Ճոճանակն ու հորը
[ 68 ]

ՃՈՃԱՆԱԿՆ ՈՒ ՀՈՐԸ

Impia tortorum longas hic turba furors

Sanguinis innocui, non satiata, aluit.
Sospite nunc patria, fracto nunc funeris antro,
Mors ubi dira fuit, vita salusque patent[1].
(Քառատող, որը հորինված է Փարիզի յակոբինյան ակումբի
տեղում կառուցվելիք շուկայի դարպասին գրելու համար)։


Ես մահու չափ հոգնել և ուժասպառ էի եղել այդ անվերջ հոգեվարքից։ Երբ ինձ վերջապես արձակեցին և թույլ տվեցին նստել, ես զգացի, որ գիտակցությունս արդեն լքում է ինձ։ Վերջին խոսքերը, որոնք ես լսեցի՝ իմ մահվան սոսկալի դատավճռի խոսքերն էին։ Հետո հավատաքննիչների ձայները ձուլվեցին հեռավոր, անորոշ մի աղմուկի մեջ։ Այդ աղմուկն իմ հոգում պտտման գաղափար առաջացրեց, թերևս որովհետև նման էր պտտվող ջրաղացքարերի ձայնին։ Քիչ անց ես այլևս ոչինչ չէի լսում։ Դրա փոխարեն ես տեսնում էի, և այն էլ ինչպիսի դաժան և չափազանցված պարզությամբ, իմ սևազգեստ դատավորների շուրթերը։ Դրանք սպիտակ էին, ավելի սպիտակ, քան այս թուղթը, որին վստահում եմ իմ պատմությունը, և անճոռնիության չափ բարակ՝ անխոցելի համառությունից ու մարդկային վշտերի հանդեպ ունեցած խոժոռ արհամարհանքից սեղմված։ Ես տեսնում էի, թե ինչպես էին այդ շուրթերից ծորում իմ բախտը որոշող խոսքերը և ինչպես էին նրանք գալարվում, արտաբերելով իմ մահվան վճիռը։ Ես տեսա, թե ինչպես նրանք [ 69 ]արտասանեցին իմ անունը և ցնցվեցի, որովհետև ոչինչ չէի լսում։ Սարսափով լի այդ պահին ես նույնիսկ նկատեցի դահլիճի պատերը ծածկող վարագույրների թեթև, հազիվ նշմարելի ծփանքը։ Հետո իմ հայացքն ընկավ սեղանի վրա վառվող յոթ երկար մոմերին։ Սկզբում նրանք ինձ ողորմածության նշան թվացին, ինձ փրկելու կոչված սպիտակ ու հեզ հրեշտակներ։ Բայց հանկարծ սիրտս սկսեց խառնել, մարմինս, ասես գալվանական մարտկոցի դիպչելով, ջղաձգվեց, և այդ նույն հրեշտակները դարձան հրե գլուխներով անմիտ պատկերներ, որոնցից անիմաստ էր փրկություն աղերսելը։ Հենց այդ պահին էր, որ իմ ուղեղում գեղեցիկ մեղեդու պես հնչեց գերեզմանի քաղցր անդորրի գաղափարը։ Այդ միտքը հանդարտ ու մեղմորեն թափանցեց իմ հոգին և սպասում էր իր իմաստավորմանը, բայց երբ ես վերջապես լիովին գնահատեցի այն, դատավորների դեմքերը հանկարծ, ասես կախարդանքով, չքացան։ Երկար մոմերն անէացան, նրանց բոցը հանգավ, և ամեն ինչ ընկղմվեց թանձր խավարի մեջ։ Իմ բոլոր զգացմունքները, հոգուս սրընթաց հոսքի մեջ խեղված, գահավիժեցին սանդարամետի ու դժոխքի գիրկը։ Հետո լռություն և անդորր իջավ, և տիեզերական խավարը դուրս մղեց մնացած ամեն ինչ...

Ես ուշաթափվել էի, բայց գիտակցությունս լիովին չէի կորցրել։ Թե ինչ էր մնացել նրանից, ես չեմ փորձի ոչ բացատրել, ոչ էլ նկարագրել. բայց ինչ֊որ նշույլ մնացել էր։ Նույնիսկ ամենախորը քնի մեջ, զառանցելիս, ուշագնաց վիճակում անգամ ամեն ինչ չէ, որ կորչում է, այլապես անմահություն չէր լինի։ Նույնիսկ ամենախոր քնից արթնանալով, մենք պատռում ենք ինչ֊որ երազի երերուն ու բարակ ոստայնը։ Բայց մի վայրկյան անց (այնքան նուրբ էր այդ քողը) մենք արդեն չենք հիշում այդ երազը։ Ուշաթափվածի ուշքի գալն ընթանում է երկու փուլով՝ սկզբում վերականգնվում է հոգևոր կամ մտքի աշխարհը, հետո միայն՝ մարմնականը, այսինքն ֆիզիկական գոյությունը։ Եթե մեզ հաջողվեր երկրորդ փուլին հասնելով պահպանել նաև առաջինի հուշերը, ապա մենք պերճախոս վկայություն կստանայինք անդրաշխարհի խորհրդավոր անդունդի մասին։ Բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այդ անդունդը։ Եվ ինչպե՞ս իրարից տարբերել դրա և մահվան մութ ստվերները։ Եթե անհնար է կամովի ետ բերել առաջին փուլի պատկերները, ապա դրանք չե՞ն արդյոք, որ շատ ժամանակ անց չգիտես որտեղից երբեմն [ 70 ]անակնկալ այցելում են մեզ։ Նա, ով երբեք չի ուշաթափվել, մարող ածուխների մեջ երբևէ դղյակներ ու անծանոթ դեմքեր չի տեսնի, չի զմայլվի օտար ու անծանոթ ծաղիկների բույրով և չի նկատի օդում սավառնող այն տխուր պատկերները, որոնք մատչելի չեն ուրիշներին. այդ մարդը երբեք չի ցնցվի, բազում անգամ լսված մեղեդու մեջ նոր, անծանոթ իմաստ հայտնաբերելով։

Հաճախ, ճգնելով վերականգնել, վերհիշել իմ հոգու թվացյալ անգոյության վիճակը, ես կարծես թե հասնում էի հաջողության։ Բազմաթիվ կարճատև պահերի ինձ թվում էր, թե ես ինչ֊որ բաներ եմ հիշում, որոնք իմ պարզաջրված դատողությունը հետո վերագրում էր ուշաթափված վիճակիս։ Այդ ստվերների մեջ ես հազիվ տարբերում էի ինչ֊որ երկար կերպարանքներ, որոնք ինձ բռնած շարունակ ներքև, ներքև ու ներքև էին տանում, մինչև որ այդ անվերջ վայրէջքի մտքից անգամ գլուխս սկսում էր պտտվել։ Հիշում եմ նաև այն տարօրինակ երկյուղը, որն իր իսկ անբնական հանգստության պատճառով իջել էր իմ սրտին։ Հետո հիշում եմ ամեն ինչին տիրած սարսափելի անդորրը՝ ասես իմ ուղեկիցներն անընդհատ ներքև իջնելով հատել էին անվերջության սահմանը, և, իրենց բեռից հոգնած, կանգ էին առել հանգստանալու։ Դրանից հետո հիշողության մոլեգնող ցնորք էր միայն, հիշողության, որն անցել էր թույլատրելիի սահմանը։

Հանկարծ հոգուս մեջ նորից ներխուժեցին շարժումն ու ձայնը՝ սրտիս անկանոն զարկերը և նրանց արձագանքն իմ ականջներում։ Հետո ամեն ինչ կորավ։ Հետո ես նորից ցնցվեցի շարժումից, ձայնից, հպումից։ Հետո, բավական երկար, մնացել էր սոսկ իմ գոյության գիտակցումը, առանց որևէ մտքի։ Հետո հանկարծ արթնացավ միտքը՝ վիճակս իմաստավորելու լարված ու ահավոր մի փորձ, որից միայն մոռացության իղձը մնաց։ Հետո զգայություններս վերականգնվեցին, և ես շարժվելու հաջող մի փորձ արեցի։ Եվ, վերջապես, դատը, սև պաստառները, ուշաթափությունը՝ ամեն ինչ իր տեղն ընկավ։ Դրանից հետո նորից իսպառ մոռացվեց այն ամենը, ինչ ինձ երկար ժամանակ անց հաջողվեց վերականգնել միայն հիշողության համառ ճիգերով։ Առայժմ ես աչքերս չէի բացել։ Զգում էի միայն, որ կապանքներս արձակված են, և ես պառկած եմ մեջքիս վրա։ Ես առաջ [ 71 ]պարզեցի ձեռքս, և այն դիպավ ինչ֊որ խոնավ ու կոշտ բանի։ Ես որոշ ժամանակ ձեռքս ետ չքաշեցի և փորձեցի հասկանալ, թե որտեղ եմ և ինչ է պատահել ինձ հետ։ Ես ուզում էի, բայց չէի հանդգնում բացել աչքերս։ Ես չէի վախենում ինչ֊որ ահավոր բան տեսնելուց, ընդհակառակը, ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ շուրջս նայելով ես ոչինչ չեմ տեսնի։ Վերջապես, հույսս կորցրած, ես կտրուկ բացեցի աչքերս։ Իմ ամենից սոսկալի նախազգացումն արդարացավ՝ շուրջս հավերժական գիշեր էր և ուրիշ ոչինչ։ Ես շնչահեղձ էի լինում, խավարը ճնշում էր ինձ, օդը թանձր էր ու խեղդող։ Անշարժ պառկած, փորձում էի գործի դնել իմ դատողությունը։ Փորձում էի վերհիշել հավատաքննության օրենքներն ու կռահել, թե գլխիս ինչ փորձանք է եկել։ Դատավճիռը կայացված էր, դրանից հետո կարծես արդեն բավական ժամանակ էր անցել։ Ես, իհարկե, չէի կարծում, թե մեռած եմ։ Այդպիսի ենթադրություններ հնարավոր են միայն վեպերում և կապ չունեն իրականության հետ։ Բայց և այնպես դեռ չգիտեի, թե որտեղ և ինչ վիճակում եմ գտնվում։ Ես գիտեի, որ մահվան դատապարտվածներին սովորաբար autodafé[2] ֊ի էին ենթարկում՝ այդպիսի մի մահապատիժ կայացել էր հենց իմ դատի օրը։ Գուցե ինձ հետ էին բերել, որպեսզի պահեն մինչև հաջորդ, մի քանի ամիս հետո կայանալիք արարողությո՞ւնը։ Ես իսկույն մերժեցի այդ միտքը՝ հավատաքննության զոհերին սովորաբար տեղն ու տեղն էին այրում։ Բացի այդ, իմ նախկին խուցը, Տոլեդոյի բոլոր մահապարտների խցերի պես, քարե հատակ ուներ և քիչ թե շատ լուսավոր էր։

Մի նոր, սոսկալի միտք ծագեց իմ գլխում, որից սիրտս մի պահ կանգ առավ, և ես նորից ուշաթափվեցի։ Ուշքի գալով, իսկույն վեր ցատկեցի և սկսեցի խարխափել մթության մեջ։ Ես չէի համարձակվում թեկուզ մի քայլ անել, որովհետև վախենում էի, թե կբախվեմ դամբարանի պատերին։ Ես ոտքից գլուխ քրտնել էի, քրտինքի սառը կաթիլները պատել էին ճակատս։ Վերջապես լարումն անտանելի դարձավ, և ես, աչքերս չռած ու ձեռքերս պարզած, զգուշորեն առաջ շարժվեցի, գոնե աղոտ մի լույս նշմարելու հույսով։ Արդեն բավական առաջ էի անցել, բայց շուրջս առաջվա պես մութ էր ու դատարկ։ Սիրտս [ 72 ]մի քիչ թեթևացավ, պարզ էր, որ ես, համենայն դեպս, փրկված էի ամենից զարհուրելի պատժից։

Մինչ ես զգուշորեն առաջ էի ընթանում, միտքս հազար ու մի սարսափելի պատմություններ էին գալիս Տոլեդոյի զնդանների մասին։ Ես, իհարկե, առանձնապես չէի հավատում այդ առասպելներին, բայց մարդիկ դրանց մասին միշտ շշուկով էին խոսում։ Թերևս ես դատապարտված էի խավարի այս ստորերկրյա աշխարհում սովամահ լինելու։ Բացառված չէր նաև, որ ինձ ավելի սոսկալի բախտ էր վիճակված։ Լավ իմանալով իմ դատավորների վարք ու բարքը, ես չէի կասկածում, որ պիտի մեռնեմ, այն էլ ոչ սովորական ձևով։ Ե՞րբ և ինչպե՞ս, ահա թե ինչ էր մտահոգում ինձ։

Վերջապես ձեռքս դեմ առավ ինչ֊որ խոչընդոտի։ Դա, հավանաբար, քարե պատ էր՝ հարթ, սառը և լպրծուն։ Հիշելով իմ լսած որոշ պատմություններ, ես արտակարգ զգուշությամբ շարժվեցի պատի երկայնքով։ Շուտով հասկացա, որ նման ձևով հնարավոր չէ որոշել բանտախցի չափը, քանի որ ես հազիվ թե կարողանայի բոլորովին ողորկ պատի վրա գտնել այնտեղը, որտեղից սկսել էի շարժվել։ Ես հիշեցի, որ ինձ դատարան տանելու օրը գրպանումս մի դանակ կար, բայց այն չգտա, որովհետև հագուստս փոխել էին և ինձ կոպիտ կտավից կարված մի շապիկ էին հագցրել։ Ես մտադրվել էի դանակը խրել պատի մի որևէ ճեղքի մեջ և նշել այն տեղը, որտեղից պիտի շարժվեի։ Սկզբում այդ չնչին դժվարությունն ինձ անհաղթահարելի թվաց, բայց հետո իմ շապիկից մի նեղ շերտ պոկեցի և պատի տակ փռեցի հատակին։ Պատի երկայնքով խարխափելով, ես ուզած֊չուզած նորից պիտի հասնեի այդ լաթին։ Սակայն պարզվեց, որ ես հաշվի չէի առել իմ հյուծվածության աստիճանը և այն, որ խցի հատակը թաց էր ու լպրծուն։ Մի քանի քայլ անելուց հետո ես սայթաքեցի և ընկա, այլևս չբարձրացա և տեղն ու տեղը քնեցի։

Երբ արթնացա, կողքիս մի կտոր հաց ու մի կուժ ջուր կար դրված։ Ես չափից դուրս տկար էի, որպեսզի զարմանայի, և ագահորեն կուլ տվի հացն ու դատարկեցի կուժը։ Քիչ անց ես վերսկսեցի ճամփորդությունը և շուտով մեծ դժվարությամբ հասա իմ թողած լաթի կտորին։ Ընկնելուց առաջ ես հիսուներկու քայլ էի արել, իսկ մինչև լաթին հասնելը՝ ևս քառասունութ, այսինքն ընդամենը հարյուր։ Երկու քայլը մեկ յարդ հաշվելու դեպքում ստացվում էր, որ իմ խցի շրջագիծը հիսուն յարդ է։ [ 73 ]Քանի որ ճանապարհին ինձ բազմաթիվ անկյուններ էին պատահել, ուստի իմ բանտախցի ձևը հնարավոր չէր ստույգ որոշել (թեև դեռ համոզված էի, որ դամբարան եմ նետված)։

Ես որևէ նպատակ, կամ առավել ևս հույս չունեի, բայց աղոտ մի հետաքրքրություն ինձ ստիպում էր շարունակել զնդանի ուսումնասիրությունը։ Թողնելով պատը, որոշեցի անցնել զնդանի կենտրոնով։ Սկզբում շատ զգույշ էի քայլում, որովհետև հատակը սաստիկ լպրծուն էր, բայց հետո սիրտ առա և սկսեցի ավելի համարձակ քայլել, աշխատելով ինչքան կարելի է ուղիղ գնալ։ Հազիվ էի մի տասը քայլ արել, երբ շապիկիս պատռված փեշն ընկավ ոտքիս տակ, և ես երեսնիվայր փռվեցի գետնին։

Ընկնելու պահին ես չէի նկատել մի արտասովոր հանգամանք, որը քիչ անց գրավեց իմ ուշադրությունը։ Բանն այն է, որ իմ կզակը հենվում էր գետնին, մինչդեռ բերանս, քիթս և ճակատս ոչ մի բանի չէին հպվում, չնայած գտնվում էին նույն մակարդակի վրա։ Բացի այդ, դեմքս ողողվում էր ինչ֊որ թանձր գոլորշիով, որը բորբոսի հոտ ուներ։ Ձեռքս պարզելով, սարսափած հասկացա, որ պառկած եմ կլոր մի հորի եզրին, որի խորությունն այդ պահին անհնար էր որոշել։ Ինձ հաջողվեց հորի պատը շոշափելով մի փոքրիկ խիճ պոկել և ցած նետել։ Մի քանի վայրկյան քարն անընդհատ կտկտացնելով դիպչում էր հորի պատերին, հետո հնչեղ ճողփյունով մխրճվեց ջուրը։ Այդ նույն պահին վերևից մի ձայն լսվեց, ասես մեկը արագ բացեց ու փակեց ինչ-որ դուռ, և խավարի մեջ լույսի մի նեղ շերտ փայլատակեց։

Ես նոր միայն հասկացա, թե ինչ բախտ էր ինձ վիճակված, և փառք տվի պատահարին, որն այդպես տեղին փրկեց ինձ։ Եվս մի քայլ, և ես հաշիվներս փակած կլինեի այս կյանքի հետ։ Ես մազապուրծ եղա հենց այն մահից, որի մասին պատմություններն առաջ զրպարտություն ու հերյուրանք էի համարում հավատաքննության հանդեպ։ Նրա զոհերը մեռնում էին կամ մարմնական սոսկալի խոշտանգումներից, և կամ էլ՝ բարոյական դժոխային տանջանքների ենթարկվելով... Այս վերջինը, երևի, վիճակված էր նաև ինձ։ Երկար չարչարանքներից ջղերս բոլորովին քայքայվել էին՝ ես արդեն ցնցվում էի նույնիսկ իմ սեփական ձայնից և ամեն տեսակետից հարմար թեկնածու էի դարձել ինձ սպասող կտտանքների համար։ [ 74 ]

Մարմնովս մեկ դողալով, ես ետ սողացի, նախընտրելով մեռնել պատի տակ, քան այդ սարսափելի հորում։ Ինձ արդեն թվում էր, թե զնդանի ամեն մի անկյունում մի հոր կա։ Եթե չլիներ իմ այդ հոգեվիճակը, ես գուցե սիրտ առնեի միանգամից վերջ տալ այդ ողորմելի դրությանը, նետվելով անդունդներից մեկը։ Բայց այժմ ես շատ էի ահաբեկված, բացի այդ, հիշում էի այն ամենը, ինչ կարդացել էի այդ հորերի մասին՝ ավա՜ղ, դեռ ոչ ոքի չէր հաջողվել այնտեղ արագ ու անմիջապես մեռնել։

Հուզմունքից ես երկար չէի կարողանում քնել, բայց, վերջիվերջո, մի քիչ նիրհեցի։ Երբ արթնացա, տեսա, որ կողքիս առաջվա պես մի կտոր հաց ու մի կուժ ջուր կա դրված։ Ես ծարավից մեռնում էի և մի կումով դատարկեցի ամբողջ կուժը։ Հավանաբար ջրի մեջ քնաբեր դեղ էին խառնել, որովհետև խմելուն պես ես իսկույն մի տեսակ թմրեցի և շուտով խոր քուն մտա։ Չգիտեմ, թե ինչքան տևեց այդ մահանման քունը, բայց երբ արթնացա, շրջապատիս առարկաներն արդեն երևում էին։ Չգիտես որտեղից հայտնված տարօրինակ ֆոսֆորային լույսի տակ ես հնարավորություն ստացա մանրամասն ուսումնասիրել իմ զնդանը։

Պարզվեց, որ պատերի երկարությունը որոշելիս ես մեծապես սխալվել էի։ Նրանց ընդհանուր երկարությունը քսանհինգ յարդից չէր անցնում, և այդ փաստն ինձ շփոթմունքի մեջ գցեց, չնայած նման սոսկալի հանգամանքներում այդ մասին հոգալն առնվազն անմտություն էր։ Բայց իմ բորբոքված միտքն այժմ կառչում էր ամեն մի մանրուքից, և ես համառորեն ճգնում էի հասկանալ, թե ինչումն է իմ սխալը։ Վերջապես, բավական ժամանակ անց, հանկարծ գլխի ընկա, որ հիսուներկու քայլ հաշվելուց և ընկնելուց հետո, ես ճանապարհը շարունակել էի... հակառակ ուղղությամբ, այնպես որ, սենյակի իրական շրջագիծը փաստորեն կրկնապատկվել էր։ Շփոթմունքի մեջ ընկած ես չէի նկատել, որ սկզբում ձախ կողմում գտնվող պատը վերջում հայտնվել էր իմ աջ կողմում։ Զնդանի ձևը որոշելիս ես նույնպես սխալվել էի։ Մթության մեջ խարխափելով, ես պատերի մեջ բազմաթիվ անկյուններ էի շոշափել և եզրակացրել էի, թե իմ զնդանն անկանոն ձև ունի։ Ահա թե ինչպես է խավարն աղճատում խոր քնից դեռևս ուշքի չեկած մարդու զգայությունները։ Պարզվեց, որ այդ անկյուններն ընդամենը աննշան ելուստներ ու փոսեր են եղել, և զնդանն իրականում քառանկյուն ձև ունի։ [ 75 ]Այն, ինչ ես քարե շարվածքի տեղ էի դրել, իրականում երկաթի կամ ուրիշ մի մետաղի հսկա թիթեղներ էին, և վերոհիշյալ անհարթություններն առաջացել էին դրանց միացման տեղում։ Մետաղե այդ պատերը ծածկված էին կղերականների սնապաշտ ու կոպիտ երևակայության ծնած գարշելի պատկերներով։ Այլանդակ կմախքները, սպառնալից դիրքեր ընդունած սատանաներն ու նույնիսկ ավելի զազրելի պատկերներն ամեն կողմից ինձ էին նայում։ Ըստ իս, այդ հրեշների ուրվագծերը բավական հստակ էին ու որոշակի, սակայն նրանց գույները խոնավությունից բորբոսնել էին ու խամրել։ Ես նաև տեսա, որ զնդանի հատակը քարից է, և այն հորը, որից ես հրաշքով փրկվել էի, գտնվում է կենտրոնում և բարեբախտաբար միակն է։

Ես մեծ դժվարությամբ էի տեսնում այս ամենը, որովհետև քնած ժամանակ մարմնիս դիրքը նկատելիորեն փոխվել էր։ Հիմա մեջքի վրա պառկած էի մի ցածր փայտե թախտի վրա, որին պինդ կապված էր գոտի հիշեցնող կաշվե երկար մի փոկով։ Այդ փոկը կաշկանդում էր իմ ամբողջ մարմինը, ազատ թողնելով միայն գլուխս և ձախ ձեռքս, որով ես մեծ դժվարությամբ կարող էի հասնել հատակին դրված ուտելիքի կավե ամանին։ Ես սարսափով նկատեցի, որ ջրի կուժն անհետացել է։ Ասում եմ սարսափով, որովհետև անտանելի ծարավ էի։ Երևի իմ կեղեքիչները նպատակ էին դրել ավելի բորբոքել իմ ծարավը, որովհետև ափսեի մեջ եղած միսը խիստ համեմված էր աղով ու պղպեղով։

Վեր նայելով, ես տեսա զնդանի առաստաղը։ Այն երեսուն կամ քառասուն ոտք բարձրություն ուներ և կառուցվածքով նմանվում էր պատերին։ Իմ ամբողջ ուշադրությունը գրավեց թիթեղներից մեկի վրայի արտասովոր պատկերը։ Դա ժամանակի նկարն էր, ինչպես այն սովորաբար պատկերում են, բայց գերանդու փոխարեն նրա ձեռքին մի բան կար, որն ինձ առաջին հայացքից հին ժամացույցների վրա կախված ճոճանակ հիշեցրեց։ Ես ուշադիր նայում էի այդ նկարին (որն ուղիղ իմ գլխավերևում էր), երբ ինձ հանկարծ թվաց, թե ճոճանակը շարժվում է։ Հաջորդ պահին ես համոզվեցի, որ դա իսկապես այդպես է։ Նա շատ դանդաղ էր շարժվում և խիստ փոքր տատանումներ ուներ։ Մի որոշ ժամանակ ես, ավելի շատ զարմանքով, քան վախով, հետևում էի ճոճանակին։ Բայց նրա միապաղաղ շարժումն [ 76 ]ինձ վերջապես ձանձրացրեց և ես դարձա շրջապատիս մյուս առարկաներին։

Մի թույլ աղմուկ գրավեց իմ ուշադրությունը։ Հատակին նայելով, ես տեսա հորից դուրս սողացող հսկայական առնետներին։ Մսի հոտից խենթացած, նրանք իրար հրմշտելով մագլցում էին վեր, ագահ հայացքները հառած կողքիս պնակին։ Ինձ մեծ դժվարությամբ էր հաջողվում նրանց ետ քշել։

Արդեն կես, կամ գուցե մի ամբողջ ժամ էր անցել (ստույգ ժամանակը հնարավոր չէր որոշել), երբ նորից նայեցի առաստաղին։ Այն, ինչ ես տեսա, ապշեցրեց ու ահաբեկեց ինձ։ Ճոճանակի տատանման թափն ավելացել և հասել էր մեկ յարդի։ Բնական է, որ աճել էր նաև նրա շարժման արագությունը։ Սակայն ինձ հատկապես անհանգստացրեց այն փաստը, որ ճոճանակը զգալի չափով իջել էր։ Կարիք կա՞ ասելու, թե ինչպիսի սարսափ պատեց ինձ, երբ ես համոզվեցի, որ ճոճանակի ներքևի մասը պողպատե փայլուն և ածելու պես սուր մի մահիկ էր, որը ծայրից ծայր մոտ մեկ ոտք երկարություն ուներ։ Նրա ներքևի ուռուցիկ սուր շեղբը քանի գնում, այնքան ավելի հաստանում ու ծանրանում էր։ Ահավոր այդ սարքը կախված էր պղնձե ծանր մի ձողից և սարսռազդու ֆշշոցով տարուբերվում էր գլխիս վերևում։

Հիմա արդեն պարզ էր, թե ինչ վախճան էր ծրագրել ինձ համար կրոնականների դաժան հնարամտությունը։ Քննիչները տեսել էին, որ ես գտել եմ հորը, այն հորը, որը նախատեսված էր ինձ նման հանդուգն ըմբոստների համար, հորը, որը դժոխքի պատճենն էր, բոլոր սոսկալի պատիժների Ultima Thule-ն[3]։ Ես միայն պատահմամբ էի փրկվել հորից և գիտեի, որ այս զնդանների խոշտանգման հիմնական պայմանը հանկարծակի ու անսպասելի լինելն է։ Քանի որ ես ինքս չէի ընկել հորը, ապա ինձ ուժով այնտեղ նետելը նրանց ծրագրի մեջ չէր մտնում, և այժմ ինձ մի ուրիշ, ավելի մեղմ պատիժ էր սպասում։ Մե՜ղմ։ Ես նույնիսկ քմծիծաղ տվեցի, նման հանգամանքներում գործածելով այդ բառը։ Հարկ կա՞ արդյոք նկարագրել անմարդկային սարսափով լի այն երկար ժամերը, երբ ես, ահից կծկված, հաշվում էի գլխավերևումս սուրացող պողպատի սրընթաց փայլատակումները։ [ 79 ]Մատնաչափ առ մատնաչափ, այնպես, որ շարժումը նկատվում էր միայն դարերի չափ երկար թվացող միջոցներում, ճոճանակն անողոքաբար ցած էր իջնում ու մոտենում ինձ։ Օրեր անցան, անհաշիվ օրեր, մինչև նա ցած իջավ այնքան, որ ես սկսեցի խեղդվել պողպատի բարկ շնչից։ Ես աղոթում էի, աղերսում էի աստծուն, որ ճոճանակն ինչքան կարելի է շուտ իջնի։ Ես մեկ մոլեգնում, մղվում էի սոսկալի յաթաղանին ընդառաջ, մեկ էլ հանկարծ թուլանում և հանգիստ պառկած նայում էի նրան ու ժպտում, ինչպես երեխան կժպտար մի պսպղուն խաղալիք տեսնելով։

Ես նորից ուշաթափվեցի, այս անգամ կարճ ժամանակով, քանի որ, երբ աչքերս բացեցի, ճոճանակը դեռ շատ չէր իջել։ Սակայն, հնարավոր էր, որ ես սխալված լինեի, քանի որ ինձ հետևող հրեշներն, անկասկած, կարող էին այդ ընթացքում դիտմամբ կանգնեցրած լինել ճոճանակը։ Բոլոր դեպքերում ես անչափ, ոչ, անասելի թույլ էի ու հոգնած, ասես երկար ժամանակ ոչինչ կերած չլինեի։ Նույնիսկ այդ տառապանքի մեջ հողեղեն մարմինս սնունդ էր պահանջում, և ես, մեծ դժվարությամբ, ինչքան որ թույլ էին տալիս իմ կապանքները, ձեռքս պարզեցի և վերցրի առնետների խնայած մսի փոքրիկ կտորը։

Նոր էի միսը բերանս դրել, երբ իմ ուղեղում մի աղոտ ու անսովոր, բայց հույսով լի միտք առկայծեց։ Սակայն ինչ գործ ունեի ես հույսի հետ, լինելի՞ք բան էր դա... Ինչպես ասացի, այդ միտքը կիսատ էր, մարդիկ միշտ էլ ունենում են նման մտքեր, որոնք սովորաբար անավարտ են մնում։ Ես զգում էի, որ այդ միտքը խնդություն և հույս է ներշնչում, բայց, ավա՜ղ, այն մեռավ դեռ չծնված։ Իզուր էի փորձում բռնել ու ետ բերել նրան, շարունակել, խորացնել... Երկարատև տառապանքներն ինձ իսպառ զրկել էին մտածելու կարողությունից ես մի խելապակաս ապուշ էի դարձել։

Ճոճանակը տատանվում էր իմ մարմնի լայնքով, և ես նկատեցի, որ այն ուղիղ սրտիս միջով պիտի անցներ։ Սկզբում նրա սուր շեղբը մի թեթև կքսվեր շապիկի կտավին, հետո ետ կգար ու նորից կքսվեր... հետո նորից ու նորից... Չնայած իր տատանման լայնքին (ավելի քան երեսուն ոտնաչափ) և ահռելի թափին, որը բավական էր զնդանի երկաթե պատերը փշրելու համար, սկզբում ճոճանակը կկտրեր միայն իմ շապիկի կտավը։ Այս մտքի վրա ես կարկամեցի ու կանգ առա։ Ես չէի համարձակվում [ 80 ]շարունակել։ Ես կառչել էի այդ մտքից, կարծես թե կարող էի դրանով նույն մակարդակին պահել ճոճանակը։ Ես փորձում էի պատկերացնել սղոցվող կտավի ձայնը և այն, թե ինչպես է մարմինս սարսռալու և փշաքաղվելու այդ ձայնից: Վերջապես այդ մտքերով ես ինձ խելագարության դուռը հասցրի։

Իսկ ճոճանակն իջնում էր ու իջնում, ցա՜ծ, էլի՜ ցած, էլի՛ ու էլի՛... Ես խենթի հաճույք էի ստանում, համեմատելով նրա թափը իջնելու արագության հետ: Աջ, ձախ, հեռու, մոտիկ, վնգստալով, ինչպես մեղսագործները դժոխքում, վագրի դավադիր քայլերով ճոճանակը մոտենում էր սրտիս։ Ես մեկ հռհռում էի, մեկ կաղկանձում, նայած թե որ միտքն էր գերիշխում։

Ցա՜ց, անողոք ու անդադար ցա՜ծ։ Արդեն երեք մատնաչափ էր մնում, որ այն հասներ կրծքիս։ Ես խենթի պես գալարվում էի իմ կապանքների մեջ, փորձելով արձակել գոնե ձախ ձեռքս։ Նա ազատ էր միայն արմունկից մինչև դաստակ և դժվարությամբ շարժվում էր կավե ամանի ու բերանիս միջև, բայց ոչ ավելի։ Եթե ինձ հաջողվեր ձեռքս ազատել, ես կբռնեի և կկանգնեցնեի ճոճանակը... Նույն հաջողությամբ կարելի էր փորձել լեռան գագաթից սուրացող ահռելի մի ձնակույտ կանգնեցնել։

Ցա՜ծ, շարունա՜կ ցած, նույնքան անողոք, նույնքան անխուսափելի։ Ես շնչահեղձ էի լինում, ջղաձգորեն կծկվում էի նրա ամեն մի ճոճումից։ Անիմաստ մի անհամբերությամբ ես հետևում էի նրա շարժմանը, ակամա փակելով աչքերս, երբ նրա շեղբն ինձ էր մոտենում։ Մահն այդ պահին իսկական փրկություն կլիներ ինձ համար, երանելի՜ մի փրկություն։ Այնուհանդերձ մարմնովս մեկ դող էր անցնում, երբ պատկերացնում էի, թե ինչպիսի չնչին ճիգ պիտի գործադրի այդ մեքենան, որպեսզի կուրծքս մխրճի իր փայլատակող կացինը։ Բայց և այնպես կար մի բան, որը ստիպում էր իմ ամեն մի ջիղը, ամեն մի նյարդը հույսից թրթռալ: Դա այն հույսն էր, որը հաղթանակ է տանում նույնիսկ գելարանի վրա, և նույնիսկ հավատաքննության զնդաններում մխիթարության խոսքեր է շշնջում դատապարտվածներին։

Ես տեսա, որ մի տաս-տասներկու հարվածից պողպատն արդեն պիտի քսվեր իմ հագուստին: Այդ մտքից ուղեղս միանգամից պարզվեց, և վհատության սառը, սթափ հանգստությունը տիրեց իմ ամբողջ էությանը։ Երկար ժամերից կամ նույնիսկ օրերից հետո ես առաջին անգամ սկսեցի մտածել: Ես հանկարծ [ 81 ]հասկացա, որ իմ կապանքներն ընդամենը մեկ ամբողջական կտորից են բաղկացած։ Ահռելի շեղբի առաջին իսկ հարվածը հեշտությամբ կկտրեր այդ գոտին, և ձախ ձեռքիս օգնությամբ ես իսկույն կազատվեի կապանքներից։ Բայց ինչքա՜ն սարսափելի կլիներ այդ դեպքում ճոճանակի մոտիկությունը և ամեն մի շարժում՝ որքան կործանարար։ Եվ հնարավո՞ր էր արդյոք, որ դահճիս սատարներն այդպիսի անփութություն թույլ տային։ Մի՞թե ճոճանակի ուղին իսկապես հատում էր կապանքներս: Վախենալով կորցնել այդ թույլ և, հավանորեն, վերջին հույսը, ես այնուհանդերձ գլուխս բարձրացրի, որպեսզի ինչպես հարկն է զննեմ իմ կուրծքը։ Կաշվե գոտին պինդ գրկել էր ամբողջ մարմինս, բացի այն տեղից, ուր պիտի իջներ մահաբեր մահիկը:

Հազիվ էի գլուխս ետ դրել, երբ ուղեղումս մի նոր միտք փայլատակեց։ Ավելի շուտ դա երկրորդ, լրացնող մասն էր փրկության այն անորոշ գաղափարի, որի առաջին կեսը ծագել էր իմ գլխում, երբ ես չորացած շուրթերիս էի մոտեցնում ուտելիքը։ Հիմա այդ միտքն ինձ ներկայացավ ամբողջությամբ, թեև այն աղոտ էր, հազիվ թե ողջամիտ լիներ և այնքան էլ հստակ չէր։ Վհատության տենդագին եռանդից մղված, ես իսկույն գործի անցա։

Ընչաքաղց ու լկտի առնետները վաղուց արդեն վխտում էին իմ թախտի շուրջը։ Իրենց կարմիր աչքերը վրաս հառած, նրանք կարծես սպասում էին, որ ես բոլորովին ուժասպառ լինեմ, որպեսզի հոշոտեն ինձ։ «Հետաքրքիր է, ի՞նչ են ուտում սրանք այս հորում», ակամա մտածեցի ես։

Չնայած իմ ջանքերին, նրանք խժռել էին պնակի համարյա ամբողջ պարունակությունը։ Ես ձեռքս անընդհատ տարուբերում էի պնակի վրա, բայց այդ միօրինակ շարժումը շուտով կորցրեց իր ազդեցությունը։ Այդ անկուշտ արարածներն այնքան էին լկտիացել, որ հաճախ կծում էին նաև իմ մատները։ Ես վերցրի յուղոտ կերակրի մնացորդները, և, որտեղ որ ձեռքս հասնում էր, շփեցի կապանքներիս։ Հետո ձեռքս դրի կրծքիս և, շունչս պահած, անշարժացա։

Սկզբում առնետները խրտնեցին այդ անսովոր փոփոխությունից։ Նրանք տագնապահար ետ փախան, իսկ շատերը նույնիսկ մտան հորը։ Բայց ես զուր չէի ապավինել նրանց ագահությանը։ Տեսնելով, որ չեմ շարժվում, մի երկու համարձակ [ 82 ]առնետ ցատկեցին թախտի վրա և սկսեցին հոտոտել ինձ կապող գոտին։ Մյուսներն ասես ազդանշանի էին սպասում՝ առնետների նորանոր հրոսակներ իսկույն դուրս թռան հորից և նետվեցին դեպի թախտը։ Նրանք կառչում էին տախտակներից, մագլցում վեր ու հարյուրներով խլվրտում ինձ վրա։ Ճոճանակի համաչափ շարժումը նրանց ամենևին չէր անհանգստացնում։ Նրանք ճարպկորեն խույս էին տալիս մահիկի հարվածներից, շարունակելով կրծել գոտու յուղոտ մասերը։ Հարաճուն խմբերով նրանք վխտում էին մարմնովս մեկ, գալարվում կոկորդիս մոտ, սառը շուրթերով դիպչում բերանիս, ճնշում կուրծքս։ Սիրտս խառնում էր սառը, մածուցիկ գարշանքից, որի համար այս աշխարհում անուն չկա։ Բայց ես զգում էի, որ մի վայրկյան անց ամեն ինչ կվերջանա։ Գոտին թուլացել էր, դա նշանակում էր, որ այն մի երկու տեղ արդեն պոկված էր։ Անմարդկային ճիգով ես ինձ ստիպում էի անշարժ մնալ։

Վերջապես իմ ջանքերը վարձատրվեցին՝ համբերությունս զուր չկորավ։ Ես հասկացա, որ արդեն ազատ եմ։ Կաշվե գոտին ծվեն-ծվեն կախված էր մարմնիցս, բայց ճոճանակն արդեն համարյա կրծքիս էր քսվում։ Շապիկիս կտավը պատռվել էր, պատռվել էր նաև ներքնաշորը, ևս երկու հարված, և ես քիչ էր մնում ցավից ոռնայի։ Ձեռքի մի շարժումից իմ փրկիչներն անկանոն փախուստի մատնվեցին և ես, զգույշ ու սահուն, կողքի վրա դուրս սողացի կապանքներիս գրկից։ Հիմա ես, համենայն դեպս առայժմ, ազատ էի։

Ազա՜տ— և հավատաքննության ճանկում։ Հազիվ էի սարսափի այդ մահճից ոտքս իջեցրել գետնին, երբ դժոխային մեքենան կանգ առավ, և անտեսանելի մի ուժ նրան առաստաղից ներս ձգեց։ Այդ դաժան դասը հուսահատությամբ լցրեց սիրտս։ Իմ ամեն շարժմանն անկասկած հետևում էին։ Ես խուսափել էի մի մահից հանուն մեկ ուրիշի, ավելի սոսկալիի, քան մահն ինքը։ Այդ միտքն ինձ ստիպեց անհանգստությամբ զննել զնդանի երկաթե պատերը։ Սենյակի տեսքն, անկասկած, փոխվել էր ու արտասովոր դարձել, սակայն առաջին պահին ես չէի ըմբռնել այդ փոփոխության էությունը։ Մի քանի վայրկյան ես անկապ ու ունայն ենթադրություններ էի անում, բայց ոչ մի արդյունքի չհասա։ Վերջապես հասկացա, թե որտեղից է գալիս զնդանը ողողող խորհրդավոր լույսը։ Այն ծորում էր մոտ կես մատնաչափ լայնությամբ մի ճեղքից, որը ձգվում էր զնդանի [ 83 ]շրջագծով մեկ և, փաստորեն, պատերն անջատում հատակից: Ես փորձեցի այդ ճեղքից դուրս նայել, բայց, հասկանալի է, ոչինչ չտեսա։

Երբ մեջքս շտկեցի, սենյակի խորհրդավոր փոփոխությունն իսկույն հասկանալի դարձավ ինձ համար։ Ես արդեն ասել էի, որ չնայած բավական հստակ ուրվագծերին, զնդանի որմնանկարներն անորոշ ու խամրած գույներ ունեին։ Հիմա այդ գույները պայծառացել էին և գնալով ավելի սոսկալի փայլ էին ստանում։ Դժոխային այդ պատկերներն այնքան սարսռազդեցիկ ու ահարկու էին դարձել, որ նույնիսկ ինձնից անվրդով մարդը չէր դիմանա այդ տեսարանին։ Հազարավոր դիվային աչքեր բոլոր կողմերից, նույնիսկ այնտեղից, ուր առաջ ոչինչ չէր երևում, սպառնում էին ինձ ահարկու բոցեղեն մի փայլով, որն իմ երևակայությունն անկարող էր անիրական համարել։

Անիրակա՜ն... շիկացած երկաթի ավելի քան իրական շունչն արդեն այրում էր դեմքս։ Ամբողջ զնդանը լցվել էր հեղձուցիչ գոլորշիներով։ Իմ տառապանքներին հետևող դևերի աչքերն ամեն վայրկյան ավելի ու ավելի վառվռուն ու արյունարբու էին դառնում, նրանց արնոտ կերպարանքները սոսկալի բոսորագույն երանգ էին ստացել։ Ես խեղդվում էի, շնչակտուր էի լինում։ Ահա թե ինչ ոճիր էին նյութել իմ դահիճները, դժոխքի այդ դաժան վիժվածքները։ Ես ետ նետվեցի դեպի զնդանի կենտրոնը։ Շիկացած պատերի հարևանությամբ հորի խոնավությունը բալասանի պես հովացնում էր սիրտս։ Ես ծունկի իջա նրա մահաբեր պռունկի մոտ և ագահորեն ներս նայեցի։ Բոցավառվող առաստաղի փայլը լուսավորել էր ամբողջ հորը, և այնուհանդերձ առաջին պահին իմ հոգին մերժում էր ընկալել այն, ինչ ես տեսա... Քիչ անց տեսածիս ահավոր իմաստը վերջապես հասավ, ներխուժեց, դաջվեց իմ սահմռկող գիտակցության մեջ։ Աստվա՜ծ իմ, լեզուս չի զորում նկարագրել տեսածս... Ի՜նչ գարշելի, հրեշավո՜ր բախտ... Ես սուր ճիչով ետ մղվեցի հորից, և, դեմքս ձեռքերիս մեջ թաղելով, աղեկտուր լաց եղա։

Շոգը քանի գնում սաստկանում էր և ես, տենդից դողալով, նորից բացեցի աչքերս։ Մի նոր, այս անգամ ձևի փոփոխություն էր տեղի ունեցել զնդանում։ Ինչպես և անցած անգամ, սկզբում ես չհասկացա, թե ինչ է կատարվում։ Բայց իմ տարակուսանքը երկար չտևեց։ Երկրորդ անգամ խույս տալով պատժից, ես բորբոքել էի հավատաքննության վրեժխնդրությունը, և Մահվան [ 84 ]Արքան այլևս պահմտոցի չէր խաղում։ Ժամանակին զնդանը քառակուսի էր։ Այժմ երկաթե երկու անկյուն սրվել էին, իսկ մյուս երկուսը՝ համապատասխանաբար բթացել: Այդ սարսափելի փոփոխությունը շատ արագ էր կատարվում և ուղեկցվում էր սոսկալի ճռինչով ու որոտով։ Մի վայրկյանում քառակուսի զնդանը դարձավ շեղանկյուն, բայց փոփոխությունն այդ բանով չավարտվեց։ Ասենք, ես ոչ հույս ունեի, ոչ էլ ուզում էի, որ այն ավարտվեր: Ես արդեն պատրաստ էի հավերժական անդորրի կարմիր պատանքի պես կրծքիս սեղմել զնդանի շիկացած պատերը։ «Մա՜հ»— աղերսում էի ես,— «ի՜նչ մահ ուզում է լինի, միայն թե ոչ հորում»... Հիմա՜ր։ Ինչպես չէի հասկացել, որ շիկացած պատերի նպատակն ինձ հենց հորի մեջ գցելն էր: Ես ինչպե՞ս դիմանայի այդ դժոխային տապին, և եթե նույնիսկ դիմանայի, կարո՞ղ էի արդյոք դիմադրել պատերի սոսկալի ճնշմանը։ Ամեն վայրկյան շեղանկյունն ավելի ու ավելի էր սեղմվում, մտածելու ժամանակ չթողնելով։ Նրա կենտրոնը և, իհարկե, ամենից լայն մասը համընկնում է հենց հորի լայն բացված երախի հետ։ Ես հետ մղվեցի, բայց իրար ծալվող պատերն ինձ անգթորեն առաջ էին հրում։ Ի վերջո իմ խանձված ու ջղաձգվող մարմնի համար զնդանի հատակին մատնաչափ տեղ էլ չմնաց։ Այլևս չէի դիմադրում, իմ հոգեվարքը վերջապես լուծվեց մի երկա՜ր, բարձր ու հուսաբեկ ճիչով։ Ես երերացի, հայացքս ահով շուռ տվի և...

Մարդկային ձայների խառնաշփոթ աղմուկ լսվեց։ Մի տեղ, ասես միանգամից, բազում շեփորներ հնչեցին և հազա՜ր ամպրոպ դղրդաց։ Հրե պատերը նահանջեցին։ Ինչ-որ մեկը բռնեց իմ ձեռքը, երբ ես, գիտակցությունս կորցնելով, գահավիժում էի անդունդը։ Դա զորավար Լասալն էր: Ֆրանսիական բանակը գրավել էր Տոլեդոն։ Հավատաքննությունն ընկել էր իր թշնամիների ձեռքը։

  1. Խոշտանգում էր մեզ չարագործների ոհմակը երկար

    Եվ անմեղների արյունը ծծում։
    Ազատ է հիմա հայրենիքը մեր, չարի բերդն ընկած

    Եվ, մահին հաղթած, բարիքն ու կյանքն են այստեղ թևածում (լատ.)։

  2. Հրկիզում (պորտ.):
  3. Ծայրագույն սահմանը (լատ.)։