Բացել գլխավոր ցանկը

Երկերի լիակատար ժողովածու (հատոր 3-ին, Խաչատուր Աբովյան)/Վերք Հայաստանի/Գլուխ երրորդ

Գլուխ երկրորդ Գլուխ Երրորդ

Խաչատուր Աբովյան

Հավելված․ Զանգի
[ 143 ]
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ


Հայաստան աշխարհը շատ վախտ էր նեղության, ավերման տակ ընկել, ամա էս ամենիցը անց կացավ։ Սար ու ձոր դառել էր գողի, ավազակի բնակարան։ Ամեն կողմից Պարսիկք է՛նպես ոտը բարձրացրին հանկարծ, որ էլ դեմ կենալու ճար չկար։ Բայց էս նեղությունն էր, որ Հայոց էլ էն հոգին էր տվել, որ թե մեկ կողմից իրանց ազգին ոտի տակ էին տալիս, մյուս կողմից իրանք էին թշնամու արինը ծծելով ման գալիս։ Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ դոնմիշ էլել։ Էրակլի որդի Ալեքսանդրեն՝ որ Վրաստան առնելուցը եդը՝ փախել, Պարսից դուռն էր ընկել ու հարիր անգամ գլուխը քարեքար տվել, որ իր աշխարքը էլ եդ ձեռք քցի, էլ սար չէր մնացել, որ անց չկենա, որ բալքի թե իր սրտի մուրազը կատարի։ Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կարսպից գավառները՝ ձեռըները հինա էին դրել, թև առել, որ թռչին ու Ռսի իշխանությունը ստանան։ Հայ ազգին յա կրակ էին խոստանում, յա սուր, յա կոտորում, յա թալանում։ Ինչքան թույն ունեին՝ մեր ազգի գլխին էին թափում։ Յա պատիվ, մեծություն խոստանում, որ խաբեն նրանց, յա պատիժ, պատուհաս տալիս՝ որ վախենան, Ռսիցը ձեռք վերցնեն։ Շահիցը, սարդարիցը ֆարման ֆարմանի վրա էր գալիս, բայց Հայոց արդար սիրտը, ուղիղ սերը՝ որ Ռուսաց հետ ունեին, է՛ն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զավակ դոշըներին, առաջներին սուրն էր քաշվում, յա կրակումն էրվում։

Ինչ որ Պարսից կռվի ժամանակին Հայք արին, Աստուծո է հայտնի, ու ամենաողորմած Կայսրն էլ շնորհակալությունով ու հրովարտակներով, խաչով ու նշանով էս արած լավության տեղը շատ անգամ լցրեց։ Թող բազի հիմար, անաստված մարդ հայոց ոտը ձգի, թե մարդ չիմանա, քարերը վկայություն կտան։ Հալբաթ որ մեկ օր մեկ արդար, անաչառ մարդ Վրաստանու պատմությունը կգրի, էն ժամանակը կերևի, թե Հայք ի՞նչ արին, ի՞նչ հավատարմություն են ցույց տվել տերությանը, ի՞նչ արին են վեր ածել։

Ո՞վ չգիտի, որ էս հադաղին, ինչ ժամանակ Հասան-խանը արևմտից, Աբաս-Միրզեն արևելից՝ ավազակի պես հանկարծ էկան, մեր սահմանը (սնռը) կոխեցին, մեր կողմը ամենևին խաբար չունեին։ Ընչանք Ռուսք իրանց զորքը կհավաքեին, Ղզլբաշը կարող էր սաղ Վրաստան ոտի տակ տալ, եթե Հայք չէին ամեն տեղ նրա ճամփեն կտրել։ Միմիայն Ներսես ու Գրիգոր եպիսկոպոսաց, Մատաթովի ու Բեհբուդովի արածը բավական է, որ աշխարք իմանա, թե ի՞նչ հոգի ուներ էն ժամանակը մեր ազգը։ Առաջինը՝ խաչը ձեռին՝ Հայոց քարոզում, զորք էր հավաքում, որ գնան, արին վեր ածեն իրանց ազգի համար, երկրորդը՝ Երմալովի խնդրքովը եպիսկոպոսության շորերը [ 144 ] փոխած, չերքեզի շոր հագած, յարադ, ասպաբ կապած, որ Թիֆլիզու, Ղազախ, Բոռչալվի միջովը չէր անց կենում, հենց իմանում էր խալխը՝ թե իրանց փրկիչն էր գալիս։ Էն ժամանակը՝ որ Շամշադինի մովրովը հարիր մարդով հենց հասավ Մատուշկի ասած կարմունջը ու սարսափելով էլ եդ՝ եդ դառավ, չկարաց առաջ գնալ, էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով, հազար արինակեր հարամու գլուխ ջարդելով՝ Ղազախ, Բոռչալու անց կացավ, հասավ Շամշադին, իր հայրենիքը, իր ընտանյաց մեջը, գրաֆ Սիմոնիչին՝ որ Գյանջուցը փախած գալիս էր՝ իր բոլոր զորքովը՝ իրանց տանը երկար պահեց ու Երմալովի թղթովը բոլոր կառավարությունն ստացավ, մինչև Թիֆլիզուցը օգնություն գար։․․․․․ Գեղը որ Պարսիկք էկան, քանդեցին, գերի արին, ուր յոթանասուն տանից ավելի էր,[1] երեսուն մարդով հինգ հազար մարդի մեջ մտավ, առյուծի պես իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը եդ բերեց։ Էս միջոցին Երմալովն էլ էկավ, հասավ։ Մեկ պաս օր եպիսկոպոսիցը խնդրում ա, որ կռվի ժամանակին էլ պասին մտիկ չանի, բայց նա հսկայաբար պատասխան է տալիս. Պարսից միսը թողած՝ ի՞նչ հարկավոր է տավարի միս ուտիլ։ Էս միջումը Ալեքսանդր Վալին ու Զոհրաբ-խանը էկան, Շամշադինը կոխեցին ու քիչ էր մնացել, որ տակ ու գլուխ անեն։ Անմահ եպիսկոպոսը իր ընտիր Հայերով նրանց քամակը կտրեց, զորքըները կոտորեց ու հինգ Պարսիկ իր ձեռովը բերեց ու Երմալովին փեշքաշ արեց։ Սա էլ ճակատը համբուրեց ու շատ անգամ խնդրեց, որ իրան ասի, թե ինչ պարգև ա ուզում թագավորիցը բերիլ տա։ Անմահ եպիսկոպոսը էն խնդրեց, որ Շամշադինու ու Ղազախ, Բոռչալվի Հայ ազգը Թուրքի ձեռիցն ազատվի, չունքի մինչև էն ժամանակը նրանց ձեռին շատ նեղություն էին քաշում։ Խնդիրքը կատարվեցավ ու ինքն էլ արքայական պսակին ու թոշակին (պենսիա) արժանացավ։

Ո՞վ չի զարմանալ, որ սրա ախպեր Գալուստը՝ ինչ ժամանակ Հասան-խանի ձեռը գերի ընկավ ու ուզում էին, որ գլուխը տան, Նազի-խանը մեջ ընկավ ու նրան արձակիլ տվեց։ Սարդարն էլ էն պայմանավ նրան թողեց ու ֆարման տվեց, որ Շամշադնու, Ղազախ, Բոռչալվի մեծությունը որդոց որդիս նրան կբաշխեր, թե կարողանար Հայերի սիրտն առնիլ, նրանց դարձնիլ, որ ղզլբաշին ծառայեն։ Հրամանն էնպես էր տված, որ թե չորս օրվա միջի խաբար չբերի, գլուխը հազար կտոր պետք է ըլեր։ Բայց նա էս բոլոր արինը աչքի տակն առած՝ էկավ ու թղթերը Մատաթովին տվեց։ Հասան-խանը հազար ոսկի նրա գլուխը բերողին, երկու հազար՝ նրան սաղ-սաղ բռնողին էր խոստացել։ Շամշադնու սարերը, ձորերը գիշեր ցերեկ գող ու ավազակ ղլվլում էին, որ նրան բռնեն, իրանց պարգևն առնին, բայց շատին ինքը իր թրին պարգև արեց։ Էսքան անվանի, էսքան քաջության տեր էր էս օջախը, բայց էլի ով Գրիգոր եպիսկոպոսին տեսներ, հոգին հետը կերթար. է՛ն զարմանալի սրտի տերն էր, է՛ն քաղցր լեզուն, է՛ն անուշ բնութունն ուներ։ Երեխի պես կնստեր, կպատմեր, ինչ գլխովն անց էր կացել։ Բայց ի՞նչ հարկավոր է բանը երկարացնիլ։ Քանի Կավկասյան սարը կա, Մատաթովի ու սրանց արածը հավիտյան կհիշվի, կասվի։ [ 145 ]

Միթե Ներսես եպիսկոպոսը չէ՞ր, որ Գրաֆ Պասքեվիչի հետ մտավ Հայաստան ու Հայոց մեծ մասը քարոզելով, հորդորելով՝ Ռսի ձեռի տակը բերեց։ Քանի՞ քանի քաղաքներ, գեղեր դարդակվեցան ղզլբաշի ու Օսմանցվի երկրումը, ու քանի՞սն էր Հայաստան, Վրաստան նրանցով լցվել։ Ո՞ւր թողանք էն մեր հոյակապ իշխանքը՝ Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ աղեքն բայազդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանյան ղարսցի, որ ինչպես հայր՝ իրանց բոլոր հարստությունը վատնեցին, փչացրին, ու, իրանց աղքատ ժողովուրդը պահելով՝ բերին էս կողմը։ Էս օր էլ նրանց անունը տալիս՝ բայազդցիք ու ղարսցիք ուզում են երեսներին խաչ հանեն, էնքան անթիվ է նրանց հերությունն ու լավությունը ազգի վրա։

Միթե էս բայազդցիք չէի՞ն, որ երբ մեր զորքը նրանց քաղաքն առավ, մեկ քանի օրից եդը՝ հանկարծ Վանա փաշեն մեծ ղոնշունով որ էկավ, Բայազդի չորս կողմը բռնեց, էս քաջ Հայերը ատամների տակն առած՝ է՛ն տղամարդությունը ցույց տվին, որ դեռ Երևան չեկած, շատը աստիճան, խաչ ստացավ։ Էս օր էլ որ ողորմելիքը Թիֆլիզումը մշակություն անելիս, կամ բաղնսներումը ծառայելիս խոսք ա ընկնում, էն կտրատված շորըներիցը էլի իրանց խաչերը հանում, գոռոզությունով ցույց են տալիս իրանց արնի գինը։

Կարելի է՝ թե պատմությունը՝ որ Հայի համար քոռացել՝ մեծ մեծ ազգերի ա ղուլուղ անում, էլի մոռանա, բայց ազգասեր Հայն ի՞նչպես չպաշտի էն արծափեցի Մանուկ աղայի գերօրինակ քաջությունը ու հսկայությունը, որ դեռ Բայազիդ չառած՝ առյուծի պես քառասուն քաջ հայազգի քամակին՝ Մասսա սարին նայելով, իր ազգի մեծությունը միտքը բերելով՝ թև էր առել, սար ու ձոր ոտնատակ տալիս, փաշին ու բոլոր Բայազդու գավառը պահում, քրդերին քարեքար տալիս, հալածում։ Տասը տարուց ավելի էսպես իր աշխարքին տիրություն էր անում, վաթսուն մարդով՝ շատ անգամ երկու երեք հարիր Քրդի մեջ մտել, ջախըփուրթ արել, դուս էր էկել ու ինչ ժամանակ Պարսից կռիվը բաց էլավ, արծվի պես ընկել էր Մասսա էս կողմը ու Հասան-խանի ղոնշունը շատ տեղ կոտորել, ջնջել էր, էնպես որ խանը անճարացած՝ գրեց փաշին, որ յա Մանուկին կորցնի, յա թե չէ՝ հազրվի, որ վրեն կռիվ կգնա։ Հսկա, բայց տարաբախտ Մանուկ աղեն՝ էն օրը, որ էս խաբարն ընկնում ա քաղաքը, գալիս ա որ բարութ առնի։ Փաշեն, որ նրան աչքի լսի պես էր սիրում, կանչում, աղի արտասընքով խնդրում որ անպատճառ գլուխն առնի, քաշվի․ բայց քաջասիրտն Մանուկ իր տղամարդությանն ապավինելով՝ ասածն անկաջըվեր անում ու գալիս, մեկ դուքանի առաջի զրից տալիս, որ տասը Ղզլբաշ հանկարծ վրա չեն թափվում, վեցին էլ սպանում ա, ու հետո ա հոգին տալիս ու խաչվում։ Էս օր էլ ինչ բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս։ Լիս կտրի գերեզմանդ ու հողդ՝ անպարտելի հսկա։ Ա՜խ՝ երբ կըլի, որ քո հոգին մեր ազգի վրա իջանի, որ մենք էլ մեր ազգին քե՛զ պես տիրություն անենք, քե՛զ պես մեռնինք։

Ո՞ւր թողանք ղարաբաղցոց, երևանցոց ու լոռըցոնց արածները, որ [ 146 ] քար ու հող ղզլբաշի արնովը լվացել, արին են թափել։ Ղորդ ա՝ էն վաղուցվան հիանալի մելիքները չկային, ամա նրանց հոգին շա՛տ տեղ էր մնացել։ Ղզլբաշի շատ ղոնշունի գլուխը սրանք կերան։ Ա՜խ՝ ո՞ւմ մտքից կերթա էն հսկա կերպարանքը, էն գեղեցիկ պատկերը, էն անոշ լեզուն ու անօրինակ ռաշիդությունն ու սիրտը, որ շուլավերցի Սոսի աղեն ու մելիք Հոհանջանն ունեին։ Հրեղեն Վիշապի պես ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը, որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան, ու ինչ ժամանակ խաբարը նրանց է հասնում, թե Նեմեցի Կոլոնիեն տվին, քառասուն կտրիչ տղերք քամակին, իրանց մովրովն էլ մեջըներումը՝ է՛ն վախտն են վրա հասնում, որ քուրդ Օքյուզ աղեն վաղուց կոլոնիեն քանդել ու իրեք հազար մարդով եսրների կեսը կոտորել, կեսը առաջն արել՝ տանում ա։ Արինն աչքներն առած՝ ընկնում են էս մեկ բուռը զորքը՝ էն անթիվ բազմությունի եդևիցը՝ Քուրդ ու Ղարափափախ՝ եսրները տալիս են մեկ քանի մարդի ձեռք ու իրանք եդ դառնում։ Էս միջոցումը մովրովը Հայի ղոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը պրծացնի, միմիայն քաջն Սոսի մեկ[2] քարի տակի իր կտրիչ ընկեր մելիք Հոհանջանի հետ՝ ղայիմանում ու մեկը մեկին ձեն են տալիս. «Նամարդությունն ու թուլությունն տղամարդի համար ամոթ ա. քաջությամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել, մեր աշխարհի սիրով մեռել։ Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պետքը, որ էսպես օրը չենք թափիլ։ Չոլումը մեռնիլը տղամարդություն է»։ Ճանանչ Թուրքերը ձեն են տալիս՝ «Սոսի աղա՝ քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կբռնի, թե քեզ վրա թուր բարձրացնենք։ Մենք քեզ կտանինք, սաղ սալամաթ ճամփու կքցենք․ մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր»։ Բայց հսկայն Սոսի՝ կասկած ունելով, թե իրանց կբռնեն, եսիր կանեն, նրանց խոսքին չի նայում ու առաջի թվանքը որ չի քցում, Օքյուզ աղի տղեն է սֆթա ընկնում։ Կատաղած հարամին ընչանք վրա կհասներ, մեկ տասնը հինգ մարգ էլ սպանում են էս կտրիչ հսկայքը ու թուրըները հանած՝ երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մեջը առյուծի պես։ Ընչանք իրանց հոգին կտային, մեկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում, ու իրանք Աստծուն մատաղ ըլում։37)

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը՝ ո՜վ նահատակք։ Ձեր ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա։ Ի՞նչ Հայ ձեր անունը լսի ու գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտումը չգրի։ Մի՛ իմանաք, թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափվեցավ․ էդպես պատվական արինն էր, որ Աստուծո սիրտը գութ քցեց, մեր աշխարն ազատեց ու էս օր էլ՝ էն ձեր նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս։ «Հա՛յք՝ մեզ պես մեռեք, որ անուն ճարե՛ք»։

Էսպես օրինակներ հազարները կան, բայց էլի մենք մեր պատմության տուտն սկսենք։ Բարեխնամ կառավարությունը տեսնելով՝ որ աշխարքն էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց, որ Փամբակ, Շորագյալ քոչին, գան [ 147 ] Լոռի, որ իրանց պրծացնեն։ Աստված հեռու տանի, ինչ խալխի հալն էր։ Որի ախպերը չկար, որի հերը, որի որդիքը, որի մերը։ Ղարաքիլիսեն, ինչ տեղ որ իշխանն Սավարզամիրզա կենում էր, դառել էր սքատուն, գողադարան։ Անօրեն Պարսիկքն ու Թուրքերը ձորից, սարից օրը ճաշին, մեր աչքի առաջին, մեկ թվանքի մանգզիլ տեղ՝ վրա էին տալիս գազանի պես ու տավար, մարդ եսիր անում, կամ տանում, կամ գլուխը կտրում։ Ո՛չ ցերեկն ունեինք քուն, ո՛չ գիշերը։ Մեկ ձիու ոտի կամ թվանքի ձեն մերուցը գալիս՝ աշխարքն աշխարքով էր դիպչում։ Հերը որդին ուրանում էր, ու աչքը ջուր կտրած, շլինքը ծուռը՝ մտիկ անում, թե հրես որտեղ որ ա, հարամին կգա, նրան սուրը կքաշի։ Մեկ դասթա սալդաթ ու մեկ քանի ղազախ, որ գնացել էին ճամփեն բռնեն, էնպես ջարդված, յարալու փարալու եդ էկան, որ մարզի գլխին կրակ էր վառվում։ Մեկ օր Նազի խանը էսպես վրա տվեց, Ղշլաղ ասած գեղն էրեց ու Ղարաքիլիսու վրա էկավ։ Էլած չէլած ղոնշունը՝ թոփերն առած՝ քաղաքի առաջ կտրեց, խալխն էլ տուն ու տեղ բաց թողին, ու իրանց էրեխեքանց ձեռը բռնած՝ գնացին, թոփի տակը մտան։ Ռուսաց քաջ հոգին էր՝ որ մեզ ազատեց։ — Վաղուց էինք սրբություն առել ու մեր սև օրին աչքըներս կթել։ Խալխը քոչիլ չէր ուզում, չունքի սրի ձեռիցը սովի ձեռը պետք է ընկնեին, ու չէին ուզում էլ, որ իրանց քաղցր հողիցը բաժանվին։ Մտքիցս չի գնալ էն դառն օրը, որ հրամանն էկավ, թե անպատճառ քոչին։ Ո՞վ կուզեր ախր էն տունն էրել, որտեղ որ իր հերնը մերը կացել, իրան կաթը տվել, պահել, մեծացրել, մեռել էին։ Էն իգին իր ձեռովը քանդիլ, որ դառը քրտնքով բհամ բերել, էն տեղն էր հասցրել։ Հաջաթ, զարդ, տան կայենք, ինչ կար չկար՝ բոլոր կրակ տվին, ինչ ժամանակ Ռսի ժամի մուխը տեսան, որը որ մեծավորը ի՛ր ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սքով, իր քաղցր, ազիզ սիրելյաց գերեզմանը համբուրիլ, բարով մնա ասիլ իրանց հողին, ջրին, թոփի, սալդաթի մեջն ընկնիլ ու Դվալի սարի էն կողմն անցնիլ։ Դեռ կիսաճամփի էինք, որ Նազի-խանը իր ղոնշունովը էկավ. մտավ Ղարաքիլիսա ու սարի դոշիցը՝ ամեն մարդ իր տան կրակի ծուխը տեսնելով, քթի ծուխն էլ հետն էր դուս գալիս, ու աչքը խփում էր, որ էս կսկիծն էլա չտեսնի։ Քոչվորի մեկ տուտը Ջալալօղլի էր հասել, մեկը դեռ հլա սարի էն կողմն էր։ Թուրքերը՝ ջամդաքակեր գիլի պես գլխըներիս պտիտ էին գալիս ու սարից, ձորից թվանքները մեզ վրա կրակում։ Էն օրը գնա, ո՛չ եդ գա՝ ինչ մեր հալն էր։ Լացի, սրի ձենը երկինքն էր հասել, լսողի, տեսնողի սիրտը էրում, փոթոթում։ Խալխը սար ու ձոր լցվել, իրար վրա էր թափել, ո՛չ տուն կար, ո՛չ տեղ, ոչ հաց, ո՛չ ապրուստ։ Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի, գնաց, նրա մոտ վեր էկավ․ ով հարուստ էր՝ գլուխը պահում էր․ ով մեկ աստվածասերի ռաստ էր գալիս՝ գեղարենքումը իր քյուլֆաթին մեկ տաք գոմ էլա՝ ճարում, նրանց տեղավորում էր, ով չէ՝ սարում, ձորում, էրում, քարափում բուն փորում, մեջը մտնում ու գլուխն ու մեջքը լեռ քարին տալիս։ Լոռվա ձորի մեջը էս գլխիցը էն գլուխը՝ խալխ էր, որ իրար վրա վեր էր թափել. շատը հողն էր ծակել՝ մեջը մտել, շատը փեդեր իրար վրա տվել՝ տակին կուչ էկել, բայց հաց, շոր, ապրուստ ո՞րդիանց ստանային ողորմելիքը։ Հացի կոտը դառավ օխտը, ութ մանեթ, էն [ 148 ] էլ չէր ճարվում։ Սարերումն՝ էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին։ Ձուկը բռնելով, ֆորս անելով՝ ի՞նչպես կարելի էր տուն պահիլ, քչիցը ամեն մեկ տան տասը ջան կըլեին։ Էլ սատկած տավար չմնաց, որ չմորթեն, չուտեն։ Շատ հեր, շատ ախպեր իրանց օղլուշաղի, քոռփա էրեխեքանց ձենին չդիմանալով[3], տասնով, քսանով հավաքվում, գլխըները փեշըներն էին դնում, էլ եդ թաքուն Փամբակ գնում, որ հաց բերեն. բայց ա՜խ՝ որը եսիր էր ընկնում, որը գլուխը թշնամուն տալիս, իր տունը քանդում։ Ձմեռն էլ էկավ, վրա հասավ։ Մարդ, անասուն սովի, ցրտի ձեռիցը ազար ընկավ. Աստված ոչ շհանց տա, ինչ էս խեղճերի հալն էր։ Քար էր, որ գերեզման էր դառնում, հող էր, որ ջիվան, ջիվան երեխեք՝ իրեք, չորս օր սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում։ Մեկ հացի ֆոտ դուս գալիս, հազար աղքատ՝ շլինքը ծուռը դուռըդ կտրում, չտայիր՝ սիրտդ էր էրվում, տայիր՝ երեխեքդ մնում սոված. կարոտ էինք մնացել, որ ցամաք հացն էլա կուշտ փորով ուտենք։ Ով ինչ զարդ, զինքս ու զարդարանք, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ, որը ծախեց, որը գրավ դրեց։ Շատը որդիքը տարան Շուլավեր, Բորչալու եսիր տվին։ Իմ տան տերը դերձիկ էր. որ գնում չէր, բանում, ու մեկ քանի շաբթից եդը մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք, թե երկնքիցը հրեշտակ է գալիս։ Էսպես հազարավորք մեռան, սովամահ էլան, ու շատ փայն էլ էկավ ընկավ Վրաստանու հոզը ու գլուխը պրծացրեց, էսպես ա Հայն իր խեղճ օրը հազար տարի պահել, իրան էստեղ հասցրել, մեկ թշնամի ոտը բարձրացնելիս՝ նրա գլուխը ջարդվել, նրա տունն ու տեղը քանդվել։ Էլ ի՞նչ անօրեն, անգութ մարդ պետք է ըլի, որ Հայի միսն ուտի ու նրան չխղճա։ Հիմիկ էս թողանք, գնանք էլի մեր սիրելի Աղասու մոտ, տեսնինք, ո՞ւր մնաց, ու[4] ինչպես պետք է նրա բանը վերջանա։


Էս խառը, դառը, ալեկոծյալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին՝ հինգ տարի սարեսար, քարեքար ընկած, հինգ ընկերիցը երեքը կորցրած, երկուսը քամակին՝ մեկի անունը Կարո, մյուսինը Մուսա, մեկ տասը քսան Քրդստանցի Հայ էլ իր թրի տակը բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս։ Մեկ օր Անի էր ըլում, մեկ օր Ղոշավանք ու էստեղ էնտեղ չափմիշ անելով, գլուխը պահում էր, որ յա ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլ ա սպանի, հետո հողը մտնի, որ սրտումը դարդ չըմնա։ Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր Ղզլբաշի գլուխ էր թրին մատաղ արել։ Էստեղից էր, որ վրա հասավ, ու իր չար թշնամի Հասան-Խանին ճանկեց. ամա ջահելություն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին, նա խաբվեց ու հազիր ձեռն ընկած ֆորսը էլ եդ բաց թողեց։

Մեր կարդացողների լավ մտքին կըլի, որ նա՝ երբ Քանաքեռ Սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ էնպես մնաց ազիզ Թագուհու ու իր արածի վրա սառած, կանգնած։ Ընկերներն էլ ժամանակ չկորցրին, գիտեին, որ բոլորի վերջը մահն է, էլ ո՛չ հոր մտիկ արին, ո՛չ մոր, Աղասուն կապեցին ձիու վրա ու ընկան Աբարանու սարը, որ կամ Փամբակ փախչին կամ Ղարս կամ Ախալցխա, որ իրանց գլուխը թափեն։ Էրկու սհաթից [ 149 ] եդը ինչ Քանաքռու հալն էր՝ Աստված ոչ նշանց տա։ Սուք ու շիվանն ընկավ գեղը․ տուն էր՝ որ քանդում էին, մարդ էր՝ որ փեդ ու միս էին արել, փախածներին պտրտում, նրանց հերնը մերը, օղլուշաղը թրի տակ արած՝ մեկ սհաթի միջումն որի շլինքը թոկ քցած, որի ձեռները եդևին կապած՝ ոչխարի պես առաջ արին, որ տանին սարդարի դուռը։

Որդի էր առաջները գալիս, որ հոր ճտովն ընկնի ու իր վերջին բարովն առնի․ աղջիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին տա, հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտըներովը փաթաթվում, որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում։ Քար էր ընկնում ձեռըները, վրներն էին քցում, փեդ էր պատահում՝ գլխըներին խփում։ Շատին էլ տան սներիցը կապել՝ էնպես էին չիփ չփլախ ոտին, գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը գետինը։ Սաղ գեղը պոկ էր էկել․ որը գլխաբաց, որը բոբիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած՝ արնաթաթախ, երեսը պռճոկելով՝ գլխին, դոշին տալով, որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր։ Քեդխուդեքն էլ հո՝ ձեռ ձեռի կապած՝ էնքան ոտի, թվանքի տակ էին ընկել, որ ջանըներումն էլ սաղ տեղ չկար։

Էս հալին մտան Երևան, գնացին բերդը։ Կնանոնցը քարով, փեդով դեն արին, մարդքերանցը ներս քաշեցին ու անկուշտ Երևանի բերդը ատամները սրեց, որ էս նոր էկած ղոնաղներին էլ փորումը լավ տեղ տա, մարսի։ Երկար վախտ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոնցը դրսիցը իրար էին հասնում, իրար գլուխ լալիս, մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց, աշխարք դինջացավ, դահիճքը կատաղեցին։ Էս միջոցին խաբար հասավ Սահակ Աղին։ Էս Երևանու Հայերի փրկիչը՝ որ ազգով, պապով էնքան հոգի, տուն ազատել էին բանդից, մահից, սրից, թրից, որ թիվ ու համար չկա։— Ձին թամքած՝ տանը հազիր էր․ թռավ ձիու քամակը ու նոքար, բեքար առաջն արած՝ է՛ն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ օղլուշաղ՝ քար, հող ուզում էին պոկեն, գլխըներին տան. բայց քարն էնքան անիրավ չէր, որքան անաստված ֆառաշները։ Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրեց, տասը տեղ գունդ ու կծիկ անելով մնաց քամակի վրա ընկած։

«Հենց է՛ն սհաթին փորդ վեր կածեմ, ասեց, սատկած շուն, քո ի՞նչ հադդն ա կնիկարմատի ձեռ վրա բերես։ Կապեցե՛ք էդ շներին․ հենց էս սհաթին դրանց թոզը քամուն տալ տամ, դրանց սոյին նա՛լաթ»։ Էս խոսքի վրա նոքարները էլ վախտ չի կորցրին։ Վրա թափեցին ու հենց էն ա՝ էստեղ, էնտեղ շատին բոզմիշ արել, ուզում էին ոտ ու ձեռ կապեն, որ բիրդան Սվանգուլի-խանը բերդիցը դուս էկավ։ Թուրքերի միջին՝ կարելի է մեկն էլա էնքան Հայի թասիբը չէր քաշում, ինչքան էս օրհնած Խանը։ Նրան էլ որ էն դհիցը դուս գալիս չտեսան՝ Թուրք, Հայ մնացին փեդացած, կանգնած։− Բայց ո՞վ էր կարող էս հադաղին էն նաչար, ջրատար եսըրների օղլուշաղի ձեռ ու ոտ կապիլ։ Հարայ տվին ու ընկան ձիու ոտը. «Խա՛ն՝ գլխովդ ման տանք, ոտիդ հող դառնանք, մեր ձեռն ա քո փեշը․ վերևումն Աստված, ներքևումը դու՝ մեզ տար, ջուրն ածի՛ր, մեզ էս տեղ սպանի՛ր, սուրը քաշի՛ր, ձիուդ ոտի տակին մատաղ արա՛, մեղ մի ճար արա՛»։

Բարեսիրտ Խանը ձին եդ քաշեց, ֆառաշներին ղամշելով՝ դեն արեց, որին իսկույն վեր քցիլ, բերանը հող ածել տվեց, որի ատամներն ու [ 150 ] գլուխը մաշկի նալչով լավ տրորիլ տվեց, մյուսներին էլ բերդն արեց ու ինքը աղլուխը աչքին դրած՝ սկսեց ձեռը մելիք Սհակի գոտիկը քցիլ ու ասիլ. «Ա՜խ՝ ճամփեն փուշ ու տատասկ դառնար էս անիծած Ղաջարի, որ մեր հողը չմտներ։ Աշխարքը քանդեցին, Աստված մեկ քար էլա, չի քցում սրանց գլխին, որ սատկին, փչանան։ Էս ի՞նչ ա էս խեղճ խալխի հալը։ Մեկ աղչկա խաթեր էսքան տուն քանդիլե՝ Աստված ի՞նչպես ա ղաբուլ անում։ Աստված մեր թուրը մեկ օր մեր սիրտը կցցի։ Էս զուլումին քարը չի դիմանալ, ո՞ւր մնա մարդը։ Գնա՛նք, մա՛լիք, գնա՛նք, կես սհաթ որ եդի վրա հասնինք, էն խեղճ բռնվածների տունը կքանդեն, յա աչքները կհանեն, յա գլխըները կկտրեն։ Աֆարիմ՝ Ա՛ղասի՝ էս սհաթին էստեղ ըլի՝ աչքին պաչ կանեմ։ Ռաշիդ տղեն էնպես կըլի, ամա ի՞նչ անես, որ անօրենի ձեռի տակ ենք մնացել։ Գնանք՝ վախտ կորցնիլ պետքը չի»։

Էսպես խոսեց էս արժանահիշատակ Թուրքը, որ ամեն սհաթի Հայերի համար գլուխը եդ էր դրած։ Նոքարներին հրամայեց, որ էն կնանոնցն ու Թագուհուն իր տունը տանին, ընչանք ինքը գա, ու ինքը Սհակ Աղի հետ մտավ բերդը։ Ղարավուլները սրանց որ տեսան, մնացին փեդացած կանգնած։ Երևանու բնիկ Թուրքերը, որ Հայի հետ մեկտեղ մեծացել՝ ախպոր պես էին վարվում, Սարդարին, Հասան-խանին անիծելով, թքելով, Ղզլբաշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում․ «Տե՛ր Աստված, ե՞րբ կըլի, որ քո ողորմության դուռը բացվի ու մենք էս անիծած Ղզլբաշի ձեռիցը մեկ օր ազատվինք»։ Չունքի սրանք երլու ըլելով՝ չէին ուզում, մեկ օր էլա, նրանց ծառայեն ու շատ անգամ Հայերի հետ միացել, քշել էին նրանց, ամա թրի զոռով էկել էլ եդ երկիրը զավթել էին։

«Սարդար ղուրբան՝է ասեցին Օվանղոլլի– խանն ու Սհակ Աղենք ու. ձեռ ձեռի տված՝ ընկան դիվանխանևն հենց է ն սհաթին, որ խեղճ Հայերի կոներն ու աչքերը կապել չոքացրել էին, որ գուխները տան Դա հիճները թոլրըները սրել, գլխըներին կանգնել էին։

«Սարդար՝ գլխի՛դ ղուրբան» ասեցին Սվանգուլի-խանն ու Սհակ Աղեն, ու ձեռ ձեռի տված՝ ընկան դիվանխանեն հենց է՛ն սհաթին, որ խեղճ Հայերի կռներն ու աչքերը կապել՝ չոքացրել էին, որ գլխըները տան։ Դահիճները թուրըները սրել, գլխըներին կանգնել էին։ «Սարդար՝ մեր գլուխն էլ սրանցի հետ տուր», ասեցին, չոքեցին ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն։ «Տուն, մալ, դովլաթ, օղլուշաղ, գովում, ղարդաշ՝ գլխիս եսիր ըլին։ Ձեռըներիցը բռնի՛ր, ջուրն ածի՛ր, մեր հոգին ա՛ռ, ու էս անմեղ խալխին սուրը մի՛ քաշիր։ Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը՝ քեզ տեսնելիս՝ բերանը կփակի, ոտդ թափ տաս՝ երկիրը թև կառնի, կթռչի․ արարած աշխարքը թրիդ առաջին ղուլ ա դառել. անունդ երկնքումն ա ձեն տալիս, ոտդ՝ որ տեղ դնում ես, ծաղիկ է դուս գալիս. աչքդ՝ որ տեղ քցում ես՝ արեգակ է բաց ըլում․ ի՞նչպես ես մեկ լաչար աղչկա խաթեր, մեկ երկու նոքարի խոսքով՝ էսքան տուն քանդում, բաս ո՞ւր մնա քո ռահմն ու քյարամաթը՝ որ ալամ աշխարք տեսել՝ զարմացել ա։ Ի՞նչպես ես էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս։ Քո քոշք ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես արնի տեղ շինում։ Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խնայի՛ր։ Սրանք ի՞նչ են արել, որ մեկ տղի, մեկ թուլի, հարամու գլխին եսիր ես անում»։

«Երկինքն էլ ա քոնը, ի՛նչ թե երկիրս։ Արարած աշխարքս քեզ ա գլուխ վեր բերում, մեկ աղչիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունն [ 151 ] ուզում ես, քանդես։ Աղչիկ ես ուզում՝ հազարը կա։ Ո՞ւմ աչքդ առնի, որ քեզ մատաղ չըլի։ Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղչիկն ո՞ւմ շունն ա։ Դո՞ւ չես, որ էդ հալալ բերնովդ ամեն օր ասում ես՝ Հայերը քո աջու թևն են, քս երկիրը շենացնողը, խազինեդ լցնողը, քո թուրը կտրուկ[5], երեսդ պարզ անողը նրանք են։ Ի՞նչ կըլի, որ էս սհաթին քո ցասումդ մեզ վրա թափես, սրանց խեղճ գաս։ Ասլանին ի՞նչ փառք, գառի գլուխը ջարդի։ Չէ՞ սրանք քո չրազն են, քո ըմբրիդ դվաչին․ ընչի՞ ես նհախ տեղը կորցնում։ Անողը պետք է հանած․ սրանք ի՞նչ մեղք ունին։ Ում ձեռն արնոտ ա՝ նրա աչքը պետք է հանած․ սրանք ի՞նչ են արել Սա՛րդար, երկնքի, երկրի տեր. Սարդա՛ր՝ դու չես մեր շլինքը տալ, մե՛նք մեր թուրը մեր սիրտը կխրենք։ Թե մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի՛ր։ Քո դռան շունն ենք, մեզ մի՛ կորցնի՛ր»։

Էսպես աղաչանք արին ու թրըները տարան, Սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փեշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխըները գետնին կպցրին, որ տեսնին, թե բանն ինչպես ա վերջանում։

«Ձեռներս կապում եք՝ Խա՛ն, Մալի՛ք․․․»․ սկսեց Սարդարը բերանը բանալ․ «ի՞նչ անեմ. ի՞նչ կըլեր, մի քիչ եդի էիք եկել։ Ինչքան բարկացած էլ որ ըլիմ, ձեզ տեսնելիս՝ թուրը ձեռիս՝ ձեռս թուլանում ա։ Մինչև ե՞րբ էս կրակը մեր երկիրն էրի։ Հայ ազգը ո՛չ թրից ա վախենում, ո՛չ թվանքից, ո՛չ թոփից։ Կրակն ես քցում՝ էլի իր հավատն ա պաշտում, ծառին ես կախ անում՝ միսը պոկում, բերանը տալիս՝ էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս։ Էս մեկ կտոր փեդն ի՞նչ ա, ախր որ սրանք էսպես ապավինել են․ որդին ես քաշում՝ ինքն ա հետը կրակն ընկնում. հորըն ես բռնում՝ որդին ա գլուխը մահի տալիս։ Սրանց մեկ կնիկ են տալիս, մեր օրենքը՝ քանի որ քեֆդ ուզի։ Ռահաթություն, մշակություն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարոտ, մենք սրանց խանություն, բեգություն, աշխարք, պատիվ, դովլաթ, մեծություն ենք տալիս․ ախր ընչի՞ համար չեն խելքի գալիս․ մեր մասսաբին, օրենքին հավանում, մեր հավատը ընդունում, պաշտում։ Բոլորը ջնջես՝ աշխարքը կքանդվի, չունքի երկիր շենացնողը, հաց տվողը սրանք են։ Արևի, անձրևի, կոռի, բեգյարի տակին չորացել՝ չոփ են դառել, էլի որ մեկի մազին դիպչում ես, ասլան ա դառնում, մարդի պատռում։ Էսքան մեր ազգը սրանց կոտորեց, եսիր տարավ, աշխարքը քանդեց, էլի խելքի չէկան։ Շահություն էլ որ խոստանում ես, իրանց գլուխն են դեմ անում, էլ ի՞նչ ասես։ Մեկ մարդ փլավի, մսի տեղ՝ խոտ, բանջար ուտի, ամսներով պաս պահի, ցամաք հացի ապով մնա, ախր էն գլխումն էլ ի՞նչ խելք կըլի։ Ախր ի՞նչ սատանա է սրանց սիրտը մտել, սրանց ճամփից հանում։ Մեր փեղումբար Մահմադն ասում ա՝ թշնամուդ աչքը հանի՛ր, սրանց Քրիստոսն հրամայում, որ նրան սիրես, քո աչքդ հանես, նրան տաս, նրան օրհնես, թե քեզ հալածի։ Էս խե՞լք ա։ Հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս․ սրանք ո՞նց են իրանց որդիքը իրանց ձեռովը մատաղ անում։ Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունին, տեսնին՝ մեր շահն ի՞նչ փառքի սրանց կհասցնի։ Ջաֆար-խանին [ 152 ] թող մտիկ անեն․ մեկ ղարաբաղցի հոդաղի տղա էր, որ եսիր արի, հմիկ աշխարքի տեր ա դառել։ Խոսրով-խանն ո՞վ էր, ո՞ւմ որդի, էնպես էլ Մանուչար-խանը, հմիկ սաղ Իրանը զավթել են, շահն էլ են նրանք, շահզադեն էլ։ Շահի հոգին նրանց ձեռին ա. ասեն, նստի՝ կնստի, վեր կա՛ց՝ վեր կկենա․ ինձ նման հարիր սարդար, խան, շահզադա՝ նրանց ձեռին են մտիկ տալիս։ Ստամբոլ են գնում Հայի տղերքը, վազիր ու փաշա են դառնում․ Թեհրան են ընկնում, նադիր ու խան. սրանից ավելի էլ ի՞նչ պատիվ կուզի մարդ որ ստանա, ու սրանք էսպես քարացել՝ ոչինչ չեն ընդունում։ Մեր կուռը բեզարեց՝ սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ՝ սրանց սպանելով, սրանք՝ էլի հենց գիտես՝ թե խիարի սերմ ըլին. մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում, էլի կտրածի տեղը բռնում։ Մարդ կուզի օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը իրանք են մահու տալիս, իրանց օրը իրանք խավարացնում։ Մեռնին իրանց հավատովը, դժոխքը պետք է գնան, սատանի ձեռքը։ Մեկ կտոր պանիր ուտիլն, մեկ ուշունց տալն, մեկ արած մեղքը չասիլն ի՞նչ զատ է, որ սրանք էնպես կարծում են, թե իրանք դևի փայ կըլին, թե որ չպահեն։ Մեր հավատովը կեր, քանդիր, խլիր, սպանիր, քեֆ արա, աշխարքի վայելչությունը քաշիր։ Կնիկդ փիս ա՝ դուս արա՛, ուրիշի ա՛ռ, ո՛չ պաս, ո՛չ ծում, աչքդ ի՞նչ սիրի՝ էն կե՛ր, էն հաքի՛ր, մաշի՛ր. մեկ չոռ ասողի աղիքը վեր ածա, քեզ ծուռը մտիկ անողի՝ աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, գնաս էն կյանքը, ի՞նչ դժոխք, ի՞նչ պատիժ, առաջիդ էլի հազար մոյդա ու աղչիկ պար կգան, քեզ քեֆ շհանց կտան։ Վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա, սրանից ավելի փա՛ռք։ Էստոնք թողած՝ հոգի ու հավատ կորցրել են էս հիմարները, էս դինումը ջոկ են տանջվում, էն դինումը հո՝ էլ ի՞նչ ասիլ կուզի, չունքի դրախտի բալանիքը մեր փեզամբարի ձեռին ա։ Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում։ Ծծկեր երեխեն էլ Թուրքի անունը տալիս՝ ուզում ա մարդի կտրատի։ Էլ ի՞նչպես համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր։ Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս եկան, շունչ առան ու տեղն ընկած վախտը մարդի սաղ սաղ ուտում են. սրանց արածին ո՞վ կդիմանա։ Հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերին (ծառա) ա սպանել, ախր ի՞նչ անեմ, սիրտս բերնովս դուս ա գալիս, ի՞նչպես չի սրանց ղիմա ղիմա անես։ Ախր նա էս օձերի ճուտն ա, ընչանք մորը չսպանես, ձագը ձե՞ռ կընկնի»։

«Խա՛ն, մա՛լիք՝ էլի ասում եմ, սրանց արածը տանելու չի, ամա դո՛ւք եք էկել իմ դուռը, ի՞նչ անեմ, ի՞նչպես եդ դարձնեմ։ Որ սիրտս ուզեք, գիտեք որ կըհանեմ, ձեզ կտամ։ Սրանց գլուխը ձեր արևին սադաղ․ թո՛ղ, բխով քցեն դրանց ոտներն ու շլինքը, ու բերդումն ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան եդ գա։ Հորնը մոր արինը քաղցր ա, վաթանի հողն ու ջուրն անոշ։ Թո՛ղ՝ սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ եդ դառնան, թե չէ՝ բանը փիս կգա։ Կուզեմ, որ է՛ն, է՛ն, է՛ն բեդովլաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ էն սուրահի բոյին նայեմ, հետո միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա։ Թո՛ղ՝ նա էլ, ուրիշիներն էլ լավ իմանան, թե Սարդարի հրամանը գետինը չի պետք է քցած․ սրբի պես պաշտած՝ [ 153 ] որ մեկն էլա՝ չի համարձակի էսպես բանն անիլ։ Թե չէ` Հայերը գել կդառնան, մեզ կուտեն։ Էլ էս երկրումը կենալ չի՛ ըլիլ»։

«Ասում եմ ձեզ՝ ա՛յ աղսախկալուք (ծերունիք)՝ ղուռանի զորությունը գիտենա, թե առնին ձեր որդիքը՝ երկինքը թռչին, էլի նրանց վեր բերիլ կտամ․ գետնի տակը մտնին, յա ծովի, կհանեմ, թիքա թիքա կանեմ․ նրանք որ չգան․ սաղ Հայ ազգը թոփի բերնին կապիլ, քցիլ կտամ․ թե խելք ունին, ձեզ խեղճ գան, եդ դառնան։ Հազար ձիավոր՝ նրանց եդևիցն ընկած՝ սար ու ձոր ոտի տակ են տալիս, Ղազախ, Ղարափափախ նրանց արինը խմում, թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջները կմնա․ ձիու պոչից կապիլ, քաշ տալ կտամ, թո՛ղ ձեզ խաթր անեն, եդ գան, թե չէ՝ որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք։ Քյաբ ու ղուռանով։ Շահի գլխովն օրթում եմ ուտում, ասածս ասած ա, դուք գիտեք։ Գնացե՛ք․ էս օր կգան՝ ազատ եք, էքուց կգան՝ նմանապես, ձեր ու ձեր խալխի կյանքը՝ նրանցիցն ա կախ․ թե եդ գան, բալքի թե սիրտս ռահմ ըլի ընկած, բարկությունս անց կենա, նրանց չսպանեմ։ Սար ու ձոր առաջիս դողում են, նրա՞նք պետք է ինձ դեմ կենան։ Գնացե՛ք, միտք արե՛ք, ձեր գլխի դարդը քաշեցե՛ք»։ Էս խոսքի վրա Սվանգուլի-խանն ու Սհակ Աղեն վեր կացան, աթոռի ոտն ու Սարդարի փեշը համբուրեցին ու հազար անգամ գլուխ տալով, ռռը ոռ անելով դուս գնացին։

Բանդը բաց արին ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս, դուռը վրըները փակեցին, նրանք աչքըները բաց արին։ Թագուհին էլ էնքան ոտին, գլխին տվել, երեսը չանգռել էր, որ էլ Սարդարի երեսը չկարացին բերել։ Սվանգուլի խանը տարավ իր տունը, որ նրա հոքսն էլ քաշի, նրան էլ ճար անի։

Բայց ինչ մեր Աղասու հալն էր, Աստված ո՛չ շհանց տա։ Ձեռն ու ոտը կապած՝ դժոխքը փորումը, սադայելյան չար հրեշտակները գլխին պտիտ տալով, Զանգվի վրովն անց կացրին, ու հենց բռնես՝ սար ու ձոր բերանները բաց՝ նրանց ըլին ուզում կուլ տան, էնպես փախցրին նրան՝ նրա քաջ ընկերքը։ Շատ տեղ իրանից գնում, քիչ էր մնում ձիուցը վեր ընկնի, էլի ընկերքը հասնում, երեսին ջուր էին ածում, անկաջները տրորում, եդ բերում. էլի նրա սիրտը գնում, ձիու գլխովն էր ուզում ընկնի։ Բազի վախտ՝ որ բիրդանբիր՝ «Թա՛գուհի, նանի, բա՛բի, Նա՛զլու» չէր ձեն տալիս, քար ու հող ուզում էին կրակվին։ Հենց մութը գետինն առավ, նրանք նի մտան Աբարանու[6] քանդված եկեղեցին․ չունքի օրն էլ կարճ էր, արեգակը՝ քիչ էր մնացել մեր մտնի, որ նրանք գեղիցը դուս էկան։ Ձիանքը որ շունչ չէին քաշում, աչքըները արին էր քցում, քիթ ու բերան՝ կրակ։ Ամեն մեկ շունչ քաշելիս՝ փոր ու աղիք իրար էին կպչում, էնքան էին քշել։ Վաթոն սկսեց ձիանը ման ածիլ․ Կարոն՝ սար ու ձոր աչքի տակն առնիլ, ղարավուլ քաշիլ, Մուսեն՝ Աղասուն ուսին դրած՝ մտավ եկեղեցու խարաբեն, գլուխը դրեց գոգը, ձեռը երեսին, ու աչքը երկինքը քցեց, որ իմանա, թե աստղերն ի՞նչ են ասում։ Մեկելներն ընկան դես ու դեն, որ ձիանոնց համար մի քիչ եմ (ուտելիք) ճարեն։ Բայց էն վախտին չոլումն ի՞նչ կըլեր, խոտի [ 154 ] չոփերն էին մնացել տեղ տեղ ցից, ցից կանգնած։ Երկինք՝ աչք ու ունք կիտած՝ իր չարխը պտտում էր. հանդարտ լուսինը ամպերի տակիցն մեկ երեսն հանում, շհանց տալիս, մեկ էլ ծածկում, կորչում էր։ Գերեզմանատունն էնքան սարսափելի չէր ըլիլ, ինչպես էս յաբանի չոլը։ Ամեն մեկ սարի արանքից կամ քարի տակից՝ դժոխքի ձեն էր գալիս։ Գել, չարխալ, արջ մեկ կողմից, դառնաշունչ բորյազը, որ էս տեղ օրը ճաշին մարդի աչք ու բերան կալնում, խեղդում է, մյուս կողմիցը՝ Սանդարամետը բաց էին արել, սար ու ձոր իրար գլխով տալիս։ Ամեն մեկ քար, ամեն մեկ թուփ նրանց աչքին դև էր դառել, ու ձին՝ մեկ ոտը խփելիս, կամ փռնչալիս՝ քարերն ուզում էին ճաքին, ձորերը տրաքին։ Աղասին՝ նաֆասը փորն ընկած՝ որ բազի անգամ ա՜խ չէր քաշում, ու ոտին գլխին անում, գետինն ուզում էր պատռվի, ընկերներին խոր տանի։ Նրա հավատարիմ շունը գլուխը նրա ոտի տակը դրել՝ մնացել էր փեդացած։ Ձին էլ բերին, գլխավերևը կապեցին, որ բալքի նրա շունչն էլա՝ Աղասուն մեկ ճար անի։ «Ջա՛նիդ ղուրբան՝ Ա՛ղասի՝ էս ի՞նչ օրն ես ընկել, մեր աչքը պտեր դուս գար, որ քեզ էսպես չտեսնեինք, էս ի՞նչ ա քո հալը»։ Ասում էր ջիվան Մուսեն ու գլխին տալիս, երեսն երեսին դնում, ձեռը դոշին, դամարի տալն ու ջահի տաքությունն էլ որ չէր տեսնում, գլխին կրակ էր վառվում։

Էն մեկել տղերքն էլ ձիանոնցը ջուր տվին, ձեռները քամակներին քսեցին ու էլ եդ թամքեցին, լգամները բերանները տվին։ Թվանքների, փշտովների ոտներն էլ քաշեցին, աղզոթին թազացրին, ու ամեն մարդ՝ իր ձիու լգամը ձեռին՝ էկան Աղասու չորս կողմը կտրեցին։ Աչքըներիցը արտասունքը գետի պես էր վեր թափում։ Հորնը մոր դարդը մեկ կողմից, իրանց սև օրը մյուս կողքից՝ իրանց սիրելուն էլ է՛ն հալին տեսնելիս՝ ուզում էին, քար ու քոլ պոկեն, գլխըներին տան։ Մեկ սա էր ընկնում Աղասու վրա, մեկ նա։ Մինը ձեռն էր դնում բերնին, մինը գլուխը քաշում դոշին։ «Յարադանիդ ղուրբան՝ Աստված. փառքդ շա՛տ ըլի, հենց է՛ս առավոտ ամեն աչք մեզ էր էրնակ տալիս. ի՞նչ արինք, որ մեզ էս պատժին հասցրիր։ Վա՜յ մեր խեղճ օրին՝ ա՜յ ազիզ ծնողք՝ յա՛րաբ սա՞ղ եք, թե թրի տակին մնացիք. երաբ թո՞փ ձեզ գետնին խփեց, թե զընդան ձեզ մեջն առավ, երաբ մե՞ր ցավն եք քաշում, թե ձեր սև օրը լաց ըլում։ Տեր Աստվա՛ծ՝ տեր Աստված՝ ո՞ւմ մեկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկավ։ Ո՞ւմ մեկ ծուռն աչքով մտիկ արինք, որ մեր գլխին էսպես բարկացար։ Արյան ծովն էկել, չորս կողմըներս բռնել ա․ ո՛ր կողմն էլ ձեռն ենք ածում, կրակ է ընկնում ձեռըներս։ Էս տեղ մեր թագավորներն էին վաղ ժամանակը քեֆ անում, իրանց ամառը անց կացնում, որդեղ որ հիմիկ մենք կրակումն էրվում ենք։ Էս ժամումն էին[7] նրանք կանգնում, աղոթք անում, որ տեղ որ հիմիկ մենք՝ մեր հոգին ուզում ենք տալ։ Ա՜խ՝ ո՞ւր էն ժամանակը, ո՞ւր էն փառքը։ Ձեր հողը լիս կտրի՝ ա՜յ մեր ազգի թագավորք, իշխանք. երաբ դուք էլ միտք կանեի՞ք, թե ձեր որդիքը մեկ օր էսպես արին պետք է վեր ածեն ձեր գերեզմանի վրա։ Էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց, որ մեր օրն էսպես սևանա, մեր աստղն էսպես թեքվի։ Ո՜վ արագահաս սուրբ Սարգիս, [ 155 ] ո՛վ զինավոր սուրբ Գևորգ, էլ ո՞ր օրը մեր հավարին պետք է հասնիք։ Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, որ մեզ մի չարա անեք։ Ա՛ղասի ջան՝ Ա՛ղասի՝ ի՞նչ կըլեր, որ ամենս էլ քո ուղուրին մատաղ էինք գնացել՝ ա՛խպեր ջան, մեր հո՛գի, մեր աչքի լիս։ Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին՝ ա՜յ աշխարքի աչք Աղասի։ Մեկ ճանճ էլա՝ նհախ տեղը չես սպանել, մեկ սառը խոսք քո բերնիցը չի դուս էկել՝ ա՛յ Աստուծո գառն ախպեր՝ ախր ընչի՞ պետք է Աստված քեզ էլ, մեզ էլ էս տեղը հասցներ։ Ո՞ւր գնանք, ո՞ւր, մեր գլուխը ո՞ր քարի առաջին լաց ըլինք, ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, պրծնինք։ Տո մեկ՝ բերանդ էլա՝ բաց արա՝ քո ջանին մեռնինք։ Ընչի՞ ես էսպես մեզ էրում, փոթոթում։ Ի՞նչ կըլի, որ էդ սիրուն աչքդ էլ ա մի բաց անես, մեզ էսպես չսպանես։ Աշխարքն էլ ի՞նչ պետք է մեզ համար, որ քեզ չենք ունենալ։ Մեր գլուխը քեզ ղուրբան, ամենս էլ առաջ մեր արինը վեր կածենք։ Կաթն ու ծիծ մեկ տեղ ենք կերել, որ քեզանից ձե՞ռ քաշենք։ Բախտ ու լավ օր մեկ տեղ էնդուր համար ենք վայելել, որ քեզ նեղ օրը բա՞ց թողանք։ Որիս ուզում ես, վեր կա՛ց, քո ձեռովդ մատաղ արա՛․ ով երեսը եդ թեքի, շլինքը տո՛ւր՝ քո ձեռին ղուրբան. ախր մեկ խոսաս, ի՞նչ կըլի»։

Էս խոսքին բիրադի38), մեկ ձիու ոտի շփլթոց էկավ։ Երկինք, գետինք գլխըներին սևացավ, հենց իմացան՝ մեկ ամպ տրաքեց, մեկ սար գոռաց, փուլ էկավ։ Յարաղ, ասպար առան ուսըները, ամեն մեկը մեկ բուռը հող՝ սրբությունի տեղակ՝ բերանը քցեց, մեկ քարի առաջի չոքեց՝ իր մեղքը խոստովանվեց, մեկ քանի ծունր դրեց, երեսին խեչը հանեց, ժամի քարերը պաչելով՝ տեղիցը վեր կացավ, ձիու աչքերը ճմբռեց, մեջքը սղալեց, որ անկաջները սրել, խլշացրել՝ էն կողմն էին մտիկ անում էնպես խլշկոտալով, որդիանց որ ձենը գալիս էր։ Շունը ղրաղ քաշեցին, մատով, ձեռով արին, որ ձեն չհանի, ու իրանք թուր ու թվանք հազրած՝ ձիու ջիլավը քցած՝ սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ դնիլ, որ տեսնին՝ էկողներն ովքեր են։ Տամարները ուզում էր տրաքի, ոտըների տակին կրակ էր վառվել։ Անիծած բուքն ու քամին հյուսսի դհիցն էր գալիս ու ձենը փակում։ Ուզում էին իրանց կտրատեն՝ որ չէր թողում պարզ իմանան՝ թե ի՞նչ խաբար է։

Էսպես կես սհաթ քիմի մնացին փեդացած, էլ չէին ուզում, ծպտան։ Շատ մտիկ արին, ձեն չէկավ․ հենց էն էին ուզում, որ էլ եդ տեղըները նստին, ու թվանքները վեր դնեն, ու մեկ էն կողմիցն սկսեց բերանը բաց անիլ․ «Տղե՛րք, ինչ կըլի, ըլի, տղամարդությունն էն ա, որ մարդ իր գլուխը դուշմանի ձեռ չտա։ Դուք լավ գիտեք, որ մեր մեկ Հայը՝ տասը Թուրքի բարեբար է։ Երևում ա, եդևներիցս մարդ են քցել, ման գալիս։ Թո՛ղ գան, դրանց փիրն իրանց խռով կենա։ Բոլորին յա կջարդենք, յա կջարդվինք։ Քամակ քամակի տանք, նամարդի մուհդաջ չըլինք»։

Հենց էս խոսքն էր Կարոյի բերնումը, որ բեղաֆիլ տեղիցը էրկու գազ ծուլ էլավ, թուրը դուս քաշեց ու ուզում էր, որ դուս պրծնի, ընկերները փեշիցը քաշեցին, ձեռնըները բերնըներին դրին, որ անսաս տեղը նստի, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցը էնպես մոտացավ, որ հենց բռնես՝ թե անկաջների տակին ըլի։ Բայց նրանք լավ գիտեին, թե [ 156 ] գիշերը ձենը շատ թեզ տեղ կհասնի, ու չուզեցան, որ իրանց տեղը իմաց անեն, նրանք հազըրված գան: Քիչ քիչ էկողների խոսակցությունն էլ էին ջոկում, չունքի պարզիկա գիշեր էր, քարերն էլ էին խաբար բերում:

«Լավ հարաքյաթ են արել», ասեց մեկը, «ա՛ֆարիմ, անիծած, բորանն էլ՝ իզըները կորցրել ա, գիշեր էլ ա, թե մարդ տեսնի. ամա ո՞ւր կկորչին: Երկնքումն ըլին՝ վեր կբերենք. հլա քշենք, էս չոլումը նրանք չէին մնալ»: «Աչք ա, որ էքուց առավոտ յա կծիծաղի, յա լաց կըլի. Սարդարին էլ ընչո՞վ իմ հունարը ցույց տամ, որ նրանց սաղ սաղ չկալնիմ, չտանիմ, փեշքաշ չանեմ», ասում էր մյուսը: «Ախպեր՝ ինչ առնինք, ճոթ անենք: Աղասուն թե կարանք սաղ սաղ բռնենք, ոտ ու ձեռ կապենք, ու ձիու առաջն արած, յա կողքիցը կապած՝ տանինք, որ իր լայաղ պատիվն առնի, չունքի ռաշիդ տղամարդ է. մեկելներին սպանենք էլ՝ ի՞նչ հաջաթ»: «Տղամա՜րդ՝ էս թո՛ւրը էս օր նրան իր տղամարդությունը կուտացնի Աստուծով, հլա մի ձեռս ընկնի, մեկ մեյդան դուս գա, հետո կիմանա իր ռաշդությունը»: «Տո բերանդ քեզ արա՝ Մա՛մմադ․ մենք գիտենք, ինչ պտուղ որ ես. նրան ասլան ըլի՝ չի հաղթիլ. քանի մեզ նմանին առաջն է արել տասնով, քսանով ու ջանըները հանել: Բանն արա՛, հետո պարծեցի՛ր: Էդպես քամի տալով ֆորս անիլ չի ըլիլ»: Էս խոսքը մեր տղերքանց սիրտը տասը թիզ բարձրացրեց:

«Թուր, թվանք հազիր պահեցե՛ք», ասեց թուրքի մեկն էլ եդ, «սատանին նալաթ, կըլի՝ որ հենց էս քարերի տակին տափ ըլին կացել, ասածներս լսեն ու բիրադի էնպես վրա թափին, որ էլ չկարենանք ձեռընե՛րս գլխըներս տանիլ: Սրան Աբարան կասեն: Աղասու պես ասլանը էսպես տեղը՝ քսան ձիավորի մենակ չի ասիլ՝ թե Աստված է ստեղծել»:

«Տո քի՛չ գովիր էդ մուռտառ, անհավատ Հային. չէ՛, չէ՛ մեզ սաղ սաղ կուտի: Հայն ի՞նչ ա, որ ինչ ջան ունենա: Մեռնիմ ոչ, ընչանք մի աչքս նրան հասնի, կտեսնինք, թե ի՞նչպես ճուտ կդառնա առաջիս»:

Էս ասեցին թե չէ, մեկը, էն դհիցը ձեն տվեց. «ա՜յ ադա, ա՜յ ադա, ա՜յ ադա. էս ժամիցը հեռու կենանք, լավ կըլի, չունքի ասում են՝ թե ֆլան թարըղին մեկ խան էկել ա, թե քանդի, բիրադի միջիցը կանաչ ու կարմիր ձիավորներ՝ էնքան են դուս էկել, որ սար ու ձոր բռնել, խանի ղոնշունը կոտորել, փախցրել, իրանք էլ եդ գյում են էլել: Սրա միջումը՝ ասում են՝ սուրբ Մողնու մասունք կա թաղած՝ ու դուք լավ գիտեք, որ էս գիժ սրբի հետ քյալլա տալ չի ըլիլ: Մարդի շլինքը ծռվում, երեսն եդևն ա ընկնում: Հազար էսպես բան իմ աչքովն եմ տեսել: Հայ, Թուրք, նասրանի՝ ամենն էլ նրա ղուլն են»: «Բերնիցդ Հայի հոտ է գալիս՝ Մա՛շադի՝ ամոթ էդ մեծ միրքիդ, էլ ո՞ւր ես վրեդ պահում, հինա դնում․ տղամարդի փափախ չի գլխի՞դ: Տո Հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի: Լեզուդ քեզ քաշի՛ր, էդ փափախիցդ էլա՝ ամաչի՛ր: Ես քո ջգրու՝ էս գիշեր ընչանք սրա միջումը քյաբաբ չանեմ, չուտեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս մարդ չեմ: Էլ էս միրուքը վրես չեմ պահիլ: Քանի էդպես ժամի պատ եմ՝ իմ ձեռովս քանդել, քա՛նի սրբերի աչք էս մատովս հանել, դու հմկ պառավի նաղլ ես գլխիս կարդում: Քյարդ քեզ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, որ էդ սրտի [ 157 ] տերն ես։ Քշի՛, քշի՛, գնա՛նք․ քյաբաբի կեսն էլ քեզ կուտացնեմ»։ Ասիլն, «Յա սուրբ Սարքիս» ձեն տալն ու թվանքների ճռոցը մեկ էլավ։

«Տղե՛րք, ձեր ջանին մեռնիմ, էլ մտիկ մեք անի՛լ, մեր թուրը՝ նրանց գլուխը, էլ ո՞ր օրվա համար ենք կոխքըներիցս կախ անում»։ Ձեն տվեց աժդահա Կարոն, «Իրեքի գլուխը գնաց, սրանց փիրն անիծած»։

«Էրկուսինն էլ՝ ի՛մ թրիս մատաղ արի, ղոչաղ կացե՛ք», էն դհիցը Վաթոն գոռաց։ «Երկուսին սպանել, մնի գլուխն էլ հրես ոտիս տակին է», ասեց Վանին։ «Տղե՛րք, փախան, ձիանը նի՛ էլեք, սրանց էկած ճամփեն քոռանա․ սովորել են գեղերումը հավի գլուխ թռցնելով՝ ման գան, Հայերի արինը խմեն, սրանց տունը քանդվի։ Տղե՛րք՝ երըմիշ էլե՛ք, սուրբ Սարգսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա»։ Ասեցին ու վիշապի պես ընկան հարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչալամիշ արին։ Քար ու սար աչքներին լիս էր տալիս, կռըներին ղվաթ․ հենց իմանաս՝ Հայոց մեծ զորապետքը կենդանացել՝ նրանց սիրտ ըլին տալիս։ Էսպես միս ու աղցան անելով ընկան եդևներիցը։

Բայց ա՜խ՝ արինը աչքըները կոխած՝ հենց քշեցին, գնացին, էլ միտք չարին թե Աղասին ի՞նչ նեղ սհաթի միջում՝ ընկեր ա ձեն տալիս՝ ընկեր չի կա, ա՜խ ա քաշում՝ ձենը լսող, իմանող չկա։ Թվանքները որ բիրադի չճռացին, հենց իմանաս՝ թե հոգին եդ էկավ տեղը։ Վրա թռավ տեղիցը, ընկավ ձիու քամակն ու խելքը կորցրածի պես էլ չիմացավ՝ թե ո՞ւր ա գնում։ Թուրը որ մեկի քյալլին չհասցըեց, գլխի հետ երկու կտոր էլավ, ընչանք թուրը, յա ղամեն կհաներ, պարանն ընկավ ճտովն ու շատ էլ ուզեց որ ձին առաջ քշի, չէլավ, ձին տակիցը դուս թռավ, ինքը գետնին դիպավ ու չորս աժդահա տղամարդ վրա թափեցին։ Նրա շանը վաղուց էին ուզում սպանել, որ ձեն չհանի։ Բայց շունը, շունը՝ էս տիրասեր, հավատարիմ կենդանին՝ տեսնելով՝ որ իր տիրոչն՝ էլ խեր չի անիլ, ընկավ գնացածների եդևիցը։ Աղասու ձեռները կապեցին, բերանը բամբակով լցրին, աղլխով ղայիմ հուփ տվին, ու աչքդ բարին տեսնի, մյուս օրն էր թոփն ու Աղասու ջանը։

Շատ ու քիչն Աստված գիտի, թե ո՛ւր հասան, տղերքը բիրադի որ եդ դառան, գլխըներին կրակ վառվեց, երբ Աղասու շունը տեսան ճամփին։ «Վա՜յ՝ մեր տունը քանդվեց՝ տղե՛րք», ձեն տվին, «էս ի՞նչ արինք, մեր ձեռովը մեր աչքը հանեցինք․ հասնինք, գնանք․ էլ ի՞նչ ենք անում մեր գլուխը, որ նրան կտանին»։ Բայց ո՞ւր Աղասին, ո՞ր քարի տակին, ո՞ր չոլումը, յա ձորումը։ Մեկն է՛ս սարն ընկավ, մեկն՝ էն ձորը․ քարը լեզու չուներ, որ՝ ասեր, ձին իմաստուն չէր՝ որ գտներ, շունն էլ առաջներիցը վաղուց կորել էր։ Ո՞ւր գնային, ո՞ւր կորչեին, գետինն էլ՝ թե պատռվեր, ներս կերթային, որ նրան հանեն։ Լիսնյակ գիշերը շատ որ դես ու դեն ընկան, զատ չգտան, էլ եդ հավաքվեցան մեկ տեղ ու միտք արին։ Սուք ու շիվան անելու վախտը չէր։ Նրանք լավ իմանում էին, որ Աղասին՝ էն ձենի վրա՝ պետք էր որ զարթնած ըլի էլած, փորձանքի մեջ ընկած՝ որ շունր նրան թողել, էն հայվան տեղովը իրանց եդևիցը[8] վազել, որ գան, նրան ազատեն։ Էս էլ լավ [ 158 ] էին իմանում, որ Աղասու բռնողները առաջ չէին գնալ, պետք էր, որ մեկ տեղ տափ կացած ըլեին, որ ոտը խաղաղվի ու էնպես ճամփա ընկնին։ Ի՞նչ անեն, մնացել էին մոլորած։ «Տղե՛րք՝ մնա՛նք էս տեղ՝ Աղասու շունը՝ տեսնում եք՝ որ կորել ա, նա իմաստուն հայվան է, ինչպես որ ըլի, հոտի վրա կարող է գտնիլ. թե ճար կա, նրանից կըլի էս գիշեր, մենք ո՛չինչ չենք կարող անիլ»։ Էսպես խելիմ վախտ տարակուսած նստած՝ միտք էին անում, որ բիրդանբիր խելոք շունը՝ լեզուն հանած՝ հեթեթալով լիս ընկավ։ Շունը վազեց, նրանք եդևիցը։ Հենց մեկ խելիմ տեղ անց կացան թե չէ, շունը՝ եղի ոտը վեր քաշեց՝ կանգնեց։ Շատ էլ զոռ արին, որ տեղիցը եռա, չէլավ։ Իսկույն իմացան զգույշ հայվանի միտքը, ձիանոնցիցը վեր էկան, մեկին տվին ու Կարոն՝ առաջները ընկած՝ կամաց կամաց ոտըները փոխեցին։ Մեկ թափի մոտացան թե չէ, էլի շունը կանգնեց, հոտոտաց։ Թվանքները առան ձեռըները՝ Աստուծո ողորմությունը հասավ՝ նրանք է՛ն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին։ Քարերի տակովը՝ փորըսող անելով՝ էնքան գնացին, որ մտան մեկ քանդված փոսի մեջ։ Ջուր չկար միջումը, բան չկար, անձրևի ճղած էր։ Թափի շվաքը՝ մեկ հինգ գազ էլ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը։ Էս խանդակի միջովն՝ էնքան էսպես ուսուլով գնացին կռացած, որ հարամին մնաց դեմ ու դեմ։ Լիսնյակը հենց ընկավ թուրքերի ճակատներին, տեսան որ Աղասին միջըներումը չի. սիրտըները ընկան տեղ. մի քիչ էլ շունչ առան, ու ամեն մեկը մեկի ճակատին նշանիլն, թվանքների տրաքալն ու հարամիքանց բանհոգի[9] ըլիլը մեկ էլավ։ Հավի պես դեռ էնպես թրպրտում էին, որ մեր տղերքը վրա հասան։ Ա՜խ՝ ո՞վ է կարող նրանց ուրախությունն ու արտասունքը էս սհաթին պատմիլ, երկնքիցը իրանց հոգին եդ բերին, էլ նրանց բերանն ի՞եչ խոսք կգար։ Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու յարաղ ասպաբը, շորերը, բարձեցին Թուրքերի ձիանոնց վրա ու երըմիշ էլան։ Ո՞վ կզարմանա, որ լսի, թե Աղասին ամեն իր շանը տեսնելիս ուզում էր՝ կյանքը նրան տա։ Վարավուրդով մինչև տասնըհինգ մարդ էն գիշերը սպանել էին։ Եկեղեցու մոտ որ էլ եդ հասան, հանեցին՝ մեկ քանի շահի փող դրին սեղանի վրա, չոքեցին, Աստծուն փառաբանություն տվին, ու ճամփա ընկան։

Լիսադեմը կարմրին էր տալիս, աղոթարանը՝ քիչ էր մնացել՝[10] բացվի, որ մեր ճամփորթները մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրա։ Աղասին չէր ուզում, որ մարդամեջ մտնի, ուզում էր՝ սարե-սար ման գա, որտեղ իր ճակատին գրած էր, էնտեղ մեռնի։ Ինքն էլ ուրախ չէր, որ աչքը լավ օր տեսնի, բայց ձմեռվան ցուրտ եղանակը, դաշտերի սառնությունն ու չորությունը, ողորմելի ձիանոնց սովածությունը՝ ոչինչ կերպով չէր կարելի հաղթել։

«Է՛ս վախտին, է՛ս հալին՝ աջա՞բ, աջա՞բ՝ Աղասի ջան, խե՛ր ըլի», ձեն տվեց Աղա Ն., որ նրա հետ միասին տարերով հաց էին կերել, ու ուրախ-ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշիլ տվեց ու ղոնաղների ձեռիցը բռնեց, տարավ սաքուն։ Գոմի երկենությունը հարիր գազ կըլեր։ Գոմեշ, ձի, եզը, [ 159 ] տավար, ոչխար՝ էլ ոչ տուտ ուներ, ո՛չ տակ։ Իսկույն շոր փռիլ[11], բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան՝ հարգևոր, հարգևոր քիթ ու պռունկ կալած, նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, ոտ ու գլուխ լվացին, ու ղոնաղները էրկու կարգ սկսեցին նստիլ։ Աղա Ն․ ամենիցը ներքև էր նստել։ Մեկ ութ իննը մեծ ու պստիկ ղոչաղ39) տղերք էլ՝ անլվա, անլվա՝ որը խանչալը կոխքին քաշ արած՝ որը մեկ կտոր հաց ձեռին՝ կրծելով, որը մեկ փեդ չանի տակին դրած՝ որը գլխաբաց, կամ փորաբաց, շապկանց կամ անփոխան՝ էկան, անկաջները խլշացրած՝ սաքվի չորս կողմը շարվեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին։ Հերը ծեծում էլ էր, դուս չէին գնում։ Դեռ բարիկենդանի մաղեն, սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խնձոր, փշատ, չիր՝ ջիբըներումն ունեին մեր տղերքը − հանեցին, երեխեքանցը բաժանեցին՝ աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկային։ «Մեր կաղնին ու ֆոնն էլ էս համը չունին», մեկզմեկու ասում էին ու անոշ անում։ «Էնքան մածուն, կարաք, եղ[12], սեր ու մեղր ենք կերել՝ որ բերանն ու փոր հոտել են. աշխարք, աշխարք է՛ս պետքը ըլի, որ էսպես բաներ դուս են գալիս, մեր հավերիցն ու գոմիցն ի՞նչ լազաթ դուս կգա», ասեցին ու ուրախ ուրախ դուս թռան, որ գնան, իրանց հարևանների երեխեքանցն էլ՝ իրանց ճարած նուբարը ցույց տան։ Ընչանք ծիտը ջուր կխմեր, գոմը երեխեքանցով լցվեց. մինը մնին բոթում էր, որ առաջ գնա, միրգ ուզի։ Ղոնաղների մեկը, որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում։ Էսպես հլա խելիմ վախտ երեխեքը նրանց պարապացրին։

Տանուտերը քանի ուզեցավ բան հարցնի, նրանք մատըները բերնըներին դրին, սուս արին, էստով իմացան՝ որ սրանում մեկ բան կա։ Մեկ քանի սհաթ անց կացավ թե չէ, սաղ գեղն էկավ, հավաքվեցավ նրանց գլխին։ Ով տուն էր մտնում, գդակը գլխին, յափունջին վրեն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու խանչալը գոտկիցը քաշ արած, քաբաչի չուխեն հաքին, շալվարի ծերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ կուփ հաքած, ամեն մեկը՝ մեկ սարի ղդար տղամարդ։ Էլ մեծ ու պզտիկ չէին հարցնում։ Գլուխ տալը հո ըսկի՛ ադաթ չի, որն էկավ, մեկ բարի լիս կամ ողորմի՛ Աստված ասեց ու նստեց։ Քսան, երեսուն տարեկան ջահել տղերքն էլ՝ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին, ու՝ իրար անկաջում քսփսալով՝ յա ղոնաղներին էին մտիկ անում, յա նրանց յարաղ ասպաբին, յա մեկ բան ուզելիս՝ ամենն էլ իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնի պարոնների ասածը կատարեն։ Տանու տղերքն էլ էկան, որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ ու դարման բերում, որը մալը տանում, որը չիբուխի կրակ դնում, ամենն էլ ուրախ էր, որ մեկ բան անի, մեծերի ու ղոնաղների սիրտը շահի։ Սրանք էլ՝ յարաղ ասպաբ հանել, պատիցը քաշ էին արել ու ծալապատիկ նստած՝ զրից էին տալիս։ Ձիանոնց համար ամոթ էր հարցնիլ․ նրանք լավ գիտեին, որ իրանց ուլախին շատ պատիվ կտան, քանց իրանց։

Օրը հենց մի քիչ եդ բացվեց, շատն էլ հանդիցն էկավ, ձինն աչքըներն առել՝ երկար վախտ չէին իմանում, թե էկողներն ի՞նչ մարդ են։ [ 160 ] Գոմն էլ հո՝ լիս չուներ, չունքի մեկ պստիկ էրթիկ ուներ։ Ով ըլին, չըլին, թաք ըլի՝ ոտըները խերով ըլի, նրանց աչքի, գլխի վրա, տարով կպահեն, պատիվ կտան։ Հենց լիսը բացվելիս՝ աչքըներն էլ որ բաց էլավ ու տեսան ո՛չ, թե էկողներն ովքեր են, խելքըներն էկավ գլխըները։ «Բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին բարո՛վ», ձեն տվին ամեն դհից, ու վրա թռան, իրար պաչպչորեցին․ «Էդպես ա, ձեզ՝ յա ձմեռվան հոսանը մեզ մոտ կբերի, յա ամառվան շոքը։ Խա՛նի խարաբներ՝ հա մտի՛կ արա, հա՛ մտի՛կ արա, էնքան մտիկ արինք, որ աչքըներս ճամփին ջուր կտրեց։ Մեկ ղուշ որ գլխըներովս անց է կենում, հազար անգամ փափախով ենք անում, որ ձեզանից մեկ խաբար իմանանք։ Մեր սարերը խոմ գել չեն, որ ձեզ ուտեն, ի՞նչ կըլի, որ մեկ օր էլ ճամփեն մեր դհի վրա ծռեք։ Բաղ բաղաթ չունինք, գինի, մազա չենք կարալ թավազա անիլ, մեր եղին, կարաքին ու մեղրին էլա՝ խեղճ էկեք։ Փառք Աստուծո՝ տունըներս լիքը, գոմըներս լիքը, ցամաք հացով ճամփա կքցենք, մարդի սիրտն ա բանը, թե չէ, էս օր ղաբլու փլավ էլ ուտես, էքուց փորդ՝ էլի իր ուզածը կուզի։ Աղ ու հաց՝ սիրտը բաց։ Տանտիրոչը տեր ողորմյա ասիլ չի ըլիլ։ Քաղաքը գնում եք, սար ու ձոր ոտի տակ եք տալիս, հենց մե՞ր կողմն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել։ Ձեր հախը չի՞, որ էս սհաթին ոտըներդ կապենք, մեկ լավ քոթակենք, ինչ ունիք չունիք՝ խլենք ու ձեզ էլ դարդակ ճամբու քցե՞նք։ Էդենց եք անում, որ մենք էլ ձեր դուռը չի գա՞նք, ձեր հացը չուտե՞նք։ Հա՜յ նամարդներ՝ չե՞ք գիտում, որ մեկ օր էս սարերումը թե ձեզ ճանկենք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անեք, ձեզ բաց չենք թողալ։ Ի՞նչ ա ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել՝ ձեր կնկա առին նստում եք, էլ միտք չեք անում, թե գնանք, մեր դոստ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն, մեկ բարով էլա՝ տանք, որ մեզ կարոտ՝ հողը չմտնին։ Քա՛ր է ձեր սիրտը, քա՛ր, ձեզ հո մեր չի բերել։ Բիր գյորանդա յոլդաշ» իքի գյորանդա՝ ղարդաշ (մեկ տեսնելիս ընկեր, երկու տեսնելիս՝ ախպեր)։ Տո ձեր տունը չծակվի, էլա մուսուրման օլուբսզ, քի աթաընզ խաչի թանըմիրսզ (էնպես թուրք[13] եք դառել, որ ձեր հոր խաչն էլ չեք ճանաչում)։ Քրիստոնեի երկիրը՝ մերը, մենք՝ ձեր ազգը, ձեր արինը․ ի՞նչ եք էդ շան հողումը կենում, ձեր օրն ու ումբրը խավարացնում, ի՞նչ համ եք առնում, որ էդպես ծանր ծանր նստել՝ տարենը մի անգամ էլա՝ երեսներդ մեր կուռը չեք շուռ տալիս։ Ձմեռը հո բան չունինք․ վախիլ մեք, ձեզ չենք ուտիլ․ ձի չունիք՝ ձի կտանք, կով չունիք՝ կով կտանք, էկե՛ք, տարե՛ք, ո՞վ ա ձեր ձեռը բռնում։ Կուզեք, մեր երեխեքանց անկաջներիցը բռնեցե՛ք, տարե՛ք ծախեցեք․ ով ձեզ ձեն տա, պարտականը ինքը մնա։ Չունքի էսպես ա՝ քյո՛խվա, սրանց մեկ լավ պատմենք, հազիր բարիկենդան օր էլ ա, էս շաբաթ սրանց էլ չթողանք, աչքըները հանենք, էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չգտնին։ Սրանց հախն ա. ով տարենը մի անգամ կգա մեր տունը, բոլոր տարվան պարտքը պետք է վճարի, քնի էլ, զարթնի էլ, պետք է ուտի, խմի, քեֆ անի։ Հաց ենք դատում, որ մենակ մե՞նք ուտենք ու չորս պատերը տեսնին․ էսպես հացը հարամ ըլի։ Մեկ թիքեդ որ հազար [ 161 ] կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես՝ ի՞նչպես կուլ կերթա, յա կմարսես։ Էստո՛ւր համար ենք արևի, անձրևի տակին՝ սարում, չոլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող, մեր դուռը բաց անող[14], մեր ննջեցելոց ողորմաթասը խմող չըլի՞։ Ի՞նչ տուն, ի՞նչ օճաղ՝ որ օրը տասը աղքատ ու ճամփորթ չմտնին, չկշտանան։ Էլ էն տանը բարաքյաթ կըլի։ Էլ էն դաշտը պտո՞ւղ կտա։ Չէ՝ քյո՛խվա՝ էս օր ամենս քո ղոնաղն ենք, էգուց իմը, էլ օր սրանը. էսպես մեկ լավ քեֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփա քցենք։ Չեն ուզիլ մնան, ոտները կապենք, մինչև զատիկն ու համբարձումը էստեղ դութսաղ անենք, պահենք։ Ի՞նչ կասեք»։

«Հա՜յ բերանդ ապրի հա՛յ․ ավետարանի կողքիցն ես խոսում, ասեցին չորս կողմիցը, շա՛տ լավ, շա՛տ բարի, էդուր ո՞վ ինչ կասի․ մեր սրտի ուզածն էլ հենց է՛դ էր։ Հա՛յդէ՝ տղե՛րք՝ գնացե՛ք, աշըղին բերե՛ք», ասեց քյոխվեն ուրախ ուրախ ու գդակը մեկ լավ կոտրեց, աջու անկաջի վրա դրեց, «մեծ աչառը մորթեցե՛ք, ղավուրմա տվեք, մեկ ղոչ էլ հետը՝ ու կակող տեղերը, բդերն ու սուկին բերեք, որ մենք մեր ձեռովը խորովենք, զուռնաչին էլ թո՛ղ գա, տերտերին էլ համեցեք արեք։ Գինին դուքանումն ա, փողը ջիբումս, մեր ջամըհաթն էլի սաղ․ եղն ու կարաքը, սերն ու մեղրը ու պանիրն կճճներով տանըս դրած, ամբարս ու հորս լիքը։ Շահն էլ մեր քեֆը չունի, ուտենք, խմենք, քեֆ անենք, Աստծուն փառք տանք, մեր մեռելները հիշենք, մեր ղոնաղների սիրտը շահենք, որ իմանան՝ թե սարի մարդն էլ՝ սիրտ ունի, քար չի։ Աստված Ռուս թագավորի թախտը հաստատ պահի, նրա դոլվաթիցը՝ ինչ ասես, ունինք. օձի ձու էլ որ ուզենամ՝ կճարեմ»։

Աղասին՝ էսքան խոսք ու զրից անց էր կացել, ոչինչ չէր իմացել, ինքը ճամփիցը բեզարած, ցուրտը մեկ կողմիցն էր թմբրացրել, շոքն էլ՝ իր հարարաթը շհանց տվեց ու ջանն առավ։ Գլուխը պատին դեմ տված՝ մնացել էր էնպես ցից քնած։ Նստողները՝ բոլորն էլ վարավուրդ էին անում, որ նրա երեսը հեչ ծիծաղ չէկավ՝ ինչ ասեցին էլ։ Աջու կուռը մնացել էր գոգումը, ձախունը՝ էնպես թուլ՝ գետնի վրա ընկած։ Շատն էնպես էին կարծում, թե ճամփի, յա ցրտի հարարաթն էր նրան էն տեղը քցել։ Շոր <պետք> չէր որ ծածկեն, չունքի գոմը՝ առանց էն էլ՝ համամից տաք էր։ Ղոնաղները չէին վարավուրդ արել, որ էն գեղի Թուրքերիցն էլ մեկ քանիսը՝ խալխի հետ խառնըվել, ներս էին մտել ու շատը Հայերեն էլ հասկանում էին, ու էստեղ-էնտեղ՝ գողի պես նստել, աչքըները ղոնաղների թուր ու թվանքին էին քցում, ատամները ղրճտացնում, թե ընչի՞ չէին մեկ չոլում նրանց ռաստ բերել ու բոլորը թալանել։

Աղասու քափ ու քրտինքն էկել՝ ամպի պես ունքի վրա կիտվել էին․ երեսի ռանգը ամեն սհաթի փոխվում էր․ բազի վախտ իրան իրան խոսում, բազի վախտ էլ՝ ձեռը բարձրացնում, ջիլ ու դամար քաշում, էլ եդ հանգստանում էր։ Ամենից ավելի խալխը նրա վրա էին մնացել զարմացած՝ որ նրանք վեց հոգի էին, բայց քսան ավել մարդի յարաղ, ասպաբ ունէին հետըրները բերած։ Էսպես տարակույս չորս կողմը կանգնած խոսում էին, որ Աղասին բեղափիլ ձեն տվեց. «թուրդ քե՛զ քաշիր՝ դժոխքի պահապան, [ 162 ] շլինքդ մեկնի՛ր․ ափու ջան՝ էդ ո՞ւր են տանում քեզ»... էս ասիլն, տեղիցը վեր թռչիլն ու թրին վրա վազիլը մեկ էլավ։ Գեղըցիք՝ իրար ջարդելով՝ դուս թափեցին, որը երեսին խաչ էր հանում, որը տեր ողորմյա ասում։ Մի քիչ որ դինջացան, էլ եդ դռնիցը անկաջ դրին, տեսան՝ որ ձենը կտրել ա, ուսուլով ներս էկան, ու վախ վախելով նստեցին։ Էլ ո՞վ կարեր հիմիկ նրանց բերնին փակ դնել։ Բոլորն էլ ուզում էին, որ իմանան՝ թե ի՞նչ ա անց կացել։ Աղասու ընկերքն էլ ճարակտուր՝ սկսեցին պատմիլ։ Քանի գլուխն էր, ո՛չինչ, էնպես բան շատ էին լսել, ինչ ժամանակ խոսքն էն տեղն էկավ, թե ինչպես կոտորեցին, փախան, հարիր բերան ձեն տվեց․ «Ջա՛նմ սան, ջա՛նմ Աղասի, օջաղի որդին, կտրիչ Հայն էդպես կըլի։ Բարիկենդան, բարիկենդան է՛ս ա. դե տղե՛րք՝ էլ մեք մտիկ անիլ, հացը հազրեցեք, սուփրեն քաշեցե՛ք, հայր Աբրահամի հրեշտակն ա էկել մեր տունը, էսպես իգիթ տղի գլխին ղուրբան գնամ, բարաքյալլա՝ տղերք՝ դուշմանի աչքն էսպես պետք է հանած։ Տեսնո՞ւմ եք՝ ա՜յ գյադեք (իր տղերքանցն է ասում) ռաշիդ տղեն սրանց նման կըլի, ուտում եք, տանը նստում։ Աֆարիմ տղերք՝ որ ձեր մեծին էսպես պահել եք, շունն է՞լ էստեղ ա»։

Մեծամարդիքը, ջահել տդերքն էս կողմից, էն կողմից վրա թափեցին, որ Աղասու ձեռին, ճակատին պաչ անեն, քյոխվեն չթողաց՝ որ քնահարամ չըլի։ Մյուսներին ուզում էին սաղ սաղ ուտեն, էնքան դոշըներին կպցրին նրանց։ «Օրհնըվի՛ էն կաթը՝ որ դուք կերել եք, էն հողը՝ որ ձեզ ծնել ա. տղեն էդպես կըլի, թէ չէ քանի լեզուդ կարճացնես, գլուխդ կախ անես, ուսերիդ կնստին, ղուղդ կքամեն, աչքդ կհանեն, ջիգյարդ վեր կածեն», ասում էին ամեն կողմից։

Սազ ու զուռնի ձենը որ վեր չելավ, գեջդանգեջ՝ Աղասին աչքը բաց արեց ու էնպես էր զարմացած դես ու դեն մտիկ տալիս, ինչպես թե նոր ըլի աշխարք էկել։ Ուզում էր էլ եդ աչքը խփի, բայց խալխը է՛նպես վրա թափեցին, որ քիչ մնաց, նրան ոտնատակ տային. փեշերն էլ էին համբուրում. ո՞ւր մնաց երեսը։ Էսպես՝ նրան էլ մեջ արին ու մինչև իրիկնապահը, ժամերի վախտը՝ էն քեֆն արին, որ աչք պտեր, տեսներ։ Ձենն ընկավ գեղըցոնց անկաջը, ով ասես՝ տուն էր ընկնում, որ նրան տեսնի, մուրազն առնի ։ Հենց իմանաս՝ ուխտ ըլեին գալիս։ Տանուտերը Ղարաքիլիսա մարդ ղրկեց կնյազի մոտ ու բանի ահվալն իմացում տվեց։ Հրաման էկավ, որ մեկ քանի օրից եդը՝ Աղասուն վերցնեն, կնյազի մոտ գնան։

Փամբակու Թուրքերը տխրել, Հայերը թև առել, ուզում էին թռչին։ Բարիկենդանն անց կացավ, մեծ պասն էկավ, Աղասին՝ քսան ձիավորով որ Ղարաքիլիսա չմտավ, աշխարք ամեն առաջն էր էկել, որ նրան տեսնին։ Հազար բերան նրան գովում, բարաքյալլա էր ձեն տալիս։ Կնյազ Ս. շատ ումուդ, շաֆաղաթ տվեց նրան ու խոստացավ էլ՝ որ բալքի մեկ կերպով Սարդարի սիրտն առնի, չունքի շատ բարեկամ էին իրար հետ։ Ինչ հարկավոր էր՝ հրամայեց, որ նրանց աան ու |աՀ մուզա յքւթ կենան) որ նրանց վնաս չհասնի։ Բայց Փամբակու Հայերը մե՞ռել էին, որ նրանց վնաս հասներ։ Էսպես՝ սաղ ձմեռը՝ քսան, երեսուն ձիավորով՝ տնետուն, գեղնգեղ էնքան ման էին ածել ու օրով, շաբաթով պահել, որ իրանք էլ էին բեզարել։ Քաջ լոռըցիք էլ որ իմացան, էլ դինջություն չունեին, սրանք էլ [ 163 ] էին ուզում, նրանց իրանց մեջը բերեն, պատիվ տան։ Մեկ ամսաչափ էլ էստեղ մնաց, էս պատվական խալխի պարզ սիրտը, նրանց տաք ջիգյարն ու անոշ սերը, տեղի քաղցր հավեն ու ջուրը, կնյազի տված ումուդը՝ Աղասուն մի քիչ եդ բերին, սիրտը բաց արին։ Ղորդ ա՝ ասում, խոսում, լսում էր, ամա տխրությունը՝ նրա երեսի ու աչքերի վրա էնպես էր կիտված, ինչպես սև ամպ։ Շատ անգամ որ ա՜խ չէր քաշում, քար ու հող լաց էին ըլում։ Ծիծաղելիս՝ բերնի չորս կողմը՝ էնպես գիտես թոռոմած վարդի տերև ըլի, որ շաղը տալիս, մի քիչ զվարթանում, էլ եդ ճլորում, թուլանում է։

Շատ անգամ մեկ քարի ծերի նստած, կամ մեկ քարափի գլխի թինկը տված՝ աչքը ձորին, գետին քցած, գլուխը ձեռին, կամ մեկ աղբըրի ղըրաղի՝ կողքի վրա ընկած՝ թփերի, խոտի, ծաղկի, ջրի հետ խաղալիս, լաց ըլելիս էին նրան ռաստ բերում։ Բազի վախտ որ Նազլու չէր ձեն տալիս, յա հորնըմոր անունը հիշում ու ա՜խ քաշում, սար ու ձոր հետը ձեն էին տալիս, մղկտում։ Ինքը որ տխուր ու մաշված էր, հենց իմանում էր՝ մարդիք սիրտ չունին, որ ուրախանում, ծիծաղում էին, էստուր համար իր ընկերքը սար ու ձորն էր շինել, էսպես էր ծնողաց կարոտը, քիր ախպոր հասրաթը, դարդը նրա սիրտն առել։ Երևանու մեկ ծուխն էլա չէր ընկնում աչքովը, մեկ սար էլա՝ էն կողմիցը չէր տեսնում, որ բալքի սրանով էլա՝ սիրտը մի քիչ հովանա։

Էս ժամանակին էր, որ մեկ օր ընկերներին հավաքեց, գնաց ֆորս, Համզաչիման ու Չբխլու անց կացավ, Ղառնիյարաղ հասավ ու հենց Մասիս աչքովն ընկավ, ընկերներին ձեռով արեց, որ մի քիչ հեռանան, ինքը նստեց մեկ թփի տակի, գլուխը դրեց քարին, աչք ու բերան արտասնքով, ծխով լիքը՝ էս[15] խաղն ասեց։

Սար ու ձոր ընկած՝ մեկ չոր թփի տակի
Գետին նայելով՝ մնացել եմ նստած․
Ձեռս ծոցումս՝ գլուխս մեկ լեռ քարի
Տված՝ լալիս եմ, օրս խավարած։

Ամպերն առաջիս, սարերն եդևիս․
Քեզ մտիկ տալով՝ ա՜յ իմ քա՜ղցր Մասիս․
Աղի արտասընքով էրված, խորոված,
Երեսիդ նայիմ, մնամ քարացած։

Ծնո՛ղ, ազգակա՛նք հեռու ինձանից․
Լուսնին նայելով, ձեր սերն հիշելով,
Երաբ ե՞րբ կըլի, որ ես ձեզանից
Իմ կարոտս առնիմ, ձեզ ջան ասելով։

Երաբ ձեր ճտովն մեկ օր էլ կընկնիմ,
Երաբ ձեր երեսն մեկ էլ կտեսնիմ,

[ 164 ]

Երաբ ծունկ ծնկի տված՝ ձեզ կասեմ․
Ա՜յ իմ խեղճ ծնողք՝ ձեր ջանին մեռնիմ։

Աչքս ծով դարձավ՝ ճամփին նայելով՝
Մեկ ղուշ որ գլխիս պտիտ ա գալիս,
Թե ե՞րբ մեկ խաբար կհասնի ինձ բարով.
Հոգոց հանելով՝ ասում եմ, լալիս։

Երաբ գետնի վրա դեռ սուք եք անում,
Ձեր կորած որդուն կարոտ մնալով,
Թե հողի տակը մտած՝ դինջանում,
Ինձ թողիք, տանջվիմ՝ ա՜խ, ո՜խ քաշելով։

Երաբ ձեր ամակն ինձ հալալ արի՞ք,
Երաբ սուրբ բերնով ձեր՝ ինձ օրհնեցի՞ք,
Ծերունի՛ իմ հայր, տարաբա՛խտ իմ մայր․
Էլ իմ հավարիս ե՞րբ կհասնի աշխար։

Էն սուրբ, անարատ կաթնին ես ղուրբան.
Ձեր լիս ձեռներին, ձեր անոշ լեզվին․
Մեկ բուռն հողի էլ ե՞րբ կըլիմ արժան.
Որ գամ ձեր հողումն, քնիմ ձեր միջին։

Էն ի՞նչ օր էր, որ ձեր քաղցր ծոցին,
Գլուխս ձեր դոշին, աչքս խուփ կամ բաց,
Ձեր սուրբ ձեռի վրա՝ երեսս բարձին՝
Կամ խաղում էի, կամ մնում քնած։

Է՛ն ի՞նչ օր էր, որ մեկ ծառի տակի
Ճոճումն ձեռներս ձեր ճտովն քցած,
Ձեր սուրբ երեսին ես համբույր տայի.
Նանիկ ասելով՝ թողեիք քնած։

Ո՞ւր էն շվաքը, էն կանաչ՝ ջրի ափը,
Էն խոտն ու ծաղիկն, էն դաշտն ու տափը,
Որ ձեր առաջին անմեղ խաղայի,
Ու ձեր բարի սիրտն խաղով բանայի։

Լալիս՝ դուք լայիք՝ ինձ հետ ցավելով,
Ծիծաղս տեսնելով, կամ ձենս լսելով՝
Կանչեիք. «Արի՛ մոտս՝ Ա՛ղասի ջան,
Երեսիդ մեռնիմ, քո ջա՛նին ղուրբան»։

Ա՜խ՝ էս խոսքերը ինձ կրակ են դառել,
Լերդս ու թոքս հիմիկ էրում, խորովում.
Ի՞նչ կըլեր՝ ես էն վախտն էի մեռել.
Ձեր շվաքի տակին, ա՜խ՝ քնել հողումն։

[ 165 ]

Մեկ բուռն հողի էլ կարոտ եմ մնացել,
Քարափից, թե ցած, կամ ջուրը ընկնիմ,
Ձեր սուրբ երեսը դեռ որ չեմ տեսել.
Ի՞նչպես ես հանդարտ էս հողը մտնիմ։

Նազլո՛ւ իմ՝ Նազլո՛ւ՝ աննման Նազլու․
Սիրտս խորովի՝ անունդ հիշելով․
Նազլո՛ւ իմ, Նազլու, հրաշալի՛ Նազլու,
Աղասի քեզ տա իր եդին բարով,

Սարերի դոշին, ձորերի միջին
Վա՛յ գլխին տալով քո խեղճ Աղասին,
Երեսիցդ զրկված, քո սիրովն մաշված,
Տատրակի նման փշի վրա նստած։

Լիզեմ հող, գետին, այրիմ, մղկտամ,
Կամիմ օր առաջ ախ՝ որ հոգիս տամ,
Երբ մահն մոտանա սառը թևերովն՝
Հոգիս պահանջե, որ տանի շուտով։

Էս դառն աշխարիցս մի ինձ ազատի,
Ոսկերքս գազանանց կերակուր անի․
Կամ երբ գետի ափին նստած, շվարած՝
Աչքերս նվաղին՝ թմբրած, սասանած։

Գլորի կատաղի գետի փրփրի մոտն,
Հոգոց քաշելով պարզեմ ես իմ ոտն,
Կամիմ գերեզմանս՝ որ էս ջուրն ըլի,
Էս սառը պատանն ինձ հողը տանի․․․

Կամ մեկ քարափի բաշից նայելով․
Աչքս մեր տան ծուխն հանկարծ տեսնելով․
Քո անոշ երեսն ինձ փակ մնալով․
Նազլու իմ, Նազլու՝ անոշ իմ Նազլու,
Թեքիմ ու հանդարտ գա ինձ քուն մահու,
Երևի աչքիս՝ թե անդունդը խոր
Մոտ է ինձ գրկել, տանիլ իր լեն ձոր։

Նազլու իմ, Նազլու՝ մեկ շունչս ա մնացել,
Ոսկերքս քրքրվել, աչքս խավարել․
Թո՛ղ մեկ շունչդ առնիմ, հետո հողը մտնիմ․
Դժոխքն էլ տանին, ես հանգիստ կըլիմ։

Քե՛զ եմ մնում, քե՛զ՝ քո ջանին մեռնիմ․
Հող ու գերեզման ես վրես ունիմ․
Քանց իմ սառն մարմինը էլ ի՞նչ գերեզման
Ինձ պետքը կգա, երեսի՛դ ղուրբան։

[ 166 ]

Արի՛, ասածդ արա՛, ինձ թաղի՛ր.
Բե՛ր իմ երեխեքս ու վրես կանգնիր․․․
Մեկ նրանց տեսնիմ՝ աչքս խփելիս՝
Մեկ նրանց ասեմ՝ լեզուս լռվելիս.
Մնա՛ք բարով՝ որդիք ազիզ, սիրեկան։
Է՛լ չէ՛ք տեսնիլ ինձ՝ ա՛խ՝ դուք հավիտյան․
Ձեր անբախտ հորը հոգին հիշեցե՛ք․
Մնա՛ք բարով՝ իմ քա՛ղցր, սիրուն երեխեք.
Ձեր հոր տեղակ՝ ձեր խեղճ մորն հիշեցե՛ք
Ու իմ ողորմին, ժամն կատարեցեք։40)

Ո՞վ չի գիտի, որ մարդի սիրտը արնով լցվելիս՝ ո՛չ սուր էնքան քյար կանի, ո՛չ դեղ, ո՛չ քուն, ինչքան բառն ու խոսքը ու իլլահիմ խաղը, բայաթին, էստուր համար Աղասու ընկերքն էլ ղրաղ քաշվեցին ու հեռըվանց նրան մտիկ էին անում, որ գլխին մեկ փորձանք չգա, չունքի սար ու ձոր նրա արինն էին խմում։ Էնքան անկաջ դրին, որ ձենը կտրեց, քունը տարավ, հետո էկան, մեջըներն առան ու էլ եդ Ղարաքիլիսա տարան։

Մեկ օր էլ էսպես էլի էս հալին դռանը մեկ քարի վրա նստած էր, որ մեկ դարիբ մարդ քիչ քիչ նրան մոտացավ, առաջին կանգնեց, երկար նրան մտիկ արեց ու հենց էն ա՝ Աղասին ուզում էր, նրանից հեռանա, որ իր դարդն օքմին չտեսնի, Ղարիբը դոշը բաց արեց, վրա թռավ, նրան խտտեց ու հենց՝ «Ա՛ղասի ջան» ասեց ու ձենը փորն ընկավ, լեզուն պապանձվեց ու էսպես մնաց յարալու, փարալու Աղասու դոշին փեդացած՝ ընկած։ Աղասին գեջդանգեջ որ խելքի չէկավ, ու աչքը բաց արեց՝ Աստված՝ ո՞վ կարեր նրա արտասունքը բռնիլ, նրա սրտին մեկ ճար անիլ։ «Ա՛մու ջան, Ա՛վետիք ամու ջան, դո՞ւ ես», ասեց ու իրանից գնաց։ Տեսնողներհ էս դհից, էն դհից վրա թափեցին, երկուսին էլ էնպես մեռած՝ տուն տարան, ջրով, հոտով եդ բերին։ Հենց աչքըները բաց էին անում, իրար երես տեսնում, էլ եդ դուբարա ընկնում էին իրար ճտով, իրար անուն տալիս, գնում էին էն դինեն՝ եդ գալիս։ Մոտըներին կանգնողների աչքերիցը՝ արտասունքը գետի պես էր վեր թափում։ Ճարըները կտրվեց, տերտեր կանչեցին, ավետարան կարդացին, խաչ ու մասունք գլխըների վրա դրին, որ անջախ մի անջախ ուշըներն էկան։

Էս էկող Ղարիբը՝ սի՛րելի կարդացող՝ Աղասու հոր ախպերն էր, որ՝ գլուխը փեշն էր դրել, էկել իր ազիզ կորածին գտնի, տեսնի, մուրազն առնի, էնպես մեռնի։ Ո՞վ ըլեր՝ էնպես չաներ։ Սիրտըները որ մի քիչ դինջացավ, ջանըները հովացավ, Ավետիքը գդակի ծալիցը մեկ թուղթ հանեց, Աղասուն տվեց, ինքը մհանով տանիցը դուս գնա՛ց, որ նրա աչքի արտասունքը չտեսնի, չէրվի, չփոթոթվի։ Երկու թուղթ էր բերել հետը, մեկը Աղասու մերն էր գրել, մեկը նշանածը։ Երանի՛ էն աչքին, որ էսպես թուղթ իր օրումը ո՛չ տեսել ա, ո՛չ էլ կտեսնի։ Էլի Աղասին էր, որ դիմացավ, բայց վա՜յ էն դիմանալուն․ հարիր անգամ թուլացավ, նվաղեց, թուղթը դրեց երեսին ու աչքերը խփեց, էլ եդ ջուր ածեցին, եդ բերին։ Մոր թղթի խոսքերն էս ա. [ 167 ]

«Ա՛ղասի ջան, Ա՛ղասի, գլխովդ փարվան ըլիմ՝ Աղասի։ Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում՝ ինձ էրում, ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խավարում, ընչի՞ չեմ թոզ դառնում՝ քամին բերի, գամ, ոտիդ տակին ցրվիմ, սարեսար ընկնիմ, քարեքար, որ իմ երեսը կոխես, որդեղ որ ման գաս, որ իմ աչքը հանես, որդեղ որ նստիս, որ ինձ վրա գլուխդ դնես, որտեղ որ քուն մտնիս՝ Նանն ըմբրիդ մեռնի, իմ թագավոր, իմ աղա՛ Աղասի»։

«Տնկած ծառերդ փուշ են դառել, ինձ սպանում․ պացած ծաղկըներդ կրակ են դառել՝ ինձ էրում, խորովում, ման էկած տեղերդ՝ աչքիս լսումը մզրախի պես ցցվում, սիրտս դուս ճոթռում։ Ո՞ւր կորչիմ, որ ձենս օքմին չիմանա, ո՞ւր գնամ, որ աչքս՝ քո տեսած բաներն էլ չտեսնի[16], միտքս քո ասած խոսքերն էլ չհիշի, ջանս քարանա, որ էլ անունդ չտամ, սիրտս ջուր կտրի, որ էլ քո սերը չզգամ, ումբրս փչանա, օրս խավարի, որ երկնքի տակին էլ չասեմ, թե ես է՛լ եմ մեր, ես է՛լ որդի բերի, ինձ է՛լ մեկ օր աչքալիս տվին, ես է՛լ մեկ օր որդու, զավակի արևի ձենը պետք է ածեի, ես էլ որ աչքս խփեի՝ մեկ բուռը հող դո՛ւ պետք է երեսիս քցեիր, դո՛ւ իմ նաշը խտտեիր, դո՛ւ իմ լաշը հողին տայիր, դու վրես սուք անեիր, գլխիս վրա կանգնեիր, ու էդ ազիզ, էդ սուրբ բերնովդ ասեիր․ «Հոգիդ լի՛ս դառնա՝ ա՜յ իմ մեր, ա՜յ իմ մեր, ի՞նչ կըլեր, որ մեկ էլ աչքդ աչքիս, բերանդ բերնիս առներ ու հետո Աստված հոգիս տաներ»։

«Հոգիս խոր է՝ թե հանեմ Աստուծուն տամ․ սիրտս ձեռիս չի, որ կրակը քցեմ, էրեմ․ երկնքին ձե՛ռս չի հասնում, անկաջդ ձե՛նս չի ընկնում։ Ղուշ ա գլխավերևս թռչում, քո անունն եմ տալիս, շունչս ա բերնիցս դուս գալիս, քո հասրաթը ջիգյարս էրում, փոթոթում․ աչքիս եմ հուփ տալիս, սիրտս ա տրաքում․ բերանս եմ կալնում, միտքս ա ցնորվում․ տունն եմ մտնում, պատերն են ինձ դժոխք դառել․ դուս եմ գալիս, սար ու ձոր սև օրս լաց ըլում, երկնքին եմ նայում, մեկ ձեն չի գալիս, երկրին եմ մտիկ տալիս, մեկ խաբար չիմանում։ Բարձին եմ գլուխս դնում, շունչս ա ինձ խեղդում, քնած, թե զարթուն՝ դո՛ւ ես աչքիս առաջին պտիտ գալիս։ Արտասունքս ծով ա դառել՝ Աղասի ջան. ախ ու ոխ քաշելուցը շունչս կտրվել, հոգիս մաշվել՝ գլխիս էլ մազ չի մնացել, ոչ քամուն չտամ, երեսիս էլ տեղ չկա, որ չըլիմ կարատել, տան ու դռան էլ քար չկա, որ չըլիմ դոշիս խփել։ Գլուխս ծեծելուցը ձեռներս բեզարեց․ շատ լաց, ըլելուցը[17] աչքս խավարեց, բայց ա՜խ․․․ ա՜խ․․․ հոգիս իմ տված չի, որ ասեմ՝ դուս գնա․ սաղ սաղ էլ գերեզմանը մտնիմ, ո՞ւմ ձենը լսեմ, ո՞ւմ երեսը տեսնիմ, ո՞ւմ հոգիս տամ, ո՞ւմ ոտի տակին գլուխս դնեմ, ո՞ւմ էս փեդացած ձեռներովս խտտեմ, ո՞ւմ էս չորացած լեզվովն ասեմ։ Մեռնիմ էլ՝ Ա՛ղասի ջան՝ հոգիս գլխովդ պտիտ կգա, ապրիմ էլ՝ ո՛րդի ջան՝ ջանս քո ուղուրին դրած ա։ Հոգիս երկնքումն ըլի՝ մարմինս քո առաջին փիանդազ․ շունչս վրես ըլի, դո՛ւ ես իմ սրտի մուրազն։ Հող կդառնամ՝ հողս քեզ պտուղ կտա․ ջուր կկտրվիմ, քո հանդի, ծաղկի վրա կթափիմ, դրախտումն ըլիմ, քո՛ ծառի ճխկների վրա բլբյուլի պես կկանգնիմ, քեզ անուշ քուն կդնեմ, աշխարքումս [ 168 ] ապրիմ, ջանս քեզ ղուրբան կտամ, թաք դու ծաղկիս, ծլիս, զորանաս՝ անումի՛դ մեռնիմ»։

«Անումի՛դ մեռնիմ, արևիդ մեռնիմ՝ Աղասի ջան. մոր ազիզ պահած, հոր աչքի լիս՝ ո՛րդի ջան. ալամ աշխարքի գոված, Աստծու սիրեկան, մարդի դիրեկան. ջա՛նս քեզ մատաղ, Աղասի ջան, փուշ էիր տնկում՝ վա՛րդ էր քեզ դառնում, քարին էիր ձեռը տալիս, քարը հոգի առնում։ Մեկ հոգի ունեիր, հազար աղքատի սրտում. մեկ շունչ ունեիր, հազար հիվանդի բերնում։ Մեկ անուն ունեիր, արարած աշխարքի միջում։ Երկու ձեռք ունեիր, մեկը ողորմություն տալիս, մյուսը աչք սրբում։ Երաբ ո՞ւմ մեկ թթու խոսք ասեցիր, որ ինձ անիծեց. ո՞ւմ վրա դուռը հետ արիր, որ ինձ վայ տվեց, ո՞ւմ վեր ընկած տեսար, անց կացար, որ մորդ գլուխը լաց էլավ։ Ո՞ւմ կաթը կերար, որ քեզ լեղի դառավ. ո՞ւմ ձեռին մեծացար, որ գիշեր ցերեկ քեզ չօրհնեց. ո՞ւմ ծնկան վրա քնեցիր, որ երեսիդ քրտինքը տեսնելիս՝ հազար անգամ աչքը երկինքը չքցեց, արտասունքը երեսիդ չթափեց ու իր մեղավոր բերնովը չասեց, փառքդ շատ ըլի, Արարիչ Աստված, դո՛ւ տվիր, դու պահիր. իմ կյանքս առ, սրա վրա դի՛ր․ սրան մեկ փորձանք գալիս՝ ի՛մ աչքը հանիր։ Թուր պետք է սրան դիպչի՝ ի՛մ սրտումը առաջ ցցվի, կրակ պետք է սրան էրի, սֆթա ինձ փոթոթի, սրա աչքը ցավելիս՝ իմ աչքը դուս գա։ Թաք ըլի՝ սա՝ ո՜վ երկնային թագավոր Աստված՝ զորանա՛, մեծանա՛, իր մուրազին հասնի։ Հաց չունենամ, դռնեդուռը կընկնիմ, սրան կպահեմ, գլուխս կծախեմ, չեմ թողալ սրան ուրըշի ձեռին մուհդաջ, որ թաք՝ ես մեռնելիս՝ սա իմ երեսիս հող քցի՝ սա իմ աչքս խփի, սա իմ գերեզմանս օրհնի, իմ օջախի սինն ու ճրագը սա դառնա, որ իմ հիշատակը աշխարքի երեսիցը չկտրվի, իմ տան ծուխը չհատնի, չպակսի»։

«Ա՛ղասի ջան՝ ծուխս հատավ, կտրվեցավ, տունս քանդվեց, հիշատակս քոռ էլավ, հիմքս՝ տակ ու վեր՝ աստղս խավարեց, իմ փայ արեգակը վաղուց մեր մտավ, իմ փայ երկինքը վաղուց փուլ էկավ։ Ինձ համար էլ լիս չի բացվում, ինձ համար էլ աղոթարանը չի ծեքում, օրն ինձ համար՝ գիշեր, գիշերն ինձ համար՝ տարտարոս, դժոխք։ Վաղուց եմ գերեզմանիս ղրաղին կանգնել, հորը փորել, հազար անգամ մեջը մտել, դուս էկել, բայց ա՜խ՝ հողն ինձ ի՞նչ տեղ կտա, որ քեզ չեմ տեսել, աչքս ի՞նչպես կկպչի, որ քեզ չեմ նայել․ գերեզմանումը կդինջանամ, որ դեռ բերանս բերնիդ չառել, լեզուս լեզվիդ, աչքս աչքիդ, դոշս դոշիդ, էդ ջիվան ջանիդ ղուրբան՝ Աղասի։ Հրեշտակս ի՞նչպես սիրտ անի, որ ինձ մոտանա. էն ձեռը չի՞ չորանալ, որ ինձ լվանա. էն լեզուն չի՞ փեդանալ, որ իմ սուքն անի. էն բեմը ի՞նչպես տեղը կմնա, որ իմ նաշր տեսնի, էն բաժակը կրա՞կ չի դառնալ, որ հոգուս համար պտի խմեն, էն խունկը բո՞ց չէ դառնալ, որ ինձ վրա պտի ծխեն։ Որ որդին մոր գլխին կանգնած չըլի, էն մորը ո՞նց պետք է թաղեն. որ որդին ծնողի սուքը չանի, էն ծնողին ո՞նց պետք է հողը դնեն, որ որդին մոր գերեզմանը օրհնիլ չտա, էն քարը ո՞նց պետք է քցեն»։

«Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. երեսս ոտիդ տակն՝ Ա՛ղասի, ինչ կըլի՝ մեկ շվաքդ էլա տեսնիմ, հետո հոգիս տամ. մեկ ձենդ էլա լսեմ, հետո աչքս խփեմ, մեկ ձեռդ բերանս առնիմ, հետո շունչս կտրեմ։ Էն ի՞նչ օր էր, որ գլուխդ գոգումս, ձեռներդ դոշիս՝ ջուրն էի գնում, քամակիս կապում, [ 169 ] հանգն էի գնում՝ ուսի՛ս քեզ դնում, մեկ ձեռս բերնումս, մյուսովն քեզ խտտում, խոտ էի հնձում, քեզ ճոճումն պահում, հետդ խաղ ասում ու քեզ օրորում, պտուղ հավաքում, քեզ մեջքիս կապում, հացը բերնիցս հանում՝ քեզ դեմ անում, ծառիցը պտուղ քաղում՝ քո խաթրն առնում, հարիր անգամ գիշերը վեր կենում՝ քեզ ծածկում․ ջան, ղուրբան ասելով՝ հետդ քաշ գալիս, արտասունքդ սրբում, երեսդ համբուրում, վրեդ խաչակնքում ու աղոթք անում, կամ քեզ գիրկս առնում, հետդ քուն մտնում»։

«Հերդ զընդանում, ոտները բխովում․ Նազլուն կիսաջան՝ մահի հետ կռվում․ հենց ե՛ս եմ մենակ չոր գլուխս պահում, որ մեկ շունչդ քաշեմ ու քո սուրբ գոգումը գլուխս դնեմ ու քեզ բարով մնա ասեմ․ բարով մնա՛ ասեմ ու աչքս խփեմ, որ քո արտասունքն հեչ չտեսնիմ, քո սուքը չլսեմ։ Ա՜խ՝ այ իմ կորած որդի, ըմբրի՛ս լուսատու․ բաս քո խեղճ մերդ հեչ միտդ չե՞ս քցում․ բաս քո ջրատար հոր հալը հեչ չե՞ս հարցնում, բաս ջիվան Նազլուդ՝ որ քեզ ա ուզում, անունդ տալիս, թե աչքը բանում, քո սիրովն էրվում թե քեզ ա հիշում, շունչը բերնումը, հրեշտակն առաջին, ոտը հողումը, խաչը գլխատակին, պատանը ծալած, խունկն ու մոմն հազրած, աչքը խոր գնացած, բերանը փակված՝ լեզուն չի բռնում, որ անունդ տա․ արտասունք չունի, սիրտը հովացնի, էլ թաղաթ չունի, որ ինձ էլ չէրի։ Ոտդ ի՞նչպես ա քարերին բռնում, աչքդ ի՞նչպես ա քուն գալիս, որ մեր մեռնիլը միտդ ա գալիս, գլուխդ էդտեղ լվա՛, էստեղ չորացրո՛ւ․ մերդ քա՛ր դառնա․ Նազլուն հետդ տար, սա էլա ապրի, քեզ մխիթարի․ գնա՛, արևի՛դ մեռնիմ՝ Աղասի, արևիդ ձենն ածի․ ինձ թաղի՛ր, բայց Նազլվիդ մի թողար, մի դեն քցիր․ քեզանից ավելի սա էլ ով ունի․ քեզ ապավինեց, արի՛, սրան հասի՛, քանի շունչ ունի, տա՛ր, չտեսնիմ․ հենց քեզ տեսա թե չէ՝ հոգիս ձեզ կտամ, ես հողը կմտնիմ, ձեզ բարով կտամ․ էկե՛ք, թաղեցե՛ք, փախե՛ք, գնացե՛ք էս դառն աշխարքի՛ցս, ոտներդ քաշեցե՛ք ու ձեր անբախտ մոր հոգին հիշեցե՛ք»։

Էս թուղթը կարթալիս՝ հարիր անգամ իրանից գնաց ու էլ եդ էկավ ու սկսեց կրկին կարդալ ու ինքն իրան սիրտ դնիլ, վերջը թուղթը ծալեց, ծոցը դրեց ու մտքի ծովն ընկավ։ Իրիկնահովն ընկել էր՝ որ աչքը բաց արեց, ձեռը ծոցը տարավ, որ մոր գիրը մեկ էլ կարդա, իր սերեկանինն ընկավ ձեռը, իր Նազլվինը, ու քիչ էր էրվել, նորեն հազար խանչալ սկսեց սրտումը ցցվիլ․ շշկլած, շշմած սկսեց կարդալ։ Նրա թղթի միտքն էլ է՛ս էր։

«Երա՛բ որ սիրտս հանեմ, էս թղթումը դնեմ, երա՛բ որ բաց անես ու հազար թուր միջումը ցցված տեսնիս, կիմանա՞ս էն ժամանակը՝ թե Նազլուդ, քո ջրատար Նազլուդ ի՞նչ ցավ ա քաշում, ի՞նչ օրումն ա, ի՞նչ հալումն, իմ գլխի՛ տեր, իմ ըմբրի թագավոր՝ Աղասի։ Ո՞ր սարերն են առաջդ կապել, ո՞ր գետեր ճամփեդ կտրում, ո՞ր ձեռն ա թևիցդ բռնում, եդ քաշում՝ ա՜յ իմ թագ ու պարծանք, որ էսպես ինձ կրակում թողել ես, ինձ դժոխքը ղրկում, դու արքայությունը վայելում, ինձ սուրը քաշում․ դու ձեռներդ լվանում, ինձ դիվանոնցը տալիս, դու հրեշտակների միջին արևիդ ձենն ածում ու երեսդ էլա չե՛ս եդ դարձնում, որ ինձ հողը [ 170 ] դնես։ Ա՛ղասի ջան, Աղասի. երաբ սիրտդ քար ա դառել, երաբ աչքդ ծաղիկ ու թուփ էլ չի՛ տեսնում, երաբ երեսդ մի երկնքին չե՞ս քցում, որ տեսնիս՝ թե ի՞նչ մրրած ամպեր են առաջիդ կանգնած, ի՞նչ կրակ է վերևիցը վեր թափում, չես իմանում միթե՝ ա՛նիրավ, ա՛նջիգյար՝ թե էս կրակն ու էս բոցը, էս ծուխն ու էս ամպը իմ բերնիցն են դուս գալիս, իմ սիրտս ա քուլա քուլա իրանից հանում, վերևն աստղերը խավարակնում, բռնում, ներքևը սար ու ձոր պապանձացնում, անձող շինում»։

«Հարիր անգամ գերեզմանի դուռը հասել՝ էլ եդ եդ եմ էկել, հարիր անգամ արեգակը որ մեր մտավ, ես էլ իմ հոգիս հետը ճամփու քցեցի, ու ա՜խ՝ էլի ծեգը բացվելիս, հենց իմանում էի, հողումն եմ, չէի ուզում շունչ քաշեմ, հենց իմանում էի, մեռելների կոխքին եմ, չէի կամենում, գլուխս բարձրացնեմ, ու էլի մորդ՝ ա՜խ՝ քո ումբրը խավարած մորդ ձենն որ անկաջս չէր ընկնում, էլ եդ աչքս բաց էի անում, մազերս նրա ոտի տակին փռում, որ կամ ինձ սպանի, կամ թե չէ մահի ձեռիցը չխլի, ինձ սաղ սաղ էսպես չէրի, չխորովի, ամա էլի որ նրա էն խավարած աչքերը, էն չորացած, մազ դառած ջանը որ աչքովս էր ընկնում, որ իմանում էի, թե նա էլ քո ցավն ա քաշում, քո դարդովն ա էնպես փոթոթվում, քո-քո ջանի՛ն մեռնիմ, միտք էի անում, որ թե ես էլ մեռնիմ, էլ նրան աշխարքումը պահող չի ըլիլ, որ ես կորչիմ, նա էլ կենդանի հետս պետք է հողը մտնի, կամ ջուրն ընկնի, խեղդվի, որ միտք էի անում, թե նրա խորոված սիրտը ինձանով ա մի քիչ հովություն գտնում, քո կարոտը, քո հոտն ու համը քիչ թե շատ՝ ինձանից ա նա առնում, ինձ որ չունենա, կամ սովը պետք է նրան սպանի, կամ քարեքար ընկնի, մեկ բուռը հողի, մեկ օրհնած տեղի էլ հասրաթ մնա։ Ի՞նչ պետք է անեի, ո՞ր ջուրն ընկնեի․ հոգիս իմը չէր՝ որ հանեի, նրան տայի, բալքի նա ապրեր, քեզ տեսներ, քո արդար ձեռը բռներ, գար գերեզմանս ու գլխիս կանգներ, ասեր, «Ա՛ղասի ջան՝ է՛ս ա Նազլվիդ հանգստարանը, է՛ս հողին նա իր ջանը ղուրբան տվեց, հետս խոսում չէր, որ դարդն իմանայի, ես էլ չոփ էի դառել, աշխարքն աչքիս փուշ կտրել, որ մեկ մոտին նստեի, քրտինքը սրբեի, կամ մեկ սառը ջուր տայի։ Ես ի՛մ տեղումն էի կրակի միջումն էրվում, սա իր բարձի վրա. ես իմ գլուխս էի բարձրացնում՝ որ հոգիս տամ, սրա հրեշտակն էի տեսնում գլխին պտիտ գալիս, ես ա՜խ էի քաշում, որ ձենս քո՛ անկաջն ընկնի, սրա անկաջն էր ընկնում, սրան էրում, մաշում։ Ա՜խ՝ հինգ ամիս էսպես տանջվեց, չարչարվեց էս խեղճ ջրատարը, ո՛չ դեղ կարաց սրան եդ բերիլ, ո՛չ դեղապետ, ո՛չ տերտեր, ո՛չ հսկումն, ո՛չ աղոթք, ո՛չ սրբություն։ Մեկ առավոտ էլ՝ ա՜խ՝ էն սհաթը գնա, ո՛չ եդ գա, աչքս բաց արի, որ վեր կենամ, կամ երեսը ծածկեմ, կամ տեղը փոխեմ, տունը գլխիս փուլ էկավ․ աչքերը երկինքն էր քցել, երեսն աղոթարանը, ձեռ ու դոշ բաց արել, հենց իմանաս՝ էն եդին սհաթին էլ իր հրեշտակին ուզեցել էր խնդրի մի քիչ համբերի, որ բալքի թե էս սհաթին էլա մեկ դուռը բաց էիր արել, մեկ քեզ տեսել էր, մեկ հասրաթդ առել էր ու հետո հոգին տվել։

«Ընկի՛ր գերեզմանի վրա՝ Ա՛ղասի ջան՝ էս գերեզմանը քո արնի գինն ա, քո աչքի լիսն ա էստեղ թաղած, երեսդ հողին տո՛ւր, որ բալքի հողն էլա նրա մուրազը տա, բալքի հողիցն էլա գալդ իմանա ու գերեզմանումն [ 171 ] էլա դինջանա։ Ա՜խ՝ ի՞նչ կըլեր, որ էնքան ցավը քաշեց, մեկ օր մեկ ձենն էլա իմանայի, մեկ օր մեկ խոսք էլա ասեր, որ սրտումս դարդ չմնար, ինձ էսպես չէրեր, չխորովեր։ Ա՛խ էլ որ քաշում էր, էն կրակված շունչն էր երեսիս դիպչում․ լաց էլ որ ըլում էր, էն գետանման արտասունքն էի միայն տեսնում․ մեկ աչքն էլա չէր բանում կամ գլուխը բարձրացնում, որ բալքի երեսն երեսիս առներ, աչքը աչքիս, որ մեկ սիրտս հովանար, մեկ լացը դինջանար, աչքս իրան տայի, որ ինչ արտասունք ուներ, ինձ բաշխեր, գետնին վեր չածեր․ սիրտս իրան հանեի, բաշխեի, որ բոլոր ցավն ինձ տար, ես էլ անկորուստ էսօր քեզ ամանաթ տայի, որ քանի տեսնիս, իմանաս՝ թե քո խեղճ, անճար Նազլուդ քո սիրովդ մեռավ, քո կարոտովն գետինը մտավ, որ քանի նրա անունը տաս, հրեշտակ էլ որ ըլի, էլ թամահ չանես, էլ էն բարձի վրա ուրիշ գլուխ չդնես, օրի վրա որ քո հարազատ Նազլուդ հոգին տվեց, որ էդ դոշդ էլ ուրիշի դեմ չանես, որ Նազլվի ջանը հանեց, էդ լեզուդ էլ ուրիշի ջան չասի, որ Նազլվին կրակ դառավ, էրեց»։

«Չէ՝ Ա՛ղասի ջան՝ թե քո մերն եմ, ասածս արա՛, քանի Նազլվիդ գերեզմանն աչքովդ ընկնի, քանի քնից վեր կենաս, երեսդ երկինքը քցես, կամ իգին մտնիս, ծաղկըներդ ջրես, կամ պտուղ քաղես, դոշդ բա՛ց արա, նրա անունը տուր, նրա գլուխը լա՛ց իլ, թուփ չկա՝ որ նրա արտասունքը տեսած չըլի, քար չկա՝ որ նրա դոշին չըլի դիպել, ծաղիկ ու թուփ չկա՝ որ նրա գլուխը չըլի խտտել, սուքը տեսել, հետը սքացել, սրտի ծուխը մեջն առել ու թառամել, չորացել, որ նրա կսկիծը չտեսնի, ձենը չլսի։ Թե իմ կաթն ես կերել՝ Ա՛ղասի ջան՝ թե իմ ձեռին մեծացել, քանի շունչդ բերնումդ ա, ոտդ վրեդ, արի՛, արի՛, էս սուրբ հողի վրա կանգնի՛ր, ինձ էլ նրա հետ թաղիր ու հետո Աստված քեզ հետ։ Քանի որ կենդանի եմ, թուր կցցեմ սիրտս, աչքս կհանեմ, ուրիշի էլ հարս չեմ կարող ասիլ, ուրիշի էլ մեր չեմ դառնալ․ ինձ էլ աչքալիս չի՛ հարկավոր, չի՛ հարկավոր, իմ աչքիս լիսն էլ էր սա, իմ օր ու ումբրս էլ, որ կորավ, փչացավ, սրա կախած տեղը թե ուրիշի ոտ ա դիպել, հոգիս կտամ․ սրանից եդը աշխարքս ջավահիր էլ դառնա, էլ ո՞ւմ աչքը կգա, ո՞վ թամահ կանի։ Մեռնելիս էլ՝ անկաջումն էն եմ ասել, գնա՛՝ իմ ջանի հանող՝ քանի շունչս վրես ա, Աղասին էլ՝ կարմիր չի կապիլ, էլ ձեռները հինա չի դնիլ, նրա հինեն վաղուց քամուն տվի․ մե՛կ բարձի գլուխ դրիք, մեկ հողում պտի քնիք, ինձ էլ միջըներդ առնեք, որ ձեր սերը գերեզմանումն էլ տեսնիմ, երկինքումն էլ վայելեմ, ձեզ օրհնեմ, ձեզ որդի ասեմ ու Աստծուն՝ ինչպես առա, էնպես ամանաթ տամ»։

«Գերեզմանի ղրաղին կանգնել եմ, քեզ եմ կանչում, Ա՛ղասի ջան, ձեռս ու դոշս բաց եմ արել, քե՛զ եմ կարոտ՝ ջանիդ ղուրբան։ Հողն իմ ձեռովս եմ առել, որ երեսիս քցեմ, քո մատաղդ գնամ․41) պատանս ես եմ կարել, որ մեջը մտնիմ․ Նազլո՛ւն չարդ տանի․ խունկս ու մումս ու ժամոցս՝ իմ ձեռովս եմ տվել՝ ա՛նումիդ մեռնիմ, էլ ժամ կամ պատարագ, տերտեր կամ բաժակ՝ ինձ չի հարկավոր, երեսս ոտիդ տակը։ Հազար անգամ հրեշտակիս ոտն եմ ընկել, եդ դարձրել, որ մեկ էլ ձենդ լսեմ էս քառացած անկաջովս․ մեկ էլ երեսդ տեսնիմ էս խավարած աչքովս, մեկ էլ էդ սուրբ ձեռդ էս քարացած դոշիս կպցնեմ, մեկ էլ էդ ազիզ պատկերը էս հող դառած [ 172 ] երեսիս դնեմ ու էս էրված, խորովված, քրքրված հոգիս ու շունչս քեզ տամ՝ Աղասի ջան. բաս սիրտդ էնպես մեռել, փեդացե՞լ ա, որ էլ ինձ չե՛ս սիրում։ Ա՜խ՝ ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ, սիրտս լիքը, ձենս կարճ, տեղդ հեռու, ո՞վ մեր դարդին ճար կանի»։

Ողորմելի աղջիկն էլ չէր կարացել իրան պահի. կեսուրն էլ էն վախտը վրա հասավ, որ էսպես փեդացել, վեր էր ընկել, ձեռիցը բռնեց՝ դողդողալով տուն տարավ ու տեգորը խնդրեց՝ որ գնալիս՝ էս բայաթին էլ մեկ աստվածասերի գրիլ տա, հետը տանի, որ Նազլուն վաղուց իրանից հանել էր ու ամեն օր սքալով ասում։

Նազլվի սուքը

Գարունքը բացվել ա, դաշտեր կանաչել,
Ծառերը ծաղկել, սարեր զարդարել.
Բլբուլն իր վարդի սիրովն կշտացել.
Հենց ես՝ ա՜խ՝ սիրույդ կարոտ մնացել։ Ա՜խ՝ կարոտ...

Ինչ քար տեսնում եմ՝ դո՛ւ ես առաջիս,
Ինչ խոտ կոխում եմ՝ դո՛ւ միտս գալիս.
Աղբրի ջուրն էլ քո՛ համն ա տալիս.
Հանդի ծաղիկն էլ՝ իմ օրը լալիս։ Ա՜խ՝ օրս լալիս...

Աչքիս լիսն էլ՝ ա՜խ՝ լալով փչացավ,
Ա՛խ ո՛խ քաշելով լերդս չորացավ.
Ո՞ւմ սիրտս բանամ, ո՞ւմ ասեմ իմ ցավ,
Ասեմ էլ երաբ, ո՞ւմ սրտին կտա ցավ։ Ա՜խ՝ կտա...

Չե՛մ ուզում աչքս երկինքը քցեմ,
Լիսնյակն, արեգակն ինձ հավար կանչեմ․
Սի՞րտ ունին նրանք, որ իմ դարդս ասեմ.
Արի՝ արեգա՛կ իմ՝ քե՛զ կարոտ եմ։ Ա՜խ՝ քեզ...

Երաբ քո սիրտն էլ հետս ցա՞վում ա.
Երաբ անունս միտդ գա՞լիս ա.
Թե չոր քարերը ձենս ու սուքս լսում,
Ո՛չ հետս խոսում, ո՛չ սիրտս առնում։ Ա՜խ՝ սիրտս․․․

Էդ սուրբ երեսդ՝ մեկ էլ ես տեսնիմ.
Մեկ էլ մոտիդ նստիմ, մեկ ճտովդ ընկնիմ.
Թող էն ժամանակն ես տամ իմ հոգին.
Մեռնիմ արևիդ՝ էդ ոտիդ տակին։ Ա՜խ՝ ոտիդ...

Նազլվիդ աչքը ճամփին մի՛ թողար․
Նազլուդ մի՛ սպանիր, Նազլուդ ջրատար
Քեզ ղուրբան ըլի, հասի՛ր նրան հավար,
Հասիր՝ հողը դիր, հոգին հետդ տար։ Ա՜խ՝ հետդ...

[ 173 ]

Ա՜խ՝ ա՛յ իմ Աստվածասեր կարդացող՝ քար ըլեր, էս խոսքերը կպատռեր, ո՞ւր մնա մարդ, էն էլ Աղասին, որ սիրտը բարակել, փոշի էր դառել։ Բայց մարդիս հոգին խոր ա, ջիլը կակող, քանի ձգվում ա, բարակում է ու հանկարծ կտրվում։ Լեն օրին ա մարդ՝ շատ անգամ իրան մոռանում, թե չէ նեղությունը միայն հոգին մաշում է, բայց շուտով չի հանում։ Աղասու էսքան էրվիլն ու տանջանքը, որ տեսնում էին փամբակեցի կտրիչ Հայի տղերքը, խոսքը մին արին, որ գնան թաքուն մորն ու կնկանը փախցնեն, բերեն, բայց խելոք մարդիկ խորհուրդ չտեսան, չունքի խեղճ ծերունի հորը բանդումը թիքա թիքա կանեին։ Շատ անգամ վարավուրդ էին անում, որ Աղասին միտը ծռել, ուզում ա գնա հորն ու մոր հավարին․ բուսուն բռնում եդ էին դարձնում։ Էսպես տանջվելով էս ձմեռ էլ անց կացրեց, մինչև գարունքն էլի բացվեց ու Թուրք ու Հայ յայլաղ դուս էկան։ Աղասին էլ հետըները գնաց։ Աղբրների գլխին, ծաղիկների վրա օբեքը իրանց չադրները տվին ու մալն արին էն անմահական դրախտը։ Առավոտը որ տեղիցդ վեր էիր կենում, հազար սարի ծերից ամպն ու ծուխը՝ իրար հետ խառը՝ երկինքն էին վերանում ու շաղն ու ցողը անձրևի հետ՝ նրանց շորերի, երեսների վրա դնում։ Կնանիքը կթի տավարի հետ էին ըլում, կաթը հավաքում, եղ ու պանիր շինում, մարդիքը տավարը սարը տանում, կամ բուրդ ու եղ բազարը բերում, ծախում, իրանց տան պակասությունը հոգում։ Մենակ էս չէր կնանոնց գործը. ցերեկը ջահրա էին մանում, շալ ու խալիչա, կամ կարպետ գործում, ու իրանց օրը ուրախ, միամիտ անց կացնում։ Էլ ինչ ասիլ կուզի, որ տան պես՝ աղչիկ ու հարս էստեղ կուչ ու ձիգ անելով չէին ման գալիս, կամ երեսները կախում։ Մեկ տան պես, ում օբեն մտնեիր, թուշ էր՝ որ վարդի պես փայլում էր, աչք էր՝ որ մարդի խելք տանում էր։ Էն օդի ու ջրի, էն ծաղկի ու կանաչի հոտն ու համն առնողի հոգին ու ռանգն ի՞նչ կըլեր բաս։ Հայտնի բան է, որ ֆորսի, ու շատ անդամ գողի ու հարամու հետ շաբթով էին ման գալիս ջահել տղերքը ու սպանած, կամ բռնած բերած ժամանակը, մեկ հարսանիք էր ըլում բոլոր օբեքանց միջին։ Ղոնաղ պատահեր, էստեղ պատահեր։ Շաբթով, ամսով էլ չէին թողալ հեռանա, ու աղբրների քչքչոցը, ջրերի խշշոցը, ծառերի սլսլոցը, ղշերի ծլվլոցը, չոբանի թութագը, գառան, ոչխարի ու տավարի ձենն ու բառանչը՝ ամեն մարդի ուզում էին ասեն․ թե դրախտ ես կամենում, էստեղ կաց, է՛սպես կաց, սիրտդ անմեղ, միտքդ հիստակ։

Չեմ կարող ասել թե էս տեղի փոփոխությունը Աղասու սիրտը չի բաց արեց, քար ըլեր, կկակղեր, կրակ ըլեր՝ կհանգչեր, ո՞ւր մնա նրա սիրտը։ Բայց Աղասու գլխին դեռ չար հրեշտակ էր պտտում, ու ինքը ողորմելին չէ՛ր իմանում։ Շատ անգամ սարից որ օբեն չէր մտնում, հազար աչք մնում էին վրեն հայիլ մայիլ։ Իլահիմ որ իմացան նրա պատմությունը, ամեն աչք ուզում էր նրա՛ համար բացվի, ամեն բերան նրա՛ն իր շունչը տա։ Ո՛ւմ որ մեկ ծաղիկ չէ՛ր թավազա անում, աչքը արտասնքով լիքը՝ ուզում էր ձեռի տեղակ՝ սիրտը դեմ անի։ Քթի տեղը՝ հոգումը դնի նրա տված ծաղիկը։ Ով մեկ անուշ թիքա ուներ, նրա համար էր պահում․ մեկը սեր էր նրա առաջին դնում, մեկը ձվաձեղ, մեկը գաոան միս, մեկը պախրի խորոված։ Շատը նրան ղոնաղ կանչելիս՝ գառն ու ոչխար էին մորթում, [ 174 ] որ նրա սիրտն առնին։ Նրա տխուր բայաթու ձենը, նրա աղիողորմ սուգը կամ արտասունքը՝ որ չէին տեսնում, մեծ, պստիկ ուզում էին մատաղ գնան։ Աղչկերքը որ չէին դաստա դաստա սարի դոշին ման գալիս, ծաղիկ քաղում, գլուխ ու դոշ զարդարում, սիրտն ուզում էր՝ թե տրաքի, որ իր Նազլուն էստեղ չէ՛ր։ Բայց Մուսեն, ջիվան Մուսեն[18]՝ ո՛չ Նազլու ուներ որ դարդ անի, ո՛չ հեր, որ բանտումը տանջվի,42) մեկ ջահիլ մեր ուներ, էն էլ էսօր, էգուց էր ընկել՝ որ մեկ քիր կամ ախպեր էլ նրա համար բերի։ Բոյն էկել՝ շիշակացել էր, չինարի դառել, բեղերն նոր էր բերնի վրա ծաղկել, թուխ թուխ ճալվերը շարմաղ երեսին հովին անելիս՝ հենց իմանաս՝ հրեշտակ ըլի թևով խփում։ Տասնըվեց տարին անց էր կացել՝ դեռ նա[19] ծուռն աչքով մեկի երեսի չէ՛ր մտիկ արել։ Բազի վախտ մեկ քող կամ սիպտակ լաչակ տեսնելիս ղորդ ա, խելքը գլխիցը գնում, սիրտը կրակով լցվում, աչքերը արտասունքը կոխում, ուզում էր, սար ու ձոր ընկնի, գլուխն առնի կորչի՝ ամա մեկ քանի օր որ անց էր կենում, աչքը էլ որ չէ՛ր տեսնում, սիրտն էլ հովանում էր։ Բազի վախտ էնպես գիտես՝ թե նրան վեր ըլին քաշում։ Հովը տալիս, ծառը ծաղկելիս, ջուրը քչքչալիս, հենց գիտես՝ թե մեկ աներևույթ ձեն նրան ասում ըլի՝ «Մո՛ւսա ջան՝ քնի՝ ես աչքըդ կկպցնեմ, երազումդ հետդ կխոսիմ, որ զարթնիս, գյում կըլիմ, չունքի վախտը չի՞ հասել՝ որ դու քո նասիբը գտնիս․[20] ինչ որ ճակատիդ գրած ա՝ էն պետք է ըլի»։ Քնից որ վեր էր կենում, հենց իմանում էր՝ թե հրեշտակները մոտիցը նոր թռան։ Նա չէ՛ր իմանում, թե սերն ա էս, որ քիչ քիչ նրա սրտումը տեղ էր պատրաստում։ Մեկ օր էլ էսպես մեկ ծառի տակի քնած տեղը՝ երազում մեկ թաս գինի բերին, դեմ արին նրան ու մեկ հրեշտակի պատկեր նրան՝ թևերն երեսին փռած՝ կամաց ձեն տվեց․ «Մուսա ջան, յա խմիր էս թասը, յա՛ ինձ սպանի՛ր, իմ կյանքս քո ձեռին[21] ա։ Հերնըմեր չունիմ, ընկել եմ մեկ անօրեն տաճկի ճանկ, Ղարսա սարումն ա մեր օբեն. թե սիրտ ունիս, թե Աստվածդ սիրում ես, արի՛, ինձ ազատի, չե՞ս ազատիլ, քո օրումդ դու կյանք չե՛ս տեսնիլ, Մո՛ւսա ջան՝ գնում եմ, դու գիտես, արի՛, թե չէ էս ա քսան օր ա ինձ տանջում են, որ թուրքանամ, չեմ թուրքանում, քեզ եմ սպասում․ ինձ երազումս ասացին, թե դու ես իմ ազատողը»։

Աչքը որ բաց արեց, հենց իմացավ՝ թե ծառ, խոտ, ծաղիկ՝ անմահական հոտով լցված ըլին, ու արեգակի շողքը երեսը սղալելով՝ ուսուլով սարի քամակը անցավ։ Ուզում էր խոսա՝ ձենը չէ՛ր դուս գալիս, ուզում էր վեր կենա՝ ոտն ու ձեռը չէին զորում։ Թութակի ու շվու ձենն էլ որ անկաջը չընկավ, էլ եդ աչքը խփեց։ Ա՜խ՝ ինչ կըլեր, ջահելությունը նրան չէ՛ր էսքան հաղթել, սերը չէ՛ր էսքան նրան թմբրացրել։ Մութը գետինն առավ, մատդ որ կոխեիր մարդի աչք, չէր տեսնիլ։ Ամպերը սարերիցը գըլխները բարձրացրին, ոտները կտրեցին, չանգ ու դուման սար ու ձոր բռնեց։ Հենց գիտես՝ հազար վիշապ բերանները բաց արած՝ գալիս են՝ որ սար ու ձոր կուլ տան։ Կայծակը էստեղ, էնտեղ, որ չախմախին չտվեց, սարըցիք իմացան՝ թե ի՞նչ խաբար ա, տավար, ոչխար աղալի մեջն արին, [ 175 ] թվանգներն առան, շները թաք թողին, չունքի լավ գիտեն՝ որ գողի, հարամու, ջանավարի զզղան վախտը հենց էս ա։ Ամպերը որ թոփ ու թոփխանեն չսարքեցին, ով ոտ ուներ, փախավ, ո՛վ աչք ուներ, փակեց, օղլուշաղը ալաչուխի[22] տակն արեց, ճրագ, կրակ հանգցրեց, որ աչքը մի քիչ էլա բան տեսնի ու հենց ոտի վրա՝ ամենը մի կտոր հաց առան, էն էլ գոտիկը դրին, չկերան, որ տեսնին՝ թե վերջները ի՞նչ կըլի, ի՞նչպես կլուսանա։ Մեկ բարակ կարկուտ անձրևի հետ խառը էկավ, վրըներովն անց կացավ․ երկինք, գետինք սկսեց կրակվիլ։ Կայծակը որ չէր ղամշում սարերի գլխին, ուզում էին՝ թե հազար գազ խոր գնան։ Ամպը որ չէր թոփի բերանը բաց անում, գետինն ուզում էր՝ հազար կտոր էլի, ու հոգին տա։ Ճրագ չկար՝ որ մարդ տեսնի, ձեն մարդի անկաջ չէր հասնում։ Աղասին պատռեց գոռալով, Մուսի անունը տալով, բայց ջուրը տանի նրա մորը, նա ի՞նչ տեղ էր, որ խոսք իմանա, ի՞նչ նեղ սհաթի, որ գլուխ առնի, փախչի։ Աղասու ընկերքը՝ ամեն մեկը մեկ սար ընկավ, գլուխը մահու տվեց, հարիր տեղ թվանք քցեցին ու ո՛րքան էր նրանց ահն ու երկյուղը, երբ որ իմացան՝ թե նրա թվանքն էլ վրեն չի։ Աղասին մահվան դուռը գնաց։ Ամպն էլ եդ դառավ, կայծակն էլ, բայց գիշեր էր, ի՞նչ տեղ պետք է նրան քթնեին։ Ընչանք ծեքը բացվեց, օձերը ծնեցին․ ու ո՞վ նրանց հալը կարա պատմիլ, երբ էկան տեսան՝ որ ջիվան Մուսեն արնի միջումը շաղախված, չորս կողմի խոտն ու թուփը պոկած։ Մեկ ահագին քաֆթառ նրա դոշին նստած, Մուսի ձախու ձեռը բերնումը։ Քիչ մնաց, որ թուրն իրանց սիրտը կոխեն․ որ ձեն չտվին, ու վայ տվին՝ հսկայն Մուսա աչքը բաց արեց, ընկերներին որ տեսավ, գլուխը ժաժ տվեց, ու ժպտելով ասեց․ «Աֆմա՛րիմ՝ լավ վախտի եք գալիս, էկե՛ք կուռս հանեցե՛ք. ղամեն շատ խորն ա գնացել, ձեռս էլ հետը, ինձանում էլ թաղաթ չկա, որ հանեմ»։ Ո՞ւմ աչքը էն ուրախությունը կտեսնի, ինչ նրա ընկերների աչքը տեսավ։ Վրա թռան, քաֆթառին դեն քցեցին ու Մուսեն որ կուռը չհանեց, կեսը հենց բռնիր, ծամած էր։ Մեկ սաղ սհաթ Աղասին նրա դոշիցը չէ՛ր պոկ գալիս էնպես գիտում էր՝ թե էն կյանքիցն ա վեր էկել։ Սարըցիք էլ՝ էս ջիվան, իգիթի սիրտը տեսնելով, մնացել էին զարմացած, ու սաղ շաբաթը հենց էն էին խոսում։ Բայց Մուսի աչքիցը քունն էր փախել, սրտիցը ղարարը։ Արեգակն էր դուս գալիս՝ նրա օրը մեր էր մտնում՝ օրն էր մեր մտնում՝ նրա ցավերն էին նոր ի նորս բացվում։ Սար ու ձոր նրա համար դժոխք էր դառել. գիշեր ցերեկ նրա կերած հացը, նրա խմած ջուրը, նրա տեսած լիսն ու երազը էն սքանչելի պատկերն էր, որ իրան կանչել էր։ Ծառերն էին սլսլում, թե ջուրը քչքչում, քամին էր փչում, թե հովը հնչում,[23] նա ոչինչ ձեն չէ՛ր իմանում, ոչինչ չէ՛ր տեսնում, եթե ոչ իր սիրեկանի երկնային դեմքը։ Հսկայն Աղասի, որ իր վերջին օրումն էլ չէ՛ր ուզում, որ իր ընկերների մեկի մազն էլա թեքվի, վաղուց էր վարավուրդ արել սրա էս նեղությունը, վաղուց էր իմացել, որ իր սիրեկանի սիրտը, ուշ ու միտքը թռել ա. էլ վրեն չի՛․ ամա չէ՛ր իմանում՝ թե պատճառն ի՛նչ ա, գիտեր՝ որ նրան աչքի լսի պես էր մինչև էն օրը պահել․ բայց թե ի՞նչ էր [ 176 ] էսպես նրան էրում, խորովում՝ չէ՛ր կարում հասկանալ։ Նա տեսնում էր՝ որ ջիվան Մուսին մեկ աղջկա ձեն լսելիս, մեկ աղջկա պատկեր տեսնելիս՝ իրանից գնում, խելքամաղ էր ըլում, ամա էնպես կարծում էր՝ թե էս էն առաջին կրակն ա, որ ամեն ջահել մարդու սիրտ վառում, բորբոքում ա, երբ ինքն իրան ճանաչում ա, երբ արինը եռ ա ընկնում ու սար ու ձոր մարդուս աչքին յա սազ ու քյամանչա են դառնում, ուշ ու միտքը տանում, յա թուր ու դանակ[24] դառնում, սրտումը ցցվում։ Շատ օր ճտովն էր ընկնում, լալիս ու աղաչանք անում, որ իր դարդն ասի, արտասունքից ավելի ոչինչ չէ՛ր տեսնում, լացից ավելի ոչինչ չէ՛ր լսում։ Շատ անգամ սիրտը բերանն էր գալիս՝ որ իր ցավերն ասի, ամա լեզուն չորանում էր, պապանձում, երեսը կարմրատակում, չէ՛ր գիտում՝ թե ի՞նչ ջուղաբ տա, դողդողալով սարերն ու ծառերն էր նրան նշանց տալիս։ Ընկերքն էլ էին մնացել մաթալ․[25] որ մի ֆռսանգ էր ճարում,[26] էլ հաց ու ջուր միտքը չէր բերում, գլուխն առնում՝ կորչում,[27] սար ու ձոր պետք էր ոտնատակ տված՝ որ նրան մեկ տեղ քնած քթել էին։

Մեկ օր էլ էսպես Մուսին ման էին գալիս, որ մեկ քարափի տակից էնպես մեկ ձեն էկավ, որ մարդ լսելիս՝ ջանը վրեն սրսռում էր։ Քամին ձենը ձորն էր քցել, ու քարերն էին խոսքերը եդ ասում։

Բայաթու գունով

Հրեշտակ էիր, որ ինձ երևեցար, ա՜խ՝ ինձ երև<եցար,
Երկրո՞ւմն ես ծնվել՝ թե երկնքիցն էկար․
Մեկ ջան ունեի, էն էլ դո՛ւ տարար,
Ա՜յ իմ սուրբ պատկեր՝ արի՛, հոգիս ա՛ռ, ա՜խ՝ հոգիս առ։

Մեռնիմ, չե՛ս տեսնիլ, կորչիմ, չե՛ս ման գալ,
Սո՛ւր կոխեմ սիրտս, դու չե՛ս իմանալ․
Ո՞ւր կորչիմ, որ էս անողորմ չանգալն
Սիրտս չխրվի, չթողա ինձ լալ․ ա՜խ՝ չթողա։

Երազ թե քուն ինձ, ա՜խ՝ մահ են դառել․
Իմ սև օրս գիշեր, կյանքս խավարել,
Ի՞նչ պետք է անեմ, ո՞ւր եմ ապրում էլ․
Թե ոտիդ տակին մատաղ չե՛մ ըլիլ,[28] ա՜խ՝ մատաղ։

Ամպին իմ սրտիս դարդերը պատմում,
Ցրվում՝ գալիս չի՛, ու քեզ եդ ասում,
Քար ու սար աչքիս աղի արտասունքն
Էլ եդ սիրտս ածում, էլ եդ ինձ էրում, ա՜խ՝ ինձ էրում:

Քանդեցիր անմեղ իմ հանդարտ հոգին,
Կրակ քցեցիր[29] իմ ջանն ու մարմին,
Թե հրեշտակ էիր՝ ո՞ւր էն սուրն, էն կրակն,
Խրի՛ր իմ սիրտս, թափիր իմ գլխին, ա՜խ թափ<իր>։

[ 177 ]

Կգամ՝ հո՛գի ջան, կգամ քո ոտքը․
Քեզ մոտ ա սիրտս, քեզ հետ իմ միտքը.
Բայց ի՞նչ տեղ ես քո աննման դեմքը
Տեսնիմ, կատարեմ իմ տված խոսքը։

Որ ընկերքս էլ ինձ՝ ա՜խ՝ քոմակ չըլին,
Երես դարձնեն ու չըլին խոսքը մին,
Կընգնիմ սարեսար ու քո հավարին
Կըհասնիմ, դարդ չանես՝ քեզ մատաղ ըլիմ․ ա՜խ՝ ես մա<տաղ>։

Թո՛ղ մեկ էլ տեսնիմ քո սուրբ պատկերը, քո սուրբ պատկերը.
Թող մեկ էլ տա ինձ բաժակ քո ձեռը․
Մեկ շունչդ առնիմ, ընկնիմ սարերը,
Քեզ մատաղ անեմ իմ գլուխս, իմ օրը․ ա՜խ՝ իմ գլ<ուխը>։

Ասեց ողորմելի պատանին ու սկսեց գլուխը քարին դնիլ։ Արեգակն ուզում էր մեր մտնի։ Աղասին որ թաքուն եդևիցը դուս[30] էկել, մեկ թփի տակից անկաջ էր անում, սիրտը էրվում, չուզեց ողորմելու քունը խառնի, մնաց քարի վրա նստած ու աչքը իր ազիզ ընկերի աչքին քցած՝ սկսեց իր դարդերը միտքը բերիլ, իր ջահելությունը ֆիքր անել ու մտքումն ասել․ «Ա՜յ ջիվան, ջիվան տղա․ լավ իմանում եմ, ինչ թուր ա էկել՝ սրտիդ դեմ առել․ ի՞նչ կրակ ա ընկել՝ լերդդ էրում ու ջիգյարդ․ բայց ի՞նչ անեմ, ընչի՞ չես սիրտդ եդ բանում, որ մեկ քո ցավդ իմանամ, ու էլած կյանքս էլ հո ուղուրիդ մատաղ անեմ։ Ա՜խ՝ լավ եմ իմանում՝ ա՛զիզ ջան, որ սիրո թևը երեսիդ[31] քսվել, սիրո նետը քեզ էլ ա դիպել, բայց ընչի՞ չես պարզ ասում, որ գլուխս եդ դնեմ, սիրածդ գետնի տակին էլ որ ըլի՝ հանեմ, ձեզ ձեր մուրազին հասցնեմ ու ես էլ ձեր ոտի տակին հոգիս տամ։ Մեր ու նշանած գլխիս կրակ են ածում, սար ու ձոր ինձ՝ քիչ ա մնում, ուտեն, մեկ քար չունինք, որ գլխներս վրեն դնենք,[32] էլի դու՝ ո՛վ սեր, ո՛վ բնություն՝ ուզում ես ցույց տալ քո զորությունը։ Ա՜խ՝ ո՞ւր կորչի մարդ, որ քո ձեռիցը պրծնի,[33] քո ցավը չտեսնի։ Առաջ վառում, բորբոքում ես մեր սիրտը, հետո էրում, խորովում, առաջ վարդի հոտով գալիս, մեր սիրտը մտնում, հեդո փուշ ու սուր դառնում, մեզ կտրատում»։

Էս խոսքերը միտք անելիս՝ բիրադի անկաջն ընկավ․ «Հա Հռիփսիմե ջան՝ քո ջանի՛ն ղուրբան, քո սրբի անունը կտամ ու էքուց, էքուց Ղարսա սարերումն ինձ կտեսնիս»։ Աղասու էրված սիրտն էլ հենց էս էր ուզում իմանա։ Էնքան կացավ, որ սիրելին քնից կշտացավ ու իրան իրան որ աչքը չի՛ բաց արեց Մուսեն, վրա թռավ, ճտովն ընկավ, կպցրեց նրան դոշին, ու լալով ասեց․ «Ա՜խ՝ ա՛չքի լիս՝ որ սրտումդ էդպես դարդ ունիս, հենց իմանում ես քա՞ր եմ, որ ինձանից բան ես թաքցնում։ Չէ՛՝ էնպես ես կարծում, թե էս իմ խորոված ջիգյարը որ էլ սաղ տեղ չունի, քո դարդի համար էլ տեղ չի՞ քթնիլ, քո ցավը չի՞ քաշիլ, էլած շունչս ու ումբրս քե՞զ չեմ տալ։ Հենց իմանում էի՝ Աստվածանից դու բան կթաքցնես, ինձանից [ 178 ] չե՛ս թաքցնիլ. է՞դ ա սերդ ու սիրտդ։ Հենց իմանում էիր՝ թե Աղասին էնպես մեռել ա, որ քեզ համար մեկ ա՜խ էլա չի՞ քաշիլ, քեզ համար մեկ կաթ արտասունք էլա չո՞ւնի։ Հերնը մերս ղորդ ա՝ մահվան դուռն են հասել, նշանածս՝ ո՞վ ա գիտում՝ հողի տակին ա, թե երեսին, ամա քանի նրանց ձեռս չի՞ հասել, ե՞րբ կթողամ՝ ձեր մեկի աչքը ցավի, ձեր մեկի մազը թեքվի։ Մինչև ես մեռնիմ ո՛չ, մինչև ինձ թիքա թիքա չանեն, ձեզ կթողա՞մ, որ մեկ ղուշ անց կենա գլխներիդ վերա։ Վե՜ր կաց, երեսդ սրփի՛ր, ինձ ուղիղ ասա՛՝ էդ քո ջանը հանող Հռիփսիմեն, էդ հրեշտակն՝ ո՞վ ա, որ քեզ երևացել ա,[34] քեղ տանջում, մաշում ու դու մեզ բան չես ասում։ Հազար սար ու ծով մեր մեջն ըլի, էլի կթռչիմ, նրան կհանեմ, կբերեմ, թաք ըլի՝ դու դարդ չանես, երեսիդ մեռնիմ։ Ասում ես Ղարս ա։ Էդ հո երկու ոտը տեղ ա․ դրա համար էդքան պետք է է՞րված։ Վե՛ր կաց, դեռ երեխա ես, դեռ գւխիդ բաներ չի անց կացել[35] շատ, որ մարդ ճանաչես։ Վե՛ր կաց՝ էլ ամաչելու, գլուխը կախ անելու վախտը չի՞»։

Մուսի աչք ու երեսը կրակ էր դառել, ամոթու չէ՛ր իմանում՝ թե իր մեծահոգի բարեկամի մտներն ընկնի, թե ձեռը համբուրի։ Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցույց էին տալիս՝ որ Մուսին ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում, բերանը փակվում էր, պապանձվում՝ որ ձեն տա՝ «Աղա՛սի ջան՝ յա մորթի՛ր ինձ, յա սպանի՛ր էստեղ, յա ասած օրս իմ մուրազին հասցրո՛ւ․ Հռիփսիմեն որ չըլի, էլ ինձ ո՛չ կյանք ա հարկավոր, ո՛չ օր, նրա շունչը որ չառնիմ,[36] ես ինքս իմ շունչս բերնիցս կհանեմ, կկտրեմ․ նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կփորեմ դեն կքցեմ։ Դո՛ւ ես իմ տերը, իմ Աստվածը․ իմ ձեռս քո փեշն եմ քցել. յա ձեռս կտրի՛ր, յա գլուխս, յա իմ մուրազը անկատար պետք է չթողաս, պետք է ինձ սաղ սաղ չէրես, չփոթոթես»։

Էսպես որ ձեռք ձեռի եդ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու[37] գլուխը դոշին կպցրած՝ քաշում էր նրան, քանց թե բերում․ մյուս ընկերքն էլ որ սաղ գիշերը չէին քնել դարդու՝ ուրախ ուրախ վազեցին առաջ, հենց իմացան, արեգակը նոր ա բացվում, էկան էրկուսին էլ մեջ արին, ու չադիրը գնացին։ Սարըցիք էլ ուզում էին՝ որ ուրախությունիցը հոգիները տան։ Աղասին մտածմանց մեջ ընկած, աչք ու ունք կիտած, չադիրը մտավ թե չէ, տղերքանցը իշարաթ արեց, որ ձիանը հավաքեն, յարաղ ասպաբ հազիր անեն որ էն գիշեր դուս պետք է գնան, չէր ուզում՝ որ մարդ իմանա, վախում էր՝ թե իրան բռնեն, չթողան։ Էն իրիգունը բոլոր սարըցոցը գլխին հավաքեց, նրանց խոսքով արեց, որ կասկած չտանին, հազար բերնով իր շնորհակալությունը էնպես էր ուզում ցույց տա՝ որ նրանք ոչ նրա միտքը իմանան, ու թե փախած ըլի, չասեն՝ թե ի՞նչ վատ մարդ էր նա, որ մեկ դարտակ շնորհակալություն էլ նրանց չասեց։ Էնքան աղ ու հացըները կերավ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացավ փախավ։ Շատ էին նրան աղաչել ու լալով ասել՝ թե նա նրանց միջումը մնա, իրանք իրանց կերթան, Կնյազին կխնդրեն, որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի, ու ասում էին՝ մենք գիտենք՝ թե ինչպես հոգի [ 179 ] կտանք քեզ, որ արարած աշխարհ իմանա՝ թե Հայի ազգումն էլ սիրտ կա, Հայումն էլ ռաշիդ աղամարդին Աստուծու տեղ պաշտիլ գիտեն։ Էս իրիգուն էլ գլխին ժողոված՝ մեծ ու պստիկ էլի էն էին ասում ու վրա բերում, թե որ նա իրանց միջիցը հեռանա, աշխարք նրանց համար քանդված ա, նրանց աչքն էլ արեգակին ուղիղ չի՛ մտիկ տալ, նրանց սիրտն էլ լավ օր չի՛ քաշիլ։ Քանի նրա ասած խոսքերը, նրա տեհած բաները տեսնին, կուզեն՝ որ էրթան, ջուրը թափին, նրանց օրն ու ումբրը կսևանա։ Ամեն էսպես խոսք լսելիս՝ ինչ Աղասու բերնիցն էր դուս գալիս, լեզու պետք է ըլի՝ որ պատմի, սիրտ պետք է ըլի՝ որ իմանա։ Տեսավ՝ որ անմեղ սարըցիք՝ հենց նրա բերնին են կարոտ, ուզում են՝ որ սաղ գիշերը նրա կշտիցը չհեռանան, նրա մոտին նստին։ Հա՝ շատն էլ էկել՝ գլուխը նրա գոգին էին դրել, ու երեսին մտիկ անում, ասածն իմանում․ աղչիկ ու հարս էլ չադրի դուռն ու ղրաղն էին կտրել ու ա՜խ քաշում․ տղերքանցն իշարաթ արեց՝ որ ձիանները հազրեն․ առավոտը ֆորս պետք էր գնար, գան, մի քիչ քնին, դինջանան, ամեն բան հազիր ունենան, ու ինքն էլ գլուխը թեքեց՝ որ սաքի թե աչքը կպցնի․ խալխը քաշվեցին, բարի գիշեր ասացին ու ամեն մարդ իր չադիրը գնաց։

Հենց աղոթարանը կարմրատակեց ու ամպերն սկսեցին քիչ քիչ գլխըները սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, յարաղ ասպար քցեցին,[38] էկան՝ չադրի դռանը կանգնեցին։ Աղասու ձին ոտին գլխին էր անում։ Սարերի ծաղկները ու ջուրը նրա միսը անկաջվն էին դուս բերել՝ էնքան չաղացել էր։ Ընչանք սարըցիք վեր կկենեին՝ որ իրանց կով ոչխար կթեն, նրանց ղոնաղները մնաք բարով ասացին,[39] ձիանոնց[40] գլուխը ծռեցին ու թռան․ աչք էր՝ որ եդևներիցը մայիլ էր մնացել․ սիրտ էր՝ որ ասում էր իր միջումն՝ երանի նրան՝ որ էսպես զավակ, էսպես փեսեք կունենա։ Սարը բարձրացան թե չէ՝ Աղասին՝ որ ման էկած սարերին ու ձորերին, իր տեսած ծաղկներին ու աղբրներին, իրան սրբի պես պաշտող անմեղ սարըցոնց օբեքանցը[41] մտիկ չարեց, խելքը թռավ, աչքերը լցվեց ու սկսեց բարակ ձենով էս բայաթին ասել։

Բարո՛վ մնաք, բարով՝ սա՛րեր ու ձորեր,
Ալվան ծաղկներ, սիրուն աղբրներ,
Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր,
Ա՜յ անմեղ Հայեր՝ սիրուն աղջըկներ։

Աղասին բալքի ձեզ էլ չի՛ տեսնի,
Աղասին ձեր վրա՝ կըլի՝ էլ չքնի.
Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի,
Ձեր ձենը չլսի, ձեզ կարոտ մեռնի։

Հալալ արե՛ք նրան ձեր աղուհացը,
Քանի նա ձեզ մոտ կանգնած՝ իր լացը
Ծոցն ա հավաքում[42], քանի աչքը բաց՝
Ձեր միտքը բերի, օ՛րհնի ձեր արածը։

[ 180 ]

Ա՜խ՝ ի՞նչ կըլեր՝ ոտս կոտրեր, էստեղ չգար,
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպես չլար․
Ի՞նչ կըլեր՝ Աստված ամեն մարդի տար
Ձեր անմեղությունը, ձեր հալալ պաշարն։

Երաբ յարալու սրտիս ասածը
Կպահե՞ք ձեր մտքումն՝ թփե՛ր բաց էլած.
Ձեզ վրա ման գալիս ձեռք ձեռքի տված,
Աղչիկ ու հարսներ ձեր մոտին նստած.

Սիրո՛ւն աղբրներ, լաջվա՛րդ ծաղկըներ՝
Երաբ որ նրանք ձեզ քաղեն, ծոցերն
Լցնեն, հոտ քաշեն, զարդարեն դոշերն,
Իրար տան, կապեն փունջ ու պսակներ,

Մեկ մեկու ասեն՝ մեզ չմոռանաք,
Պահի՛ր էս ծաղիկն, քեզ մոտ հիշատակ․
Երա՞բ իմ լացս էլ դուք չե՞ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ.

Նրանց իմ օրհնությունն, իմ խնդիրն ասել,
Որ ինչքան շունչս կա ու չեմ մեռնիլ,
Նրանց սերը կհիշեմ, նրանց կուզեմ պաշտել,
Ինձ չի՛ մոռանան, ես նրանց չե՛մ քցիլ

Մտքիցս ու նրանց սերն սրտումս կպահեմ.
Հետս ման կածեմ, հողը կտանիմ։
Աստված թո՛ղ ձեզ տա՝ ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարո՛վ՝ սարեր, էլ ձեզ տեսնիլ չե՛մ։

Մեկ տափարակ դուզ տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին՝ մեկ մեծ դաշտ, չորս կողմը սարերով պատած, աջ ու ձախ սևին տալիս, ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզում են, հենց իմացնում ես՝ թե առաջիդ մեկ էնպես քաղաք ա բաց ըլում, որ հազար հազար[43] կենող միջումն ունի, ու ցրտի, յա շոքի ձեռից բեզարած՝ ուզում ես, որ շտապիս, գնաս մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, էլ եդ ճամփեդ բռնես, գնաս։ Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից զարմանալի եկեղեցյաց գմբեթը ու մեծությունը, մյուս տեղից բարձր մինարեթքը[44], քոշք ու սարայի գլխըները։ Մտքումդ ասում ես՝ թե էս տեսածդ մեկ մեծ, զորեղ թագավորի թախտ պետք է ըլի, էստեղ ոսկին ու արծաթն աղբի հետ պետք է խառը ընկած ըլի, էստեղ օրը հարիր քարվան ներս մտնի, հարիրը դուս գա։ Հենց իմանում ես՝ թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը՝ մութն ու խավարն ա քեզ խաբում, [ 181 ] որ ինս, ջինս, մարդ, անասուն չես տեսնում, հենց ջամդաքակեր ագռավներն են աչքերիդ[45] սևին տալիս։ Մարդ չի կա մոտիդ, որ հարցնես, գիր չես կարթացել, որ իմանաս․ մտքիդ հետ ընկած, տեսածդ՝ հրաշք կարծելով, յա աչքակապություն, որ հանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ սի՛րելի իմ Հայազգի՝ ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում։ Հենց իմանում ես՝ թե մեկ վիշապ, յա մեկ հարամի հենց էն սհաթին ա մտել ու բոլոր կենողներին[46] յա կուլ տվել, յա սուրը քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել։ Ուզում ես, որ աչքդ խփես, եդ դառնաս։ Ա՜խ՝ չէ՛, չէ՛, եդ մի՛ դառնալ․ էստեղանց ծուխը հազար տարի ավելի ա՝ որ կտրվել ա, կա՛ց, մի՛ վախենալ․ անշունչ քարերն[47] ու եկեղեցիքը մարդակեր չեն։ Աչքդ բա՛ց արա, սիրտդ քե՛զ հավաքի՛ր ու գլխիդ վա՛յ տո՛ւր։ Էս սրբատաշ տաճարները, էս ահագին բերդը, էս քարերը քեզ կասեն՝ թե սա է գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել՝ որ չոբանն էլ եկեղեցի էր շինում. ոչխարարածն էլ արծաթե նալչովը,[48] սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն էլ հացի տեղակ փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեղակ արծաթ ու ոսկի պահանջում,[49] որ եկեղեցի մտած ժամանակն էլ էնքան էին Աստված մոռացել նրանք, որ կարճ վարդապետ գալիս, բարձր գրքակալ էին դնում, բարձր եպիսկոպոս ըլելիս, ցած գրքակալ դուս բերում, որ յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին ու իրանք ծիծաղին, Աստուծո տաճարումը քեֆ անեն։ Բայց սուրբն Հովհան Երզնկացի հանաք չվերցնելով՝ մեկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակըվեր էլավ, խալխը ցրվեցին, փախան, որը Ղրիմ, որը Պոլշա։ Էս անշունչ քարերը մնացին ցից ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շեն։ Տաճարք, ապարանք, գանձ, հարստություն անեծքի փայ էլավ, հողը մտավ Հայոց ազգի մնացած փառքն էլ, ու մինչև էս օր էլ երկրի ձենը գալիս ա։ Գող, ավազակ են միջումը բուն դնում․ նրանց բանն Աստված հաջողում ա, նրանք չեն տակով ըլում, ու Աստված էնքան իր գութը Հայերիցը պակսացրեց, որ էնքան անմեղ հոգիքը, էնքան միլիոնավոր մարդիք մեկ սհաթումը մեկ սևագլխի խոսքով ջնջեց, Հայոց Տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնա էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքիս երեսին։

Լա՛ց գլուխդ՝ ա՛նցավոր, տե՛ս՝ թե Աստուծո դատաստանը ի՞նչպես արդար է․ կարգավոր տեսածին պես՝ ոտները ջուր արա՛, խմի՛ր, որ էսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու էս օր էլ քանդողին եկեղեցումը տոնում են։ Դու չե՞ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարեխոսությունն հիշես, որ քեզ էլ չանիծի, քու որդիքը պահի, մեծացնի։ Նրա տոնի օրը լավ մտքումդ տպավորի՛․ ի՞չ կանես Անի քաղաքի անունը․ նա քանդվեց, պրծավ, ամա սուրբը քեզ միշտ օգնական ու բարեխոս կըլինի։ Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել, խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել․ ո՞վ էսքան հրաշք տեսավ, վայելեց, երազ ես տեսնո՞ւմ, քնա՞ծ եմ, աչքս ինձ խաբե՞ց, ասում ես մտքումդ, ուշագնաց ըլում. հո նոր են սրանք, բաս [ 182 ] սրանց միջումն ընչի՞ չկա ձեն, ընչի՞ են լռվել։ Ա՜խ թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել։ Հմիկ հավատո՞ւմ ես՝ ա՛յ իմ խեղճ ազզ, թե քո երկրումն բյուր էսպես քաղաք՝ կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին, ու քեզ չոր քարեր մենակ թողեցին, որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վայ, խելքդ ժողովես, լինիս կտրիչ Հայ, Ռուսաց հզոր ձեռի տակին փոքր դինջանաս ու քո աշխարքին մուղայիթ կենաս, արյունդ թափես, քո ազգը պահես, քեզ անուն ճարես։

Հանգստարանի ձեն էր գալիս, որ մեր ճամփորթքը գիշերվա կեսին էստեղ հասան։ Լավ կտրիչ մարդ պետք է ըլի, որ էս ժամանակին էսպես չոլ յաբանի տեղը սիրտ անի, մտնի, կարելի է՝ թե մեր բեզարած ճամփորթքն[50] էլ է ստեղ չէին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը՝ էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել։ Անու քաղաքի անունն էլ չէ՛ին լսել, ո՞ւր մնա՝ իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումը կան։ Հեռըվանց որ ցից ցից տների գլուխը չտեսան, Ռսի հողիցը[51] դուս էին էկել, հարամու հողը էլ եդ մտել։ Ղորդ ա՝ աքլորի ձեն չէ՛ր գալիս, ամա սարերի չոբանի ձենը լսելով՝ էլ մտիկ չարին, զո՛ւ քաշեցին ու, քու դուշմանի գլխին[52] չի գա՝ որ չմտան էս լուռ, տխուր պարսպների մեջը, հենց իմացան՝ թե մեկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան, ու ամեն մեկ ձիու ոտի շփլթոցը յա իրանց քաշած շունչը սար ու ձոր կատաղացնում ա։

Ամեն մարդ փորձած կըլի, որ մութը ժամանակի մարդ որ մեկ գերեզմանատան կամ մեկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոքին կտրատում, քարերն էլ դև համարում ու հարամի՝ որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնաց էլ ա ըլում։ Սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում, յա շինություն, կարծելով՝ թե մարդ էլ կըլի՝ ու եդ՝ որ ձեն չի՛ լսում, էնպես կարծում ա՝ թե անպատճառ, չար հոգիք են էնտեղ բնակում, թե չէ՝ մեռելի չոր մարմինը, յա խարաբս՝ պատերը ի՞նչ զորություն ունին, որ մեզ ինչ անեն։ Էլ ո՞վ սիրտ կաներ ապա կամ եկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, էն էլ էն երկրռւմը՝ որ ամեն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամեն մեկ ձորում հազար լաշ հոգին զոռով տալիս։ «Տղե՛րք՝ չար սատանի թուրը գլխներիս խաղում ա»,ձեն տվեց պինդ սրտով քաջն Աղասի. «Տղամարդությունն էսպես տեղը մալում կանի, յարաղ ասպաբ հազրեցե՛ք, ձիանոնցը՝ դինջացրե՛ք, որ թե Աստված տա՝ մինչև առավոտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք՝ թե էս որ գեդյարգյալմազն ընկանք։ Նամարդությունը էլ ձեռք չի՛ տալ. ձիանները ջրեցե՛ք, քաշեցե՛ք մեկ պատի տակ, ես մեկ շունս առնիմ, յավաշ յավաշ մեկ աչք ածեմ, տեսնիմ՝ թե տեղըներս ռահաթ ա, թե էլի սրով ու արնով պետք է յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք»։ Շատ էլ խնդրեցին ընկերքը՝ որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարքսի անունը տվեց ու ոտը փոխեց։ Գիժ կըլի էն տղամարդը՝ որ [ 183 ] իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գլխիցը վաղուց էր ձեռք վեր առել։ Հավատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէ՛ր հեռացնում։ Մեկ հոտ առնելիս, յա շփըլթու իմանալիս՝ կանգնում էր, եդի ոտների մինն էլ ցըցում, երկար վախտ անկաջ դնում, հետո երըմիշ ըլում։

Հենց մի քիչ հեռացան թե չէ՝ մեկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը․ արինն աչքն առած՝ էլ միտք չարեց,[53] թե էսպես տեղը գողից, հարամուց ավելի ուրիշ օքմին չի՛ ըլիլ, թուշ կրակի վրա գնաց։ Աստված հեռու տանի՝ ինչ նա տեսավ․ տասը Քուրդ եկեղեցու մեջտեղը[54] կրակ էին արել, չորս կողմը նստել՝ խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում ու աչքները օյաղ որսկանի շան պես յա դուռը քցում, յա պուճախը։ Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կվախենա։ Ընչանք նրանք կրակի մոտիցը ձեռները աչքներին կդնեին ու դռան ղարալթուն կտեսնեին, Աղասին յավաշ յավաշ ներս մտավ, ծանր դեմքով[55] առանց բարով տալու՝ կրակին մոտացավ ու ձեռը մեկնեց՝ որ մեկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի։ Նրա դեղնած մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպես անժամանակ վախտը ներս գալը որ չտեսան Քրդերը, հենց իմացան՝ թե նա էն աշխարքիցն է վեր էկել․ լեզվները չորացան, ձեռըները թուլացավ։ Ի՞նչ կկարծեին՝ թե էն հադաղին իսանաորդի մեն մենակ սիրտ կաներ է՛ն ավազականոցը մտներ, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին մոտովն անց կենան, որ հազար տարուց ավելի էլ ինսանաորդի սիրտ չէր անում, որ գա էն հազիր շինած տներումը կենա։ Հենց գիտես՝ թե մարդիք չըլին առաջին․ աչքը խոժոռած մեկ դես քցեց, մեկ դեն։ Քրդերեն էլ չգիտեր, որ մեկ բառ էլա խոսի, բայց է՛ս էր, որ նրան պրծացրուց, չունքի թե խոսացել էր, կիմանային՝ որ մարդ ա, դև չի, թիքա թիքա կանեին։ Մեկ շամփուր խորովածի՝ որը կերավ որն էլ եդ կրակը քցեց. տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց, ու գլուխը ժաժ տվեց։ Քրդերը փետացած մնացել էին նստած, աչքը որ հանկարծ նրանց վրա չխոժոռեց, ամեն մեկը տեղն ու տեղը ուզեցավ՝ որ հալչի։ Էնքան էսպես նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ ուրախ ներս ընկավ, ոտներովը փաթաթվեցավ։ Հենց շունը տեսան հարամիքը թե չէ, աչքըների փառը վեր ընկավ, ամեն մարդ թրին վրա վազեց որ նրան փառչալամիշ անի, առաջի թուրը վրա բերողի գլուխը կես էլավ, փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին, ու ղամեն ձեռն առած՝ որ գոռաց ո՛չ «Տղերք՝ ձեր արևին ղուրբան, Աստված մեր կողմն ա, դուռը կտրեցե՛ք, որ սրանց մատաղն էս գիշեր անենք»։ Հայի լեզուն որ բաց չէլավ, հենց բռնես պատերը լեզու առան։ «Աման ձեր էկած հողին ղուրբան, ճար ունիք տեսեք, մեզ ազատեցեք, տնով տեղով ձեզ եսիր կդառնանք»։ Տասը տասնը հինգ քրդստանցի Հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի՛ բարձրացրին ու Քրդերի մնացած թրերն ու մզրախները ձեռք առան, Քրդերի աստղը թեքվեցավ․ ութը կոտորվել էին, երկուսը մնացել յարալու ընկած․ սրանց էլ կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի, ոչինչ սհաթի մարդի քաջությունը [ 184 ] էն բարերարությունը չի արել, ինչպես հիմիկ։ Աղջիկ ասես, տղա, հարսը, երեխա, ծծկեր՝ հազար չվանով[56] կապած՝ տուն էին արել, Ղարսա գեղերիցը եսիր բերել, որ տանին՝ յա սարդարին փեշքաշ անեն, յա Ախլցխա ծախեն։ Ո՞ւմ էսպես սհաթին մարդ[57] կյանք տա, որ նրա առաջին ծունըր չդնեն, երկրպագություն չանեն։ Բայց հսկայն Աղասի ինքն էր ընկնում սրանց ճտովը, ինքը նրանց կապը եդ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ սիրում, գուրգուրում, որ Աստծուն փառք տան, սուրբ Սարքսին խունկ ու մոմ վառեն, թե չէ՝ էս[58] իր հունարը չէր։ Ոչի՛նչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի՛ տեսել, չի՛ քաշել, ինչպես էս։ Ազատվողք թե ազատողք իրար տեսնելիս, հենց իմանում էին՝ թե երկնքումն են ու ո՛չ երկրումս։

Փոքր ինչ որ դինջացան, աչքդ բարին տեսնի։ Քրդերի շորերն, ասպարն, ձի ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար միջըներումը, ամեն մեկին վրա հարիր թումանի զինքս, արծաթ ու ոսկի, թո՛ղ նաղդ փողը։ Աղասին ո՛չ մեկին էլա մտիկ չարեց, ղրկեց ձիանը բերել տվեց, ներս քաշեց ու քրդստանցի Հայերին հարցրեց, որ իրան միամտեցնեն՝ թե էն գիշերը կարո՞ղ են էնտեղ ռհաթ մնալ՝ թե ո՛չ։ «Աղա՛՝ գլխուդ, արևուդ ղուրբան՝ վալլախա չընք գինա, թե էս շան լաջերիցն էլ կան, թե չէ․ ամա օյաղություն աղեկ է։ Սրանց չանգիցը շունը չի խըլսի, մարդն իմա՞լ խլսի։[59] Մգա Աստծուն փառք՝ խազար էնպես ջանավար մեր առաջը գան, զէնոնց խերն անիծեմ․ մեկ թուր տուր մեր ձեռը, մենք գինանք՝ թե իմա՛լ քո ճակատը պարզ կենենք։ Մեր ամեն մեկը սուրբ Կարապետ գինա, էսոնց տասնին խավի պես կծալի, տակը կքաշի։ Դու դարդ մի՛ արա, ռահաթ պարկի, մեր երեսն ոտացդ հողն ըլի. էսոնց քոքը կտրվի, քանց շուն շատ են, քանց գել առավել։ Թե մեզ կխարցնես, մենք էմլա խեյրաթ կտեսնինք, որ մեր կես պարկի, կես ղարավուլ քաշի, էս ձորեր խանա լիքն են»։

Հենց էս մասլըհաթին էին, մեկ էլ էն տեսան՝ որ ձիավորի ոտի ձեն ա գալիս։ Արիասիրտն Աղասի միտք արեց, որ սրանք նրանց ընկերները պետք է ըլին, ական թոթափել երեխա, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր բերնին դրեց՝ որ ձեն չհանեն, երկու քրդին էլ բերան, ձեռ, ոտը դհա ղայիմ կապեց ու մեկ իգիթ քրդստանցու թուրը հանած վրըները կաղնացրուց, մյուս քրդստանցոցը կրակի չորս կողմը նստացրուց, որ կարծիք չընկնին, ու ինքն իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դրան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած՝ պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին։

Լոլո ձեն տալով՝ քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր էկան, բալուլ տվին մեկ երկուսի ձեռքը՝ որ ման ածեն։ Հայի երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը՝ որ ժամը չէ՛ր ընկնում, պատերն էլ սուգ էին անում, բայց խեղճերը չէին իմանում՝ թե ինչ բարի հրեշտակ ա Աստված նրանց համար ուղարկել։ Հենց գյուռ արած՝ որ ղալմաղալ անելով ներս չընկան, էլ չիմացան, թե մարդ ա, որ իրանց գլուխը կոտրում ա, դև կարծեցին կամ սուրբ․ էլ թրի, մզրախի, յա ղալխանի վախտ չէ՛ր։ Քրդստանցի Հայերը մաջալ էլ չտվին Աջամի Հայերին․ շատին հենց կրակի շամփուրն [ 185 ] կամ թերերեցն էին բերանը կոխում, գլխին, դոշին, քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին ու տանջվին։ Էլի Աղասին էր՝ որ էս կատաղությանը չափ դրեց․ սպանածներին դուս ածել տվեց ու որը սաղ էին, յա յարալու՝ ձեռ ու ոտք կապել տվեց ու ղրաղ քաշիլ տվեց։ «Աղա՛՝ մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի, էսոնք մեր ճիժը ու մանչ խտտացրին՝ թո՛րկ, թո՛րկ էսոնց սատանի կեր անենք, էսոնց խոր գաղտը գյոռբեգյոռ ըլի»։

Թո՛ղ կարթացողը ինքը միտք անի, թե էս գիշեր ի՛նչ գիշեր կըլեր էս ջրատար եսրների համար, որ ամեն մեկ ոտք փոխելիս՝ իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում։ Թե ի՞նչ սրտով նրանք աղոթք կանեին, ի՞նչ հոգվով իրար կնայեին ու Աստծուն փառք կտային։ Հենց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, էն դռան երկու Քրդի մնին էլ սպանել, մյուսը փախցրել ու խեղճ Հայի էրեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովը եդ արել, իրան ուսին ներս տարել։ Զարմացած, մահի դուռը գնացած ու եդ եկած Հայերը՝ որ աչքները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հենց էն էր խնդրում, թե Աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն։ Տեսնելով՝ որ Քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց՝ «թո՛ղ էդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցե՛ք։ Սրբերը չե՛ն խռովիլ, յա նախանձ պահիլ․ ո՛վ ըլի՝ նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա»։ Աղասու սիրտը վկայում էր՝ թե էն գիշերը էլ փորձանք չի կա․ բոլորին էլ խնդրեց, որ չոքին՝ աղոթք անեն․ նրանց բախտիցը եսրների միջումը տերտեր էլ կար, տիրացու էլ․ սրանք սկսեցին առավոտվան ժամը, ու Անի քաղաքը հազար տարուց ավելի որ ո՛չ ժամ էր տեսել, ո՛չ աղոթքի ձեն լսել, էս գիշեր հենց իմացավ՝ թե[60] իրանք երևելի շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրա հողն օրհնում, իրա ջուրն գովաբանում, որ Հայ ազգը էլ չհավատա՝ թե իրան Աստված էնպես ա անիծել, որ էլ մարդ չի կարող նրա միջումը կենալ։ Ո՛չ երկիրը քանդվեցավ, ո՛չ երկինքը փուլ էկավ, Քրդստանցիք իրանք[61] էլ էին մնացել զարմացած, թե էն ի՞նչ անճոռնի ասություն պետք է ըլեր, որ մինչև էն օրը սրտներում հաստատ տպավորել էին։

Առավոտը որ լուսացավ, Աղասու աչքը մնացել էր սառած։ Չէ՛ր իմանում՝ աչքին հավատա, թե ո՛չ։ Եկեղեցի, պարիսպ, բերթ, մինարեք էնքան նոր, էնքան պայծառաշեն ու անբնակ։ Կարթալ չէր գիտում՝ որ միտքը բերի, թե էս ի՞նչ քաղաք պետք է ըլի․ տերտերին որ չի կանչեց ու պատմությունն բացավ,43) խելքը գլխիցը թռավ։ «Վա՜յ իմ օրին, արևին․ մեր ազգն էսպես քաղաքներ ա ունեցել, էսպես մեծություն ու հմիկ ամենն էլ կորցրել, հարամու ձեռին գերի ա մննացել», ասեց հսկայն լալով։ Չէ՛, տեր հայր՝ մեզ Աստված ա բերել էստեղ, Աստված մեր թրին, մեր կռանը ղվաթ տվեց, որ մեկ գիշեր էսքան բաներ արինք․ էն Աստվածն էլ էնքան կարողություն ունի, որ մեզ միշտ հաջողի, հարամություն հո չենք անում, որ նա բարկանա, հարամու ոտն ենք կտրում, Աստուծո ստեղծվածը ազատում։ [ 186 ] Մնանք էս սուրբ հողումը. մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտկից։ Հարըրից ավել ենք հիմիկ, ինչ ձեռք ենք քցել՝ ձեզ ըլի։ Մնա՜նք էստեղ, յա մենք էլ մեր արինը ձեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ քիչ նրանց քաղաքն էլ եդ պայծառացնենք։ Տուն կա, ջուրը բոլ, հանդը, դաշտը մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք, քարի տակիցը ռզղ կհանեմ, ձեզ կպահեմ։

Բայց թե քարին ասած, թե մեր Քրդստանցի Հայերին. կռվում ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդահա, բայց ինչ գրումը գրած ա՝ նրա շլինքը տո՛ւը, նրան ուրիշ բան մի՛ ասիլ։ Մեռնիս էլ՝ նա իր ասածը կանի, էնքան կողքը հաստ ա։ «Իմա՞լ կեղնի, անիծած խողում ո՞վ կմնա։ Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի։ Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա էս չոլում կեցող հմլա մեկն էլա չեղնի, չեղնի։ Խազար տարի խա ասա, խա գլուխդ ի քարին զարկի։ Մենք չընք կենա, չընք գինա, ի՛նչ կասես՝ ասա՛։ Մենք մեր խողը չենք թողա»։

«Չե՛ք թողալ, Աստված ձեզ հետ. մեր աստղը մեկ անգամ ծռվել ա. մարդն ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել նրան քոմակ անի։ Էսպես արինք՝ որ մեր տունը քանդվեց՝ է՛։ Գնացե՛ք, Աստված բարի ճանապարհ տա ու ձեր սիրտը մեկ լիս քցի, որ ձեր խերն ու շառն իմանաք։ Ես իմ տղերքանցովն էստեղանց էլ դուս գալու չեմ։ Թե ձեզանից էլ ուզող կըլի, որ ինձ հետ միանա, իմ ախպերն ա, իմ աչքի լիսը։ Մեկ թիքա ունենամ, կեսը նրան կտամ, ինձ համար աշխարքն յա ըլի, յա չըլի»․ ասեց ու հրամայեց՝ որ ինչ ճարել են՝ հավասար ճոթ անեն. ինքը մատն էլա մի բանի վրա չդրեց. բայց թուր ու ասպար հրամայեց՝ որ վերցնեն, բոլոր ընկերներին մեկ մեկ ձեռք Քրդի շոր հագցրեց, որ շուտով չճանաչեն՝ ամեն մեկին մեկ ձի էլ բաշխեց։ Էս որ տեսան, քսանից ավելի ջահիլ կտրիչ տղերք կանգնեցին, խնդրեցին՝ որ իրանց էլ ընկեր շինի, նրանց էլ գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ էլ տարավ, ճամփու քցեց ու ինքը իր ընկերտանցովը եդ դառավ. փոքր հաց կերան, պարիսպ եկեղեցի բոլորին ման էկան ու հարավային քարափի բուրջը իստակել տվեց. մեկ երկու հոգի Շորագյալ ուղարկեց՝ որ գնան՝ հաց առնեն, ու ինքը սիրտն ու թոքն էրված պատանին ընկավ քաղաքի ամեն ճամփեն ու խոռը, ամեն քունջն ու պուճախն աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը ու վտանկավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած, ջարդված էլ եդ վեր էլավ, ձորիցը դուս էկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց։ Արփաչային սւ արեգակի մտնելուն նայեց, աղլուխը ձեռն առավ ու էս բայաթին ասեց.

Ա՛խ վաթան, վաթան, քու հողին ղուրբան.
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան,
Է՞ս փառքն ունեիր, է՞ս պատիվն առաջ,
Որ հմիկ ավիրվել, մնացել ես անջան։

Ե՞րբ միտք կանեի, թե էս հողերը,
Էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը

[ 187 ]

Էնպես մեծություն, էնպես լավ օրեր
Քաշել են, մնացել ա՜խ հիմիկ անտեր։

Ո՞ւր ձեր տերերը, թագավորները,
Ձեր պահողները, ձեր իշխանները․
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը։

Ձեր գերեզմանը, ա՜խ ձեր լիս հողը.
Որ հմիկ չեմ տեսնում ձեր կորած թոռը,
Կրակ է ընկնում ջանն, ու ոսկերքը.
Ուզում ա ձեզ հետ պարզի իր ոտքը։

Ընչի՞ ձեր վախտը աչքս բաց չարի.
Մարմինս հողին, ջանս ձեզ չտվի.
Որ հմիկ էսպես չթռչեի, չգայի,
Ձեր հողը չտեսնեի, ձեր վրա չլայի։

Հող ունինք խլած, կյանք ունինք մեռած․
Ա՜խ, ջրի, կրակի մենք եսիր դառած,
Ո՛չ երկինքն տեսնի մեր սուգն ու լացն․
Ո՛չ երկիրն պատռվի մեզ տանի ցած։

Ի՞նչ կըլի՝ մեկ էլ գլուխ բարձրացնեք,
Ձեր որդիքը44) տեսներ, նրանց ցավը քաշեք․
Ձեր արինախառն աշխարհ ազատեք,
Յա մեզ էլ ձեզ հետ հողը տանիք, պահեք։

Աչքս բաց արի խարաբա տեսա․
Ա՜խ, ո՞վ գիտեր, թե մեր ազգի վրա
Սարեր են էլել, հիմիկ բրիշակ,
Մեզ տակով չարել, որ էլ խեղճ չմնանք։

Ա՛խ, մեր սիրտն էսպես ընչի՞ հովացել,
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել.
Երաբ կտեսնի՞մ ա՛խ ես մեկ օր էլ,
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատիլ։

Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փչի, վերկացնի քնից մեր ազգին․
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
Էլ եդ սիրտ տա ու կանգնացնի կրկին։

Ա՜խ ես էն ձեռին կյանքս ղուրբան կանեմ,
Էն կոխած հողին երեսս կքսեմ,

[ 188 ]

Ապրիմ իմ արինս նրան մատաղ կանեմ,
Մեռնիմ հողիցն էլ միշտ նրան կօրհնեմ։

Կանգնել ես էդպես գլուխդ ամպին խփած
Ա՜յ խեղճ հալևոր, երեսդ փակած․
Ի՞նչ կըլեր՝ Մասիս ա՜խ դեռ աչքդ բաց,
Սրի չտայիր քո որդիքն էրված։

Արեգակն սկսել էր՝ որ մեր մտնի, մութն՝ էն ա՝ գետինը առավ։

Էսպես նստած սուգ էր անում մեր տարագիր Աղասին. ու իր ու մեր սև օրը լաց ըլում, որ հանկարծ աչքը ձորին ընկավ, աչքը սևացավ։ Հինգ հարիր ձիավորից ավելի՝ Թարաքյամա, Քուրդ Ղարսա դզիցը հազարից ավելի, քյուլֆաթ, մալ, իլխի, ոչխար առաջ էին արել ու վեր հատելով սարիցը ձորն արին՝ որ տանին Երևան, յա սպանեն, յա ծախեն, յա թուրքացնեն։ Շատին էնքան թակել, հետ էին ածել, որ ջանումն էլ թաղաթ չէ՛ր մնացել։ Ամեն մեկ ձիավոր մեկ ջահիլ տղա կամ աղջիկ գավակն էր առել, ձեռն ու ոտ հազրել՝ որ էն գիշերը յա նրանց անմեղ հոգին ապականի, յա սրի, կրակի ղուրբան անի։ Հենց նստած տեղիցը ընկերներին ուսուլով ձեռով արեց, որ տեղըներիցը չշարժին, ինքն էլ քարափնըվեր կուզը կուզ նրանց մոտ հասավ, որ հարամին չտեսնի, իր պատրաստությունը չանի։ Էնքան կացան՝ որ թշնամիքն էկան. գետի ղրաղին վեր էկան. թրըները, երեսները լվացին, նամազները արին ու իրանց Սադայելի նոքարներին հրամայեցին՝ որ ինչ բեզարած հալևոր պառավ մարդ ու կին կա՝ աչք ու ձեռք կապեն, բերեն իրանց առաջին չոքացնեն կարգավ, որ իրիգնահացն ուտեն պրծնին ու նրանց անմեղ գլուխը իրանց մուռտառ սրտին մատաղ անեն։

Էլ չթողին էլա, որ հեր ու որդի, յա մեր ու աղչիկ իրանց եդին բարովն ասեն, իրար մի համբուրեն, իրար մի օրհնեն, իրար մի փարվին. թրի ոռքով վեր հատելով հրամանը կատարեցին ու բերին ողորմելիքը իրար մոտ չոքացրին։

Աստված ոչ շհանց տա, ինչ նրանց քոռփա էրեխեքն անում էին. ջուրն էին ուզում ընկնիլ, քարերը պոկում գլխըներին էին տալիս, բողազները թրին դեմ էին անում, որ մեկ թողան էլա, իրանց հորը մոր երեսը, յա ձեռը համբուրեն. բայց շատի թևից որ չէին վեր քաշում, գետնին խփում, հենց էն սհաթը հոգին հետը յա դուս էր գալիս, յա էնպես բանհոգի մնում վեր ընկած, գետնին կպած։ Ողորմելի ծնողքն էն հալին էլի էն ասում, աղաչանք անում, որ որդիքը մեռնին, սրին, կրակին տան իրանց գլուխը ու իրանց հավատը չուրանան։ Էսպես հեռըվանց խոսալիս էլ էնպես էին խփում գլխըներին՝ որ աչքների լսին կրակ էր տալիս։

Ընչանք նրանք մեկ քանի ոչխար կմորթեին, կքերթեին, ու կրակը չաղ կըլեր, սար ու ձոր մութն առավ, մեր քաջ Հայերը թուր ու թվանք հազիր արին, չոքեցին, աղի արտասնքով իրանց աղոթքն արին, վեր կացան, իրար ճտով ընկան, իրար եդին բարովն ասացին, ձիանները թամքած մեկին պահ տվին, ու իրանք Աստուծո անունը տվին, ճամփու ընկան, ամա էնպես ճամփով, էնպես տեղով՝ որ ղուշը չէ՛ր իմանալ։ Հինգը մեկ կողմից գնաց, հինգը մյուսից, էն մնացած տասը հոգին էլ էնպես պետք է գային՝ [ 189 ] որ բոլոր մեջ անեին, թրի առաջը ընկածը կոտորեին, սաղ բռնածը եսիր անեին ու որքան կարելին ա՝ Հայերին արձակեին, որ քոմակ անեն իրանց, թուր ու թվանք տային, չունքի ամեն մեկը ամեն երաղիցն էլ ջուխտ ջուխտ ունեին։ Չորս Քուրդ էլ որ բռնել էին՝ Աղասին ինքը վերցրեց, չունքի նրանք օրթում էին կերել մինչև մահը նրա ձեռի տակիցը չհեռանան, ու նրանց միջումը օրթումը սուրբ ա։ Էսպես բոլորը քսանը չորս մարդ պետք է հինգ հարիր մարդի հախիցը գային։ Լսողը չի զարմանա՝ թե ինչպես կարելի ա․ քաջությունն սրտիցն ա կախված․ մեկ էլ որ ի՞նչ կուզե թշնամին շատ ըլի, հանկարծ վրա տալիս՝ էն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում դիմացի կռվողի շատությունը ու քչություն։ Սրանից գյուման Աղասին պատվեր էր տվել, որ հայերեն յա Թուրքերեն հեչ չխոսան, Քրդերեն հարայ տան, հավար կանչեն, ու էն եսիր արած Հայի միջումն ի՞նչպես կըլեր, որ մեկ երկու հարիր տղամարդ չըլեր, որ սուր չունեին, էնդուր համար էին խղճացել։

Հենց էն սուփրի ու խորովածի չաղ ժամանակը, էն վախտը, որ ամեն մարդ յարաղ ասպաբ վեր քցած՝ իր ֆորսի եդևիցն էր ընկել, որ նրան ձեռք քցի, թվանքների տրաքիլը, տասնը հինգ քսան հարամու հոգին տալը, ձիանոնց խառլնվիլը ու հարամու փախնիլը մեկ էլավ։ Աղասին իր ընկերների կեսը վրեն՝ ձորի ճամփեն էր կտրել, մյուս կեսը հարիրից ավելի Հայ բաց արած՝ քամակներին քցած՝ ձորի եդևը։ Մեկ քսան երեսուն մարդ էլ վրա թռան, էն խեղճ չոքածների աչք ու ձեռներ եդ արին, ու էս հալևոր աժդըհեքը՝ որ կռվումն էր մազները սիպտըկել, թուր որ չտեսան ձեռներին, ասլան դառան, որը միջիցը, որը ձորի քամակիցն ու եդևիցը, էն կարկուտն ածեցին թշնամու գլխին, որ Աստված ո՛չ շհանց տա։ Ղարսըցի Հայերը էս ձորերի քարերն էլ ունեին համարած, ինչտեղ փշտով, թվանք էր տրաքում, յա թուր խաղում, առանց դոշի ու գլխի չէ՛ր անց կենում։ Մենակ Նազի-խ<անը> ու Օքյուզ աղեն՝ ինչպես որ էլավ, գլխըները թափեցին, ձիանները ձեռք քցեցին ու մեկ քանի մարդով դուս փախան։ Մնացածը կոտորվել էին կոտորվել, ինչ չէ, մնացել ձորի միջումն, ոչխարի պես չոպանը կորցրած, կանգնած։ Ընչանք էսպես պահեցին մեր տղերքը, մինչև ծեքը բացվեց ու աչքդ բարին տեսնի․ տասնըհինգ Թուրքի մենակ էն չորս Քրդերն էին սպանել, տասից ավելի ղուղ մենակ Աղասին էր ցրվել ու փոր վեր ածել։ Լսողը կարելի ա զարմանա, թե ի՛նչպես է՛սքան բաներ մեկ օր ու գիշեր անց կացան։ Էնդուր համար, որ Ղզլբաշը էս միջոցումը Ղարսա վրա կռիվ էր դուս գնացել ու ասածս քսան ու մեկ թվին էր, որ սար ու ձոր, մանավանդ Անի՝ հարամի ու յաղի էր դառել45

Առավոտը լուսացավ․ էն առավոտը երանի ամեն խղճի ու տառապելո ռաստ գա։ Հինգ հարուր հոգուցը վաթսուն հոգի չէր մնացել, էն էլ ոչխարի պես մեջ արած, շատը անյարաղ ասպար։ Ձիուն, շորին, ասպաբին թիվ ու համար չկար․ լեզու պետք է ըլի որ պատմի էն փարվիլը, էն ուրախության արտասուքը, որ էս օր Անի տեսավ։ Ղարսըցի Հայք դեռ չէին հավատում իրանց աչքին՝ թե ղորդ թշնամու ձեռից ազատված՝ էլ եդ իրանց աշխարհը պետք է գնային, էնքան շշկլել էին, որ չէին էլ ա միտք [ 190 ] անում, որ մեկ հարցնեն՝ թե ո՞վ էր նրանց ազատողը։ Գեջդանգեջ՝ որ Աղասու մարդիկը ձիանը չէին բերում բերդիցը, աշխարհն իրարոցով դիպավ. հենց կարծեցին թե թշնամի են, թվանք վեր առան, բայց Աղասին բոլորին էլ հանգարտացրուց ու հսկայական քայլիվ՝ որ առաջ չգնաց փոքր ու իր ընկերներին կանչեց, ամենի աչքն էլ մնաց նրա պարթև բոյի, նրա ազնիվ շարժվածքի վրա հիացած։ Էլ էնքան նրանց փարվելուն ու օրհնելուն չմտիկ արեց. երբ իմացավ՝ թե Հասան-խանը ղոնշունով Ղարսից եդ ա գալիս (ղարսըցիք ասեցին նրան) շուտ ական թոթափել մեկ երկու ձիավոր Գյումրի ղրկեց, մյուսներին հրաման արեց՝ որ էլ ժամանակ չկորցնեն, օղլուշաղն տանին բերդումը յա ձորումը ամրացնեն, մալն ու ոչխարը ձորը դուս քշեն, Շորագյալու հանդը տանին, ու ինքը ինչքան թվանք, թուր բռնող տղամարդ կային գլխին հավաքեց ու սարնըդուս վեր էլավ։ Տասը, տասնըհինգ տարեկան տղերքն էլ ասլան էին դառել, ուզում էի իրանց արընի ջիգրը հանեն։ Գերի արած Թուրք ու Քրդերիցն էլ յարաղ ասպաբ եդ արին, իրար կապեցին ու բերդը տարան։ Աղասին չէ՛ր էլել, ղարսըցիք ուզում էին սպանեն յա ջուրն ածեն։

Հուլիսի 23-ին 1821-ին էր որ Հայոց երևելի հին քաղաքն Անի երեք հարըրից ավելի կտրիչ զորք, թողունք ջահիլ ջղերքը, զրահավորված զարդարված աչքը բաց տեսավ, որ մտան ոչ իրանց որբ մայրաքաղաքը, աչքըները ծով դարձավ, մեկ սհաթ քիմի տաճարի միջումն ընկել երեսի վրա գետնիցը պոկ չէին գալիս։

Բայց գլուխը պահելու ժամանակ էր. Աղասին խնդրեց, որ ինչ սրտըներումն ունին, եդո ասեն, եդո անեն․ ու զորքը կես արեց, կեսը տվեց Կարոյի ձեռքը, որ էս կռվըներումն եփվել, հասել էր, կեսը՝ ինքը ձեռի տակն առավ. ամեն մարդ ինչ ուտելու էր՝ ջեբը դրեց․ երեսնաչափ մարդ էլ օղլուշաղի հետ դրեց, ինքը բերդումը ղայիմացավ։ Կարոն Արևմտյան ձորումը, Մուսեն օղլուշաղի հետ։ Աստուծո ողորմությունիցը բարութ, գյուլլեն էլ լավ վախտին հասավ։ Էնպես էին պայման կապել իրար միջում, որ թե Հասան-խ<անը> ձորը մտնի էնքան թողան որ բոլոր ղոշունի ոռքը կտրվի, եդո շենլիկ անեն, թե թուշ բերդի վրա գա, էնքան դուս չի գան, մինչև բոլորը նրանց գլխին հավաքվին, եդո կեսը ձորի մեկ կողմիցը, կեսը մյուսիցը կռվի չաղ ժամանակը վրա տան, որ է՛նպես շշկըլացնեն թշնամուն, որ փախչելուց գյուման՝ էլ ուրիշ ճար չգտնին, ու թե Աստված էս հաջողությունը կտար, Մուսեն օղլուշաղը թողար մեկ ղայիմ տեղ ու ձիանը դուս բերեր իր մարդկերանցովը, որ բալքի հնար լինի, բոլորին էլ ջարդեն։

Առավոտյան հովն անց էր կացել, որ ամեն մարդ հեռացավ ու իր տեղը քթավ․ ճաշն էլ եկավ, հասավ։ Էնքան շոքը չէ՛ր գետինն էրում, ինչքան քաձ Հայերի արինը իրանց սիրտն ու դամարները, որ իրանց ազգի իշխանաց, թագավորաց հողի վրա արին թափիլն ու քաջությամբ մեռնիլն էլ իրանց համար անմահություն էին համարում։ Արեգակը երկնքի միջիցը երկու գազաչափ թեքվել էր, որ բերդիցը մեկ թոզ տեսան, քիչ քիչ շատացավ ու ամպի պես Անու սաղ դուզը կոխեց։ Ձորիցն էլ էին տեսել ու իրանց տեղը անսասել։ Դամար էր՝ որ ուզում էր տրաքի, սիրտ էր՝ որ [ 191 ] ուզում էր պատռի՝ շատն ուզում էին բերդ ու ձոր թողան՝ մեյդան դուս գան՝ իրանց տղամարդությունը ցույց տան։ Աստուծո ողորմությունիցը էնպես էր երևում, որ թշնամին բանից խաբար չի․ ու հենց էնդուր համար ա էնպես ոտն առել, որ գան էնդեղ մի քիչ դինջանան ու հետո իրիկնահովին ճամփու ընկնին։ Հետըները ո՛չ թոփ էր երևում, ո՛չ ջաբախանա․ հենց սուբահ ձիավորներն էին առաջ ընկել, որ հասնին Երևան, ավետիք տան՝ թե Ղարս քանդեցին, բոլոր գեղարենքն էլ քոչացրել թրի առաջ են արել, բերում են։ Էնպես մարդաշատ երկրները քանդող Հ<ասան>-Խ<անն> էլ ի՞նչ կասկած կտաներ, թե մեկ խարաբա տեղում, ուր չոբաններն էին անց կենում, ակռավները բուն դնում, գլխին փորձանք պետք է գար։

Թոզ ու դումանի տուտը քաղաքը բռնեց. խարաբա պարիսպն ու բռջերն44) էլ՝ հենց գիտես իրանց քանդողներին տեսնելով, աչքըները խփում էին. չէին ուզում թամաշ անել։ Աստուծո աչքը որ քաղցր լինի՝ մատաղի գառը իրան ոտովը կգա դուռդ, ասած ա։ Հենց էս օրինակին բանը պատահեցավ, քաղաքը մտնիլն ու Հասան-Խանի ձիուց վեր գալը, չադիր խփելը մեկ էլավ․ Ղզլբաշի սովորությունն ա, ձիուց վեր էկավ թե չէ, թվանք, ասպաբ, յափնջի կքցի թամքի ղաշը, ձիանը ման ածել կտա, չորս հինգ<ը> գյադի մեկի ձեռք տված, ինքը թե նամազի վա՛խտ ա, նամազը կանի, թե հացի՝ ղայլանը կքաշի, ու հացի կնստի ծալապատակ։ Էս անգամ երկուսի վախտն էլ էր․ ճամփից էկած ջարդված, քսանը մեկ տեղ, հարիրը մեկել. յափունջին փռեցին կոլոլ քարըները ու սանդրերը ծոցըներիցը, թրերը բնիցը հանեցին, առաջներին դրին. ու հենց իմանաս սև սև հոգիք են, լեզու բերան փակած բարձր ու ցած անում, երեսները դնում քարի, թրի վրա փոքր ժամանակ մնում գետնին կպած, էլ եդ գլխըներին վեր քաշում, էլ եդ երեսի վրա ընկնում, գդակը գլխըներին, եդո բարձրանում, կիսով չափ գլխըները կախ քցում, աղոթքները մունջ քնթների առաջին էնպես ասում, որ իրանց անկաջն էլ չէ՛ր իմանում, եդո ձեռները ծնկների վրա դնում, քարին, թրին կռացած մտիկ տալիս, էլ եդ չոքում, գլխըները գետնին կպցնում։ Մահմեդականին նամազ անելիս որ գլուխը կտրես՝ ամեն մարդ էլ գիտի՝ որ երեսը թեքիլ չի․ էնքան իր աղոթքի զորությունն զգում է, բայց մի բառ էլա չի հասկանում, չունքի բոլոր աղոթքները արաբերեն ա։

Հենց աոաջին չոքելումը ուզեցան մեր տղերքը որ վրա տան, բայց քաջն Աղասի մատը բարձրացրեց՝ որ տեղըներիցը չեռան։ Թուրքերն ուզում էին իրանց կտրատեն, որ իրանց հավատակցի հավարին չէին կարում հասնիլ։ Մեկ երկուսի փորը տեղն ու տեղը վեր ածեցին․ որ էս բանը վարավուրդ արին, մյուսներն էլ շուն դառան, ձենըները փորըները քցեցին։ Աղասին Ղզլբաշի միջում մեծացած՝ գիտեր լավ, որ նամազը ընչանք կես չըլի, վախտը չի։ Ձորի տղերքն էլ տեսնելով՝ որ թվանքի ձեն չէկավ, իմացան՝ որ գելը ինքն իրան ա ականաթի մեջն ընկել, էրերը թողին ու քարափե քարափ էկան՝ քաղաքին մոտացան։ Շատը Ղզլբաշի նոքարների աչքըներովն էլ ընկան, ամա ի՞նչ կարծիք կտանեին, իրանց մարդիքն էին կարծում, որ էնպես վախտին ֆորսի են ման գալիս, որ բերեն, խաներին, [ 192 ] բեկերին փեշքաշ անեն, խալաթ առնին։ Նրանց շարժմունքը բերդըցիքն էլ էին տեսել ու ջանները դող ընկել, էլ վախտ կորցնել չէ՛ր հարկավոր. թե որ իմացել էին թշնամիքը, բանը խարաբ կըլեր։ Հեռըվանց էլ Երևանու կողմիցը մեկ երկու ձիավոր ձիանոնց անկաջը մտած, թոզին փափախին անելով գալիս էին. թշնամին նամազ էր անում, ի՞նչ մտիկ կտար, թե աշխարքն էլ փուլ գար։ Հենց մեկ էլ ձեռնըները[62] անկաջներին դրին, չոքեցին, ու գետնին կպան, թվանքները բերդիցը ճռռացին, սար ու ձոր թընդացին, եկեղեցիքը գլուխ բարձրացրին, ձիանքը[63] թոզ ու ղանթարղա, կտրեցին, երկու հազարից ավելի յափունջի, թուր, թվանք գետնի վրա մնացին, ու Ղզլբաշի շատը անգտակ, բոբիկ՝ ընկավ ձորնըվեր, չունքի հրաշքից, յա քաչքից ավելի ոչինչ չէին կարծում, ղոչաղ Հայի տղերքը քար ու ձոր բռնած՝ էլ էնքան թվանքին չէին զոռ տալիս, որքան թրին ու ղամին։ Գազան Հ<ասան> Խ<անի> լավ աջալն էկել հասել էր, ամա նրա բախտն էր՝ որ էն Երևանից էկած ձիավորները հենց էս սհաթին ձորաբաշը հասան․ մինչև փիադա Հայի տղերքը նրանց կհասնեին, սրանք ներքև էկան, Հասան-խանին ձիու վրա դրին ու թռցրին։ Ողորմելին ձորի էս կողմիցը որ աչքը չի քցեց ու իր ջրատար օրդուն տեսավ, երեսը կալավ ու ձիուն օրզանգվիլ տվեց։ Հազար մարդից ավելի հոգին տվել էին էսօր, մյուսքը, որը քարափի քարերի գլխով վեր ընկել, փառչա փառչա էլել, որը բանհոգի էլած՝ վեր ընկած մնացել, որն էլ քարի, քոլի տակի տափ կցել, ճապաղել։ Շատին հենց էսպես տեղերից հանեցին, կռները կապեցին ու դարիդուս տարան, թող նրանց ուրախությունը47) նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ունի։ Հարիր ավելի գերի էլ էսօր ձեռք բերին։ Փոքր ժամանակի Անի էն անունը հանեց, որ սաղ Երևան դողում էր։ Էն ժամանակը ես ինքս Էջմիածին էի, որ Հասան–խանը էնպես փախած՝ էկավ, անց կացավ։ Առաջուց մարդ էր ուղարկել, որ Էջմիածնա միաբանքը առաջը չգնան խաչ ու խաչվառով, ինչպես միշտ անում էին. բայց ձեն հանեցին՝ թե Քրդերը ճամփին վրա են տվել ու Ղարս ցավ էր ընկել։

Աչալուրջն Աղասի, երբ բոլոր խալխը էկան, հավաքվեցան, ամեն բանը թողաց, հրամայեց գնացին եկեղեցին, րիգնաժամն ասեցին, Աստծուն իրանց շնորհակալությունն արին, ու ժամը որ դուս եկավ, մարդ քցեց ամեն տեղ՝ որ ղարավուլ քաշեն, տեսնին՝ թե հարամու ոտքը կտրվե՞լ ա, թե էլ ահ կա։ Գոհություն Աստուծո՝ ոչինչ չտեսան, եդ դառան։ Մեռած մարմինները, որը քարափնըվեր ձորը շպռտեցին, որը հորերը․ մնացած ձի, հարստություն ճոթ <արին>։48) Շորին, ձիու, ասպարի մտիկ անող չկար։ Մութը գետինը չառած, ամեն տեղ պահապան դրեց, ու մնացած խալխը բերդը հավաքեց։ Րիգնահացը որ կերան, Աղասին սկսեց խորհուրդ անել՝ թե ի՞նչ ա նրանց միտքը, ո՞ւր են ուզում գնալ․ նրա միտքն էն էր, որ բալքի սրանց էլա ճամփու բերի, մնան Անի, իրանց հին աթոռանիստ քաղաքը, ուրդեղ որ նրանց կյանքը ազատվել էր, կրկին շեն քցեն, գրեն Գյումրի, Ռսի ռահաթ դառնան ու էստով աշխարքումը հավիտենական անուն ճարեն։ [ 193 ]

Բայց սնապաշտությունն ու սուրբ Հովհան Երզնկացվո անեծքի սուրը էնպես էին նրանց սրտումը ցցվել, որ հազար քարոզ ու քյալփաթին ըլեր, չէր կարող հանել։ Աստված մի արասցե՝ որ մարդի գլուխը մեկ անգամ ծռվի․ էն ժամանակը հազար կարգավոր ու բժիշկ էլ որ հավաքվին, խեր չի անիլ, քանի դզես՝ էլի կծռվի, ու վերջը թե զոռ արիր իսպառ կկոտրվի։ Գիժն՝ ասած ա՝ մեկ քար քցեց ծովը․ հազար խելոք վրա թափեցին, չկարացին հանիլ։ Աղասին տեսավ ասածը չվանի վրան չեն դնիլ, զուր տեղն անց կկենա, քաշվեց մեկ ղրաղ, աղլուխը դրեց աչքին ու բերանը բաց արավ․ «փառքդ շատ ըլի՝ ո՛վ արարիչ Աստված՝ էլ ո՞ւր ենք ասում, թե մարդ Քո սուրբ հոգին ունի, Քո պատկերն ա, որ քարից էլ շատ անգամ միտքը պինդ ա, գլուխը հաստ։ Գող ու ավազակ էստեղ տարերով բուն են դրել, էլի քո երկիրը նրանց տակով չարել, վրեն պահել ա, հենց մեր ազգին ա քո զուլումը հասել, որ չես թողում իրանց աշխարքը շեն անեն, քո սուրբ անունը փառաբանեն, կյանք ազատեն ու կյանք վայելեն։ Չէ՛ ամենակալ Արարիչ, դու քո ստեղծվածը, քո որդին էդքան չես անարգել, չե՛ս ոտնահարել, մարդս որ ծնվում ա, մեկ գունդ մսից ավելի՝ էլ ոչինչ չե՛նք տեսնում․ տարիք են անց կենում, որ քիչ քիչ ոտն ա ըլում, քիչ քիչ լեզու, ուշ ու միտք գալիս, ձեռը բերանը տանիլը ու դարդակ հաց ուտելն էլ ա, հաց դատիլը չե՛մ ասում, սովորում։ Բայց վայ էն էրեխին, վայ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ խավար կտեսնի։ Աչքը բաց դուզ ճամփեն կըթողա՝ քարեքար կընգնի։ Վայ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կհետևի, որ էնպես խրատ տվող չի ունենալ, որ նրան հոգի տա և ո՛չ հոգին էլ հանի։ Երաբ որ լավ կարդացող էր էլել, երեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ՝ գիշեր ցերեկ խրատ էր տվել, կարդացրել, լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կըլեր, է՞ստեղ կընգներ։ Սարի հայվանն էլ մեզանից լավ ապրում, հարամուց, ֆորսկանից յա փախչում, յա վրա թռչում, կտրատում, գլուխը պահում․ ծտի բունն էլ որ քանդում ենք, ջժվժում, թևին գլխին անում։

Մենք ծտի ղդար էլա չկա՞նք, որ մեր բունը պահենք։ Ի՞նչ օգուտ էն գիրքն ու ավետարանը, էն խաչն ու երկրպագությունը որ մենք չենք հասկանում։ Գետնի տակին էլ շատ գանձ կա, մեզ ի՞նչ։ Ա՜խ, մեր կարդացողներ, մեր կարդացողներ, ի՞նչ կըլի՝ որ ինչքան ժամանակ քնի, քեֆի հետ են անց կացնում, ավելի փողի թամահ անում, էսպես բանի թամահ անեն, մեզ լուսավորեն, իրանք էլ թշնամուց, հարամուց ազատվին, մեզ էլ ազատեն։ Մարդս մեկ անգամ է աշխարք դալիս, էնպես պետք է անի, որ դուս գալիս, էս դինումը անունը հիշվի, տոնվի, էն դինումը հոգին փառավորվի, լսի փայ ըլի։ Բայց ի՞նչ օգուտ՝ որ ասածս քարերն են իմանում։ Ասենք՝ թե տգետ խալխը էսպես բանը լսել, ասում ա․ կարգավորին ի՞նչ ա էլել, որ նա էլ ա հաստատություն տալիս, թե էսպես հրաշալի քաղաքը անեծքով ա կործանվել։ Առաջինը՝ սուրբ մարդի բերնից՝ անեծք, դառը խոսք չի պետք է դուս գա, դուս էլ եկավ, Արարիչ՝ երեսս ոտիդ տակը, դու պետք է մեկ մարդի խաթեր միլիոն հոգի կորցնե՞ս։ Թե պետք է կորցնեիր, ընչի՞ ստեղծեցիր։ Ա՜խ՝ հազար էսպես ցավեր կա սրտումս, ամա բերանս փակում են, չեմ կարում ասիլ»։ [ 194 ]

Էս մտատանջության միջումն էր, որ աչքը հանկարծ վեր չի բարձրացրեց, Անու բոլոր դուզը կրակ էր դառել։ Նա իմացել էր, որ Ղարսա էլլիգը Հ<ասան> Խ<անը> քոչացրել՝ ուզում էր, որ բերի Երևան ածի։ Լավ իմանում էր, որ սրանց վրա թե ղոնշուն էլ ըլին, էնպես մարդիկ չեն ըլիլ՝ որ իրան դեմ կենան։ Հ<ասան> Խ<անին> որ կոտրեց, ի՞նչը նրան կդիմանար։ Նրա համար կռվիլը խաղալիք էր դառել․ մինչև առավոտն սպասել չէ՛ր ուզում, կասկածում էր թե նրանց գլխին էլ էն բերեն, ինչպես մյուս Հայերի ու ծեր ու պառավ սուրը քաշեն։ Երկու հարրաչափ ընտիր ձիավոր քամակը քցած՝ ընկավ դուզը։ Էն հադաղին վրա հասավ, որ նոր էկել վեր էին էկել, ու շունը տեր չէ՛ր ճանաչում, քոչ քոչ<ի> վրա վեր էին թափել, ամեն մարդ իր գլխի ցավն էր քաշում։ Թշնամին էնպես ցրվեց, տաղթմիշ էլավ, որ մեկը չմնաց. Հայերին որ չարձակեցին ու մեկ տեղ հավաքեցին, նրանք իրանց դարդը մոռացած՝ ձեն տվին էկողներին, որ թոփ ու ջաբախանեն ձեռք քցեն ու սարվազներին հետ ածեն, երկու հազարից ավելի սարվազ, որ Հասան խանը թողել էր, որ էլլիգը յավաշ բերեն, շատը Հայ. ղալմաղալը որ ընկավ, հենց իմացան, թե էկողները Ռուս են, բոլորն էլ թոփ թոփխանա թողին ու ձորը թափեցին։ Մեկ քանի երևանցի թոփչի ու սարվազ ձեռըներն ընկավ, էլ ի՞նչ էր պակաս, որ Անի քաղաքին հարամի մոտանա։ Ինչպես որ էր՝ գիշերն անց կացրին, առավոտը որ լուսացավ, Աստուծո լիսն ընկավ Հայերի սիրտը։ Էնքան բարութ, թվանք, թոփ էին նրանք ճարել, որ սաղ աշխարքը պոկ գար նրանց վնաս չէ՛ր ըլիլ։ Բայց ինչքան Աղասին խրատեց, ասեց, խնդրեց, չէլավ, չէլավ, Հայքը եդ չի՝ դարձան, անիծած տեղը չուզեցան մտնիլ, ու շատը երեսները էլ եդ դեպի Ղարս շուռ տվին։ Աղասին շատ ուզեց, որ Ռսի հողն էլ ա գնան, չելավ, որը կամենում էր, որը չէ։ Ընչանք էսպես կղռվռային, Ղարսա փաշեն ղոնշուն հավաքած՝ գալիս էր, որ իր ռահաթը ետ դարձնի։ Պետք է ասած՝ որ թե Ղարսա, թե Բայազդու փաշեն Հայերուն իրանց որդու պես էին սիրում։

Փաշեն մնաց սառած, երազ էր կարծում աչքի տեսածը. նա էնպես էր կարծում, թե իր գլուխն էլ սազ չի դուս տանիլ էս ձորերիցը, բայց ինչքան զարմացավ, որ հենց[64] կամենում էր վրա տալ, խալխը հազար տեղից ձեռըները բարձրացրին, անունը տվին ու խնդալով առաջը վազեցին։ Հոր պես՝ որդվոց ազատությունը տեսնելով՝ սկսեց փառք տալ Աստուծո, երեսը գետինը քսել ու դեռ բերանը չբաց արած՝ որ հարցնի՝ թե ախր էս հրաշքը ի՛նչպես էր պատահել, Աղասուն ձեռըների վրա բռնած՝ առաջին կանգնացրին ու հազար բերան ձեն տվեց․ «Էսո՛ւր, էսո՛ւր՝ մեզ, մեր որդիքը ղուրբան էրե՛, փաշա, գլխիդ ղուրբան։ Մեր ազատողը, մեր երկրորդ Աստվածը սա է»։ Ազնիվ երիտասարդը՝ որ ամեն մեկ սրտի ցավը հազար անգամ երեսի գունը էնքան փոխել, ներկել էին, էնքան աչք ու թուշ կարմրացրել, սպիտակացրել, որ շարմաղի պես՝ մեկ ձեն անկաջն ընկնելիս, իսկույն աչքի աղբրները գետ էին դառնում, երեսի գունը ղրմզ, ձեռը անլեզու երկինքը քցեց. ու առանց խոսալու ցույց տվեց, որ նրա հաջողողն [ 195 ] ու զորություն տվողը երկինքն էր, և ո՛չ իր ձեռի հունարը։ Ազնիվ փաշեն առաջին անգամ իր կենաց միջումը մեկ Հայի տղի ճակատը էնպես համբուրեց, ինչպես իր նամազի քարը, դոշին քաշեց, էլ եդ գլուխը ձեռն առավ, էլ եդ համբուրեց ու իր քաջության բոլոր ըխտիտրը նրան խոստացավ, որ հետը գնա Ղարս ու իր ձեռի տակին մնա։ Աղասին ընկավ փաշի ոտը, շնորհակալություն արեց ու ասեց, որ աշքարքի թագավորությունն իրան տան, նա Անուցը ձեռք վերցնողը չի՛, նրա միտքն էն ա, որ Անի շինություն քցի։ Ի՞նչն էր փաշի ձեռին հեշտ՝ քանց էս․ միմիայն խնդրեց՝ որ հմիկ հետը գնա Ղարս՝ ոտը խաղաղվի՝ էն ժամանակը նրա բոլոր մուրազը կկատարի. ինչքան տուն, մալ, ապրանք ուզում ա՝ կտա ու ինքն էլ հետը քոմակ կանի։ Արտասունքն աչքերը լիքը՝ կրկին ընկավ Աղասին փաշի ոտը․ «էս գլուխը՝ որ ինձ էլ պետք չի, էս դոշը՝ որ հազար անգամ կրակումն էրվել խորովվել ա, էս ձեռը՝ որ հազար անգամ ուզել ա, իր թուրն իմ սիրտս խրի՝49) բոլոր, բոլոր քեզ մատաղ՝ փաշա․ յա՛ էս սհաթին ինձ սպանի՛ր, յա ասածդ արա՛, որ ես իմ ազգի մայրաքաղաքը էլի շեն տեսնիմ, եդո գետինը մտնիմ»։ «Անխավատ Աջամ» քրդստանցիք հազար տեղից ձեն տվին․ «ծո՝ ի՞նչ կզրուցե, ծո՝ գիր չգինա՜, կարդալ չգինա՜, փաշություն կտան, հմլա էլ իր սազ կածե։ Ո՞վ է խելք, իման կորցրել, որ էմալ անիծած տեղ գա, բուն դնե։ Շիդակ աջամ, աջամի լաճ, ի՞նչ կուզես, էրե՛, ագլոր մագլոր չի խաբցնիլ, հմլա կբոռա, մեր ճետ խանչեց (մեր ագլորը կանչեց)»։

Խնդալով, պար գալով՝ ղարսցիք էլ եդ իրանց հողը մտան․ ա՜խ քաշելով, աչքը սրբելով՝ Աղասին Անի թողեց։ Փաշի կողքին հազար խոսք, գովասանություն անկաջն էր ընկնում, հենց գիտես՝ քառացել էր։ Հազար անգամ շուռ էկավ․ էլի որ դեռ Անու պարիսպքը, եկեղեցիքը աչքին երևում էին, սիրտը մի քիչ հանդարտում էր, դոշին խփում էր, ա՜խ քաշում, կրակ վեր ածում։ Հենց սարի գլուխը վեր էլան, որ էն կողմն անցնեն ու Անին պետք է աներևութանար, էլ չկարաց իրան պահիլ, թուլացավ, ձիուց վեր ընկավ, չոքեց, ձեռները երկինքը քցեց, Անու վրա ու գոռաց․

Յա՛ ա՛ռ իմ սիրտս, յա տո՛ւր ինձ հունար՝
Ո՛վ դու երկնային ստեղծող բարերար,
Յա իմ հոգիս էլ հանի՛ր, քեզ մոտ տար,
Ցա քո երկընքիցդ արա՛ ինձ մեկ ճար։49)

Քանի շունչս վրես ա, քանի ձեռքս գլուխս,
Կրակ էլ որ թափես, խորովես իմ սիրտս,
Էլի իմ հոգիս ուրախ քեզ կտամ,
Թե Անու միջումն իմ մարմինս թողամ։

Աչքե՛ր քոռացե՛ք, բալքի թե էլ բաց
Չտեսնիք դուք Անու լուսահողն օրհնած,
Բալքի թե մեռնիմ էս դարդովն էրված,
Հողս էլ ա հողին չմնա կորած։

[ 196 ]

Թո՛ղ հոգիս դժոխքը գնա, խորովվի.
Իմ սուրբ նախնյաց տեղ իմ ազիզ Անի,
Էլի որ մարմինս մեկ քարի տակի
Ըլի քո ծոցումն՝ ինձ դրախտ պետքը չի։

Թո՛ղ էն անեծքը որ քեզ են տվել,
Բանան անդունդը կուլ տան ինձ սաղ էլ․
Քո հողն երեսիս մտնիմ գետնի տակն էլ,
Երկնային լսին էլ ես չե՛մ կարոտիլ։

Սուրբ Երզնգացի, սուրբ Երզնգացի,
Պարծեցի՛ր թե ես չե՛մ շինել Անի.
Անեծք էն վախտը թրի, կայծակի
Պես թո՛ղ ինձ էրեն, իմ հոգիս տանջվի։

Ջանս ձեզ ղուրբան, ա՛յ սուրբ քար հողեր,
Տաճարք, ապարանք, պարիսպ, տապաններ,
Թե մուրազս սրտումս պետք է մեռնի, մնա,
Էս չոքած տեղս թո՛ղ ջանս քարանա։

Քարացած տեղիցս կանգնիմ ու ասեմ,
Ամեն անցնողին եդևից կանչեմ․
Քարացած լեզվով վա՜յ տամ, աղաչեմ,
Ո՞ւր եք գնում, թողում, ձեր նախնյաց տեղն եմ։

Առավոտը էն ա լսին էր տալիս՝ որ իշխանն և քաջահաղթն գեներալ մայոր Մատաթովն վեր կացավ, Շամքոռա դզին մտիկ արեց, զորաց ինչ հրաման ուներ տվեց, ու ինքը արծվի աչքերովը Գրիգոր եպիսկոպոսը ու Հայերի իշխանները քամակը քցած, օրդվի չորս կողմովը պտիտ տալով՝ մտիկ էր անում սարերի գլխին, խոռ տեղերին դուրբնով, որ թշնամին հանկարծ վրա չտա ու իր պատրաստությունը տեսնում էր։ Զորքը ղորթ ա շատ քիչ էր, ամա Մատաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դողացնում էր, որ Աստուծո տեղ պաշտում էին, որ Ղզլբաշի հոգին ջուր էր կտրում, անունը լսելիս, ու իր հավատարիմ ազգը՝ արինը աչքումը, շունչը բերնումը, գլուխը փեշումը, հազիր վառված քամակին որ տուն, տեղ, որդի, օղլուշաղ, մալ, դալվաթ թշնամուն յա գերի տան, յա Ռսի թուրը նրանց աչքը խրել տան։ Զոռը խփեցին, առավոտյան աղոթքն արին, բայց մեկն էլ ա դեռ չէ՛ր գիտում, թե ո՞ր կողմովը գնան։ Ղզլբաշի զորքն Գյանջա, Ղարաբաղ էս կողմիցն էր առել, ոտնատակ տվել, Փամբակ, Շորագյալ էն, էս կսղմիցը Աբաս-միրզեն, էն կողմիցը Հասան-խանը քանդելով, ավերելով էկել՝ հասել էին Թիֆլիզ՝ որ գնան Պետրբուրգ. ինչպես որ տեսանք, սհաթե նհաթ աչքը կթած ուներ, թե Աղա Մամադ-խանի կրակը որդիանց որ ա էլ կրկին իր գլխին կթափի։ Երմալովն ինչ հնար, ճարտարություն ուներ՝ գործ դրեց։ Մատաթովը պետք էր Վրաստանու փրկիչը լիներ, ու ցույց տար աշխարքի թե Հայոց հողումը իրանց հին հսկայության [ 197 ] կրակը, քաջության բոցը, հավատարմության խունկը դեռ կար ու վաղուց41) մխում էր, որ մեկ հով դիպչի՝ հոտն աշխարք ընկնի, կրակն իրանց թշնամուն, իրանց աշխարքը քանդողին էրի, փոթոթի։

Պտտելով էլ եդ չադիրը մտավ զորապետը ու միրզի մեկին կանչեց, որ ասածը գրի, Թուրքերին խաբի, թե ֆլան գեներալը ֆլան տեղիցը, ֆլանը ֆլան անթիվ զորքով գալիս են՝ որ թշնամու գլուխը ջնջխեն․ հանկարծ ղշղրուն ընկավ զորաց մեջը։ Կարաուլ ձեն տվին։ Թվանքները հազար դհից վրա բռնեցին, բայց «քրիստյան, արմյան» գոռալով, երեսին խաչակնքելով՝ մեկ աժդահա որ ղոնշունի մեջը չընկավ, Մատաթովի չադիրը չտեսավ ու ձիուն եդի ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրա մնաց փետացած․ ընչանք մարդ կկանչեր, անծանոթի ձին առաջի երկու ոտը չադրի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց։ Կտրիչ ձիավորը մզրախը գետնին ցցեց, ղարաուլի բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկավ։ Քաջ գեներալը թե եվրոպացի էր էլել՝ հուշտ կըլեր յա կզարմանար ու էնպես հանդգնությունը կարելի ա պատժեր, բայց նա մեր երկրի մարթի խասյաթը չավ գիտելով, տեղը մնաց կանգնած ու էլ էկողին ժամանակ չտվեց՝ որ խոսի, ինքը հարցրեց, թե ի՞նչ խաբար ա։ Ձին որ էն հալն էր ընկել, նստողին ի՞նչ կըլեր․ երկար ժամանակ լեզուն խոսք չէր բռնում։ Գեջդանգեջ որ խելքը գլուխն էկավ, ձեն տվեց․ «Կնյա՛զ՝ թադարիքդ տես, որ էս օր ա՝ որ գաղթմիշ կանեն, էս գիշեր ա նմանապես» ու պատմեց, թե ինքն ո՞վ ա, Խըլղարաքիլիսումն ի՞նչ արել, Անի ի՞նչ, Աբարան, Դիլիջան ի՞նչ ու քսան երեսուն ձիավորով հազար հարամու աչք հանելով, էստեղ էնտեղ կոտորելով ուզեցել էր հենց ինքը մեկ ֆռսանդ ճարի՝ Ղզլբաշի օրդուն մեկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէ՛ր էկել։ Էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրեն պոկ էկել, ընկերների մեկ երկուսն էլ բռնել, մյուսները սար ու ձոր ընկել, ինքը հազար թվանքի գյուլլից պրծել, նրա անունը լսել՝ Ռսի հողը ընկել, որ գա Թիֆլիզ՝ իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել։ «Ղզլբաշի շատը որ ինձ հետ էին ածում հենց նոր քամակիցս ռադ էլան։ Երբ ձեզ տեսան, փախան․ հմիկ ի՞նչ գիտես, էնպես արա՛, գլուխս եդ եմ դրել, որ Ռսին ղուրբան անեմ։ Վաղուց էս մուրազը սրտումս կար, վախտ չէի ճարում։ Հույս ունիմ, որ մեկ քանի թշնամի էլ ես իմ թագավորի ուղուրին ղուրբան անեմ։ Էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ մութը գիշերը էս ճամփեն կքթնիմ։ Ինչպես կամենաս, էնպես իմ ծառայությունը թագավորին հասկացրու։ Փաշություն էլ ինձ տվել են Օսմանլվումը՝ չե՛մ ուզել։ Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխավոր շինեն․ հինգ տարի ա, Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի՛ անց կացել, սար ու ձոր ոտի տակ եմ տվել։ Միտքս էն էր, որ Անի քաղաքը շինեի, Հայերը, Հայերը, Աստված նրանց խեր տա, ո՛չ ինձ մտիկ արին, ո՛չ փաշի հրամանին․ էնքան էսօր էքուց քցեցին, մահանա արին, որ ղալաբանթլըղը ընկավ։ Ճարս որ կտրեց, էլ ո՛չ փաշի մտիկ արի, ո՛չ քաջության, եդ էկա էլի Անուն ապավինեցի․ լավ Աստված Հասան-Խանին ձեռս քցեց. ես ջահելություն արի, հոգին չհանեցի․ ուզում էի նրան թաքուն չսպանեմ, Ղզբաշը որ եդ դառավ Փամբակից, ես էս սարի, [ 198 ] էն սարի ծերին էնքան գլուխս պահեցի, որ էլի նրան մի ձեռք քցեմ, չէլավ. Աստված գլխիս բարկացավ ու էս հալիս ինձ քո ոտը բերեց, որ շատ չի հպարտանամ, շատ չի ամբարտավանամ։ Որքան բարութ ունեի՝ հատավ. ընկերքս էլ չկարացին դեմ կենալ, ամենը մեկ սար ընկան, ես էլ էս հալին առաջիդ կանգնած եմ, ինչ հրաման ունիս ասա՛, մեկ գլուխ ունիմ, էն էլ Ռուս թագավորին ղուրբան։ Թաք ըլի՝ մեր աշխարքը անօրենի ձեռիցն ազատվի, թող մեր կերածը ցամաք հաց ըլի։ Երևան բոլոր քոչացրին, խեղճ խալխի տուտը Թավրեզ, Բայազիդ, Ղարս հասավ։ Մեկ ծեր հեր ունիմ, բանդումն ա փթում. մեկ պառավ մեր ունեի, ճամփին քոչելիս ա հոգին տվել, մեկ նշանած ունիմ, հազար կրակից, սրից, թշնամուց սաղ ամառը տանջվեցա ու անջախ մի անջախ բերի՝ Ռուսի հողը քցեցի, էլ ուրիշ բան չեմ ուզում, մեկ հորս էլ ազատեի, մեկ մեր ազգը, մեր երկիրը, մեր հավատը ազատ տեսնեի, ետո թո՛ղ Աստված՝ ինչ իմ ճակատիս գրվածն ա, էն կատարի»։

Էս խոսքումը էլ սիրտը չդիմացավ. ջիգյարի կրակը բերանը փակեց, աչքի արտասունքը՝ տեսությունը։ Հսկայն Մատաթով երկար ժամամակ մնացել էր զարմացած ազնիվ երիտասարդի էնպես ճարտար բերնի, էնպես քաջ սրտի, էնպես հիանալի պարթև բոյի վրա ու փափուկ ջիգյարի․ խնդրեց՝ որ քիչ մի հանգստանա ու ինքը իրան թադարիքը տեսավ։ Ո՛վ էն ժամանակը կամ տեսած կամ լսած կըլինի, թե Մատաթովն ի՛նչ արեց, նհախ տեղը չի՛ նրա անունը Հայի, Թուրքի, Ղզլբաշի բերնումը մնացել։ Աշխարք տակ ու վեր կըլի, բայց նրա հիշատակը անջնջելի կմնա մեր ազգի միջին ու մեր աշխարքումը։

Դեռ վարժատան աշակերտ էի ու ինչպես էսօր կենդանի է մտքումս՝ Աղասին ինչպես մտավ Թիֆլիզ։ Երևելի իշխանի որդի չէ՛ր որ նրան մեծ փառքով ներս բերեին, բայց ո՛վ նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի՝ խմի։ Մեկ թղթի միջում ծալած իրա ոսկորները քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որը որ զանազան տեղ կռվներումը կոտրել՝ հանել էին։ Մեկ քանի ժամանակից հետո՝ հայտնի յա ամենին, որ երբ Ղարաբաղու կողմն թշնամուցը ազատվեցավ, Ապարան, Երևան դառան Ռուսաց քաջ սրտի մեծագործության ու տղամարդության ասպարեզը։ Նհախ տեղը չի Երևանու անունը էնպես անձին պատիվ տվել, որ Ռուսաց զենքը Ասիա ու Եվրոպա՝ երկինքը հասցրեց։ Ո՞ր Հայը իրան պարծանք չի համարիլ, որ Օսմանցվի, Ղզլբաշի ու Պոլշիո Աստվածը էսօր իր կոմսության անունը Երևանու անունովն ա զարդարել՝ իշխանն Վարշավի և կոմսն Երևանի Ասիու միջումը Ալեքսանդրի ու Պոմպեոսի, Ջինգիզխանի ու Թամուրլանգի հիշատակը իսպառ ջնջեց, ու Ռուսաց քաջության, մեծահոգության, բարեսրտության, մարդասիրության անունը աստղերի հետ դասեց։ Քանդելու միայն էին սովոր ասիացիք, շինություն ու խաղաղություն տեսան։ Ուրիշ թշնամու առաջ իրանց արինն էին տալիս, եդո իրանց քաղաքն ու օղլուշաղը. Ռուսաց ընդհակառակն բանալիքն էին ընծայում, եդո իրանց տունն ու ընտանիքը։ Գոռոզ կարծիքն Պարսից, թե խանը միշտ պետք էր Ալու փանջին հնազանդեր՝ ցրվեցավ, ու իրանց անողորմության, անօրենության տեղակ՝ շնորհք, ողորմություն տեսան։ Հայոց արտասվալից աղոթքը՝ [ 199 ] որ գիշեր ցերեկ անում էին, թե ե՞րբ կըլի՝ մեկ Ռուսաց հավատակցի երեսը տեսնին, եդո հողը մտնին, լսեց Աստված ու կատարեց։ Խաչի լիսի ու Ռուսաց մարդասիրության շնորհքը ապառաժն էլ կակղացրին, ու Հայաստանի չոլ, ամայի դաշտերը էսօր մարդաբնակ են դառել ու Ռուսաց ազգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շենացնում։ Հայոց ազգի կարոտ աչքը վաղուց էլ արտասունք չի տեսնիլ, իրան հայրենիքը կտեսնի, նրա ծոցումը կմեծանա, նրա սերը կվայելի ու քոռ նախանձոտ մարդին գործքով ցույց կտա, թե Հայ ազգը ո՛չ թե փողի կամ շահի խաթեր ա Ռուսի տերության անունը պաշտում, այլ թե իր սրտի ուխտն ուզում կատարի, որ իրան հավատն ու ազգը պահողին արինը, կյանքը, որդին չխնայի։ Հայ ազգը՝ որ ո՛չ թե թուլ էր, յա քաջություն չուներ, որ իր երկիրը պահել էր, ո՛չ։ Երկիրն ինքն էր պարտական։ Աշխարքումն ո՛վ ոտը բարձրացրեց, Հայաստանու վրովը պետք էր լոք տար, Հայոց ազգին պետք էր ոտնատակ տար, ձեռք քցեր որ իր թշնամու հախիցը կարենար գալ։ Ո՛չ Ասորիք, ո՛չ Պարսիկը, ո՛չ Մակեդոնացիք, ո՛չ Հռովմայեցիք, ո՛չ Պարթևք, ո՛չ Մոնղոլը, ո՛չ Օսմանցիք չէին կարող էն զորությունը ստանալ, եթե Հայոց ազգը մեկի դեհը չէ՛ր պահել։ Դեհը պահելով ղորդ ա իր տունը քանդեց, չունքի իր բարեկամը վեր ընկնելուց եդո իր թշնամին ավելի ևս իր չարությունը գործում, իր ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով Հայոց ազգը արարած աշխարքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ինչքան հոգի ուներ, ինչքան կամաց զորություն, սրտի հաստատություն, որ իրան չորս կողմի էն հզոր ազգերը կորան, փչացան, անունները չկա, Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օր իր արնի գնովը պահեց, հասցրեց՝ որ մեկ ազգ էլա էսպես օրինակ չունի։

Երևան թևին տվեց, երբ Ռուսաց զորքը իր մեջը մտան51) Էջմիածնի խնկի, մոմի հոտը ու զանգակների ձենը երկինքը հասավ։ Քաջահաղթ հսկայն, կոմսն Երևանի՝ Տոբիթա հրեշտակ Ներսես արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած մտավ Վաղարշապատ, որ Եփրեմ կաթուղիկոսի սուրբ աչքին լիս տա ու առողջություն։ Էն ժամանակվան խաղերը որ հանել ասում էին, հավիտյանս հավիտենից կարող են աշխարքին վկայություն տալ՝ թե Թուրք ու Հայ հենց իմացան թե Աստված վեր էկավ իրանց համար։

Հարիր տեսակ խաղ հայերեն, թուրքերեն Երևանու բաղերն52) ու ձորերը լսում էին, ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր ուրախ վախտը ձեռը բերնին ա դնում ու ասում։ Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերիցը մեկը թող օրինակի խաթեր էստեղ գրվի։

Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ սարդարին ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագյազն փիանդազ53) էլան․
Անիրա՛վ՝ էս բաղին բաղմանչի ունի։
Անիրա՛վ՝ էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սրտիս էդ քարը մի՛ քցի։

[ 200 ]

Մատաթովն Ղարաբաղ առավ՝ ազատեց,
Կրասովսկին Աբարան ոտնատակ տվեց,
Սաղ Իրանն Պասքովչին չոքեց, ծունր դրեց.
Ղզլբաշն մուկ դառած, գլխին վայ տվեց.
Բեկենդորֆն սարդարին ջախըփուրթ արեց,
Ասլանի գլուխն արծվին Ռուսն մատաղ արեց.
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի,
Միտք արա՝ էս բաղին բաղմանչի ունի։ Անիրավ և այլն։

Սրբազան Ներսեսի խաչին ղուրբան գնամ,
Հոգևոր Եփրեմի տիրոջն ղուլ դառնամ,
Սուրբ Գեղարդն մեռոնի զորքն մալում էլան.
Թշնամին քոռացավ. Հայքն ուրախացան․
Հայ ազգի աղոթքը երկինքը հասան։
Անաստված՝ Հայից ձեռք քաշի, կորի։
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի. միտք արա՛ և այլն։

Մենք քամակ քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին մեր աշխարքը, կյանքն ղուրբան կտանք։
Հասան-խանն կատվի պես քարեքար ընկավ,
Շահզադի ղոնշունը ցիր ու ցան էլավ.
Մեր խաչին՝ անհավատ՝ արի, ճանաչի՛.
Անաստված՝ Հայիցը ձեռք քաշի՛, կորի։
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի. միտք արա՛ և այլն։

Էջմիածին, Թավրեզ, Աբասաբաթ, Սարդարաբադ − Ռուսաց օրհնյալ ոտի հողին արժանացան, բայց դեռ Երևան իր անճար գլուխը դեմ էր տվել ու ետին շունչն ընկած՝ ուզում էր որ դեռ մեկ քանի սհաթ էլ իր ջրատար որդվոց գլուխը լա, նրանց սև երեսը մեկ էլ տեսնի, որ փրկիչն Հայաստանի, կոմսն Երևանի, իշխանն Վարշավի էկավ, էնտեղաց բանդում, զընդանում մաշված Հայերին էլ մեկ օգնություն անի, ազատի։

Ամսի հինգն54) էր, որ Երևանու բերդը ծխումը կորավ։ Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի թոխփանի գյուլլեն ջոկ, հինգ օր հինգ գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր։ Հենց գիտես Սոդոմ, Գոմորի քուքուրթն ու կրակը էսօր ա վեր գալիս։ Երևանու հատած պատրուքի պես՝ թե մեկ ճրթճրթում էլ էր մեկ սհաթ քիմի, էլ եդ հանքչում, խավարում էր, էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել։ Սարդարը, Շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել։

Հասան-խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի ու էն մարգարեական ձենը կատարվի, որ Աբարանումը նրա խուլ ականջն ընկավ, բայց խելքը գլուխը չէկավ։ Նհախ որքան բերնում լեզու ու ձեռին հունար կար, բանացրեց, որ՝ իր ազգին սիրտ տա՝ իրանց գլուխը ձեռ չքցեն։ Հինգ օրվանից հետո խալխը որ տեսավ, ճար չկա, իրան միջի մեծամեծներիցը մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց էն ա վերջին [ 201 ] սհաթն էր մնացել, որ բերդը հոգին տա, կենողները իրանց իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքերը ձեռըներին բռնած՝ ռայի էկան։ Քանի որ Երևան բինա էր ընկել, կարելի յա՝ թե էն օրը, էն տեսարանը, էն անունը չէր տեսել, չէր ճարել, որ էսօր տեսավ ու իմացավ։ Կարելի է՝ աշխարհք աշխարհքով դիպչի, ազգեր գան ու էլ եդ ոչնչանան, բայց քանի որ Հայի շունչն ու լեզուն կա, ե՞րբ նրանց մտքիցը կերթա էն ավետալից սհաթը, որ իշխանն Վարշավի, գեներալն Գրասովսկի մեր անմահ Ներսեսին հետըները՝ խաչ ավետարան ձեռին՝ մտան բերդը, որ Հայոց աշխարքի ազատության տոնը կատարեն։ Պետք է աշխարքումն էլ Հայի հոգի չըլի, որ իրանց փրկիչ Պասքովիչի անմահ հիշատակը արտասունքով ու լալով չհիշեն, իրանց աշխարքի հոր ու պահպանողի սուրբ անունը, որ հյուսիսի բերնիցը սկսած նրանց հոգսը քաշել, նրանց իր թևի տակն էր ուզում բերի, սրբությունի պես պաշտեն։ Կամիլլոս ղորդ ա՝ Հռովմ ազատեց, Սցիպիոն հռոմայեցվոց թուրը Աֆրիկումը ցցեց, Կեսար Գալլիա ու Բրիտանիս ոտի տակն առավ, Նապալեոն Իտալիո, Սպանիո և Եգիպտոսին ազատություն էր խոստանում, բայց ե՞րբ Հռովմայեցիք, Գալլիացիք, Եգիպտացիք՝ է՛ն սրտովը, է՛ն սիրովը իրանց ազատողներին կընդունեին, կպաշտեին, ինչպես Հայք, Հայք՝ որ առավոտն էին վեր կենում է՛ն էին աղաչանք անում Աստվածանից, րիգունն էին քնում, էն էր նրանց աչքի արտասունքը։ Մեծ էր հիրավի ու անմոռանալի Ռուսաց Փարեժ մտնիլը, բայց ե՞րբ գաղղիացիք էն հոգվովը իրանց բախտավորությունը կվայելեին, ինչպես Հայք էս արժանահիշատակ օրը։

Սալդաթի տուտը հենց բերդը մտավ թե չէ՛, հազար տեղից, հազար փանջարից լացն ու արտասունքը էլ չէին թողում, որ մարդի բերան բաց ըլի։ Բայց ով սիրտ ուներ, լավ էր տեսնում, որ է՛ն ձեռներն, է՛ն աչքերը որ քարացել, սառել երկնքին էին մտիկ տալիս, առանց խոսքի էլ՝ ասում էին, որ դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը Հայերի համար։

Ինչպես բարեկամ, ինչպես երկնային ավետաբեր հրեշտակ՝ ազատության ու ողորմության պսակը ձեռին՝ մտավ[65] իշխանն Պասքևիչ սարդարի ամարաթը։ Նա անց կենալիս հազար տեղ տեսել էր ու արտասունքը բռնել, թե ինչպես էին ծեր, մանուկ, աղչիկ, պառավ՝ չէ՛ թե մենակ իր ոտը համբուրում, այլև շատը ընկնում էին սալդաթների ճտովն ու էնպես նվաղած, հոգին քաղված մնում։ Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր, քանի Հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել, է՛ս օրը, է՛ս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել։ Էջմիածնա եպիսկոպոսունքը՝ որ բերդումը՝ հենց բռնի՛ր՝ մաշվել, ետին թելն էին ընկել, մեկ կողմից, շհարի ու Կոնդի քահանայք ու դպիրք մյուս կողմիցը՝ որ դուս չէկան՝ երեսները գետինը քսելով, էնպես գիտես՝ թե քաջն Վարդան նոր ա վեր կացել, Տրդատ նո՛ր ա գալիս Հռովմիցը, որ իրանց հայրենյաց աշխարքը կրկին ազատեն, նո՛ր լիս, նո՛ր կյանք իրանց ազգին տան։ Սցիպիոն Աֆրիկացի Կարթագինեի ծուխն ու էրված, քանդված ամարաթներն էր տեսնում, [ 202 ] աչքը բռնել, լալիս, որ Հռովմայեցվոց գազան բնությունը՝ նրանց արինը խմեց, կշտացավ. Պասքեվիչ՝ Մասիս էր առաջին տեսնում ու ուրախությունիցը աչքը սրբում։ Տիգրանա, Վաղարշակի, Աննիբալա, Տրդատի, Վարդանի պատմությունն էր մտածում, նրանց պատկերն էր առաջին կանգնել։ Նրանց անմահ հոգիքն էին երկնային լուսով նրա աչքի առաջին, նրա գլխովը պտտում, ժպտում, զմայլում, ձեն տալիս։ «Տե՛ս Հայկ աստղի կամարը, է՛ն լուսեղեն, է՛ն կապտագույն գրքումն քո անունը գրվեց, փրկիչ որդվոց մերոց։ Էն տեղ տարանք քո մեծագործության պատգամը։ Հայկի մոտ, Լուսավորչու գրկումն, իրար կտեսնինք, այժմ պահի՛ր մեր աշխարքը»։ Հայկա որդիքն էին նրան[66] երկրպագություն տալիս, Հայոց անմեղ լեզուն էր նրա կյանքը օրհնում. Հայոց սուրբ աշխարհն էր իր սիրտը բաց արել՝ նրան պատվում, պաշտում․ Երևանու բերդի անվան կեղտը[67] պետք էր նա սրբեր ու իր անունովը նոր կնքեր, Երևանցվոց, Հայոց մեծ ազգին հավիտյանս հավիտենից հեր, տեր դառնար, ի՞նչ սիրտ ըլեր, որ էստոնք մտածելիս՝ չվերանար, չմեծանար․ ի՞նչ աչք ըլեր՝ որ էս սհաթին իրան բռներ ու էնքան օրհնության, ուրախության ձենը լսելով՝ դինջ մնար․ ծով չդառնար։ Նա արեգակ էր դառել Հայաստանի, Ռուսք մոլորակի պես նրա գլխովը պտտելով՝ նո՛ր կենդանություն էին բերել, ո՞վ կարեր էս մտածել ու լուռ կանգնիլ, որ էնպես քաջ հսկայն կարողանար դիմանալ։ Հասան-խանն ընկել էր ոտը, իր վերջին սհաթին էր սպասում, նա չէ՛ թե Սցիպիոնի պես՝ իր ազգի կատաղի բնությունն իմանալով, ոտնահար արեց, այլ Ռուսաց ազնիվ հոգին ճանաչելով՝[68] էնպես անօրեն ավազակին գրկեց, էլ իր պատվով՝ հրամայեց՝ որ ճամփու քցեն, գնա դհա ավելի իմանա, թե ո՛րքան ողորմած է հզոր տերությունն Ռուսաց։ Ռուսք էն մութը հոգին չունեին, որ Նապալեոնի պես մարդին[69] իրանց մեծահոգությանը ապավինելիս՝[70] [71]նավ քցեն, որ գնա՝ իր դառն օրը օվկիանոսի միջումը վերջացնի, չէ՛․ Ռուսք իրանց թշնամուն, էնպես անարգ հոգուն էլ ցույց տվին էս օր՝ որ իրանց ոտքը որտեղ որ մտնի, էնտեղ բախտավորություն ու խաղաղություն պետք է ըլի։ Հասան-խանը գլուխն էր դեմ անում՝ որ կտրեն, Պարսիկք երեսներն էին փռում՝ որ ոտնակոխ անեն, բայց Պասքեվիչ, անօրինակ հսկայն՝ մեկին հանդիսով Թիֆլիս ուղարկեց, մյուսոցը շնորհք, ողորմություն ցույց տվեց։ Այլ եվրոպացիք Ամերիկա ավերեցին, հողի հավասարեցին․ Ռուսք Հայաստան կանգնացրին ու ասիացվոց բիրտ, գազան ազգերին մարդասիրություն ու նոր հոգի տվին։ Աստված ի՞նչպես չի՛ պետք է նրանց թուրը կտրուկ անի, պատմությունն ի՞նչպես չի պետք Պասքեվիչին աստվածացնի, Հայք ե՞րբ կարեն Ռուսաց արածը մոռանալ,[72] քանի որ շունչ ունին։

Բայց ա՜խ՝ սիրելի կարդացող, մի հարցնես, թե ախր էսքան բանը, որ անց կացավ, ո՞ւր մնաց մեր ջրատար, սիրտը փորումը մեռած Աղասին՝ որ չի գալիս, իր մուրազն առնի, իր մահվան դուռն ընկած խեղճ հորն ազատի, նրա օրհնությունն առնի, թողություն խնդրի, որ էնքան նեղությունն [ 203 ] ու տանջանքը իր խաթեր էր քաշել, հինգ տարի բանդումը չորացել, ցամաքել, հազար անգամ գերեզմանի դուռը գնացել՝ եդ եկել, որ իր որդուն տեսնի, փափագն առնի, էնպես հողը մտնի, որ սրտումն էլ դարդ չմնա, գերեզմանն իր համար դժոխք չդառնա։

Բերդի մեջն ու չորս կողմը որ ասեղ քցեիր, գետնին չէ՛ր հասնիլ․ աշխարքը իրարոցով էր դիպել։ Աչք էր՝ որ խնդում էր ու լալիս, բերան էր՝ որ գովում էր՝ ու օրհնություն տալիս․ ազգական, բարեկամք էին՝ որ իրար փաթաթված՝ մնացել էին փետացած։ Լեզվի տեղակ արտասունքն էին նրանց էրված սիրտը հովացնում։ Սար ու ձոր թնդացին, բաղ, բաղաստան ցնծացին, որ իրանց տերերն էլ եդ ճամփու էին ուզում ընկնիլ, որ գնան՝ նրանց զվարթացնեն․ բերդի դռներն ու քուչեքը դրմբում էին ոտի ու ուրախությունի ձենիցը։ Ռսի ղարավուլները ամեն տեղ բռնեցին, խալխը քիչ քիչ սկսել էր, որ քաշվի, բայց որտեղ որ Հասան-խանի խերիցը քոռացրած, քոթրոմացրած, ոտից, ձեռից ընկած անդամալույծ կար՝ էկել բերդի դուռը բռնել էին, որ իրանց սև օրին մեկ լիս, մեկ ողորմություն, մեկ դինջություն գտնեն։

Էս միջոցին էր՝ որ Ներսես սրբազանը Սահակ աղի ձեռիցը բռնած՝ ընկել էր բրջերի, բադանների գլուխն ու հենց գիտեր՝ թե երկնքիցն ա Երևանու դաշտին մտիկ տալիս․ նոր ըլի դրախտը նրա աչքի առաջին բաց էլել, նոր ըլի ջրհեղեղը դադարել, նոր ըլի որդին միածին վեր էկել, որ իր արդար, սիրելի Հայոց ազգին փրկություն բերի։ Անց կացած ժամանակները երազի պես էին նրա աչքի առաջին կանգնել։ Չէր իմանում՝ թե Երևա՞ն ա տեսածը, թե Թիֆլիզ։ Էն պուճախներումը, էն ձորերումն ու բաղերումը՝ որ սև Ղզլբաշի երեսի էր նրա աչքը սովորել, Ռուս էր տեսնում ցրված, նստած․ ո՞վ չէր տեսածը երազ համարիլ, յա հրաշք։ Էս մտածմանց մեջը խրված՝ էն թանձր ունքերի տակիցը իր հոգելից աչքը Զանգվի վրա էր քցել ու մնացել վերացած, գավազանի վրա թինգը տված, որ մեկ քաղցր ձեն եդևիցը որ «հայր սուրբ ջան» չասեց ու ձեռն՝ առաջ դոշին, հետո[73] երեսին չկպցրեց, քաջաջան հովվապետը մնաց ուշագնաց։ «Հայր սուրբ ջան՝[74] սրբազան տե՛ր՝ ա՜խ, էս ի՞նչ օր ա», մեկ ձեն էլ մյուս կողմիցն էկավ ու մյուս ձեռը բերան ընկավ։ «Սմբաթով ջան, Երուսալեմսկի ջան՝ ո՛րդիք, թաղեցե՛ք ինձ այսուհետև ձեր ձեռովը․ թե որ մեկ քանի օր էլ Աստված ինձ կյանք պետք է տա, թո՛ղ էնդուր համար տա, որ էս էրված սրտիս մուրազը կատարեմ, մեր խեղճ, ցրվյալ ազգը՝ էլ եդ իրանց աշխարհը բերեմ54)։ Էս մեկ բանն էլ թո՛ղ էս կարոտ աչքս տեսնի, հետո, ա՜խ՝ հետո Հայաստանի սուրբ հողի տակը մտնիմ։ Խնդրեցե՛ք, խնդացե՛ք, խնդացե՛ք, խնդրեցե՛ք՝ ո՛րդիք ջան, որ ձեր ծերունի հոր էս մեկ խնդիրն էլ Աստված լսի, էլ ուրիշ բան չեմ ուզում։ Հայաստա՛ն, Հայաստա՛ն՝ տո՛ւր ինձ քո սիրտը, տո՛ւր ինձ գերեզման․ էլ որ նոր ազգեր թե գան ու երթան, ա՜խ չի՛ մոռանաս քո սև դառն օրվան նեղությունն, տանջանքն, կաց ու զգաստացի՛ր, քո խեղճ որդոցը սիրով պահպանիր, էլ քո զավակը գերի մի՛ քցի՛ր, սուրբ հողդ իմ երեսս՝ ընտի՛ր Հայաստան, աթոռ Աստուծո՝ տուն Արշակունյան»։ [ 204 ]

«Ախր ո՞րտեղանց որտեղ թռաք, էկաք՝ սիրելի որդիք, որ ձեր հայրենիքը տեսնիք», վերջապես հարցրեց սրբազանը զարմացած՝ աչքերը սրբելով, ու էս ազնիվ Հայկազանց գլուխը դոշին կպցնելով, «ախր մի ասեցեք, որ դինջանամ. ձեր կարոտն էի քաշում, ձե՛զ էի ուզում, ձե՛զ, որ էս սհաթին իմ սիրտն իմանար, իմ ուրախությանը մասնակից ըլիք, ո՛րդիք ջան, Հայոց ազգի բարի շառավիղք։ Էդ ո՞ր Աստվածը իմ մեղավոր սրտի խորհուրդն իմացավ ու ձեզ ինձ մոտ բերեց»։ «Մենք էլ հենց էդ մտքովն ու մուրազովը տուն ու տեղ թողինք, իրեք գիշեր ա չենք քնել, սար ու ձոր ոտնատակ տվինք, որ մի գանք էս սհաթին ձեզ տեսնինք, քո ուրախությունն ու օրհնությունը առնինք, մեր հայրենյաց ազատությունը տեսնինք, մեր կարոտ աչքը մի կշտանա ու էլ հենց էս սհաթին պետք է ետ դառնանք, որ կուսակալը մեր գալը չիմանա»։

«Հա՛յ անիրավս ձեզ, է՞տուր համար եք էդպես չերքեզի շորերում կուչ էկել, որ մարդ ձեզ չճանաչի. շատ լավ. հանաքն հո էդպես չե՛ն անիլ, դուք ձեր խաղն եք խաղացել ձեր ջահիլ տեղովը, ես էլ իմը կխաղամ էս ծեր տեղովս, տեսնինք՝ ո՞րս կհաղթենք։ Ձեզ բանդ պետք է քցած, որ մի քիչ քիթըներդ տրորվի, իմանաք՝ թե հայրենյաց համար էդքան նեղություն քաշողը, էդքան ճամփա էկողը ու իր ղուլլուղից ձեռք վերցնողը՝ թուր էլ որ դեմ անեն սրտին, կրակ էլ որ ածեն գլխին, պետք է երեսը եդ չի՛ թեքի․ դուք էսքան տեղն անահ, աներկյուղ անց եք կացել, ոտի տակ տվել, որ մարդ են ուտում, հիմիկ սիրտ չե՛ք անում, որ կուսակալի առաջը գաք։ Տո՝ Հայաստանու փրկիչը որ ձեր էդ ազնվական գործն իմանա, հասկանա՝ թե դուք ձեր աշխարքի ու ազգի ազատության հանդեսը էկել եք, որ տեսնիք, ձեր ձենն էլ նրանց ձենի հետ խառնեք, ձեր ազնիվ սիրտն էլ նրանց սրտի հետ միացնեք՝ էն էլ էս հրաշալի, էս արժանահիշատակ ժամանակին, ձեզ սիրելու, ձեզ գրկելու խաթեր, ձեզ վրա պետք է բարկանա՞։ Էն ի՞նչ սիրտ պետք է ըլի, որ տեսնի՝ մեկ որդի սարեսար ա ընկել, գլուխը մահու տվել, որ իր ծնողին նեղությունից պրծած տեսնի, ինքն էլ ջանը եդ դնի, ինքն էլ հետը ուրախանա ու, մահապարտ էլ որ ըլի որդին, նրան թողություն չտա։ Ձեզպես որդիք շատ ունենամ, շատ. էկե՛ք, էկե՛ք՝ ձեր երեսին մեռնիմ, ձեր էդ ազնիվ աչքերին ղուրբան, իմ սիրուն պահած որդիք, էկե՛ք՝ ձեր էդ մաքուր ճակատը մեկ էլ համբուրեմ, մեկ էլ ձեր էդ սիրուն երեսը դոշիս կպցնեմ, հետո ձեր շուչն56) իմ վզին։ Կուսակալը57) թե խոսք ունի՝ առաջ ինձ ասի։ Դուք է՛ն օրինակն եք ցույց տվել, որ մեկ որդի Սիբիրից ոտով գնացել ա Մոսկով, որ իր հորն ազատի․58) ձեզ ո՞վ կարա գնամիշ անիլ։ Հայոց ղոնշունն էլ էն ա հա՝ հազրել եմ, քիչ քիչ սովորում են կռվելու կերպը։ Մելի՛ք՝ էսպես զավակներ որ թագավորն էլ ունենա, չի՞ ուրախանալ։ Հայոց ազգը էսպես որդոց ա կարոտ, է՛սպես, ի՞նչ կըլի, որ սրանց նման մեկ հարիրն էլ ըլին։ Հլա մտիկ տո՛ւր սրանց բոյին, սրանց պատկերին, սրանց լեզվին, սրանց աննման աչքերին․ Աստծուն հայտնի ա, ուզում եմ՝ թե էս սհաթը հոգիս հանեմ, սրանց տամ։ Օրհնվի էն արգանդը, որ էսպես զավակներ կբերի։ Ամեն մեկը էնպես գիտես՝ թե թագավորազունք ըլին։ Ձեզ ստեղծող Աստծուն զո՛հ ըլիմ, զո՛հ․ ինձ պետք է թաղեք, որ հետո վրըներովդ ղուշ անց կենա։ Ձեր հայրենիքն էիք ուզում, էս էլ [ 205 ] ձեր հայրենիքը։ Ես էլ գիտեմ, որ չոր, հալևոր սևագլխի խաթեր էդքան ինջըմիշ չէիք ըլիլ։ Ինձ սիրեք, չսիրեք, ձեր ազգն ու աշխարք որ էդքան սիրում եք, հենց գիտեմ՝ թե Գաբրիել ու Միքայել հրեշտակն եք ինձ համար, որ մեր Լուսավորիչ պապին Խոր Վիրապումը մխիթարում էին։ Գնա՛նք՝ իմ հոգուս ճրագներ, գնա՛նք, ուշացանք, կուսակալը ինձ կըլի մնում․ հլա բերդը նոր ենք առել, ո՞վ ա խաբար՝ թե ի՞նչ դուս կգա։ Խալխի հոգսը պետք է քաշենք, բանդ ու զընդան լիքն են մեր անմեղ զավակներովը, նրանց ախր հանիլ, ազատություն ու տիրություն կուզի, ո՞վ ա խաբար, թե ղրաղ պուճախում դեռ ի՞նչ բաներ անց կկենա․ չունքի Ղզլբաշը՝ ղորդ ա՝ կոտրվել ա, ամա դեռ ոխն ու քենը սրտումը մխում կըլի, որ էրեկ իրանք էին Երևանու տերը, մեր ազգի գլուխը, էսօր մեր ոտն ա նրանց գլխին, մեր խաչին պտի հնազանդին ու երկրպագություն տան․ գնա՛նք»։[75])

Էս խոսքը բերնիցը դուս գալը ու մեկ ողբալի ձեն հենց էն վրեն կանգնած բրջի տակիցը վեր ըլիլը մեկ էլավ․ «Հա՛յր սրբազան՝ գլխիդ ղուրբան՝ հասի՛ր․ մեկ Հայ աֆիցերի սպանեցին իր հոր հետ․ ճար ունիս՝ տե՛ս»։ Բրջի դռանը մարդ չէր երևում․ որ մի քիչ կռացան, մտիկ չարին, գլխըներին կրակ վառվեց, բերդը մեկ գազ էլ խոր գնաց, չունքի տեսան՝ որ[76] էն մարդը փանջարիցն ա գլուխը հանել ու ձեն տալիս։ Ա՜խ՝ սիրելի կարդացող՝ էլ ի՞նչ երկարացնեմ էս սարսափելի պատմությունը։ Կըլի որ քո սիրտն էլ քեզ ասեց, որ էս հադաղին ի՞նչ աֆիցեր պետք էր էնպես դժոխք մտնիլ, որ գլուխը մահու տա, եթե ո՛չ մեր ջիվա՛ն Աղասին, որ հինգ տարի սար ու ձորի, գազան, հարամու գլուխը չի տվեց, պահեց, էն բաներն արեց, որ աշխարքումը քիչ ադամորդի արած կըլի, վերջը Գրասովսկի գեներալի հետ թռավ իր ցանկալի վաթանը՝ որ իր ջրատար հոր հետին շնչին հասնի ու հենց բերդն առան թե չէ, նա՝ մերը կորցրած գառան պես՝ էլ չէ համբերեց՝ որ ոտքը մի քիչ խաղաղվի, ընկավ բրջե բուրջ ու որ հոր անունը չհարցրեց, մեկ Երևանցի Հայ առաջն ընկավ, տարավ նրան էն բրջի դուռը, որ տեղ որ նրա տարաբախտ հերը մեկ քանի Հայերի հետ բռնված էր։ Բայց անիրավ Պարսիկքը վաղուց էին իմացել նրա ղոնշունի հետ գալը ու նրա սպանածների հեր, ախպեր, ազգական, մինչև տասը մարդ գնացել՝ էն բրջումը տափ էին կացել։

Ա՜խ՝ էլ ի՞նչ գրեմ, ձեռս թուլանում ա, սիրտս արին կաթում․․․ ա՜խ՝ բաս Աղասու սուքն ո՞վ անի, նրա ջիվան ումբրն ու օրը ո՞վ լաց ըլի։ Ե՛ս, ես ողորմելիս՝ նրա գերեզմանին ղուրբան, ա՜խ՝ բաս նա՝ որ ինձ էնքան երեխա ժամանակս իր ծնկան վրա խաղացրել ու ինձանով մխիթարվել ա, [ 206 ] բաս ես քա՞ր պտի ըլիմ, որ նրա սուքը չանեմ։ Բաս սիրտս կհամբերի՞, որ էս օր չուզենամ՝ էնպես հսկա, էնպես ազնիվ, քաջ երիտասարդի վրա հոգիս տամ. բայց չէ՛, ես ի՞նչ եմ, որ Աղասու սուքն անեմ, իմ բերանն ի՞նչ ա, որ լսողի սիրտը շարժի, էրի, խորովի, նրա սուք անողը հետո կգա, ես իմ դառը պատմությունն անեմ։

Իրեք թուրք էին ընկել բրջի մեկ ղրաղումը, մյուսները փախել — ա՜խ՝ լեզու՝ լռվիս, ի՞նչ կըլի,− Աղասին, հրեշտակ Աղասին՝ երկու խանչալ սրտումը ցցված, իրեքր քամակումը ու ոտ ու ձեռ հազար տեղ յարալու փարալու՝ իր ողորմելի հոր դոշին, արինը ծովի պես չորս կողմը բռնած՝ որ սրբազանը վրա հասավ։ Աջու ձեռը որ չէր տարել, որ հոր[77] գլուխը, էն ձնի պես սպիտակ մազերը մեկ խտտի, մեկ դոշին կպցնի, որ էնքան տարվան էրված սրտի մուրազն մի առնի, հովանա, հենց տեղն ու տեղը ուսը վեր էին բերել ու կտրած ձեռը մնացել էր հոր գլխատակին, երեսը երեսին, ու ձախու ձեռն էնպես փետացած, դոշի վրա ընկած։ «Վա՜յ՝ աչքս դուս գա՝ վա՜յ իմ ազգի ազիզ որդի, վա՜յ մեր ճամփեն փուշ դառնար՝ ա՜յ ջիվան, ա՜յ մեր ախպեր Հայի զավակ. վա՜յ մեր օրին ու արևին՝ Երևանու ճրագ, իմ պահած մեծացրած՝ սիրուն Աղասի, քո արինն է՞ս տեղ պիտի թափե՛ր». ասացին էս ազգասեր հոգիքն ու աղլխներն աչքըներին դրած՝ ամեն մեկը մեկ ղրաղ քաշվեցին, չորացան, թուլացան, երկինքը գնացին, քարացած մնացին ու էլ որ մեկն ու մեկը հանկարծ աչքը կամ հոր երեսին, էն լիս դառած պատկերին, յա տղի կտրատած ջանին, էն արնաթաթախ մարմնին չէր քցում ու սիրտը բերնովը դուս բերելով՝ բիրդանբիր ձեն տալիս ու գոռում. «Հլա մի մտիկ արե՛ք, տեսե՛ք, հորն ի՞նչպես ա խտտել, տո էն ծերին նայեցե՛ք, տեսե՛ք՝ աչքը ի՞նչպես ա որդու երեսը քցել ու երկու ձեռով ճակատին խփում». սի՛րտ՝ տրաքի, սի՛րտ՝ էլ չեմ կարում տանիլ, ո՛վ ջիգյար ունի, ինքն իմանա. մնացածը էքուց կգրեմ։59)

Հայոց ազգը էնպես ռաշիդ, էնպես ջիվան որդիք շատ էր կորցրել էս կռվներումը, էլ ո՞ւր կհասներ, էլ ի՞նչ օգուտ շատ սքալն ու մղկտալն. բայց ա՜խ՝ Աղասու մերը քոչի ճամփին էր իր սև օրը վերջացրել, հերը որդու արնովը՝ իր փետացած լաշը լվացել, նշանածը, ողորմելի Նազլուն դեռ Փամբակ էր, միմիայն տես ու ճանաչ էին նրա վրա ցավում, կսկծում, իր ռաշիդ ընկերները հո, քանի Մատաթովի մոտ էր գնացել՝ ո՛չինչ խաբար չէ՛ր իմացել, էկող, գնացող էնպես էին պատմում, թե նրանց եսիր էին արել՝ Հասան-խանի մոտ տարել։ Ո՞վ էր խաբար, բալքի թե էն անդամալուծների շատը նրա բարեկամքն էին, բայց մարդ չէր գիտում։ Էն բրջից ձեն տվող Երևանցի Հայիցը հենց էսքան իմացան՝ թե երբ քաջն Աղասի ռսի ապելատով բրջի դռանը երևեցավ, ղարավուլ սալդաթը ղրաղ կանգնեց, պատիվ տվեց։ «Ինչպես մեկ հրեշտակ, է՛նպես ներս ընկավ իգիթը», վրա բերեց Երևանցի Հայն, «անօրեն Թուրքերը մեկ ղրաղում թուր ու խանչալ պլոկած՝ տափ էին կացել։ Բերդի առնիլը դեռ չէինք իմացել, հենց իմացանք՝ թե էն Թուրքերն էկել են մեզ յա սուրը քաշեն, յա դուրս տանին՝ կախ տան։ Լերդ ու թոք ջուր կտրած, մնացել էինք սառած, որ [ 207 ] հսկայն Աղասի ներս ընկավ․ հենց իմացանք՝ թե եկել ա, որ էն անիրավներին բռնիլ տա ու մեզ ազատի։ Ո՞վ կիմանար՝ թե ի՞նչ մարդ ա ու ընչի՞ համար ա էկել։ Խեղճ հոր հո՝ շունչն էր մնացել բերնումը. աչքի լիսը վաղուց էր հատել, վաղուց էին ոտ ու ձեռք նրան թողել՝ չորացել։ Փորն էկել էր ուռել՝ բերնին դեմ առել։ Հենց գիտես՝ թե հոգին ինքը նրանից չէ՛ր ուզում ձեռք վերցնի, չունքի շատ անգամ էն ուշագնաց վախտը լավ պարզ լսում էինք, որ ուզում էր գլուխը բարձրացնի ու մեռած ձենով մղկտում էր․ «բաս ո՞ւր ա . . . թո՛ղ, թո՛՝ մի տեսնիմ . . . Ա՛ղասի, որդի, հո՛գի, քա՛նի մի քա՛նի ինձ մաշես, երկնքումը վաղուց եմ տեղս տեսել՝ ա՛յ իմ ջիվան որդի, քանի՛ մի քանի ինձ մաշես, արի՛, արի՛՝ երեսիդ մեռնիմ, արի՛, մեկ շունչդ առնիմ, էլ հո աչք չունիմ, որ քեզ տեսնիմ, էլ հո ձեռք չունիմ՝ որ քեզ գրկեմ, լեզուս ա մնացել, անկաջս, թո՛ղ մեկ էլ ձենդ լսեմ, որ մորդ էլա մեկ խաբար տանիմ․ Հռի՛փսիմե, Նա՛զլու, Կա՛րո, Փա՛րիխան, Աղասի»։ Սանգարի ժամանակին ձենը իսպառ կտրվել էր։ Մենք հենց իմանում էինք՝ թե վաղուց ա հոգին տվել։ Թոփի, դոմբաբի ձենը մեզ խլացրել էր։ Երբ ոտը խաղաղվեց, էլի առաջվան պես նղղալով խոր հոգոց քաշեց, էլի էս խոսքերը սկսեց եդ ասիլ ու հոգու հետ կռիվ տալ։ Վերջին խոսքն էլի էն էր․ «արի՛, արի՛՝ Աղասի, ո՛րդի, հոգի՛ ջան»՝ որ դռները ճռռացին ու ջիվան որդին հոր ձենը որ չիմացավ․ «Ա՛փու ջան՝ գլխովդ ման տամ, դեռ սա՞ղ ես՝ երեսիդ ղուրբան, ափու ջան» ափու ջան ասիլը, գժվածի պես հոր վրա ընկնիլն ու թուր ու խանչալ վրա գալը մեկ էլան։ Հերը հենց ձենիցը մեռավ. որդուն, ա՜խ՝ ջրատար որդուն էլ ժամանակ չմնաց, որ յա հորը եդ բերի, յա իրան մեկ չարա անի։ Էլի Աստված մեզ էր խեղճ եկել, որ սալդաթը էս ձենըձորը որ լսեց, խիշտն առած՝ ասլանի պես ներս ընկավ, երեքին սպանեց, մյուսները փախան։ Քոռանա իմ աչքս, որ էսպես բան չէ՛ի տեսել։ Հազար անգամ Աղասու հոր լացը կտրել, հետը քեֆ եմ արել։ Բարիկենդանին էլ՝ որ Աղասին փախավ, նրանց տան քեֆ անողների մեկն էլ ես էի։ Իմ որդիս, ա՜խ իմ ջիվան Մոսին էլ էր նրա հետ փախել։ Բայց ես լսում եմ՝ թե նա դեռ սաղ ա։ Աստված՝ դատաստանդ քաղցր ըլի, էսպես զուլում էլ ո՛չ շհանց տաս, էլ ոչ տեսնինք, երեսս ոտիդ տակն, ասեց ողորմելին ու[78] փեշն աչքերին դրեց։

Րիգնահովն ընկել էր, թոզ ու դուման բերդի չորս կողմը բռնել։ Էսպես վախտին ղուշն էլ իր բնիցը չի դուս գալիս, բայց սաղ աշխարն էկել՝ Երևանու բերդի չորս կողմը բռնել էր, որն ջիվան Աղասու խաթեր, որը նրա մեյիդը դուս բերելու, չունքի լսել էին՝ որ մուզիկով ու ղոնշունով պտի թաղեն ու էսպես բան, էսպես տեսարան՝ Երևանումը դեռ առաջինն էր։ Սալդաթ ու մուզիկանդ բերդի դուռը կտրել էին, ժանդարմեքը ճամփա էին բաց անում։ Համամների ու սուրբ Սարգսի դուզը էնպես էր սևին, սպիտակին տալիս ու դես ու դեն ծփում, ինչպես մեկ փրփրած ծով, որ քամու ձեռին՝ յա սիպտակ փրփուրն ա կիտուկ, կիտուկ քարին, ապառաժին խփում, յա սև ջուրն ա դրմբալով դես ու դեն քցում։ Թոզն էլ հո բոլորը թամամ էր անում։ Տամբուր մայորը թոփուզը պտտեց, սալդաթները կարգ ընկան, մուզիկեն [ 208 ] իր կսկծալի ձենն սկսեց, սև ձիանոնց գլուխն ու դագաղի ծերն երևեցան ու գեներալ, աֆիցեր՝ Ներսես սրբազանին մեջ արած՝ դուս էկան, ոտը շարժիլն ու սքի ձենը մեկ էլավ։ Հազար բաշից, հազար կտրից աչք էր, որ[79] մրմնջում էր, սիրտ էր՝ որ էրվում, մղկտում էր, բերան էր՝ որ ա՜խ քաշելիս՝ քարերն էլ հետը ա՜խ էին քաշում, սզլթում։

Մեծ ա Անապատի հայաթը, բայց Ռուս, Հայ, Թուրք, մեծ, պստիկ՝ է՛նպես էին լցվել, որ շւնչ չէր դուս գալիս։ Տերտերներն՝ եկեղեցու դուռը վաղուց էին բաց արել, ճրագները վառել, շուրջառները քցել, բուրվառ, խաչ, խաչվառ ձեռներին՝ մտիկ տալիս, որ մեյիդը ժամը տանին։ Խալխին դեն անելուցը զվիրն էին էկել, շատը պատերովն էին ներս թափում, որ շուտով մեկ տեղ ճարեն։ Էս հադաղումն էր, որ իրար ոտնատակ էին տալիս, մեկ անդամալույծ էլ սուրութմիշ ըլելով՝ քանի որ ոտը խաղաղ էր, գլխին, դոշին վեր հատելով, մազերը պոկելով, սուրբ Սարքիս ձեն տալով՝ հասավ ընկավ մեկ տերտերի ոտ, որ թողա, ժամի դռանը վեր ընկնի, Աստվածասեր քահանեն՝ տեր Մարուքը, Հովսեփ եպիսկոպոսի հերը՝ հենց իմացավ՝ թե յա ուխտ ա էկել ողորմելին, յա ուզում ա մեկ ողորմություն խնդրի, սիրտը մրմնջաց, հանեց մեկ երկու գռոշ էլ առաջը քցեց ու տիրացվեքին ասեց, որ նրան ձեռ չի տան։ «Ա՜խ՝ քոռանա քո քոռացնողի աչքը, մեկ բուռը հողի հասրաթ մնա՝ որ քեզ էդ տեղն ա քցել, ա՜յ խեղճ տղա․ էդ պատվական սուրաթը, էդ գյովդեն ու սիրուն բոյը՝ որ քոնն ա, ընչի՞ պետք է էդպես չուռումիջ ըլեր․ չուռումիշ ըլի քո էդպես անողի կյանքը», ասեց, աչքը տրորելով ազնիվ քահանեն ու երեսը շուռ տվեց։

Հենց պատվական մարմինը տեղ հասավ, հենց մուզիկի ու շարականի ձենը կտրեցին, մեյիդը վեր բերին՝ որ հոգոց ասեն, հենց Ներսես սրբազանը էն սուրբ բերանը բաց արեց, Աստված՝ ով ունի էն լեզուն, որ պատմի, ինչ որ էստեղ պատահեցավ։ Սար ու ձոր[80] կրակ ընկավ, խալխի գլխին ջուր մաղվեցավ, էլ բերան չէ՛ր բաց ըլում, աչքն էր իր կրակը վեր ածում, սիրտն էր իր խանչալները[81] փոխում, շունչն էր իր ծուխն ու բոցը քթիցը քուլա քուլա դուս փչում։ Ալամ աշխարք մնաց քարացած, կանգնած։ Երազ չէ՛ր՝ որ աչքըները բաց անեին, պրծնեին, կրակ չէ՛ր, որ փախչեին, դինջանային. ջիգյար էր՝ որ էրվում էր, սիրտ էր՝ որ պատռվում էր։

«Ա՛ղասի ջան, Աղասի, աչքիս լիսը վաղուց ա խավարել, որ մեկ երեսդ էլա տեսնիմ» մեկ ձեն գոռաց, «ոտներիս ջլերը վաղուց են փետացել,որ վրեդ էլա մի կանգնիմ, սուք անեմ, ձեռներս քոթուքի պես դոշիս են կպել՝ որ մեկ նաշդ էլա խտտեմ, որ մեկ նաշդ էլա դոշիս կպցնեմ, որ մեկ երեսիդ վրա[82] ընկնիմ, երեսդ երեսիս տամ, հոգիս հոգուդ հետ ճամփու քցեմ, էդ լիս երեսիդ ղուրբան՝ Աղասի, էդ ջիվան ջանիդ մեռնիմ՝ թագավոր Ա՛ղասի։ Է՞դպես էիր ուզում քո խեղճ հոր հավարին հասնիս, է՞դպես էիր քո դոսթ, բարեկամի սիրտն ուզում առնիս, է՞դպես էիր ուզում Անի շինես, ումբրդ ու արևդ խավարացնես, որ բալքի քո ազգին ու աշխարքին մեկ ճար անես՝ ա՜յ քո[83] հրեշտակ ջանին ղուրբան։ Ա՜խ՝ մկամ երկիրը՝ քեզ պես ծնունդ ունի, քեզ պես զավակ բե՞րել ա, որ էդպես անջիգյար քեզ տանում [ 209 ] ա․ մկամ երկինքը քեզ պես հողեղեն տեսել, ստեղծե՞լ ա, որ քեզ խլում ա․ մկամ Հայոց ազգը քեզ պես որդի, քեզ պես ճրագ էլ ո՞ւնի, որ քեզ բերել ա հողը դնի, քեզանից ձեռք վերցնի, քո ջիվան ջանը գետնին, գերեզմանին պահ տա՝ էդ երկնքի նման լուսեղեն պատկերիդ մեռնիմ՝ Ա՛ղասի։ Լոռվա սարերը քեզ պահեցին, քեզ սիրեցին․ Անու խարաբեքը քեզ ղվաթ տվին, հարամուց ազատեցին․ բաս հենց վա՞թանն էր քոռացել, վա՞թանն էր խարաբ էլել, որ խորդ մոր պես՝ իրան գլուխը պրծացրեց, քեզ մահու տվեց, քե՜զ, որ հազար տարի անց կենա՝ էլ քեզ նման զավակ ո՛չ ունեցել ա, ո՛չ կունենա։ Հինգ տարի բոլոր՝ դո՛ւ էիր մեր դաշտերի, սարերի Աստվածը․ հազար գերի ու անճար՝ քո՛ ձեռիցը՝ իրանց կյանքը նորեն ստացան։ Բաս է՞նքան սիրտ էլա չունե՞ր քո աշխարքը, որ մեկ սհաթ էլա քեզ պահեր, քո արևը էդպես շուտով չթո՛ղար մեր մտնի։ Աչքերս Հասան-խանը հանիլ տվեց, ոտ ու ձեռ նրան ղուրբան էլան՝ Ա՛ղասի ջան, երկինք ու երկիր ինձ համար հավիտյան խավարեցան, ջան ու զորություն վաղուց ինձանից ձեռք վերցրին, արեգակ ու լուսին վաղուց ինձ համար մեր մտան․ ծնող, ազգական դեռ չե՛մ տեսել, որ սիրտս չէրվեր, բայց էլած շունչս էլ քեզ համար էի պահում․ քառացած անկաջներս քո՛ ձենին էին հասրաթ մնացել, խավարած սիրտս՝ քո՛ անունովն էր պայծառանում, մխիթարվում, քո անուշ ձենին էի մնում՝ որ մեկ լսեմ, հետո հոգիս տամ․ քո լուսեղեն պատկերին էի կարոտ՝ որ մեկ գայիր՝ էն խավար զնդանին լիս տայիր, որտեղ ինձ պտի դնեին, էն սա՛ռը գերեզմանին շունչ տայիր, որ ինձ պտի ծածկեր, էն տեսնող, լսողին էրեիր, որ իմանային՝ թե դո՛ւ՝ դո՛ւ ես ինձ վրա սուք անում՝ քո արևին մատաղ, հմիկ ա՜խ՝ ի՞նչ կըլի երկնքիցը մեկ կրակ ընկնի գլխիս՝ ինձ էրի, փոթոթի, կամ երկիրը պատռվի, ինձ նեքսև տանի․ ա՜խ՝ ե՞ս պետք է քո սուքն անեմ, որ աչք էլ չունիմ, ե՞ս պետք է քո վրեդ գամ, որ չեմ էլ տեսնում,[84] հո՞ղը պտի ըլի քո գերեզմանը, թե սիրտս, մարդիկ են մենակ վրեդ լալի՞ս, թե սար ու ձոր էլ, գիշե՞ր ա, որ քեզ թաղում են, թե ցերեկ․ արեգա՞կն ա աչքը բռնել, խավարել, թե լուսինը․ հրեշտա՞կք են քեզ շրջապատել, քեզ ողբում, թե մարդիկ․ երկընքումն եմ քեզ հետ, թե երկրումս՝ էդ սիրուն ջանիդ մեռնիմ՝ Ա՛ղասի»։

«Հերն ու մերդ առաջիս կանգնել՝ խնդում են, հրճվում են, քեզ կանչում, թագ ու պսակ, լիս ու ծաղիկ քեզ վրա են վեր գալիս, քեզ պեաք է զարդարեն, թագավոր ու նահատակ[85] քո առաջն են եկել, բոլորը տեսնում եմ, բոլորի միջումը դո՛ւ ես արեգակի պես փայլում, բաս էս ի՞նչ տխուր ձեն ա, որ անկաջս ա ընկնում, բաս էս ի՞նչ կոծ, կսկիծ ա, որ վեր ա ըլում, բաս ո՞ւր ա Նազլուդ, ո՞ւր քո ջիվան երեխեքդ, որ թողել՝ գնում ես, չե՛ս հարցնում․ բաս էս ի՞նչ քարեր են, որ չոքած տեղս՝ ծնկերս ջարդում, մաշում են․ չէ՛, վա՜յ իմ գլխիս, արևիս, դո՛ւ ես երկնքումը, ե՛ս, ե՛ս ողորմելիս միայն երկրումը, էս փուչ աշխարքումը, էս խավա՛ր տարտարոսումը, էս փշալից ձորումը, ե՛ս առանց քեզ, Մոսին ու ոչ Աղա սին, մարմինն, ու ո՛չ հոգին, լաշը դարդակ, բայց ո՞ւր հրեշտակն։ Քե՛զ հետ կյանք [ 210 ] քաշեցի, առանց քեզ թո՛ղ չըլի, քո կոխկին արևս բաց էլավ, իմ առաջին քոնը մեր մտավ, էս շունչը կրակ կդառնա, ինձ կէրի. էս հողը դժոխք կդառնա, ինձ կմաշի, էս մարմինը՝ որ ինձ պետք չի՛, քե՛զ՝ թող քեզ զուրբան ըլի, քեզ. ինձ ո՞ւր ես թողում՝ դու գնում, ինձ ո՞ւր ես թաղում՝ դու թռչում. երկիրն մեկ տեղ վայելեցինք, օրորոցում, չոլում՝ դու էիր իմ կենաց ընկերը, դու իմ սրտիս սիրեկանը, ես քո ազիզ բարեկամը։ Մկամ հերնը մեր՝ որ քեզ լաց չըլին, ազգական սիրելի վրեդ չկանգնին, բաս քո ջրատար Մոսին, քո պահած որդին՝ քեզ կուղարկի՞, ինքը կմխիթարվի՞, քեզ հողին կտա, որ հետդ չի՛ գա՞, չէ՛ չէ՛՝ էդ սուրբ երեսիդ մեռնիմ, որ էլ չեմ տեսնիլ․ դու գնա արքայությունը, ինձ տա՛ր դժոխքը, տա՛ր, էս աշխարքն էլ չի՛ կարող ինձ պահիլ, մարմնիս աչքը քեզ չի՛ տեսնում, հոգուս աչքը հո բա՞ց կըլի, քո ջանին մեռնիմ. թե երկնքումն էլ քեզ չկարենամ խտտիլ, գրկիլ, հետդ խոսալ, մոտդ նստիլ, հրեշտակ տեսնելիս, գլխովդ շրջելիս, դրախտումը նայելիս լիսն վրեդ գալիս, որ քեզ տեսնիմ՝ քե՛զ՝ Աղասի ջան՝ սուր խրեն սիրտս, էլի կխնդամ, կրակ վառեն գլխիս՝ էլի կցնծամ, տա՛ր, տա՛ր քո բարեկամն, թե չէ ես կգամ, որ եդ չմնամ... Ա՜խ»...

«Ա՜խ՝ էս ո՞ւմ ձենն էր՝ որ լսեցի, քար առե՛ք՝ ա՛յ ջամըհաթ՝ ինձ սպանեցե՛ք, սուր առեք՝ ինձ թիքա թիքա արե՛ք» մեկ ձեն էլ խալխի միջիցն վեր էլավ ու հենց իմանաս՝ մեկ ամպ տրաքեց։ «Մոսի՛, ո՛րդի, առաջ ինձ սպանի, ի՛նձ թաղի, ա՜յ իմ կորած որդի, որ իմ ջանը հանեցիր, իմ սիրտը մաշեցիր, քո հալևոր հորը խեղճ արի՛, էս սիպտակ մազերը քեզ ղուրբան՝ բա՛լա ջան։ Թող մեկ շունչդ էլա առնիմ՝ է, վա՜յ իմ գլխիս, արևիս, Մո՛սի, Ա՛ղասի, երկի՛նք, քանդվեցե՛ք, ա՛շխարք՝ հիմքդ կործանվի, Հասան-խան, դժո՛խք, դժո՛խք՝ ինձ տարե՛ք, ինձ կերե՛ք։ Մո՛սի ջան, բալա՛ ջան՝ դու ինձ թողիր, դե կշտացի՛ր, ե՞ս պետք է քո հողը բուռն անեմ, էս չորացած ձեռները պետք է քեզ թաղե՞ն. ընչանք ես գետինը չմտնիմ, քեզ երկնքումը տե՞ղ կանեն։ Գնա՛ք բարով՝ ազիզ ո՛րդիք ջան, գնա՛ք բարով․ սիրով ինձ էրեցիք, ես էլ էս սրով՝ հոգիս ձեզ կտամ, մարմինս հողին, որ ձեր առաջին աստուծո բեմին՝ իրար հետ խնդանք, իրար հետ ցնծանք, իրար հետ տանջվինք, իրար հետ մաշվինք. գնա՛ք բարով՝ հերնը մերով», ասաց ողորմելին, թուրը պսպղաց, արինը շռռաց, ամպը գռռաց, օրը խավարեց, թվանքները ճռռացին, դագաղները բարձրացրին, շարական ու երգ վերջացրին, ու Քանաքռու վերի եկեղեցին էրկու հեր, էրկու որդի մեկ օրում, մեկ տեղում մինչև էս օրը առել՝ պահել ա իր սուրբ ծոցումը, որ դատաստանի օրը լիս քցի, իրանց փառքին հասցնի։

Գերեզմանն կորած, հողումը թաղված,
Աչքից հեռացած, մտքից մոռացած,
Իրանք անլեզու, աշխարհն անիրավ,
Որ Հայոց աղգիցն անթիվ ու անբավ
Էսպես քաջ որդիք խլեց՝ չկշտացավ։
Ո՛չ մատուռ նրանց գլխին կանգնեցավ,
Ո՛չ արձան նրանց անունը թողեց,
Ո՛չ ազգի միջումն հիշատակն լսվեց։

[ 211 ]

Դու՝ քնքուշ Մուսա՛, որ ինձ շարժեցիր,
Իմ էրված սրտին զորություն տվիր,[86]
Ա՜խ՝ էնքան չառնիս հոգիս, չմեռնիմ,
Որ իմ ազգի սուքն անեմ, հետո մտնիմ
Քո թևի տակը՝ նազելի՛ Մուսա,
Քեզ՝ թո՛ղ Աղասին, իմ սիրո՛ւն Մուսա,
Էնքան ամանաթ մնա, որ սրտիս
Մուրազն ա՜խ՝ առնիմ հետո ես գալիս՝
Իմ ազգի հսկայքն ինձ որ ճանաչեն,
Ինձ իրանց կշտիցն չղրկեն, չասեն,
«Անիրա՛վ որդի՝ մեր հողի վրա
Էնքան կանգնեցիր, կացար համեշա,
Մեր արի՞նը չէիր, որ չի՛ ցավեցիր,
Մեր արինը տեսած՝ դու մեզ չհիշեցիր»։
Ո՛չ քեզ Ա՛ղասի, սիրուն իմ Մուսա
Որքան շունչս, արինս դեռ իմ վրես ա,
Ինձ քուն ու հանգիստ, ինձ փառք ու պարծանք
Ես էն կհամարեմ, որ իմ բոլոր կյանքն
Զոհ տամ իմ ազգին, որ[87] ձեր առաջին
Ես ա՜խ՝ պարզերես լինիմ, երևիմ,
Ձեր գերեզմանին, սուրբ հողին մեռնիմ։

  1. [հի<սուն>]
  2. [քանի]
  3. [Հար<ըրով>]
  4. [էն]
  5. [անողը]
  6. [չալը]
  7. էինք=էին
  8. [ընկած]
  9. [ընկ<նիլը>]
  10. [որ]
  11. [տվեց]
  12. եղը = եղ
  13. [էլ]
  14. [չը՞լի]
  15. [բայաթին]
  16. [անկա<ջս]
  17. ըլելուց = ըլելուցը
  18. Մուզեն = Մուսեն
  19. [թեք]
  20. քթնիս=գտնիս
  21. ձեռքն = ձեռին
  22. ալաչղի =ալաչուխի
  23. [ու]
  24. [են]
  25. [թե]
  26. [էր]
  27. [էր, որ]
  28. ըլել=ըլիլ
  29. [ջիգյարս]
  30. [էր]
  31. [դիպելա]
  32. [վրեն]
  33. պռծնի = պրծնի
  34. երևլ ա = երևացել ա
  35. կացեր=կացել
  36. չառնեմ = չառնիմ
  37. սիրելոյ = սիրելու
  38. քցին = քցեցին
  39. [ու]
  40. ձիանց = ձիանոնց
  41. [որ]
  42. [որ]
  43. [բնակող]
  44. [և]
  45. աչքերս = աչքերիդ
  46. կենացողները = կենողներին
  47. քարերը = քարերն
  48. նալնած = նալչովը
  49. [էր]
  50. ճամփորթին = ճամփորթքն
  51. հողիցն էլ = հողիցը
  52. գլուխ = գլխին
  53. չի արեց = չարեց
  54. մեջտեղումը = մեջտեղը
  55. դիմոք = դեմքով
  56. [չաթած]
  57. [ձեռք]
  58. [նրա]
  59. կխլսի = խլսի
  60. [էն]
  61. իրենք = իրանք
  62. [ձիաններն]
  63. ձիաները = ձիանքը
  64. [իր]
  65. [Պաս<քևիչ>]
  66. [օրհնում]
  67. [նա]
  68. [նրան]
  69. [որ Ինգլիզներին]
  70. ապավինեց = ապավինելիս
  71. [ու բխով մտավ]
  72. [որքա<ն>]
  73. աչք<երին>
  74. [հ<այր>]
  75. Էս ընտիր, հայրենասեր հայկազունքը, որ երկուսն էլ էս օր մեր ազգի միջումը իրանց ազնվությամբը, իրանց ազգասիրությամբը դեռ փառք Աստուծո՝ փայլում են, ու տեր Աստված դհա երկար փայլիլ տա, Ներսես եպիսկոպոսի ձեռին էին՝ հենց բռնիր մեծացել։ Երևան մնալն ւ չմնալն էլ չեմ իմացել ու ինչ արած ունին, լավ Հայազգին պետք է ջոկ ջոկ գրքեր շինի, որ բոլոր կարողանա պատմի, ու ամեն տեսնելիս էնպես գիտեմ, թե նոր Սմբատ, նոր Վարդան են մեր միջումը շրջում, հետո ժամանակի՝ Աստված էնպես նրանց մուրազը կատարեց, որ Երուսալեմսկի երկար ժամանակ քաղաքապետ (պելիցմեյստր) էր Երևան, մյուսը հո՝ որ ազգի աչքի լիսն ա էս օր էլ, տարի ու կես կառավարիչ էր բոլոր հայոց նահանգին։ Ոչ թե Հայք, Թուրքերն ևս նրանց անունովը էս օր էլ երդվում են։
  76. [Ձենը փա<նջարիցը> էկ<ավ>]
  77. հորը = հոր
  78. [աղլու<խը>]
  79. [քոռանում]
  80. [սուք]
  81. [սրում]
  82. [էլա]
  83. [լիս]
  84. [թե]
  85. [ասես]
  86. [ղվաթ բաշխեցիր]
  87. [ա՜խ]