեջքին կանթ արած՝
Կանգնում հայելու դիմաց։

Արքազնուհի աղջիկը,
Հոտով վարդի փնջիկը,
Հետզհետե ծաղկելով
Մեծանում էր օրերով։
Աչքն ու ունքը սև սաթ էր,
Լույսը դեմքից կըկաթեր.
Դարձավ սիրունի փեսեն
Արքայազուն Եղիսեն.
Հոր մոտ ղրկեց նա պատգամ.
Արքան ասավ. «Հա՛, կըտամ», —
Յոթը քաղաք, շատ դղյակ —
Տվեց օժիտի տեղակ։
Թագուհին առագաստում
Իրան զուգում, պատրաստում,
Ու հայելուն նա էլի՝
«Ասա դու ինձ, հայելի՛,
Ո՞վ է ինձնից ավելի
Արմաղ-շարմաղ սիրելի»։
— Հայելին թե՝ «Թագուհի,
Լսիր, քեզնից ավելի
Խորթ աղջիկդ է սիրելի»։
Թագուհին է վեր թռչում,
Խփում նրան ու ճչում․
«Ա՛յ դու անպետք ապակի,
Քո սրտիկը թող ճաքի․

Դու ուղիղը չես ասում.
Վրդովել ես ինձ ուզում։
Ա՛յ թե ինչպես աճեց նա,
Հարկե, սպիտակ կերևա․
Հղի մայրը մեն-մենակ
Լուսամուտից շարունակ
Ձյունին էնքան է նայել,
Որ աղջիկն է սպիտակել.
Բայց ինձ ասա դու էլի,
Ի՛մ աննման հայելի.
Միթե՞ ես չեմ դշխունը,
Աշխարհի մեջ նխշունը։
Պատասխանեց հայելին,
«Խորթ աղջիկդ է սիրելին»։
Ոնց որ կծած սև օձից,
Չար թագուհին նախանձից
Էն հայելուն մի բրթեց,
Բռնեց մի կողմ շպրտեց,
Ճչաց, կանչեց նաժիշտին,
Կանչեց բերեց իր կշտին,
Ասավ. «Աղջի՛, քեզ հետ եմ,
Թե չէ մազդ կըփետեմ.
Խորթ աղջկաս հետդ առ,
Իսկույն ևեթ տար անտառ.
Կապիր նրան ծառերին,
Բաժին դառնա գայլերին»։

Աստված պահի կնոջ հերսից,
Սատանան էր խոսում ներսից.
Հետը վիճել չէր կարելի,
Մի կրակ էր անմարելի։
Նաժիշտն առավ վարդ դշխուհուն,
Տարավ անտառ, այնպես հեռուն,

Որ աղջիկը ընկավ գլխի,
Արցունք թափեց աղի-լեղի
Ու աղաչեց, «Հույսը՜ս, լույսը՜ս,
Ի՞նչ եմ արել անմեղ կույսըս.
Դու ինձ խղճա, ինձ խնայի՛,
Երբ որ դառնամ ես թագուհի
Կըկատարեմ քո բաղձանքը»։
Նա էլ լսեց աղաչանքը,
Ոչ սպանեց և ոչ կապեց,
Տեղը թողեց, տուն շտապեց.
«Ի՞նչ, — հարցրեց չար թագուհին,—
Ո՞րտեղ մնաց քո դշխուհին»։
«խոր անտառում, ասեմ ճիշտը,—
Պատասխանեց սև նաժիշտը,—
Ես կապեցի զույգ արմունկից,
Էլ չի պրծնի գայլի ճանկից.
Լավն էլ էն է չտանջվի,
Խոր անտառում թող ջընջվի»։
Լուրը հասավ ողջ աշխարհին,
Թե կորել է արքազնուհին։
Թագավորը մնաց լալեն,
Լալեն, լալեն, մղկտալեն.
Ու պատանի անբախտ փեսեն,
Արքայազուն էն Եղիսեն,
Սիրող սիրտը հա տանջելով.
«Ո՜վ տեր աստված» հա կանչելով
Գնաց գտնի նշանածին։

Հիմա գնանք մենք կորածին․
Մաղիկ՜մաղիկ մղկտալեն,
Էս կողմ, էն կողմ, վեր-վար տալեն,
Մութ անտառը տվեց անցավ,
Մի դղյակի նա մոտեցավ

Շունն հաչելով վրա վազեց,
Մոտը գալով ոտը լիզեց։
Թափառական հյուրը չքնաղ
Սրահ մտավ լուռ ու խաղաղ.
Պատշգամբը ելավ վախով,
Դուռը բացեց երկաթ ախով.
Մտավ սենյակ և ոչ մի շունչ,
Չորս պատերը կանգնած են մունջ,
Բայց տախտերին՝ խալ-խալիչա
Եվ հատակին նախշուն քեչա,
Մի անկյունում՝ փայտե սեղան,
Մի անկյունում՝ մեծ վառարան.
Տեսավ կույսը դատարկ տեղ չի,
Բարի մարդկանց մոտ չի կորչի.
Ու սենյակից դես-դեն մտավ,
Ցաք ու ցրիվ ինչ որ գտավ՝
Սրբեց, մաքրեց ու վեր քաղեց.
Ընկած բանը տեղից կախեց
Ու սենյակի դուռը ախեց.
Սրբի առաջ վառեց կանթեղ,
Գնաց մտավ մի ծածուկ տեղ.

Բակը լցվան յոթն աժդահա։
Տոթով մտան սենյակը այն։
Մեծը ասավ. «էս ի՞նչ նոր բան.
Ամեն ինչը արգի-կարգի.
Ո՞վ է բերել տունը սարքի։
Ո՞վ ես, ով չես՝ առաջ արի.
Տեսնենք չա՞ր ես դու, թե՝ բարի.
Թե մի մարդ ես դու ալևոր՝
Մեր բիձեն ես դու պատվավոր.
Թե պատանի — ջիվան-ջահել՝

Մեր ախպերն ես ախպոր վայել.
Թե ծեր կին ես մայր եղիր մեզ,
Մեզ էլ որդի արա դու քեզ.
Թե աղջիկ ես հուրիկ-բուրիկ՝
Եղիր դու մեզ անուշ քույրիկ»։
Եվ դշխուհին երևաց,
Մինչև գոտին խոնարհվեց,
Տան տերերին բարևեց.
Վարդի նման կարմըրեց.
Ներողություն նա խնդրեց,
Որ անկոչ ու անծանոթ
Հյուր է եկել նրանց մոտ։
Իսկույն խոսքից իմացան՝
Դշխուհի է աղջիկն այն.
Գորգի վրա նստացրին
Գաթա, գինի հրամցրին.
Թողեց գինին գավաթով
Ու գաթիցը, ամոթով,
Կտրեց կերավ մի պատառ,
Հանգստանալու համար
Յոթն ախպորից հյուրընկալ
Խնդրեց նա մի մահճակալ։
Յոթն ախպորով միասին
Սենյակ տարան հյուր կույսին,
Թողին նրան մեն-մենակ
Քնի իրենց թևի տակ:

Օրերն անցնում են կամաց,
Բայց դշխուհին նշանած
Յոթն եղբոր դղյակում
Համ ծլում է, համ ծաղկում.
Եղբայրները խմբովին
Լուսաբացին՝ մի քովի

Գնում են միշտ ման գալու,
Վայրի բադեր զարկելու,
Կամ թե թյուրք-մուրք փնտրելու։
Եվ գլուխը կտրելու,—
Հալածելու միասին
Պյատիգորսկու չերքեզին։

Եվ դղյակի տիրուհին
Ինքն է որ կա դշխուհին.
Վառում, եփում, պատրաստում.
Յոթի հետ սեղան նստում
Ու հակառակ չի խոսում,
Ջան է ասում, ջան լսում.
Օրերն էդպես են հոսում,
Հեքիաթն էսպես է ասում։
Յոթն ախպորով վարդ կույսին
Սիրեցին, բարելուսին
Սենյակ մտան միասին.
Մեծը ասաց. «Վարդի բույր,
Անվանել ենք մենք քեզ քույր,
Բայց սիրել ենք քեզ յոթով,
Մեզ մի անի ամոթով.
Դու մի թույլ տա, որ կռվենք,
Պատճառ դառնաս, մենք ցրվենք։
Եղիր մեզնից մեկիս կին,
Մյուսներիս քույրը անգին.
Գլուխդ ի՞նչ ես շարժում,
Մի՞թե ինձ ես դու մերժում,
Ընտրիր, որըս է քեզ արժան»։
«0՜, դուք քաջէր պատվարժան,
Իմ եղբայրներ սիրասուն,
Ճիշտն եմ, ճիշտը ձեզ ասում
 Աստված պատժի թե ստեմ,

Տեղիս մեջը ողջ չընստեմ.
Ես աղջիկ եմ հարսնացու,
Ունեմ ես ինձ Փեսացու։
Դուք շատ քաջ եք ու խելոք.
Ձեզ սիրում եմ ես ջոկ-ջոկ,
Եղբայրներս եք հարազատ.
Թողեք խոսեմ ես ազատ
Նըշանածս է, ձեզ ասեմ,
Արքայազուն Եղիսեն»։
Եղբայրները խորհեցին,
Ծոծրակները քորեցին.
«Որ էդպես է, մեզ ների՛ր,
Քրոջ նման մեզ սիրիր.
Ես այդ մասին, ասեմ ճիշտ,
Չեմ խոսի, չեմ, ընդմիշտ»,—
Գլուխ տալով մեծն ասաց։
Կույսը տեղի մեջ խոսեց,
«Հա՛. չես ուզում, ախպե՛ր ջան,
Քույրըդ լինի դավաճան».
Յոթն ախպերը փեսացու
Թողին աղջիկն հարսնացու.
Սուսիկ, Փուսիկ գնացին
Եվ խոսքի տեր մնացին։

Բայց նենգամիտ թագուհին
Չէր մոռացել ցավը հին.
Նա չէր ներում դշխուհուն,
Ո՜Նց իրանից նա սիրուն։
Բայց թե էն է ցավալին,
Գնաց գտավ հայելին,
Դրավ առաջն ու նստեց,
Իրան զուգեց պատրաստեց.
Ժպտաց, ասաց, «Հայելի՛,

Ասա, ասա ինձ էլի,
Ո՞վ է ինձնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելիդ.
«Գեղեցիկ ես, խո՛սք չըկա,
Բայց անտառում մինը կա,
Յոթ ախպրանց դղյակում
Անհայտ ծլում ու ծաղկում.
Նա՛ է քեզնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»։
Ու թագուհին վեր թռավ.
Իր նաժիշտին ձեռքն առավ.
«Վստահացա՞ր ինձ խաբել,
Խորթ աղջկաս չըկապել»։
Նա էլ պատմեց եղածը
Թագուհին թե՝ «Չեղածը
Քո գլուխը կըբերեմ.
Քանի ողջ է դշխուհին
Վայը կտամ քո օրին»։

Մատաղ կույսը մի ջերմ օր,
Սպասելով յոթն ախպոր,
Պատուհանում մանում էր.
էն ինչ դռան մեծ շունն էր,
Սաստիկ հաչեց ու կույսը
Տեսավ՝ ուզվորը դուրսը,
Պաշտպանվելով շնիցը,
Ներս է մտնում դռնիցը։
«Ա՛յ շուն, հանգիստ, ի՞նչ է, ի՞նչ,
Սպասիր դու, տա՛տի, քիչ.
Կըլռեցնեմ ես գժին
Ու կըբերեմ քեզ բաժին»,—
Գոչեց վերից էն կույսը։
«Իմ զավա՛կս, իմ լույսը,

Շունդ ինչքա՜ն կատաղած է,
Աղքատ կուզե, որ կըծե.
Եկ ինձ մոտ»։ Կույսն ուզում է
Հաց բերի, շունն հուզվում է.
Պատշգամբին կպչելով,
Ոտներն ընկած հաչելով,
Թույլ չի տալիս աղջկան
Մոտենալու էն կնկան.
Հենց պառավը դեպ նրան,
Հարձակվում է հա վրան
Ինչպես կատղած, գազազած։
«Էս ի՞նչ հրաշք, — կույսն ասաց,—
Էսօր շունը ինչ վա՛տ է,
Կարելի է քնատ է»։
Բերեց հացը ցած նետեց,
Շանը մի կերպ խտըտեց.
Պառավն առավ ու ասաց.
«Աղջի՛կ, օրհնի քեզ աստված,
Շունը վերև չի թողնի,
Էս խնձորը դու բռնի»։
Ու մի խնձոր մեղրածոր
Ոսկեզօծած, կարմրավուն,
Վեր է գցում դշխուհուն։
Շունը վերևն է զլում,
Կույսը խնձորն է խլում։
«Շան հաչոցը քեզ ի՞նչ Փույթ,
Աղավնյա՛կս, անձանձրու՜յթ
էդ խնձորը կարմրախետ
Անուշ կանես ճաշից ետ»։
Պառավն ասաց, հեռացավ,
Շունը նորից չարացավ,
Նա վազում է, վազվզում,
Կոնծկոնծում է, մըզմըզում,

Մին չոքում է, մին պառկում
Եվ սրտիցը խոր տնքում.
Ասել կուզե դշխուհուն՝
«Դեն շպրտիր»: — «Ա՛յ իմ շուն,
էսօր քեզ ի՞նչ պատահեց»,—
Ասավ շանը ու շոյեց։
Հետո մտավ սենյակը,
Դրեց, փակեց դռնակը
Ու սկսեց նա բանել,
Պատուհանում կազ մանել,
Ապրեշումից թել հանել,
Ախպրանց ճամփեն հա պահել,
Ալ խնձորին ծուռ նայել։

Խնձոր, խնձոր, ի՜նչ խնձոր,
Կտոտ, հյութոտ, մեղրածոր,
Հոտոտ-մոտոտ թարմ ու նոր,
Կարմրաթշիկ, ոսկեհատ,
Կուտ ու կորիզ նռան հատ
Երևում են կեղևից,
Նոր է քաղած տերևից։
Կույսը ելավ սրտամաշ,
Չըհամբերեց մինչև ճաշ.
Խնձորն առավ նա ձեռքին,
Մոտեցրեց շրթունքին.
Մի քիչ կծեց ատամով
Ու կուլ տվեց խիստ համով.
Մին էլ հանկարծ իմ կույսը,
Իմ հոգյակը, իմ լույսը,
Անձեն, անձուն, անբարբառ
Փռվեց տեղը շնչասպառ։
Դալար կռներ թափվեցան,
Պայծառ աչքեր փակվեցան.

Ոսկի խնձոր գլորավ,
Նախշուն հասակ ճլորավ.
Ընկավ կույսը նշանած,
Ո՛չ կենդանի, ո՛չ մեռած։

Եղբայրները անտեղյակ
Գալիս էին դեպ դղյակ
Օրվա հաջող թալանից.
Մին էլ շունը տան կողմից
Վրա պրծավ հաչելով.
Ու նորից տուն Փախչելով
Կուզեր ասել՝ շուտ հասեք,
Էլ մի՛, էլ մի սպասեք։
Էն քաջերը վատ նշան
Հաշվելով հաչոցը շան,
Սլացան, սենյակ լցվան,
«Ախ, վա՜խ». Շունը բարձրաձայն
Վրա պրծավ, չարացավ,
Խնձորը կերավ, չորացավ
Էլ ետ չգա էդ օրը,
Թունավոր էր խնձորը։
Յոթ ախպերը ամենքով,
Հոգու սաստիկ հուզմունքով,
Քրոջ առաջ գլխակախ
Կանգնած էին մտազբաղ.
Ու սրբազան աղոթքով
Բարձրացրին խնամքով,
Խաս-խաս շորեր հագցրին,
Հագցրին ու կապցրին,
Աղի արցունք մաղեցին,
Նրան թաղել ուզեցին.
Բայց մտքները փոխեցին։
Խորը քնի թևի տակ,

Ինչպես քնած հրեշտակ,
Կույսը անուշ էր ննջում,
Միայն, միայն չէր շնչում։
Եղբայրները երեք օր
Սուգ նստեցին-սգավոր.
Բայց դշխուհին այն նախշուն,
Խոպոպները ապրեշում,
Իր խոր քնից չըսթափվեց.
Երեք օր թամամվեց,
Դրին դագաղ բյուրեղյա
Ու, կարդալով «տեր-ուղղյա»,
Տարան նրան թափուր սար,
Սարի տակին մի խոր այր,
Շղթաներով կախեցին,
Վեցը սյունից մեխեցին,
Շուրջը ճաղեր տնկեցին,
Քրոջ առաջ չոքեցին,
Ծունր դրին երկրային
Խորհրդավոր էդ պահին
Մեծը ասավ. «Ա՛յ չքնաղ,
Ջահել մտար դու դագաղ,
Զոհ գնացիր նախանձին.
Գեղեցկությունդ առանձին
Յոթն ախպերով սիրեցինք,
Բայց քեզ փեսիդ պահեցինք,
Հիմի դու կաց այս վայրում,
Մութ ու մթին այս այրում»։

Եվ թագուհին նախանձոտ
Սպասելով մահվան բոթ,
Նորից առավ հայելին,
Իրա միակ սիրելին.
Ասավ. «Ասա, հայելի՛,

Բոլորիցը ավելի
Մի՞թե ես չեմ սիրելի»։
Հայելին թե՝ «Հա՛, էլի,
Չըկա քեզնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»։

Նշանածին էն փեսեն,
Արքայազուն Եղիսեն,
Ողջ աշխարհն է ման գալիս,
Ման է գալիս ու լալիս,
Պատահողին հարց տալիս.
«Ասեք, ո՞ւր է դշխուհիս,
Ասեք, ո՞ւր է նշխուհիս»։
Ո՛վ լսում է, զարմանում,
Ո՛րը հայտնի ծիծաղում,
Ո՛րը գլուխը կախում։
Ու արևին լուսերես
Դիմեց Փեսեն վերջապես.
«Արև, արև, արեգակ,
Աշխարհն առած թևիդ տակ,
Կլոր տարին շարունակ
Ման ես գալիս երկնքով.
Բա չի՞ ընկել քո աչքով
Իմ դշխուհիս նորահաս,
Ես փեսեն եմ անմուրազ»։
«Ո՛չ, չեմ տեսել, պատանի՛,
Ինձնից կարծիք մի տանի,
Գուցե նա չի կենդանի
Գուցե մի տեղ լուսնյակը
Տեսել է քո հոգյակը»։
Եղիսեն իր հուշերով
Դիմեց լուսնուն գիշերով.
«Լուսի՛ն, լուսի՛ն, լուսերես,

Դու ոսկեզօծ եղջյո՜ւր ես.
Աչքըդ խաժուժ, լուսաէջ,
Դու ծագում ես մթի մեջ,
Քեզ աստղերը սիրելով՝
Հա մնում են նայելով,
Մի՞թե խնդիրս ես մերժում։
Մի տեղ էս լեն աշխարհում
Չե՞ս տեսել իմ դշխուհուն,
Նա իմ հարսն է, ես՝ փեսան՝
Լուսին, լուսին, դեհ, ասա՛»։
Լուսինն ասավ. «Պատանի՛,
Ինձնից կարծիք մի տանի,
Գիշերները մութ-մթին,
Ես ծագում եմ իմ հերթին.
Ես չեմ տեսել դշխուհուն,
Գնա՛, դիմիր դու քամուն.
Գուցե նա քեզ ճար անի,
Գնաս բարով, մի կանգնի»։
Քամուն դիմեց Եղիսեն.
«Կանգնի՛ր, քամի՛, քեզ ասեմ,
Քամի-քամի կօրորվի,
Հալածում ես խմբովի
էն երկնքի ամպերը,
Հուզում, դիզում ծովերը
Ու քո անուշ հովերը
Տարածում ես անսահման.
Դու հզոր ես անպայման.
Դու չես վախում ոչ ոքից,
Բացի, բացի էն մեկից։
Մի՞թե խնդիրս ես մերժում,
Մի տեղ էս լեն աշխարհում
Չե՞ս տեսել իմ դշխուհուն,
Նա իմ հարսն է, ես՝ փեսա»։

Քամին ասավ. «Ես տեսա.
Գետից վերև կա մի սար,
Էն սարում մի խոր այր,
Էն այրումը, խավարում,
Բյուրեղ դագաղ օրորվում.
Շղթաներով է կախված,
Վեցը սյունից է մեխված»։
Քամին բացեց իր թևը.
Տղան առավ սուգ-սևը.
Լալով գնաց հեռացավ,
Թափուր սարին մոտեցավ.
Սարի շուրջը դատարկ վայր,
Սարի տակը մի խոր այր։
Գնա՜ց, գնա՜ց մութ անցքով,
Գնաց տխուր հայացքով.
Գնաց գտավ մի դագաղ՝
Շղթաներով վերից կախ,
Եվ դագաղում — հա անշունչ
Իր դշխուհին՝ վարդի փունջ։
Վայը տալով իր գլխին,
Վազեց կպավ դագաղին.
Եվ դագաղը բյուրեղից
Հա փշրվեց իր տեղից,
Կույսը զարթնեց զարմացած,
Շուրջը նայեց ու ասաց.
«Ախ, էսքան էլ մարդ քնի՞,
Իր գլուխը վեր դնի»…
Վեր բարձրացավ դագաղից
Եվ ինչ տեսա՜վ էնտեղից։
Վա՜յ, երազ է, մուրազ է,
Ու լաց եղան երկուսով.
Այրից ելան ու լույսով
Հեռու ծայրից աշխարհքի,

Ուրախ, զվարթ, ձեռք ձեռքի,
Սարեր, ձորեր շրջելով,
Անուշ, անուշ զրուցելով,
Ինչպես երկու աղունիկ,
Եկան հասան արքունիք։
Լուրը հասավ աշխարհին —
Կենդանի է դշխուհին:

Հենց էդ պահին թագուհին
Էլի առած հայելին,
Հետը անուշ խոսում էր
Ծռմռվելով ասում էր.
«Ո՞վ կա ինձնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»։
«Դու չքնաղ ես, խոսք չկա.
Խորթ աղջիկդ է որ կա,
Նա է քեզնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»։
Նորից հուզվեց թագուհին,
Տվեց փշրեց հայելին.
Դռնից ուղիղ դուրս թռավ
Խորթ աղջկան պատահավ,
Սիրտը ճաքեց ու մեռավ։
Հենց որ նրան հողեցին,
Խորը, խորը թաղեցին,
Սկսեցին հարսանիք.
Երկու ջահել ջան-ջանիկ
Պսակվեցին մուրազով.
Դեռ աշխարհը երազով
Չէր տեսել էդպես խնջույք.
Ես էլ առա մեծ հաճույք,
Էնքան գինի կոնծեցի.
Լոկ բեղերս թրջեցի։